Fastex Պրեմիեր լիգայում օգոստոսի 22-ին կմեկնարկի առաջնության 4-րդ տուրը: «Նոա» - «Վան» հանդիպումը հետաձգվել է:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - «Փյունիկ»
Օգոստոսի 22, ժամը՝ 16:30, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան քաղաքային մարզադաշտ
99 խաղ, «Արարատը» հաղթել է 24 անգամ, «Փյունիկը»՝ 53, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 91-171
«Արարատ»՝ 9-րդ տեղ (1 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (4 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Հայկական ֆուտբոլի պատմության տարբեր ժամանակահատվածների երկու ամենատիտղոսակիր թիմերի հերթական հանդիպումը հոբելյանական՝ 100-րդն է Հայաստանի առաջնություններում: Վաղեմի մրցակիցների առաջին հանդիպումը կայացել է 1992թ. Հայաստանի անդրանիկ առաջնության 6-րդ տուրում:
«Արարատը», որ մինչև այդ հանդես էր եկել ԽՍՀՄ առաջնություններում, գլխավորում էր թիմի նախկին պաշտպան Արմեն Սարգսյանը: Իսկ նորաստեղծ «Փյունիկը», որ այն ժամանակ կրում էր ՀՄԸՄ անվանումը, հանդես էր գալիս խաղացող-մարզիչ Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մայիսի 3-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում ՀՄԸՄ-ի երիտասարդ ֆուտբոլիստները լուրջ դիմադրություն ցույց տվեցին փորձառու արարատցիներին՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի: 12-րդ րոպեին Ալբերտ Սարգսյանը 11մ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց արարատցիներին, իսկ խաղավարտից 5 րոպե առաջ Հայկ Մարգարյանը վերականգնեց հավասարակշռությունը:
Երկրորդ շրջանի խաղում կրկին գրանցվեց 1-1 հաշիվ: Այս անգամ հաշիվը բացեց ՀՄԸՄ-ն Պողոս Գալստյանի դիպուկ հարվածի շնորհիվ, իսկ մինչև ընդմիջում արարատցիներից Արմեն Բաբալարյանը խփեց պատասխան գոլը:
Հաջորդ մրցաշրջանում «Արարատին» հաջողվեց նվազագույն հաշվով հաղթել ՀՄԸՄ-ին: Միայն մրցակիցների միջև կայացած առաջնության 10-րդ հանդիպման ժամանակ` 1996թ. ապրիլի 18-ին «Փյունիկը» վերջապես առաջին հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ՝ 3-1: Իսկ մինչև այդ տեղի ունեցած առաջնության 9 հանդիպումներից 3-ում հաղթել էր «Արարատը», 6-ում գրանցվել էր ոչ-ոքի:
2. «Արարատն» անհաջող է մեկնարկել առաջնությունում: «Գանձասարի» հետ մեկնարկում գրանցած ոչ-ոքիին (1-1) հետևեցին պարտությունները «Վանից» (0-1) և «Ալաշկերտից» (0-3):

«Արարատն» օրերս ևս երկու սևամորթ ֆուտբոլիստներով համալրվեց: Թիմին են միացել Կոմորյան կղզիների ազգային հավաքականի անդամ, 23-ամյա դարպասապահ Ադել Անզիմատի-Աբուդուն և 19-ամյա կոտդիվուարցի կիսապաշտպան Աբուբակար Սիդիկ Ուատարան:
3. «Փյունիկը» հանդիպմանը նախապատրաստվել է Արտակ Օսեյանի գլխավորությամբ, որը փոխարինել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած Եղիշե Մելիքյանին: Հետաքրքիր է, որ Մելիքյանը 2021թ. հունվարին «Ալաշկերտից» «Փյունիկ» տեղափոխվելով, թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր հենց Արտակ Օսեյանից: «Փյունիկի» մարզչական շտաբում նորամուտը կնշի «Արարատի» նախկին ավագ Գոռ Մալաքյանը, որը վերջերս ավարտեց ֆուտբոլիստի կարիերան:
«Փյունիկն» առաջնությունը սկսեց «Ալաշկերտի» նկատմամբ 2-1 հաշվով տարած արտագնա հաղթանակով, ապա Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ: Իսկ «Արարատ-Արմենիայի» հետ նախորդ տուրի հանդիպումը հետաձգվել էր:

4. «Փյունիկը» զգալի առավելության է հասել «Արարատի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 9 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տոնելով 7 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Կարեն Բարսեղյան - 5 գոլ:
«Փյունիկ»՝ Արսեն Ավետիսյան - 9 գոլ:
«Ուրարտու» - «Ալաշկերտ»
Օգոստոսի 22, ժամը՝ 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
48 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 15 անգամ, «Ալաշկերտը»՝18, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 67-66
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (7 միավոր), «Ալաշկերտ»՝ 6-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Եվրագավաթներում անհաջողության մատնվելուց հետո «Ուրարտուն» հաջող ելույթներով է սկսել առաջնությունը՝ 3 խաղում վաստակած 7 միավորով միանձնյա գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը Չարենցավանում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վանի» դարպասը: Իսկ մինչև այդ «Ուրարտուն» մեկնարկային խաղում ոչ-ոքի (1-1) էր ավարտել ԲԿՄԱ-ի հետ մրցավեճը, ապա նվազագույն հաշվով հաղթել էր «Գանձասարին»:
2. Կազմը լիովին փոփոխած «Ալաշկերտն» առաջին հաղթանակը տարավ՝ նախորդ տուրում 3-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Այդ խաղում իրեն հիանալի դրսևորած Կարեն Նալբանդյանը դուբլ ձևակերպեց , իսկ Մոմո Տուրեն բացեց գոլերի հաշիվն ալաշկերտցիների կազմում: «Ալաշկերտն» առաջնությունում մեկնարկել էր «Փյունիկից» 1-2 հաշվով կրած պարտությամբ:

3. Նախորդ առաջնության 3-րդ շրջանից առաջ մրցակիցների միջև կայացած նախորդ 5 խաղերում էլ հաղթել էր «Ուրարտուն» ընդհանուր 13-1 հաշվով: Ընդ որում երկու խաղում գրանցվել էր խոշոր հաշիվ (6-1, 3-0): Եվ ահա ալաշկերտցիներին հաջողվեց ընդհատել 5 անընդմեջ պարտությունների շարքն ու խաղն ավարտել ոչ-ոքի: Իսկ վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-2:
4. «Ալաշկերտին» այս խաղում հաճելի հոբելյան է սպասում: Եթե հաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա Վահե Գևորգյանի գլխավորած թիմը կնշի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 500-րդ գոլը:
5. Նշանակալի իրադարձություն է սպասում նաև Մոմո Տուրեին, եթե դառնա գոլի հեղինակ: Դա կլինի Fastex Պրեմիեր լիգայում նրա 19-րդ գնդակը, որի շնորհիվ կդառնա ՀՀ առաջնությունների ամենաարդյունավետ գվինեացի ֆուտբոլիստը: Տուրեն կգերազանցի «Արարատ-Արմենիայի» նախկին հարձակվող Մոհամեդ Յատարային, որը 2023/24թթ. առաջնությունում 18 գոլի հեղինակ էր դարձել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 10 գոլ:
ԲԿՄԱ - «Գանձասար»
Օգոստոսի 23, ժամը՝ 20:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
3 խաղ, որոնցից 2-ում հաղթել է ԲԿՄԱ-ն, մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-4
ԲԿՄԱ՝ 3-րդ տեղ (4 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (1 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարավ՝ սեփական դաշտում 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Այդ խաղում Նարեկ Ջանոյանը ոչ միայն բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում, այլև դարձավ ՀՀ առաջնություններում ԲԿՄԱ-ի հոբելյանական՝ 150-րդ գոլի հեղինակը: Իսկ մինչև այդ բանակայինները ոչ-ոքի (1-1) էին խաղացել «Ուրարտուի» հետ:
2. Նախորդ տուրում «Գանձասարը» 1-4 խոշոր հաշվով պարտվեց իր ամենաանհարմար մրցակիցներից մեկին՝ «Նոային», որի դարպասը վերջապես հաջողվեց գրավել: Թե առաջնության և թե գավաթի մրցաշարում կայացած նախորդ բոլոր 6 խաղերում էլ «Նոան» հաղթել էր ընդհանուր 19-0 հաշվով:
Գանձասարցիները մեկնարկեցին «Արարատի» հետ գրանցած ոչ-ոքիով (1-1), իսկ հաջորդ տուրում համառ պայքարում նվազագույն հաշվով պարտվեցին «Ուրարտուին»:

3. Մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել նախորդ մրցաշրջանում և ավարտվել է ԲԿՄԱ-ի 6-1 հաշվով հաղթանակով: Երկրորդ շրջանի խաղում կրկին հաղթեցին բանակայինները (2-1), իսկ ահա հաջորդ մրցավեճում գանձասարցիներն առաջին միավորը վաստակեցին (2-2):
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արգիշտի Պետրոսյանը ԲԿՄԱ-ի կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Դանիել Աղբալյանից (129 խաղ), Միսակ Հակոբյանից (104) և Արամ Խամոյանից (101) հետո Պետրոսյանը կդառնա թիմում նման ցուցանիշ գրանցած 4-րդ ֆուտբոլիստը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան - 3 գոլ:
«Գանձասար»՝ Ուսման Ֆայե՝ 2 գոլ:
«Շիրակ» - «Արարատ-Արմենիա»
Օգոստոսի 24, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
22 խաղ, «Շիրակը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 15, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-49
«Շիրակ»՝ 10-րդ տեղ (1 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 7-րդ տեղ (1 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» անհաջող է մեկնարկել առաջնությունում՝ 3 խաղից հետո վաստակած մեկ միավորով եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում շիրակցիները Երևանում 1-2 հաշվով պարտվեցին ԲԿՄԱ -ին: Առաջնության մեկնարկային խաղում շիրակցիները 0-4 հաշվով պարտվել էին «Նոային», իսկ հաջորդ խաղում Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Փյունիկի» հետ:
2. «Արարատ-Արմենիան» ավարտեց ելույթները եվրագավաթներում և այժմ կարող է իր ողջ ուշադրությունը դարձնել առաջնությանը: Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլում Հայաստանի գործող սուպերգավաթակիրը երկու հանդիպումներում էլ պարտվեց չեխական «Սպարտային» (1-4, 1-2) ու դուրս մնաց հետագա պայքարից: Եվ այդ իրավիճակում անհասկանալի էր «Փյունիկի» հետ 3-րդ տուրում նախատեսված խաղի հետաձգումը:
«Արարատ-Արմենիան» առաջնությունում առայժմ միայն մեկ խաղ է անցկացրել՝ օգոստոսի 4-ին Չարենցավանում կայացած մեկնարկային տուրում գոլազուրկ ոչ-ոքի գրանցելով «Վանի» հետ:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 14 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տոնելով 12 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում 2020/21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:
Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):
Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:
Նախորդ առաջնությունում «Շիրակը» բոլոր 3 խաղերում էլ պարտվել էր խոշոր հաշվով (0-4, 0-3, 1-5)՝ միայն 3-րդ շրջանի մրցավեճում գտնելով մրցակցի դարպասի բանալին:
4. Մրցակիցների 2-րդ շրջանի խաղում մի քանի նշանակալի իրադարձություն էր տեղի ունեցել: Տենտոն Յենեի խփած գոլն «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 350-րդ գնդակն էր Fastex Պրեմիեր լիգայում: Տենտոնն էլ իր խփած գոլերի թիվը հասցրել էր 33-ի և ընդգրկվել էր Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Իսկ «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը Հայաստանի առաջնություններում հոբելյանական՝ 300-րդ խաղն էր անցկացրել:
5. Այս խաղում էլ «Արարատ-Արմենիան» Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 400-րդ գոլը կարող է խփել, եթե գրավի մրցակցի դարպասը: Այդ գոլը կլինի նաև 50-րդը «Շիրակի» հետ կայացած առաջնության հանդիպումներում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո, Տենտոն Յենե, Մեթյու Գբոմադու – 4-ական գոլ:


