Logo

Fastex Պրեմիեր լիգա. 25-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:24 / 04.04.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Ապրիլի 4-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 25-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է 25-րդ տուրի հանդիպումների անոնսը։

«Արարատ» - «Շիրակ»

Ապրիլի 4, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

102 խաղ, «Արարատը» հաղթել է 29 անգամ, «Շիրակը»՝ 46, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 116-146

1-ին շրջան. 17.08.2024 «Արարատ»  - «Շիրակ»՝ 1-2 (0-1)

Գոլերը՝ 0-1-0-2՝ Մորի Կոնե 18՛, 11մ, 53՛, 1-2՝ Մուսա Կանտե 90+6՛, 11մ:

«Արարատ»՝ 9-րդ տեղ (20 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատը» «Գանձասարի» հետ մրցավեճում ոչ միայն չկարողացավ հաղթել հետնապահին, այլև միայն ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին Քրիստոֆեր Բոնիֆեյսի խփած գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից՝ 2-րդ խաղն անընդմեջ ավարտելով 1-1 հաշվով: Նման արդյունք էր գրանցվել նաև ԲԿՄԱ-ի հետ կայացած նախորդ խաղում:

2. «Շիրակը» Գյումրիում արժանի դիմադրություն ցույց տվեց առաջատար «Նոային», Ռաֆիկ Միսակյանի խփած տպավորիչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը, Դարկո Վուկաշինովիչն էլ երկու անգամ հետ մղեց Գոնսալո Գրեգորիոյի իրացրած 11մ հարվածները, սակայն ի վերջո 1-2 հաշվով ցավալի պարտություն կրեց:

3. Ընթացիկ առաջնության առաջին շրջանում հաղթելով «Արարատին», «Շիրակն» ընդհատել էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակցի նկատմամբ առանց հաղթանակների 5 խաղերի շարքը, որի ընթացքում 4 անընդմեջ պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Շիրակը» տարել էր 2023թ. մարտի 6-ին՝ 2-1:

20-րդ տուրում մրցակիցների 2-րդ շրջանի հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր և տեղի կունենա ապրիլի 8-ին Գյումրիում: Այնպես որ 5 օրում մրցակիցները երկու անգամ մրցավեճի կբռնվեն:

4. «Շիրակի» հետ 25-րդ տուրի հանդիպումը կլինի «Արարատի» հոբելյանական՝ 850-րդ խաղը Fastex Պրեմիեր լիգայում:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում շիրակցի Ռոբերտ Դարբինյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

6. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով խաղը բաց կթողնի շիրակցի Ռուդիկ Մկրտչյանը:

«Փյունիկ» - «Ալաշկերտ»  

Ապրիլի 5, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

47 խաղ, «Փյունիկը» հաղթել է 22 անգամ, «Ալաշկերտը»՝ 12, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 74-54

1-ին շրջան. 18.08.2024  «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝Վաժա Պացացիա 17՛, 0-2՝ Չապի Կատո 77՛:

5-րդ րոպեին Ժոզե Էմբալուն չիրացրեց 11մ հարվածը (Ստանիսլավ Բուչնևը հետ մղեց գնդակը):

2-րդ շրջան.  25.02.2025  «Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 0-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 25՛, 0-2՝ Մատաս Վարեյկա 90+8՛:

«Փյունիկ»՝ 4-րդ տեղ 43 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Փյունիկը» հաջողությամբ լուծեց գավաթի կիսաեզրափակիչ դուրս գալու խնդիրը՝ քառորդ եզրափակիչ պատասխան խաղում էլ խոշոր հաշվով (5-2) հաղթելով «Լեռնային Արցախին»: Իսկ ահա առաջնությունում գործող չեմպիոնի գործերը լավ չեն ընթանում: Նախորդ տուրում «Փյունիկը» 2-3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային», ընդ որում խաղի ընթացքում 2-0 հաշվով առջևում էր ընթանում:

Առաջնության վերջին 4 հանդիպումներում դա փյունիկցիների 3-րդ պարտությունն էր, որի պատճառով Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նահանջեց 4-րդ հորիզոնական և արդեն 9 միավոր է զիջում «Նոային», որից 2 խաղ  ավելի է անցկացրել:

2. Նախորդ տուրում «Ալաշկերտը» «Վանի» հետ խաղում կամային որակներ դրսևորեց: 80-րդ րոպեին «Վանը» 2-րդ գոլը խփեց ու թվում էր, թե հանդիպման ելքը վճռված է; Սակայն ալաշկերտցիներին հաջողվեց երկու անգամ գրավել մրցակցի դարպասն ու փրկվել պարտությունից: «Ալաշկերտն» ընդհատեց 2 անընդմեջ պարտությունների շարքն ու 289 րոպե տևած գոլային երաշտը:

3. Ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր չեմպիոնի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 12 խաղերի շարքը, որում կրել էր 9 պարտություն, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ անգամ ալաշկերտցիները «Փյունիկին» հաղթել էին 2021թ. մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

4. Գոլ խփելու դեպքում «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն պատմական նվաճման կհասնի: Դա կլինի նիգերիացի ֆուտբոլիստի 87-րդ գոլն ակումբային բոլոր մրցաշարերում, որի շնորհիվ նա կգերազանցի բրազիլացի Մարկոս Պիզելիին ու կդառնա Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:

5. «Ալաշկերտի» դարպասը պաշտպանելու դեպքում Վալերիո Վիմերկատին Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Օգնյեն Չանչարևիչից,  Վսևոլոդ Երմակովից, Անատոլի Այվազովից և     Ստանիսլավ Բուչնևից հետո Վիմերկատին կդառնա 100 խաղի սահմանը հատած այլազգի 5-րդ դարպասապահը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե, Հովհաննես Հարությունյան - 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:

«Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»

Ապրիլի 5, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

23 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 8, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 23-29

1-ին շրջան. 19.08.2024  «Ուրարտու» -  «Արարատ-Արմենիա»՝ 3-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Պուսկո 20՛, 2-0-3-0՝ Իվան Իգնատև 59՛, 66՛, 3-1՝ Մարիուս Նուբիսի 81՛:

2-րդ շրջան.  25.02.2025 «Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 1-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Բրունո Միշել 53՛, 11մ, 0-2՝ Նիկոլաս Կալուկյան 63՛, 1-2՝ Հովհաննես Հարությունյան 85:՛

«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (47 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (45 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքում կարևորագույն խաղերից մեկն է, որի ելքն էականորեն կարող է ազդել մեդալների վերջնական բաշխման վրա:

Գավաթի մրցաշարից դուրս մնալուց հետո «Ուրարտուն» իր ողջ ուշադրությունը կբևեռի առաջնությանը, որում 5 միավորով է հետ մնում առաջատար «Նոայից», որից մեկ խաղ էլ ավելի է անցկացրել:

Նախորդ տուրում «Ուրարտուն» 2-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Գանձասարի» նկատմամբ՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Առաջնությունում վերջին պարտությունը Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կրել է անցյալ տարվա նոյեմբերի 20-ին «Շիրակից»՝ 1-2:

2. «Արարատ-Արմենիան» ընդամենը 2 միավոր է զիջում «Ուրարտուին», որից մեկ խաղ ավելի է անցկացրել: Ընդամենը մի քանի օր առաջ կայացավ մրցակիցների գավաթային երկրորդ մրցավեճը, որում կրկին հաղթելով, գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» մտավ կիսաեզրափակիչ: Իսկ ահա ընթացիկ առաջնությունում կայացած երկու խաղերում էլ հաղթել է «Ուրարտուն»:

Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաջող է խաղում առաջնության գարնանային հատվածում՝ վաստակելով 10 միավոր: Վերջին 4 խաղերում «Արարատ-Արմենիան» անպարտելի է: Առաջնության նախորդ տուրում «Արարատ-Արմենիան» 3-2 հաշվով կամային հաղթանակ էր տոնել «Փյունիկի» նկատմամբ: Իսկ վերջին պարտությունը Հայաստանի կրկնակի չեմպիոնը կրել է հենց «Ուրարտուից» փետրվարի 25-ին կայացած խաղում՝ 1-2:

3. «Ուրարտուն» Fastex Պրեմիեր լիգայում 850-րդ գոլը բաց կթողնի, եթե «Արարատ-Արմենիան» գրավի մրցակցի դարպասը:

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ալվին Թերան «Արարատ-Արմենիայում» բոլոր մրցաշարերում 126-րդ խաղը կանցկացնի և կդառնա թիմի ռեկորդակիրն այլազգի ֆուտբոլիստների մեջ: Նա կգերազանցի Մաիլսոն Լիմայի ցուցանիշը՝ 125 խաղ:

5. «Ուրարտուի» դարպասը գրավելու դեպքում Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 11-րդ գոլը կխփի և կընդգրկվի Fastex Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայի» լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 37 գնդակով գլխավորում է Տենտոն Յենեն:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Օլեգ Պոլյակով, Իվան Իգնատև - 2- ական գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:

«Վան» - «Գանձասար»   

Ապրիլի 6, ժամը՝16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Վանը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-1

1-ին շրջան. 16.08.2024  «Վան» - «Գանձասար»՝ 6-1 (4-1) 

Գոլերը՝ 1-0՝ Կարեն Նալբանդյան 4՛, 2-0՝ Ջեսի Ակիլա 17՛, 3-0՝ Ջոն Բատիգի 24՛, 3-1՝ Վահե Մուրադյան 30՛, 4-1՝ Ջոն Բատիգի 39՛, 5-1՝ Մամադու Դիալո 53՛, 6-1՝ Կարեն Նալբանդյան 78՛, 11մ:

«Վան»՝ 5-րդ տեղ (35 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (3 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վանը» բարձր տրամադրությամբ կներկայանա հանդիպմանը, քանի որ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում կրկին հաղթելով «Վեստ Արմենիային»՝ 3-2: Իսկ ահա առաջնության նախորդ տուրում Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 2 կարևոր միավոր կորցրեց «Ալաշկերտի» հետ մրցավեճում, որում հաղթում էր 2-0 հաշվով:

Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Վանն» անպարտելի է՝ վաստակելով 12 միավոր: Վերջին անգամ թիմը խաղադաշտից պարտված է հեռացել անցյալ տարվա նոյեմբերի 22-ին՝ 2-3 հաշվով զիջելով ԲԿՄԱ-ին;

2. Իսկ ահա «Գանձասարը» դուրս մնաց գավաթի մրցաշարից՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում էլ խոշոր՝ 0-4 հաշվով պարտվելով «Նոային»: Առաջնությունում էլ գանձասարցիներին ոչ մի կերպ չի հաջողվում առաջին հաղթանակը տոնել: Թեև նախորդ տուրում «Արարատի» հետ խաղում «Գանձասարը» շատ մոտ էր հաղթանակին, սակայն ավելացված ժամանակում գոլ բաց թողեց ու ստիպված էր բավարարվել մեկ միավորով՝ ընդհատելով 8 անընդմեջ պարտությունների տխուր շարքը:

3. Մրցակիցների միջև առաջնության 2-րդ շրջանի հանդիպումը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով հետաձգվել էր և տեղի կունենա ապրիլի 9-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում:

5-րդ զգուշացման պատճառով խաղը բաց կթողնի «Վանի» ռմբարկու Մոմո Տուրեն: «Գանձասարի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ուսման Ֆայեն:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Կարեն Նալբանդյան, Ջոն Բատիգի - 2-ական գոլ:

«Նոա» - «Վեստ Արմենիա»

Ապրիլի 6, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

6 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 28-7

1-ին շրջան. 15.12.2024  «Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 7-1 (3-1)

Գոլերը՝ 1-0՝ Վիրժիլ Պինսոն 13՛, 2-0՝ Գոնսալո Գրեգորիո 23՛, 3-0՝ Գոնսալո Սիլվա 26՛, 3-1՝ Մարտին Գրիգորյան 43՛, 4-1՝ Իմրան Օմար 62՛, 5-1-7-1՝ Գոնսալո Գրեգորիո 75՛, 83՛, 86՛:

2-րդ շրջան.  24.02.2025  «Վեստ Արմենիա» - «Նոա»` 0-4 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ էրալդ Չինարի 11՛, 0-2՝ Արտակ Դաշյան 40՛, 0-3՝ Գոնսալու Գրեգորիու, 59՛, 11մ, 0-4՝ էրալդ Չինարի 64՛:

«Նոա»՝ 1-ին տեղ (52 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնության միանձնյա առաջատար «Նոան» վստահ է հանդես գալիս նաև գավաթի մրցաշարում, որում հասել է կիսաեզրափակիչ: Քառորդ եզրափակչի պատասխան խաղում էլ Ռուի Մոտայի գլխավորած թիմը հաղթեց «Գանձասարին» (4-0)`տոնելով գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը:

Իսկ առաջնությունում «Նոան» 14-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ Գյումրիում բավական թեժ մրցակցությունում 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: Թիմի ֆուտբոլիստներին չընկճեց նույնիսկ այն, որ Գոնսալո Գրեգորիոն երկու անգամ 11մ հարվածով չկարողացավ գրավել Դարկո Վուկաշինովիչի պաշտպանած դարպասը:

Իսկ ահա Գոռ Մանվելյանն ավելի դիպուկ գտնվեց 3-րդ 11մ հարվածն իրացնելիս՝ կամային հաղթանակ պարգևելով իր թիմին:

2. «Վեստ Արմենիան» դուրս մնաց գավաթի մրցաշարից՝ թեև պատասխան խաղում 2 գոլ խփեց «Վանի» դարպասը, որն այս անգամ էլ 3 անգամ գրավեց Պատրիկ Պապյանի գլխավորած թիմի դարպասը: Նախորդ տուրում էլ «Վեստ Արմենիան» 3 անպատասխան գնդակ էր ընդունել ԲԿՄԱ-ից:

3. «Նոան» «Վեստ Արմենիայի» ամենաանհարմար մրցակիցն է  առաջնությունում: Մրցակիցների միջև կայացած բոլոր 6 հանդիպումներում էլ հաղթել է Հայաստանի փոխչեմպիոնը: Ընդ որում խաղերից 3-ում գրանցվել է խոշոր հաշիվ, իսկ 1-7 հաշվով կրած պարտությունը «Վեստ Արմենիայի» համար ՀՀ առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն է:

4. Հենց «Նոայի» հետ 2-րդ շրջանի խաղում է կայացել Ջոնել Դեսիրեի նորամուտը «Վեստ Արմենիայի» կազմում, որին դեռ չի հաջողվել բացել գոլերի հաշիվը նոր թիմում: Առաջին գոլը կլինի նրա հոբելյանական՝ 50-րդ գնդակը Fastex Պրեմիեր լիգայում:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Նոա»՝ Արթուր Միրանյան - 6 գոլ:

«Վեստ Արմենիայի» կազմում հանդիպմանը չեն մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Սուլեյման Իբրահիմը և 5-րդ զգուշացումը ստացած Ջեֆերսոն Գրանադոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ