Fastex Պրեմիեր լիգայում մարտի 13-ին կմեկնարկի 23-րդ տուրը, որով կսկսվի առաջնության 3-րդ շրջանը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - ԲԿՄԱ
Մարտի 13, ժամը՝ 15:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
15 խաղ, «Արարատը» հաղթել է 6 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 5, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-18
1-ին շրջան. 30.08.2024 «Արարատ» - ԲԿՄԱ՝ 2-2 (2-1)
Գոլերը՝ 1-0՝ Մուսա Կանտե 9՛, 11մ, 1-1՝ Նարեկ Հովհաննիսյան 23՛, 2-1՝ Ռայան Մզուգի 28՛, 2-2՝ Արայիկ Էլոյան 89՛, 11մ:
2-րդ շրջան. 27.11.2024 ԲԿՄԱ - «Արարատ»՝ 1-1 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Իլարիոն Գուռ 5՛, 1-1՝ Պետիկ Մանուկյան 15՛:
«Արարատ»՝ 9-րդ տեղ (18 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատը» հաղթանակով մեկնարկեց առաջնության գարնանային հատվածում՝ Քրիստոֆեր Բոնիֆեյսի 11մ հարվածով խփած միակ գոլի շնորհիվ պարտության մատնելով «Ալաշկերտին»: «Արարատի» առանց հաղթանակների 11 խաղերի շարքը վերջապես ընդհատվեց: Նախորդ հաղթանակն առաջնությունում արարատցիները տոնել էին անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»:
2. ԲԿՄԱ-ն 2025թ. առաջին միավորը վաստակեց՝ նախորդ տուրում Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ: Բանակայիններն առաջնության գարնանային հատվածում պարտությամբ էին մեկնարկել՝ մրցակցի դաշտում նվազագույն հաշվով զիջելով «Վեստ Արմենիային»:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 հանդիպումներն անցել են արարատցիների առավելությամբ, որոնք 2 հաղթանակ են տարել, նույնքան խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ ԲԿՄԱ-ն «Արարատին» հաղթել է 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ 2-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Սերոբ Գալստյան - 3 գոլ:
ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան - 2 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ԲԿՄԱ-ի պաշտպան Գոռ Առաքելյանը:
«Փյունիկ» - «Շիրակ»
Մարտի 14, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
101 խաղ, «Փյունիկը» հաղթել է 57 անգամ, «Շիրակը»՝ 29, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 163-102
1-ին շրջան. 01.09.2024 «Փյունիկ» - «Շիրակ»՝ 2-0 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Եվգենի Կոչուկ 69՛, 11մ, 2-0՝ Յուսուֆ Օտուբանջո 84՛:
2-րդ շրջան. 28.11.2024 «Շիրակ» - «Փյունիկ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Դոնալդ Կոդիա 68՛:
«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (40 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (25 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Փյունիկն» անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում՝ 3 հանդիպումներում վաստակելով նույնքան միավոր: «Ալաշկերտին» 2-0 հաշվով հաղթելուց հետո փյունիկցիները պարտվեցին «Արարատ-Արմենիային» (1-2) և «Ուրարտուին» (0-3): Ընթացիկ առաջնությունում «Փյունիկը» խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց: Վերջին 6 հանդիպումներում փյունիկցիները նույնքան միավոր են վաստակել՝ կրելով 4 պարտություն:
2. «Շիրակը» նախորդ տուրում Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ՝ առաջնության գարնանային հատվածում վաստակելով առաջին միավորը: Շիրակցիների մոտ կրկին գոլային երաշտ է սկսվում: Վերջին 3 խաղերում նրանք չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածում «Շիրակը» 5 խաղ անընդմեջ, 531 րոպե շարունակ գոլ չէր խփել:
3. Առաջնության 2-րդ շրջանում «Փյունիկի» նկատմամբ նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատել էր չեմպիոնի հետ մրցավեճում առանց հաղթանակների 11 խաղերի շարքը (2 ոչ-ոքի, 9 պարտություն): Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Շիրակը» տարել էր 2020թ. դեկտեմբերի 12-ին՝ երկու անպատասխան գնդակ ուղարկելով Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը:
4. Գոլ խփելու դեպքում «Փյունիկի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն պատմական նվաճման կհասնի: Դա կլինի նիգերիացի ֆուտբոլիստի 87-րդ գոլն ակումբային բոլոր մրցաշարերում, որի շնորհիվ նա կգերազանցի բրազիլացի Մարկոս Պիզելիին ու կդառնա Հայաստանում հանդես եկած ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:
5. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել «Փյունիկի» դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:
6. «Շիրակի» հետ խաղում երկու հաճելի հոբելյան է սպասում Վարազդատ Հարոյանին: «Փյունիկի» ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղը կանցկացնի, իսկ Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա: Հարոյանը կդառնա 500 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 16-րդ ֆուտբոլիստը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:
«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով «Շիրակից» կբացակայի Ռաֆիկ Միսակյանը:
«Ուրարտու» - «Գանձասար»
Մարտի 15, ժամը՝ 15:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-0
1-ին շրջան. 31.08.2024 «Ուրարտու» - «Գանձասար»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0-2-0՝ Կարեն Մելքոնյան 14՛, 90+8՛:
2-րդ շրջան. 28.11.2024 «Գանձասար» - «Ուրարտու»՝ 0-4 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Կարեն Մելքոնյան 52՛, 0-2-0-3՝ Իվան Իգնատև 73՛, 79՛, Էրիկ Փիլոյան 90+6՛:
«Ուրարտու»՝ 2-րդ տեղ (44 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Ուրարտուն» անչափ կարևոր հաղթանակ տոնեց՝ հյուրընկալվելիս 3 անպատասխան գոլ խփելով «Փյունիկի» դարպասը: Դա մրցակիցների միջև կայացած առաջնության 101 հանդիպումներում «Ուրարտուի» հոբելյանական՝ 25-րդ հաղթանակն էր փյունիկցիների նկատմամբ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Բրունո Միշելը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ:
Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:
2. «Գանձասարին» ոչ մի կերպ չի հաջողվում առաջնությունում առաջին հաղթանակը տոնել: Նախորդ տուրում կապանցիները 0-3 հաշվով պարտվեցին «Նոային»: Հետաքրքիր է, որ պաշտոնական նախորդ երկու խաղերն էլ «Գանձասարն» անցկացրել էր «Նոայի» հետ: Գանձասարցիները նախ դեկտեմբերին առաջնության խաղում 7 անպատասխան գնդակ էին ընդունել սեփական դարպասը, ապա մարտի սկզբին գավաթի քառորդ եզրափակիչի խաղում պարտվել էին 0-3 հաշվով:
Առաջնության վերջին 7 հանդիպումներում էլ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը պարտվել է: Վերջին անգամ կապանցիները միավոր են վաստակել անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին՝ Գյումրիում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Շիրակի» հետ:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 3 գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»
Մարտի 15, ժամը՝ 16:00, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
25 խաղ, «Արարատ- Արմենիան» հաղթել է 13 անգամ, «Ալաշկերտը»՝ 5, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 38-21
1-ին շրջան. 30.08.2024 «Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»՝ 3-1 (2-1)
Գոլերը՝ 1-0՝ Տենտոն Յենե 4՛, 1-1՝ Բենիկ Հովհաննիսյան 14՛, 11մ, 2-1՝ Մարիուս Նուբիսի 21՛, 3-1՝ Ալվին Թերա 80՛:
2-րդ շրջան. 27.11.2024 «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա»՝ 2-2 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Սարգիս Մեթոյան 40՛, 1-1՝ Մարիուս Նուբիսի 54՛, 2-1՝ Սարգիս Մեթոյան 85՛, 2-2՝ Տենտոն Յենե 89՛:
90+9-րդ րոպեին Տենտոն Յենեն չիրացրեց 11մ հարվածը (Գոռ Մանուկյանը հետ մղեց գնդակը):
«Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (39 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատ-Արմենիան» 22-րդ տուրում երկու կարևոր միավոր կորցրեց՝ «Վանի» հետ հանդիպման ավելացված ժամանակում ձեռքից բաց թողնելով հաղթանակը: Վերջին 5 հանդիպումներում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ընդամենը 5 միավոր է վաստակել՝ միևնույն 1-2 հաշվով պարտվելով մրցանակային տեղերի համար պայքարում իր հիմնական մրցակիցներից երկուսին՝ «Նոային» և «Ուրարտուին:
2. «Ալաշկերտն» առաջնության գարնանային հատվածում 2-րդ պարտությունը կրեց՝ Արմավիրում նվազագույն հաշվով զիջելով «Արարատին»: Առաջին շրջանում էլ ալաշկերտցիներն անհաջող էին խաղացել «Արարատի» հետ՝ զիջելով 0-2 հաշվով: Առաջնության վերջին 8 հանդիպումներում «Ալաշկերտն» ընդամենը 2 միավոր է վաստակել՝ կրելով 6 պարտություն: Վերջին հաղթանակը թիմը տարել է անցյալ տարվա հոկտեմբերի 27-ին՝ 2 անպատասխան գնդակ խփելով ԲԿՄԱ-ի դարպասը:
3. «Արարատ-Արմենիան» առաջնությունում զգալի առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած վերջին 6 հանդիպումներում ալաշկերտցիները 4 պարտություն են կրել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ «Ալաշկերտն» «Արարատ-Արմենիային» հաղթել է 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Եթե Տենտոն Յենեին հաջողվի գրավել «Ալաշկերտի» դարպասը, ապա Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 40-րդ գոլը կխփի :
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:
«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ, Կարեն Նալբանդյան, Սարգիս Մեթոյան - 2-ական գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը:
«Վան» - «Վեստ Արմենիա»
Մարտի 16, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
6 խաղ, «Վանը» հաղթել է 4 անգամ, «Վեստ Արմենիան»՝ 2, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-5
1-ին շրջան. 31.08.2024 «Վան» - «Վեստ Արմենիա»՝ 6-0 (4-0)
Գոլերը՝ 1-0՝ Ջոն Բատիգի 14՛, 2-0՝ Տիմուր Ռուդոսելսկի 17՛, ինքնագոլ, 3-0՝ Ջոն Բատիգի 43՛, 4-0՝ Կարեն Նալբանդյան 45՛, 5-0՝ Ջոն Բատիգի 56՛, 6-0՝ Մոմո Տուրե 69՛, 11մ:
2-րդ շրջան. 26.11.2024 «Վեստ Արմենիա» - «Վան»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Օլավալե Ֆառայոլա 45+9՛, 0-2՝ Ջեսե Ակիլա 89՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (31 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (20 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Վանը» նախորդ խաղում հրաշքով փրկվեց պարտությունից՝ «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպման ավելացված ժամանակում հավասարեցնելով հաշիվը: Գարնանային հատվածի երկու խաղերն էլ «Վանն» ավարտել է միևնույն 1-1 հաշվով: Վերջին 4 հանդիպումներում Վահե Գևորգյանի գլխավորած թիմն անպարտելի է:
2. Նախորդ տուրում «Վեստ Արմենիան» ազատ էր, իսկ վերջին պաշտոնական խաղն անցկացրել է մարտի 6-ին Հայաստանի գավաթի մրցաշարում, որում 0-3 հաշվով պարտվել է հենց «Վանին»: Այդ խաղում Կարեն Նալբանդյանը դուբլի հեղինակ էր դարձել, մեկ գոլ էլ խփել էր Մոմո Տուրեն:
Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած 3 խաղերում էլ հաղթել է «Վանն» ընդհանուր 11-0 հաշվով: Ընդ որում առաջին շրջանում «Վեստ Արմենիայի» նկատմամբ 6-0 հաշվով տարած հաղթանակն ամենախոշորն էր «Վանի» պատմության մեջ Fastex Պրեմիեր լիգայում:
Վերջին հաղթանակը չարենցավանյան թիմի նկատմամբ «Վեստ Արմենիան» տարել է անցյալ տարվա մարտի 17-ին՝ սեփական դաշտում առավելության հասնելով 2-0 հաշվով:
3. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Նալբանդյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ջոն Բատիգի - 3 գոլ:
«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո - 2 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Վանի» պաշտպան Էմանուել Ջոնը: