Logo

Fastex Պրեմիեր լիգա. 21-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:25 / 28.02.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Փետրվարի 28-ին «Գանձասար» - «Արարատ» հանդիպումով կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը:

FastNews-ը ներկայացնում է 21-րդ տուրի հանդիպումների անոնսը։

«Գանձասար» - «Արարատ»

Փետրվարի 28, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Արարատը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2

1-ին շրջան. 10.08.2024  «Գանձասար» - «Արարատ»՝ 0-2 (0-0)

Գոլերը՝ 0-1՝ Մուսա Կանտե 68՛, 11մ, 0-2՝ Իլարիոն Գուռ 90՛:

«Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր), «Արարատ»՝ 9-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1.Երկու թիմերն էլ այս հանդիպումով սկսում են իրենց ելույթներն առաջնության գարնանային հատվածում, քանի որ նախորդ տուրի «Գանձասար» - «Վան», «Շիրակ» - «Արարատ» հանդիպումները հետաձգվել էին:

«Գանձասարը» շատ անհաջող հանդես եկավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակելով ընդամենը 2 միավոր: Առաջնության նորեկը միակն է, որ դեռ հաղթանակ չի տարել, փոխարենը վերջին 6 խաղերում էլ պարտվել է:

7 խաղ անընդմեջ, 764 րոպե շարունակ գանձասարցիներին չի հաջողվել գոլ խփել: «Գանձասարն» առաջնության մասնակիցներից առավել հաճախ՝ 7 անգամ խոշոր հաշվով պարտություն կրեց: Ընդ որում վերջին խաղում «Նոայից» 0-7 հաշվով կրած պարտությունն ամենախոշորն է թիմի պատմության մեջ Fastex Պրեմիեր լիգայում:

2. «Արարատն» ընթացիկ առաջնությունը հաջող էր սկսել՝ 6 հանդիպումներում վաստակած 13 միավորով հանդիսանալով 4 առաջատարներից մեկը, կրելով ընդամենը մեկ պարտություն:

Սակայն հաջող մեկնարկին հետևեց 7 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակի 11 խաղերի շարքը, 479 րոպե տևած գոլային երաշտը, ինչի արդյունքում արարատցիները նահանջեցին 9-րդ հորիզոնական: Վերջին հաղթանակն առաջնությունում արարատցիները տոնել են անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Նոային»: Իսկ առաջնությունում վերջին խաղն արարատցիներն անցկացրել են անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին՝ 2-3 հաշվով պարտվելով «Վեստ Արմենիային»:

3. «Արարատից» հեռացել են առանցքային մի քանի ֆուտբոլիստներ՝ պաշտպան Սանդրո Տրեմուլեն, կիսապաշտպաններ Արթուր Գրիգորյանն ու Կասիմ Հաջին, թիմի ռմբարկու Իլարիոն Գուռը:

Թիմի շարքերը համալրել են 23-ամյա ֆրանսիացի պաշտպան Մարվին Էվունա Էտունդին, 22-ամյա կամերունցի պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին, 23-ամյա նիգերիացի հարձակվող Ջեյմս Ջոնան, գվինեացի ֆուտբոլիստներ, կենտրոնական կիսապաշտպան 19-ամյա Ալսենի Տուրեն և 20-ամյա հարձակվող Ամադու Դիակիտեն:

4. «Գանձասարի» կազմը համալրել են մի խումբ ֆուտբոլիստներ՝ իվուարցի 23-ամյա հարձակվող Սեյդու Կոնեն, 25-ամյա ամերիկացի կենտրոնական պաշտպան Ամին Միզյեդը, 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Բարսեղյանը, 21-ամյա կենտրոնական պաշտպան Ռուբեն Կարագուլյանը, գանացի 23-ամյա պաշտպան Սիմոն Օբոնդեն, ամերիկացի 24-ամյա եզրային պաշտպան Լյուկ Մերիլը, գանացի 33-ամյա կիսապաշտպան Էդվին Գյասը, նիգերիացի 25-ամյա կիսապաշտպան Միշել Նդիդին, բրիտանացի 23-ամյա կիսապաշտպան Աբիոդուն Ադեյեմին, 25-ամյա դարպասապահ Գրիգորի Մաթեւոսյանը, 30-ամյա ձախ պաշտպան Վասպուրակ Մինասյանը,  27-ամյա հենակետային կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը:

«Վան» - «Ալաշկերտ»

Մարտի 1, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

16 խաղ, «Վանը» հաղթել է 5 անգամ, «Ալաշկերտը»՝ 8, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-20

1-ին շրջան. 09.08.2024  «Ալաշկերտ» - «Վան»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Ջեսի Ակիլա 8՛, 1-1՝ Ժոզե Էմբալու 69՛, 11մ:

«Վան»՝ 5-րդ տեղ (29 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (13 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վանը» նոր գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ բավական հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 29 միավորով եզրափակելով լավագույն հնգյակը: Թիմն աչքի ընկավ նաև բարձր արդյունավետությամբ՝ 17 խաղում խփելով 34 գոլ: Խփած գոլերում հատկապես մեծ ներդրում ունեցան թիմի ռմբարկու Մոմո Տուրեն (9 գոլ) ու Ջոն Բատիգին (7): Տուրեն ՀՀ առաջնություններում «Վանի» կազմում խփած 14 գնդակով դարձավ թիմի պատմության գլխավոր ռմբարկուն:

2. «Վանի» կազմում չնչին փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմից հեռացել են դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին, Մամադու Դիալոն, Սիտա Բայը և հարձակվող Ջոն Բատիգին, որի վարձակալության ժամկետը «Վանում» ավարտվել է: Թիմ են հրավիրվել փորձառու դարպասապահներ Արսեն Բեգլարյանն ու Անատոլի Այվազովը, նիգերիացի հարձակվողներ Մալիկ Օդեյինկան և Ուսման Աջիբոնան, Կոտ դ’Իվուարցի 19-ամյա պաշտպան Էյմարդ Բատիոնոն և պաշտպան Արմեն Սարգսյանը «Վեստ Արմենիայից»:

3. «Ալաշկերտն» անհաջող է սկսել 2025թ.: Նախ թիմը դուրս մնաց Հայաստանի գավաթի խաղարկությունից՝ 1/8 եզրափակչում 0-2 հաշվով պարտվելով «Նոային», ապա նույն հաշվով զիջեց «Փյունիկին» առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում:

Վերջին շրջանում «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարող Էդգար Թորոսյանը պաշտոնապես հաստատվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում: «Ուրարտուի» պաշտպան Արման Ղազարյանը վարձավճարով հանդես կգա «Ալաշկերտում»:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Մոմո Տուրե - 2-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 3 գոլ:

«Փյունիկ» -«Արարատ-Արմենիա» 

Մարտի 1, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

22 խաղ, «Փյունիկը» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 7, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 29-30

1-ին շրջան. 03.10.2024  «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1-3 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Տենտոն Յենե 37՛, 11մ, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո 58՛, 11մ, 1-2՝ Ագդոն Մենեզես 76՛, 1-3՝ Սանի Բուհարի 83՛:

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (40 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության վճռորոշ մրցավեճերից մեկն է: Չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար «Փյունիկը» պետք է հնարավորինս քիչ միավորներ կորցնի: Ներկայումս փյունիկցիները 3 միավորով են հետ մնում առաջնության առաջատար «Նոայից», որից մեկ խաղ էլ ավելի են անցկացրել: Գործող չեմպիոնը հաջող սկսեց առաջնության 2-րդ հատվածը՝ 2-0 հաշվով հաղթելով «Ալաշկերտին»:  

2. Իսկ ահա «Արարատ-Արմենիան» անչափ կարևոր միավորներ կորցրեց՝ «Ուրարտուի» հետ սկզբունքային մրցավեճում պարտվելով 1-2 հաշվով: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց, արդեն 3 խաղ հաղթանակ չի տարել: Վերջին հաղթանակն առաջնությունում «Արարատ-Արմենիան» տոնել է անցյալ տարվա նոյեմբերի 21-ին՝ 3-0 հաշվով առավելության հասնելով «Գանձասարի» նկատմամբ: Հայաստանի կրկնակի չեմպիոնն այժմ 5 միավոր է զիջում 3-րդ տեղում ընթացող «Փյունիկին», իսկ «Նոայից» միավորների տարբերությունը հասել է 8-ի:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 12 խաղերից միայն մեկում է «Արարատ-Արմենիան» հաղթել: Դա տեղի է ունեցել նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում՝ անցյալ տարվա փետրվարի  23-ին: Այդ օրն «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում հաղթել է 3-1 հաշվով: Մյուս հանդիպումներից 6-ում հաղթել է «Փյունիկը», 5-ում գրանցվել է ոչ-ոքի:

4. «Փյունիկն» այս տուրում ևս կարող է հոբելյան նշել, եթե հաղթի «Արարատ-Արմենիային»: Դա կլինի պաշտոնական բոլոր մրցաշարերում թիմի հոբելյանական՝ 650-րդ հաղթանակը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ստանիսլավ Բուչնևը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Իսկ Էդգար Մալաքյանը խաղադաշտ դուրս գալու դեպքում «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:

6. Անտոն Բրատկովը կարող է դառնալ «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում ամենաշատ խաղ անցկացրած այլազգի ֆուտբոլիստը, եթե մասնակցի հանդիպմանը: Դա կլինի ուկրաինացի ֆուտբոլիստի 130-րդ խաղը «Փյունիկի» մարզաշապիկով: Նա կգերազանցի Խոսե Կառաբալյոյի ցուցանիշը, որը «Փյունիկի» կազմում 129 խաղ է անցկացրել:

7. Տենտոն Յենեն, որ նախորդ տուրում Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ խաղն էր անցկացրել, ևս մեկ հոբելյան կնշի: Նա պաշտոնական մրցումներում «Արարատ-Արմենիայի» կազմում 100-րդ անգամ խաղադաշտ դուրս կգա:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Լուկա Յուրիչիչ - 4 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:

«Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ

Մարտի 2, ժամը՝ 13:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

5 խաղ, «Վեստ Արմենիան» հաղթել է 3 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-8

09.08.2024 «Վեստ Արմենիա» - ԲԿՄԱ ՝ 2-5 (1-4)

Գոլերը՝ 1-0՝ Զախար Տարասենկո 16՛, 1-1՝ Արսեն Եղիազարյան 20 (ԻԳ), 1-2՝ Արայիկ Էլոյան 23՛, 1-3-1-4՝ Նարեկ Հովհաննիսյան 32՛, 37՛, 1-5՝ Լևոն Բաշոյան՝ 90+2, 2-5՝ Զախար Տարասենկո 90+6՛, 11մ:

«Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (17 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (20 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1. «Վեստ Արմենիան» «Նոայից» 0-4 հաշվով կրած պարտությամբ սկսեց առաջնության գարնանային հատվածը: Հետաքրքիր է, որ նախորդ խաղում էլ Պատրիկ Պապյանի գլխավորած թիմը մրցել էր «Նոայի» հետ ու պարտվել էլ ավելի խոշոր՝ 1-7 հաշվով:

2. ԲԿՄԱ-ն վատ հանդես չեկավ առաջնության աշնանային հատվածում՝ 17 հանդիպումներում վաստակած 20 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը: Բանակայինները հատկապես հաջող ելույթներ ունեցան վերջին 3 խաղերում՝ վաստակելով 7 միավոր («Վան»՝ 3-2, «Արարատ»՝ 1-1, «Գանձասար»՝ 2-1):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վեստ Արմենիա»՝ Զախար Տարասենկո – 4 գոլ:

ԲԿՄԱ՝ Նարեկ Հովհաննիսյան – 2 գոլ:

«Վեստ Արմենիայից» խաղին չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Ռոմեն Բլեյքը:

«Նոա» - «Շիրակ»

Մարտի 2, ժամը՝ 18:30, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

20 խաղ, «Նոան» հաղթել է 9 անգամ, «Շիրակը»՝ 7, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-22

1-ին շրջան.  11.08.2024  «Շիրակ» - «Նոա»՝ 0-5 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Գոնսալո Գրեգորիո 2՛, 0-2-0-3՝ Էրալդ Չինարի 19՛, 53՛, 0-4՝ Հելդեր Ֆեռեյրա 83՛, 0-5՝ Մաթեուս Այաս 90՛:                                                                                     

«Նոա»`1-ին տեղ (43 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 

1.«Նոան» առաջնության գարնանային հատվածի մեկնարկային տուրում առաջատարին արժանի խաղ ցուցադրեց՝ 4-0 հաշվով վստահ հաղթանակ տոնելով «Վեստ Արմենիայի» նկատմամբ: Դա ընթացիկ առաջնությունում թիմի 11-րդ անընդմեջ հաղթանակն էր:

2. «Շիրակն» առաջնության աշնանային հատվածն ավարտեց 6-րդ տեղում՝ 17 հանդիպումներում վաստակելով 24 միավոր: Որքան էլ որ տարօրինակ է, «Շիրակն» ավելի հաջող խաղաց մրցակիցների դաշտում՝ 9 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 11-11), ինչը հնարավոր միավորների 59,2 տոկոսն է:

Իսկ ահա Գյումրիում անցկացրած 8 հանդիպումներում «Շիրակի» օգտին ընդամենը 8 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 3-12), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է:

Ընդ որում սեփական դաշտում Արսեն Հովհաննիսյանի օրոք անցկացրած առաջին 4 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր էր վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին («Նոա»՝ 0-5, «Վան»՝ 0-2, «Ուրարտու»՝ 0-2, «Ալաշկերտ»՝ 0-0):

Եվ միայն հոկտեմբերի 17-ին Գյումրիում անցկացրած 5-րդ խաղում, որում թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտն էր նշել Ռաֆայել Նազարյանը, «Շիրակին» հաջողվեց վերջապես հաղթանակ տոնել՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով «Վեստ-Արմենիայի» դարպասը: Այդպիսով, ընդհատվեց սեփական դաշտում թիմի կրած 6 անընդմեջ պարտությունների շարքն ու 565 րոպե տևած գոլային երաշտը:

Առաջնության վերջին հանդիպումը շիրակցիներն անցկացրել են դեկտեմբերի 2-ին՝ Չարենցավանում նվազագույն հաշվով պարտվելով «Վանին»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 7 հանդիպումներում «Նոան» մեծ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Միակ հաղթանակը «Շիրակը» տոնել է 2024թ. ապրիլի 27-ին՝ Գյումրիում առավելության հասնելով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ:

4. Եթե Մորի Կոնեին հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա «Շիրակի» կազմում պաշտոնական մրցումներում 31-րդ գոլը կխփի ու կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը: Նա կգերազանցի Մուսա Փոլ Բակայոկոյի ռեկորդային ցուցանիշը, որի հաշվին 30 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Արթուր Միրանյան  - 3-ական գոլ:

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 4 գոլ:

«Շիրակի» կազմում 5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի Ալեքսա Վիդիչը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա