Փետրվարի 24-ին «Վեստ Արմենիա» - «Նոա» հանդիպումով կտրվի Fastex Պրեմիեր լիգայի գարնանային հատվածի մեկնարկը: «Գանձասար» - «Վան», «Շիրակ» - «Արարատ» հանդիպումները հետաձգվել են:
FastNews-ը ներկայացնում է 20-րդ տուրի 3 հանդիպումների անոնսը։
«Վեստ Արմենիա» - «Նոա»
Փետրվարի 24, ժամը՝ 16:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-24
1-ին շրջան. 15.12.2024 «Նոա» - «Վեստ Արմենիա»՝ 7-1 (3-1)
Գոլերը՝ 1-0՝ Վիրժիլ Պինսոն 13՛, 2-0՝ Գոնսալո Գրեգորիո 23՛, 3-0՝ Գոնսալո Սիլվա 26՛, 3-1՝ Մարտին Գրիգորյան 43՛, 4-1՝ Իմրան Օմար 62՛, 5-1-7-1՝ Գոնսալո Գրեգորիո 75՛, 83՛, 86՛:
«Վեստ Արմենիա»՝ 8-րդ տեղ (17 միավոր), «Նոա»՝ 1-ին տեղ (40 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Վեստ Արմենիան» ու «Նոան» առաջնության մասնակիցներից բոլորից ուշ էին ավարտել աշնանային հատվածը: Հենց այս թիմերի միջև դեկտեմբերի 15-ին կայացած խաղով էլ վերջնագիծն էր հատել առաջնության առաջին հատվածը: 7-1 հաշվով հաղթելով մրցակցին, «Նոան» շրջանցելով «Ուրարտուին», 40 միավորով գլխավորել էր մրցաշարային աղյուսակը: Այդ խաղում Գոնսալո Գրեգորիոն պոկերի հեղինակ էր դարձել՝ 12 գնդակով գլխավորելով թիմի լավագույն ռմբարկուների ցանկը:
2. «Վեստ Արմենիայի» կազմում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Թիմից հեռացած ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է նշել «Վեստ Արմենիայի» գլխավոր ռմբարկու Զախար Տարասենկոյին: Թիմում չեն նաև դարպասապահ Անատոլի Այվազովը, Բրաիմա Կանդեն, Հաջի Դրամեն և Արմեն Սարգսյանը:
«Վեստ Արմենիայի» հարձակողական ներուժը զգալիորեն կմեծացնեն Ջոնել Դեսիրեն ու Յեիսոն Ռասինեսը: Թիմի կազմը համալրել են նաև դարպասապահ Մխիթար Ումրեյանը, Մագոմեդ Էստամիրովը, Դավիթ Պետրոսյանը, Իշխան Դարբինյանը, Ռոմեյն Բլեյքը, Դավիթ Սարգսյանը, Մարկո Սևիլյա-Միլդոնյանը և Խուան Բրավոն:
3. «Նոան» hաղթանակով սկսեց 2025թ.՝ գավաթի 1/8 եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Քառորդ եզրափակչում Ռուի Մոտայի գլխավորած թիմը կմրցի «Գանձասարի» հետ: Թիմը գերազանց է հանդես գալիս նաև առաջնությունում՝ վերջին 10 հանդիպումներն էլ ավարտելով հաղթանակով ընդհանուր 41-4 հաշվով:
«Նոայի» կազմում փոփոխությունները շատ չեն: Թիմից հեռացած միակ ֆուտբոլիստը պաշտպան Պաբլո Ռենան դոս Սանթոսն է: «Փյունիկից» «Նոա» է տեղափոխվել պաշտպան Խամես Սանթոսը, թիմը համալրել են նաև կենտրոնական պաշտպան Ներմին Զոլոտիչը և պորտուգալացի աջ եզրային վինգեր Բրունո Ալմեյդան։
4. «Նոան» «Վեստ Արմենիայի» ամենաանհարմար մրցակիցն է առաջնությունում: Մրցակիցների միջև կայացած բոլոր 5 հանդիպումներում էլ հաղթել է Հայաստանի փոխչեմպիոնը: Ընդ որում խաղերից 3-ում գրանցվել է խոշոր հաշիվ, իսկ 1-7 հաշվով կրած պարտությունը «Վեստ Արմենիայի» համար ՀՀ առաջնություններում ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն էր:
5. Այս խաղում սպասվում է Ջոնել Դեսիրեի նորամուտը «Վեստ Արմենիայի» կազմում: Եթե նրան հաջողվի բացել գոլերի հաշիվը նոր թիմում, ապա կխփի Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գնդակը:
6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գրենիկ Պետրոսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
7. Եթե «Վեստ Արմենիային» հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա վերջինս Fastex Պրեմիեր լիգայում 250-րդ գոլը բաց կթողնի:
8. «Վեստ Արմենիայի» հետ խաղը գուցե հիշարժան լինի Արտակ Դաշյանի համար, եթե վերջապես հաջողվի բացել գոլերի հաշիվը «Նոայում», որի կազմում առաջնության 8 խաղի է մասնակցել: Դա կլինի Fastex Պրեմիեր լիգայում Դաշյանի հոբելյանական՝ 50-րդ գնդակը և 70-րդը պաշտոնական մրցումներում նրա կարիերայում:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Նոա»՝ Արթուր Միրանյան - 6 գոլ:
«Ալաշկերտ» - «Փյունիկ»
Փետրվարի 25, ժամը՝ 14:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
46 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 12 անգամ, «Փյունիկը»՝ 21, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 54-72
1-ին շրջան. 18.08.2024 «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝Վաժա Պացացիա 17՛, 0-2՝ Չապի Կատո 77՛:
5-րդ րոպեին Ժոզե Էմբալուն չիրացրեց 11մ հարվածը (Ստանիսլավ Բուչնևը հետ մղեց գնդակը):
«Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (13 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (37 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Ալաշկերտի» համար 2025թ. պաշտոնական առաջին հանդիպումն անհաջող ստացվեց: Թիմը դուրս մնաց Հայաստանի գավաթի մրցաշարից՝ 1/8 եզրափակչում 0-2 հաշվով պարտվելով «Նոային»: Առաջնության աշնանային հատվածում էլ ալաշկերտցիներն անհաջող հանդես եկան՝ 13 միավորով զբաղեցնելով նախավերջին՝ 10-րդ տեղը:
2. «Ալաշկերտի» կազմում զգալի փոփոխություններ են կատարվել: Թիմից հեռացել են պաշտպաններ Վասպուրակ Մինասյանը, Վաժա Պացացիան, Քլինթոն Բանգուրան, Վադիմ Պարամոնովը, կիսապաշտպաններ Մուրիլո Ռոսան, Նարեկ Հովհաննիսյանն ու Վահագն Հայրապետյանը, հարձակվողներ Բլադիմիր Դիասը, Ջեֆերսոն Ռեիսը, Ժոզե Էմբալուն և Զաքարիա Սանոգոն:
Թիմը համալրել են պաշտպաններ Եվգենի Գուլեցկին ու «Լեռնային Արցախից» «Ալաշկերտ» վերադարձած Աննան Մենսահը, կիսապաշտպաններ Պավել Կիրիենկոն, Ռոբերտ Փոթինյանը, Մարիո-Ջեյսոն Կիկոնդան, Քրիստոս Կունտուրիոտիսն ու Միքայել Այվազյանը, հարձակվող Արտյոմ Արխիպովը:
3. «Փյունիկն» առաջնության գարնանային հատվածը սկսում է նոր սեփականատիրոջ՝ Անտոն Ֆարբերի գլխավորությամբ, որի նախաձեռնությամբ որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես ակումբի ղեկավար կազմում, այնպես էլ թիմում:
«Փյունիկի» համար մեծ կորուստ է առանցքային ֆուտբոլիստներ Հենրի Ավագյանի և Խամես Սանթոսի թիմից հեռանալը:
«Փյունիկում» չեն նաև Խուան Բրավոն, Եվգենի Կոչուկը, Ժոաո Պարեդեսը, Խոսե Կառաբալյոն և ֆուտբոլային կարիերան ավարտած Արտակ Գրիգորյանը:
Թիմը համալրած ֆուտբոլիստներից առաջին հերթին պետք է առանձնացնել երկարատև ընդմիջումից հետո հարազատ ակումբ վերադարձած Վարազդատ Հարոյանին ու Արթուր Գրիգորյանին: «Փյունիկի» նորեկների թվում են նաև դարպասապահ Նիկիտա Ալեքսեևը, պաշտպան Ժոել Բոպեսուն, կիսապաշտպաններ Դանիլ Կուլիկովն ու Մատաս Վարեյկան, հարձակվող Թեմուր Ջիկիան:
4. Ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Փյունիկի» նկատմամբ տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր չեմպիոնի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 12 խաղերի շարքը, որում կրել էր 9 պարտություն, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ անգամ ալաշկերտցիները «Փյունիկին» հաղթել էին 2021թ. մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:
5. «Փյունիկի» խփած առաջին գնդակը կլինի Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ պաշտոնական բոլոր մրցաշարերում թիմի օգտին գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլը: Իսկ եթե մրցակցին հաջողվի գրավել «Փյունիկի» դարպասը, ապա գործող չեմպիոնը Եղիշե Մելիքյանի օրոք Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ գոլը բաց կթողնի:
6. «Ալաշկերտի» դարպասը գրավելու դեպքում Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 50-րդ գոլը կխփի:
7. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Էդգար Մալաքյանը «Փյունիկի» կազմում ակումբային բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:
«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե, Հովհաննես Հարությունյան - 4-ական գոլ:
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»
Փետրվարի 25, ժամը՝ 16:00, Չարենցավան, «Չարենցավան քաղաքային» մարզադաշտ
22 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 8 անգամ, «Ուրարտուն»՝ 7, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 28-21
1-ին շրջան. 19.08.2024 «Ուրարտու» - «Արարատ-Արմենիա»՝ 3-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ալեքսանդր Պուսկո 20՛, 2-0-3-0՝ Իվան Իգնատև 59՛, 66՛, 3-1՝ Մարիուս Նուբիսի 81՛:
«Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (35 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (38 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության չեմպիոնական մրցավազքում կարևորագույն խաղերից մեկն է, որի ելքը էականորեն կարող է ազդել մեդալների վերջնական բաշխման վրա:
«Արարատ-Արմենիան» ընդամենը 3 միավոր է զիջում «Ուրարտուին», որից մեկ խաղ պակաս է անցկացրել: Հայաստանի կրկնակի չեմպիոնի կազմում փոփոխություններն աննշան են: Թիմից հեռացել են Արսեն Բեգլարյանը, Արթուր Սերոբյանն ու Ալեքսիս Ռոդրիգեսը:
«Փյունիկից» «Արարատ-Արմենիա» է տեղափոխվել դարպասապահ Հենրի Ավագյանը: Որոշ ընդմիջումից հետո թիմ են վերադարձել պաշտպան Ռոմերսիոն և հարձակվող Ժիրայր Շաղոյանը:
2. «Ուրարտուն» հաջող ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում՝ 38 միավորով զբաղեցնելով 2-րդ տեղը: Թիմի կազմում մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել: Իհարկե, «Ուրարտուի» համար մեծ կորուստ է 13 գնդակով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող ռուս հարձակվող Իվան Իգնատևի հեռանալը թիմից: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմում չեն նաև Անդրեյ Կրավչուկը, Լուքման Գիլմորը, Լեոն Սաբուան, Գևորգ Տարախչյանը, Հայկ Ղազարյանն ու Արման Առաքելյանը: Վերջին երկուսը հանդես կգան ԲԿՄԱ-ի կազմում։ Դարպասապահ Մխիթար Ումրեյանն էլ տեղափոխվել է «Վեստ Արմենիա»:
«Ուրարտուն» համալրել են հարձակվողներ Վլադիսլավ Յակովլևը, Նիկոլաս Կալուկյանը և Բրունո Միշելը, պաշտպան Դմիտրի Տիխին, կիսապաշտպաններ Ալեֆ Սանթոսը, Մաքսիմ Պալիենկոն և Արտեմի Գունկոն՝ Դմիտրի Գունկոյի որդին:
3. «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» մրցակիցներ են նաև Հայաստանի գավաթի մրցաշարում: Մարտի սկզբին կկայանա մրցակիցների քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումը: Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության եզրափակչում հենց «Արարատ-Արմենիան» և «Ուրարտուն» էին վիճարկել պատվավոր մրցանակը: Հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր, իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում 5-3 հաշվով հաղթել էր Վարդան Մինասյանի գլխավորած թիմն՝ առաջին անգամ արժանանալով գավաթակրի կոչմանը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կամո Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Տենտոն Յենեն էլ կնշի Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ խաղի հոբելյանը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 5 գոլ:
«Ուրարտու»՝ Օլեգ Պոլյակով, Իվան Իգնատև - 2- ական գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խոսե Բուենոն: