Logo

Fastex Պրեմիեր լիգա. 2-րդ և 4-րդ տուրերից հետաձգված հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:48 / 24.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 24-25-ին կկայանան 2-րդ և 4-րդ տուրերից հետաձգված հանդիպումները:

FastNews-ը ներկայացնում է խաղերի անոնսը։

«Նոա» - «Վան»

Սեպտեմբերի 24, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

18 խաղ, «Նոան» հաղթել է 10 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 32-13

«Նոա»՝ 4-րդ տեղ (10 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (8 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» 4-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը կանցկացնի «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ կայանալու են թիմի տնային խաղերը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում:

Նախորդ տուրում գործող չեմպիոնը լարված պայքարում մարտական ոչ-ոքի (2-2) գրանցեց «Արարատ-Արմենիայի» հետ, ընդ որում խաղավերջում խաղադաշտում մնացել էր 9 ֆուտբոլիստով: 68-րդ րոպեին հեռացվել էր Մարին Յակոլիշը, իսկ 87-րդ րոպեին կարմիր քարտ էր ստացել փոխարինման մտած Վիրժիլ Պինսոնը:

«Նոան» շատ վստահ է խաղում սեփական դաշտում: Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած տնային վերջին 22 խաղերում էլ «Նոան» հաղթել է մրցակիցներին:

2. Նախորդ տուրում «Վանին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 3 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը մեկ միավոր էր վաստակել: Չարենցավանում Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը 3-2 հաշվով հաղթեց «Շիրակին»: Հաշիվը բացել էր թիմում նորամուտը նշող Արթուր Դանիելյանը, իսկ շիրակցի Մհեր Թառլոյանի խփած գոլը Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» բաց թողած 250-րդ գնդակն էր:

3. Մրցակիցների միջև կայացած  առաջնության վերջին 11 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ տոնելով 6 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Վանը» տոնել է 2022թ. մայիսի 21-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 1-0:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Արթուր Միրանյան- 4 գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

Հանդիպմանը չեն մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Նոայի» ֆուտբոլիստներ Մարին Յակոլիշը և Վիրժիլ Պինսոնը:

«Արարատ-Արմենիա» - «Ալաշկերտ»

Սեպտեմբերի 25, ժամը՝ 19:00, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

26 խաղ, «Արարատ- Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Ալաշկերտը»՝ 5, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 41-21 

«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (11 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (15 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. 2-րդ տուրից հետաձգված այս հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Նոայի» հետ՝ ընդհատելով Fastex Պրեմիեր լիգայում այդ թիմից կրած 6 անընդմեջ պարտությունների շարքը: Ընդ որում արդեն 5-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Վելթոնը և միայն 68-րդ րոպեին վերականգնվեց թվային հավասարությունը, երբ «Նոայից» կարմիր քարտ ստացավ Մարին Յակոլիշը: Իսկ խաղավերջում արդեն «Արարատ-Արմենիան» թվային առավելություն ուներ, սակայն չհաջողվեց կորզել հաղթանակը:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միակն է ընթացիկ առաջնությունում, որ դեռ չի պարտվել:

2. «Ալաշկերտը» գերազանց է մեկնարկել առաջնությունում՝ 15 միավորով վստահորեն գլխավորելով մրցաշարային աղյուսակը: Fastex Պրեմիեր լիգայում ավելի հաջող «Ալաշկերտը» մեկնարկել է միայն 2022/23թթ. առաջնությունում՝ 6 խաղում վաստակելով 16 միավոր: Նախորդ տուրում «Ալաշկերտը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ 2-0 հաշվով ռևանշի հասնելով «Գանձասարի» նկատմամբ գավաթի նախնական փուլում կրած պարտության դիմաց:

3. «Արարատ-Արմենիան» առաջնությունում զգալի առավելության է հասել «Ալաշկերտի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած վերջին 7 հանդիպումներում ալաշկերտցիները 5 պարտություն են կրել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ «Ալաշկերտն» «Արարատ-Արմենիային» հաղթել է 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլի շնորհիվ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե - 6 գոլ:

«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ, Կարեն Նալբանդյան, Սարգիս Մեթոյան - 2-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Վելթոնը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ