Fastex Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 2-ին կմեկնարկի առաջնության աշնանային հատվածի ավարտական՝ 19-րդ տուրը, որի «Նոա» - ԲԿՄԱ խաղը հետաձգվել է:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Վան» - «Շիրակ»
Դեկտեմբերի 2, ժամը՝ 14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
12 խաղ, «Վանը» հաղթել է 7 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-7
1-ին շրջան. 26.08.2024 «Շիրակ» - «Վան»՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Մոմո Տուրե 50՛, 0-2՝ Ջոն Բատիգի 90+1:
«Վան»՝ 5-րդ տեղ (26 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (24 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Երկու թիմերն էլ այս հանդիպումով կավարտեն ելույթներն առաջնության աշնանային հատվածում: Նախորդ տուրում «Վանը» հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեստ Արմենիայի» դարպասը: Ընդ որում հանդիպման հաշիվը բացած Օլավալե Ֆառայոլան դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» հոբելյանական՝ 150-րդ գոլի հեղինակը:
Վերջին 4 խաղերում «Վանը» 9 միավոր է վաստակել՝ միակ պարտությունը կրելով ԲԿՄԱ-ից:
2. «Շիրակը» հաճելի նվեր մատուցեց իր երկրպագուներին՝ Գյումրիում Դոնալդ Կոդիայի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Փյունիկին»: Այդ հաղթանակը կարելի է պատմական համարել շիրակցիների համար, քանի որ «Փյունիկի» հետ առաջնության նախորդ 11 հանդիպումներից 9-ում պարտվել էին, 2 խաղ ավարտվել էր ոչ-ոքի:
Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ «Շիրակն» առաջնության 7 խաղերում 14 միավոր է վաստակել՝ միակ պարտությունը կրելով «Արարատ-Արմենիայից» (0-3):
3. «Վանը» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ չկարողանալով գրավել «Վանի» դարպասը:
Հոկտեմբերի 1-ին Գյումրիում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ խաղում էլ «Վանը» հաղթել էր 3-0 հաշվով:
4. «Վանի» դարպասը գրավելու դեպքում Մորի Կոնեն «Շիրակի» կազմում բոլոր մրցաշարերում 31-րդ գոլը կխփի ու գերազանցելով Մուսա Փոլ Բակայոկոյի ցուցանիշը, կդառնա թիմի պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան, Նարեկ Հովհաննիսյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս - 2-ական գոլ:
Խաղին չի մասնակցի 5 դեղին քարտ ստացած շիրակցի Ռոբերտ Դարբինյանը:
«Փյունիկ» - «Գանձասար»
Դեկտեմբերի 2, ժամը՝ 18:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Փյունիկը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-0
1-ին շրջան. 07.11.2024 «Գանձասար» - «Փյունիկ»՝ 0-5 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ագդոն Մենեզես 7՛, 0-2՝ Յուսուֆ Օտուբանջո 35՛, 11մ, 0-3՝ Արտակ Գրիգորյան 48՛, 0-4-0-5՝ Յուսուֆ Օտուբանջո 78՛, 85՛:
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (31 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Առաջնության վերջին երկու հանդիպումները շատ անհաջող դասավորվեցին «Փյունիկի» համար, որը պարտություններ կրեց «Նոայից» (1-3) ու «Շիրակից» (0-1): Իսկ մինչև այդ փյունիկցիները 7 անընդմեջ հաղթանակ էին տարել:
2. Նախորդ տուրն անհաջող էր նաև «Գանձասարի» համար, որն առաջին խաղակեսում լրջորեն դիմադրելով «Ուրարտուին», ընդմիջումից հետո 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը՝ կրելով խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ պարտությունը:
3. «Գանձասարի» հետ առաջին շրջանի հանդիպումը հիշարժան էր Յուսուֆ Օտուբանջոյի համար: Հեթ-տրիկ ձևակերպելով, նիգերիացի հարձակվողը Fastex Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակը հասցրել էր 76-ի ու գերազանցելով բրազիլացի Մարկոս Պիզելիի ռեկորդային ցուցանիշը, դարձել էր Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստը:
Այս խաղում էլ Օտուբանջոյին հաճելի հոբելյան է սպասում՝ «Փյունիկի» կազմում Fastex Պրեմիեր լիգայում 50-րդ գոլը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Տարոն Ոսկանյանը կրկնակի հոբելյան կնշի՝ Fastex Պրեմիեր լիգայում 300-րդ խաղն ու «Փյունիկի» կազմում 150-րդ հանդիպումը: Ոսկանյանը կդառնա Հայաստանի առաջնություններում 300 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 19-րդ ֆուտբոլիստը:
Ընթացիկ առաջնությունում նման հոբելյան էր նշել «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը՝ 300-րդ խաղն անցկացնելով հոկտեմբերի 22-ին «Շիրակի» հետ կայացած մրցավեճում:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 3 գոլ:
«Արարատ» - «Վեստ Արմենիա»
Դեկտեմբերի 3, ժամը՝ 15:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
5 խաղ, որոնցում հաղթել է «Արարատը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-2
1-ին շրջան. 24.08.2024 «Վեստ Արմենիա» - «Արարատ»՝ 1-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Սերոբ Գալստյան 80՛, 0-2՝ Մուսա Կանտե 90+6՛, 1-2՝ Արսեն Եղիազարյան 90+10՛:
«Արարատ»՝ 8-րդ տեղ (15 միավոր), «Վեստ Արմենիա»՝ 9-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Արարատը» ոչ-ոքի (1-1) խաղալով ԲԿՄԱ-ի հետ, վերջապես ընդհատել էր 479 րոպե տևած գոլային երաշտը: Մինչև այդ վերջին անգամ արարատցիները խփած գոլի բերկրանքը վայելել էին հոկտեմբերի 18-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած առաջին շրջանի խաղում, որում պարտվել էին 2-3 հաշվով: Գոլի հեղինակ էր դարձել Մուսա Կանտեն՝ 65-րդ րոպեին հստակ իրացնելով 11մ հարվածը: Նախորդ 9 հանդիպումներում դա միակ խաղն էր, որում «Արարատը» գոլ էր խփել:
Իսկ ահա առանց հաղթանակների խաղերի թիվը հասավ 10-ի: Վերջին հաղթանակը գրանցվել է սեպտեմբերի 15-ին «Նոայի» նկատմամբ՝ 2-1:
2. «Վեստ Արմենիան» նախորդ խաղում սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Վանին»: Վերջին 3 խաղերում Պատրիկ Պապյանի գլխավորած թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Թիմում արդեն 304 րոպե շարունակ գոլային երաշտ է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Արարատ»՝ Ռանսոմ Իբեհ – 2 գոլ:
«Ուրարտու» - «Ալաշկերտ»
Դեկտեմբերի 3, ժամը՝ 18:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
46 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 14 անգամ, «Ալաշկերտը»՝ 18, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 65-65
1-ին շրջան. 24.08.2024 «Ալաշկերտ» - «Ուրարտու»՝ 0-3 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Լուքման Գիլմոր 44՛, 0-2՝ Իվան Իգնատև 63՛, 0-3՝ Էդգար Մովսեսյան 81՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (35 միավոր), «Ալաշկերտ»՝ 10-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ուրարտուն» երկու անընդմեջ պարտություններից հետո 4 անպատասխան գնդակ խփեց «Գանձասարի» դարպասը ու կրկին իրեն վերադարձրեց առաջնության առաջատարի դիրքը: Իսկ դուբլի հեղինակ դարձած Իվան Իգնատևը 12 գնդակով գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը
2. Նախորդ տուրում «Ալաշկերտն» իրեն հիանալի դրսևորեց՝ մարտական ոչ-ոքի (2-2) գրանցելով «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Ճիշտ է, ալաշկերտցիները կարող էին զրկվել միավորից, սակայն իրեն գերազանց դրսևորեց Գոռ Մանուկյանը՝ հետ մղելով Տենտոն Յենեի 11մ հարվածը:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերում էլ հաղթել է «Ուրարտուն» ընդհանուր 12-1 հաշվով: Ընդ որում վերջին երկու խաղերում գրանցվել է խոշոր հաշիվ (6-1, 3-0):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 10 գոլ: