Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 21-ին կմեկնարկի 14-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - «Արարատ-Արմենիա»
Նոյեմբերի 21, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
27 խաղ, «Արարատը» հաղթել է 2 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 22, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-60
1-ին շրջան. 30.08.2025 «Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 4-2 (1-2)
Գոլերը՝ 0-1՝ Մուստաֆա Հաջի 20՛, 1-1՝ Մոհամեդ Ֆոֆանա 25՛, ինքնագոլ, 1-2՝ Ադամա Մեիտե 39՛, 2-2՝ Ժոաո Կեյրուշ 77՛, 3-2՝ Արայիկ Էլոյան 86՛, 4-2՝ Մեթյու Գբոմադու 90՛:
86-րդ րոպեին Արայիկ Էլոյանը չիրացրեց 11մ հարվածը (Անզիմատի Աբուդուն հետ մղեց գնդակը, երկրորդ հարվածով Էլոյանը գրավեց դարպասը):
«Արարատ»՝ 10-րդ տեղ (3 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (28 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում «Արարատը» սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Շիրակի» հետ՝ ընդհատելով 3 անընդմեջ պարտությունների շարքը: Իսկ ահա գոլային երաշտը շարունակվեց՝ հասնելով 375 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում արարատցիները խփել են հոկտեմբերի 4-ին ԲԿՄԱ-ի հետ հանդիպման 75-րդ րոպեին: Աչքի էր ընկել Յայա Սոգոդոգոն:
2. «Արարատ-Արմենիան» «Ուրարտուի» հետ մրցավեճում չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը, որը բացել էր Ժոաո Լիման 11մ հարվածով: Խաղավերջում Բրունո Միշելը կրկին 11մ հարվածով «Ուրարտուին» փրկեց պարտությունից: «Արարատ-Արմենիայի» 4 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց:
Սակայն Հայաստանի կրկնակի չեմպիոնը թիմային նոր ռեկորդ սահմանեց՝ մեկնարկային 12 հանդիպումներում մնալով անպարտելի: «Արարատ-Արմենիան» գերազանցեց 2021/22թթ. առաջնությունում Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ ցույց տված իր ռեկորդային ցուցանիշը:
Այդ մրցաշրջանում թիմը մեկնարկային 11 հանդիպումներում անպարտելի էր՝ տոնելով 10 հաղթանակ, միակ ոչ-ոքին գրանցելով «Սևանի» հետ 8-րդ տուրում կայացած խաղում: Իսկ 12-րդ տուրում «Արարատ-Արմենիան» 1-2 հաշվով պարտվել էր «Փյունիկին»:

3. Մրցակիցների միջև կայացած վերջին 17 հանդիպումներում «Արարատ-Արմենիան» անպարտելի է՝ տանելով 15 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում նախորդ մրցաշրջանի 2-րդ շրջանի խաղն ավարտելով ոչ-ոքի, «Արարատն» ընդհատել էր առաջնության նախորդ 13 խաղերում «Արարատ-Արմենիայից» կրած պարտությունների շարքը: Իսկ վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է 2021թ. փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:
Նախորդ առաջնության ավարտական տուրում «Արարատ-Արմենիան» 6 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը: Դա մրցակիցների միջև խաղերում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Մարիուս Նուբիսին դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Նա նման արդյունքի էր հասել նաև թիմերի միջև նախորդ առաջնության առաջին շրջանում կայացած խաղում:
4. Կամո Հովհաննիսյանի համար այս հանդիպումը կլինի 600-րդը ֆուտբոլային կարիերայում:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Գոռ Լուլուկյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի արարատցի Ալբերտ Խաչումյանն ու Խոսե Բուենոն:
«Ուրարտու» - «Փյունիկ»
Նոյեմբերի 21, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
103 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 27 անգամ, «Փյունիկը»՝ 50, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 113-172
1-ին շրջան. 29.08.2025 «Փյունիկ» - «Ուրարտու»՝ 1-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պոլյակով 3՛, 1-1՝ Խավիեր Մորենո 58՛, 1-2՝ Արտեմի Գունկո 90+2՛:
«Ուրարտու»՝ 3-րդ տեղ (25 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (22 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս ոչ-ոքի (1-1) խաղաց «Արարատ-Արմենիայի» հետ: Դա առաջնության վերջին 5 խաղերում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի 3-րդ ոչ-ոքին էր: «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևի դարպասն անառիկ պահած 6 խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց:

Նա ընթացիկ առաջնությունում առաջին գոլը բաց թողեց՝ դարպասն անընդմեջ անառիկ պահելով 576 րոպե շարունակ: Միշիևը կրկնեց թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992թ. առաջնությունում «Բանանցում» նույնքան ժամանակահատված շարունակ գոլ բաց չէր թողել:
2. Իսկ ահա Բրունո Միշելը ոչ միայն «Ուրարտուին» փրկեց պարտությունից, այլև միանգամից 3 ռեկորդ սահմանեց: Նա Fastex Պրեմիեր լիգայում խփած 17 գոլով դարձավ Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք 16-ական գոլ էին խփել:
26-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը 2025թ. օրացուցային տարում Fastex Պրեմիեր լիգայի հանդիպումներում խփած 17 գոլով գերազանցեց թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի 33-ամյա վաղեմության արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել:
Միշելի ցուցանիշը ռեկորդային էր նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Ռեկորդակիրը Մարկոս Պիզելին էր, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ էր խփել:
3. «Փյունիկը» նախորդ տուրում ազատ էր, քանի որ «Նոայի» հետ խաղը հետաձգվել էր: Իսկ նոյեմբերի 2-ին անցկացրած իր վերջին խաղում Արտակ Օսեյանի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Առաջնության վերջին 6 հանդիպումներում դա փյունիկցիների 5-րդ հաղթանակն էր: Իսկ միակ պարտությունն այդ ընթացքում «Փյունիկը» կրել էր «Վանից», որին մինչ այդ հաղթել էր խոշոր հաշվով:

4. Անցյալ տարվա օգոստոսի 5-ին կայացած առաջնության մեկնարկային տուրի հանդիպումը, որում գոլազուրկ ոչ-ոքի էր գրանցվել, հոբելյանական՝ 100-րդն էր մրցակիցների միջև: 2-րդ շրջանի խաղում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատել էր փյունիկցիների հետ առանց հաղթանակների 5 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 2 պարտություն):
Նախորդ հաղթանակն «Ուրարտուն» տարել էր 2023թ. հունիսի 2-ին կայացած խաղում, որում ավելացված ժամանակում Եվգենի Ցիմբալյուկի խփած միակ գոլը ոչ միայն վճռել էր հանդիպման ելքը, այլև չեմպիոնի տիտղոսին էր արժանացրել Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմին:
Իսկ մրցակիցների միջև կայացած վերջին 3 խաղերում էլ հաղթել է «Ուրարտուն», որից երկուսում՝ խոշոր հաշվով:
5. «Ուրարտուի» դարպասը գրավելու դեպքում 29-ամյա Մարիուս Նուբիսին ընթացիկ առաջնությունում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի Լուկաս Վիլյելայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս փյունիկցի այլազգի ֆուտբոլիստներից այդ տարիքում բոլորից շատ՝ 4 գոլ է խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան - 6-ական գոլ:
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը:
«Շիրակ» - «Գանձասար»
Նոյեմբերի 22, ժամը՝ 16:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
4 խաղ, «Շիրակը» հաղթել է 1 անգամ, «Գանձասարը»՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-3
1-ին շրջան. 30.08.2025 «Գանձասար» - «Շիրակ»՝ 1-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Օֆոեկե Էմանուել 29՛, 1-1՝ Վազգեն Սարգսյան 72՛:
«Շիրակ»՝ 9-րդ տեղ (7 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (9 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Արարատի» հետ, որի նկատմամբ առաջին շրջանում տարած հաղթանակն առայժմ միակն է ընթացիկ առաջնությունում:
2. «Գանձասարը» նախորդ տուրում Չարենցավանում 1-2 հաշվով զիջեց «Վանին»: Ընդ որում առաջին խաղակեսից հետո գանձասարցիները Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ հաշվի մեջ առջևում էին: Խաղը կարող էր այլ բնույթ ընդունել, եթե խփած գոլից երկու րոպե առաջ Պետրոս Ավետիսյանը հստակ իրացներ 11մ հարվածը, որը շեղ ստացվեց:
Նա դարձավ Fastex Պրեմիեր լիգայում «Գանձասարում» գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը՝ «Վանի» դարպասը գրավելով 29 տարեկան 306 օրականում: Ավետիսյանը գերազանցեց Բերտրան Մանիի ցուցանիշը, որն իր վերջին գոլը գանձասարցիների կազմում խփել է 27 տարեկան 357 օրականում:

3. Մրցակիցների միջև մայիսի 17-ին կայացած նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր «Գանձասարի» համար: Բերտրան Մանիի խփած միակ գոլի շնորհիվ Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը վերջապես առաջնությունում առաջին հաղթանակը տոնեց՝ ընդհատելով մեկնարկից առանց հաղթանակների 26 խաղերի ռեկորդային շարքը:
«Շիրակն» էլ «Գանձասարի» նկատմամբ միակ հաղթանակը տարել է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 2-1 հաշվով:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում շիրակցի Ռուդիկ Մկրտչյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի շիրակցի Ռոբերտ Դարբինյանը:
«Նոա» - «Ալաշկերտ»
Նոյեմբերի 22, ժամը՝ 18:00, Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
27 խաղ, «Նոան» հաղթել է 12 անգամ, «Ալաշկերտը»՝ 12, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 35-37
1-ին շրջան. 30.08.2025 «Ալաշկերտ» - «Նոա»՝ 2-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Օլավալե Ֆառայոլա 11՛, 2-0՝ Մոմո Տուրե 41՛:
«Նոա»՝ 5-րդ տեղ (21 միավոր), «Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (28 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Նոան» վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել նոյեմբերի 6-ին՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանում 1-2 հաշվով պարտվելով չեխական «Սիգմային»: Իսկ փյունիկցիների հետ նախորդ տուրի հանդիպումը հետաձգվել էր: Նոյեմբերի 1-ին անցկացրած առաջնության վերջին խաղում էլ «Նոան» 1-2 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»:
2. Նախորդ տուրում «Ալաշկերտը» 2-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, իսկ մինչև այդ անսպասելի պարտություն էր կրել «Գանձասարից» ու կորցրել էր առաջատարի իր դիրքը:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության առաջին երկու խաղերում էլ «Նոան» հաղթել էր խոշոր հաշվով (6-0, 4-0): Իսկ ահա առաջնության ավարտական տուրի խաղում, երբ արդեն «Նոան» նվաճել էր չեմպիոնի տիտղոսը ու խաղադաշտ էր դուրս եկել ոչ հիմնական կազմով, Սարգիս Մեթոյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց՝ ընդհատելով մրցակցից կրած 5 անընդմեջ պարտությունների շարքը:
Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում էլ ալաշկերտցիներն իրենց գերազանց դրսևորեցին ու կրկին հաղթեցին՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով Ալեքսեյ Պլոշադնիի պաշտպանած դարպասը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Օգնյեն Չանչարևիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած այլազգի առաջին դարպասապահը:
5. Եթե «Նոայի» կազմում խաղադաշտ դուրս գա Արամ Խամոյանը, ապա կնշի Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ խաղի հոբելյանը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:
«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան - 7 գոլ:
«Վան» - ԲԿՄԱ
Նոյեմբերի 23, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
16 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 6, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 17-26
1-ին շրջան. 30.08.2025 ԲԿՄԱ - «Վան»՝ 0-0
«Վան»՝ 6-րդ տեղ (17 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (11 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Վանը» նախորդ տուրում սեփական դաշտում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Գանձասարի» նկատմամբ: Մինչև այդ էլ չարենցավանյան ակումբը Գյումրիում էր կամային հատկանիշներ դրսևորել ու 3-2 հաշվով պարտության էր մատնել տանտերերին:
2. ԲԿՄԱ-ն առաջնության վերջին հանդիպումներում անհաջող է խաղում: Նախորդ տուրում էլ բանակայինները հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ ընդունեցին «Ալաշկերտից»՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը:

3. Նախորդ առաջնության առաջին շրջանում նվազագույն հաշվով տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր ԲԿՄԱ-ի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 6 խաղերի շարքը, որի ընթացքում 4 անընդմեջ պարտություն էր կրել: Իսկ նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Վանը» տարել էր 2022թ. հոկտեմբերի 15-ին (3-0):
Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերում արդեն առավելությունը ԲԿՄԱ-ի կողմն էր, որը մեկ հաղթանակ էր տարել, 2 հանդիպումներում գրանցվել էր ոչ-ոքի:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Բենիկ Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան, Արայիկ Էլոյան – 4-ական գոլ:


