Fastex Պրեմիեր լիգայում նոյեմբերի 1-ին կմեկնարկի 12-րդ տուրը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Նոա» - «Արարատ-Արմենիա»
Նոյեմբերի 1, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
27 խաղ, «Նոան» հաղթել է 8 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 14, գրանցվել է 5 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 27-46
1-ին շրջան. 20.09.2025 «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 2-2 (1-1)
Գոլերը՝ 0-1՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 22՛, 1-1՝ Ուգո Օլիվեյրա 32՛, 1-2՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 51՛, 2-2՝ Արթուր Սերոբյան 76՛:
«Նոա»՝ 4-րդ տեղ (21 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (24 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Նոայի» համար այն վերջին փորձամրցումն է նոյեմբերի 6-ին չեխական «Սիգմայի» հետ սեփական դաշտում կայանալիք Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 3-րդ տուրի հանդիպումից առաջ: Հայաստանի գործող չեմպիոնը հաջող է մեկնարկել Լիգայի փուլում՝ 2 խաղում վաստակած 4 միավորով ընթանալով 10-րդ տեղում:
«Նոան» առաջնությունում էլ հաջող է խաղում: Նախորդ տուրում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ խփեց «Արարատի» դարպասը:
2. Առաջնությունում առանց պարտության ընթացող «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում շարունակեց հաղթարշավը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը տնային խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին:

Հետաքրքիր է, որ նախորդ մրցաշրջանում էլ «Արարատ-Արմենիան» Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեկնարկային 10 հանդիպումներում կրկին 24 միավոր էր վաստակել՝ տոնելով 8 հաղթանակ, միևնույն 1-3 հաշվով պարտվելով «Ուրարտուին» և «Փյունիկին»:
3. Նախորդ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած բոլոր 4 խաղերում էլ, ներառյալ գավաթի եզրափակիչը, հաղթել է «Նոան»: Մինչդեռ մինչև 2021/22թթ. առաջնության 4-րդ շրջանի հանդիպումն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբի միակ թիմն էր, որին «Նոան» Fastex Պրեմիեր լիգայում դեռ չէր հաղթել: Անցկացված 14 հանդիպումներից 10-ում հաջողությունն ուղեկցել էր «Արարատ-Արմենիային», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի:
Եվ ահա 2022թ. մայիսի 9-ին կայացած խաղում «Նոան» վերջապես ընդհատեց տխուր ավանդույթը: Հանդիպման 3-րդ րոպեին Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլը «Նոային» հաղթանակ պարգևեց, որը կարելի է պատմական համարել: Իսկ «Արարատ-Արմենիայի» համար այդ պարտությունը փաստորեն ճակատագրական եղավ «Փյունիկի» հետ չեմպիոնական մրցավազքում: Այդ հաղթանակը միակն էր Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների միջև անցկացված 18 հանդիպումներում:
Իսկ վերջին 3 տարիներին ուժերի հարաբերակցությունը զգալիորեն փոխվել է: Մրցակիցների միջև անցկացված առաջնության վերջին 7 հանդիպումներում «Նոան» 6 անընդմեջ հաղթանակ է տարել և միայն ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում է «Արարատ-Արմենիային» հաջողվել ոչ-ոքի գրանցել: Իսկ վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է 2023թ. սեպտեմբերի 15-ին՝ 4-3:
4. Իսկ պաշտոնական մյուս մրցաշարերում «Նոային» 3 անգամ հաջողվել է առավելության հասնել «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ու տիտղոսներ նվաճել: 2019/20թթ. Հայաստանի գավաթի խաղարկությունում «Նոան» գերարդյունավետ եզրափակչում (5-5) հետխաղյա 11մ հարվածներով 7-6 հաշվով հաղթելով «Արարատ-Արմենիային», նվաճել է պատվավոր մրցանակը:
2020թ. մրցակիցների միջև կայացած Սուպերգավաթի մրցավեճում էլ հաջողությունն ուղեկցել է «Նոային», որը լրացուցիչ ժամանակում հաղթել է 2-1 հաշվով: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ կրկին հաջողությունն ուղեկցեց Ռուի Մոտայի գլխավորած թիմին (3-1):
5. Այս խաղում «Նոայի» խփած առաջին գոլը կդառնա Fastex Պրեմիեր լիգայում թիմի հոբելյանական՝ 350-րդ գնդակը:
6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Սերգեյ Մուրադյանը «Նոայի» կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած թիմի առաջին ֆուտբոլիստը:
7. Նախորդ տուրում «Նոայի» կազմում նորամուտը նշած Արամ Խամոյանը հանդիպմանը մասնակցելու դեպքում Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ, Փոլ Գլադոն, Նարդին Մուլահուսեյնովիչ - 2-ական գոլ:
«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 5 գոլ:
ԲԿՄԱ - «Փյունիկ»
Նոյեմբերի 2, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
17 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Փյունիկը»՝ 14, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-39:
1-ին շրջան. 20.09.2025 «Փյունիկ» - ԲԿՄԱ՝ 2-1 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Դանիիլ Կուլիկով 8՛, 2-0՝ Ալեքսանդր Միլկովիչ 26՛, 2-1՝ Արթուր Ասկարյան 64՛:
ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (11 միավոր), «Փյունիկ»՝ 5-րդ տեղ (19 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. ԲԿՄԱ-ն անհաջող խաղաց Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում: 0-2 հաշվով պարտվելով «Անդրանիկին», բանակայինները դուրս մնացին գավաթի մրցաշարից: Առաջնության նախորդ տուրն էլ անհաջող էր ԲԿՄԱ-ի համար, որը 1-2 հաշվով զիջեց իր ավանդական ամենադժվար մրցակցին՝ «Արարատ-Արմենիային»:
2. Իսկ «Փյունիկը» հաղթանակով մեկնարկեց գավաթի ընթացիկ խաղարկությունում՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Գանձասարի» դարպասը, որին պարտության էր մատնել նաև առաջնության նախորդ տուրում (2-0): Գավաթի մրցաշարերում գոլերի հաշիվը բացած Դանիիլ Կուլիկովը դարձել էր պատվավոր մրցանակի խաղարկություններում «Փյունիկի» հոբելյանական՝ 300-րդ գոլի հեղինակը:

3. Մրցակիցների միջև կայացած նախորդ առաջնության 3-րդ շրջանի հանդիպումը հիշարժան էր ԲԿՄԱ-ի համար, որին վերջապես հաջողվել էր առաջին հաղթանակը տոնել «Փյունիկի» նկատմամբ: Մայիսի 4-ին կայացած այդ խաղում բանակայիններին հաղթանակ էր պարգևել Արայիկ Էլոյանի դուբլը, որին փյունիկցիները պատասխանել էին Մատաս Վարեյկայի խփած գոլով:
Իսկ մինչև այդ խաղը մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 15 հանդիպումներից 13-ում հաղթել էր «Փյունիկը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի: Բացի այդ, պարտությանը նախորդել էր ԲԿՄԱ-ի նկատմամբ փյունիկցիների տարած 6 անընդմեջ հաղթանակների շարքը, որից 4-ը՝ խոշոր հաշվով: Ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում էլ հաջողության են հասել փյունիկցիները:
4. ԲԿՄԱ-ի դարպասը գրավելու դեպքում 29-ամյա Մարիուս Նուբիսին առաջնությունում «Փյունիկի» կազմում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի իր թիմակից Լուկաս Վիլյելայի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում թիմում հանդես եկած լեգեոնականներից բոլորից շատ՝ 4 գոլ էր խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Արայիկ Էլոյան – 3 գոլ:
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո – 9 գոլ:
«Շիրակ» - «Վան»
Նոյեմբերի 2, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
15 խաղ, «Շիրակը» հաղթել է 2 անգամ, «Վանը»՝ 10, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-23
1-ին շրջան. 19.09.2025 «Վան» - «Շիրակ»՝ 3-2 (1-2)
Գոլերը՝ 1-0՝ Արթուր Դանիելյան 13՛, 1-1՝ Մհեր Թառլոյան 39՛, 1-2՝ Ռաֆիկ Միսակյան 43՛, 11մ, 2-2՝ Սաբա Սիդամոնիձե 63՛, 3-2՝ Էրիկի Բենտո 71՛:
«Շիրակ»՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (11 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին՝ «Արարատի Արաքսի» նկատմամբ 4-0 հաշվով տարած հաղթանակով մեկնարկելով Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում: Շիրակցիները մեկամյա ընդմիջումից հետո կրկին իրավունք են ստացել խաղալու գավաթի քառորդ եզրափակչում:
Իսկ առաջնությունում «Շիրակի» գործերը լավ չեն ընթանում: Շիրակցիները 6 միավորով նախավերջին տեղում են: Նախորդ տուրում էլ «Շիրակը» հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ էր բաց թողել «Ուրարտուի» հետ մրցավեճում:
2. «Վանը» դուրս մնաց գավաթի մրցաշարից՝ հյուրընկալվելիս խոշոր՝ 0-4 հաշվով պարտվելով «Ուրարտուին»: Առաջնության նախորդ տուրն էլ անհաջող էր «Վանի» համար, որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ալաշկերտին»: Առաջնության վերջին 5 հանդիպումներում «Վանը» 4 պարտություն է կրել՝ միակ հաղթանակը տանելով «Փյունիկի» նկատմամբ (2-1):

3. «Վանը» զգալի առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ընդ որում մինչև ընթացիկ մրցաշրջանը կայացած նախորդ 5 խաղերում շիրակցիներին չէր հաջողվել գրավել «Վանի» դարպասը: Նախորդ առաջնության 3 խաղերն էլ ավարտվել են «Վանի» հաղթանակով:
Անցյալ տարվա հոկտեմբերի 1-ին Գյումրիում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչի խաղում էլ «Վանը» հաղթել էր 3-0 հաշվով: Վերջին հաղթանակը «Վանի» նկատմամբ շիրակցիները տարել են 2023թ. հոկտեմբերի 3-ին՝ Գյումրիում 2 անգամ գրավելով մրցակցի դարպասը:
4. Ապրիլի 12-ին Գյումրիում մրցակիցների միջև կայացած հանդիպումը հիշարժան էր ներկայումս «Վանում» հանդես եկող Հրայր Մկոյանի համար: «Շիրակի» այն ժամանակվա ավագը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 600-րդ խաղն անցկացրեց: Հետաքրքիր է, որ 500-րդ խաղի հոբելյանը Մկոյանը ևս նշել էր «Վանի» հետ կայացած խաղում: 2022թ. մարտի 1-ին Չարենցավանում տեղի ունեցած առաջնության 20-րդ տուրի այդ խաղում Մկոյանն «Արարատի» ավագն էր:
39-ամյա Մկոյանն ընթացիկ առաջնության ամենատարեց ֆուտբոլիստն է: Գործող ֆուտբոլիստներից նա Fastex Պրեմիեր լիգայում բոլորից շատ՝ 389 խաղ է անցկացրել:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Բենիկ Հովհաննիսյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Էդգար Մովսեսյան, Նարեկ Հովհաննիսյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս, Ջոն Բատիգի - 2-ական գոլ:
«Գանձասար» - «Ալաշկերտ»
Նոյեմբերի 3, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
4 խաղ, որոնցից 3-ում հաղթել է «Ալաշկերտը», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-6:
1-ին շրջան. 21.09.2025 «Ալաշկերտ» - «Գանձասար»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Կարեն Նալբանդյան 15՛, 2-0՝ Էդգար Փիլոյան 78՛:
«Գանձասար»՝ 8-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (25 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Խաղացանկի քմահաճույքով «Գանձասարը» 5 օրում երկու անգամ մրցեց «Փյունիկի» հետ: Հոկտեմբերի 25-ին Աբովյանում կայացած առաջնության խաղում «Փյունիկը» հաղթել էր 2-0 հաշվով: Աբովյանում կայացած գավաթի 1/8 եզրափակիչ խաղում էլ գանձասարցիները 3 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասն ու դուրս մնացին մրցաշարից:
«Գանձասարի» համար մրցակցի դարպասը գրավելը լուրջ խնդիր է դարձել: Պաշտոնական վերջին 6 հանդիպումներում կապանյան թիմը գոլ չի խփել: Հետաքրքիր է, որ վերջին գոլը գանձասարցիները խփել են հենց «Ալաշկերտի» դարպասը սեպտեմբերի 17-ին կայացած գավաթի նախնական փուլի խաղում: 84-րդ րոպեին Նարեկ Ալավերդյանի խփած գոլի շնորհիվ «Գանձասարը» 2-1 հաշվով հաղթել էր ու մտել էր 1/8 եզրափակիչ: Այնպես որ արդեն 546 րոպե շարունակ թիմում գոլային երաշտ է:
2. «Ալաշկերտը» շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նախորդ տուրում ալաշկերտցիները 2-րդ անընդմեջ հաղթանակը տարան՝ նվազագույն հաշվով հաղթելով «Վանին»: «Ալաշկերտի» ներկայիս արդյունքը լավագույնն է թիմի պատմության մեջ:
3. «Ալաշկերտի» առաջին գոլը կլինի Fastex Պրեմիեր լիգայում Վահե Գևորգյանի գլխավորությամբ թիմի խփած հոբելյանական՝ 100-րդ գնդակը:
4. «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը պատմական նվաճման կհասնի, եթե դարպասն անառիկ պահի: Դա կլինի փորձառու դարպասապահի 100-րդ «չոր» խաղը Fastex Պրեմիեր լիգայում: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ դարպասապահը Գևորգ Կասպարովից (123) և Հարություն Աբրահամյանից (103) հետո:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ալաշկերտ»՝ Պետրոս Ավետիսյան – 2 գոլ:
«Արարատ» - «Ուրարտու»
Նոյեմբերի 3, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
89 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 44, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 83-134
1-ին շրջան. 19.09.2025 «Ուրարտու» - «Արարատ»՝ 6-0 (1-0)
Գոլերը՝ 1-0-3-0՝ Բրունո Միշել 12՛, 46 ՛, 53՛, 4-0՝ Արտեմի Գունկո 69՛, 5-0՝ Նիկոլաս Կալուկյան 78՛, 6-0՝ Բրունո Միշել՝ 81՛:
«Արարատ»՝ 10-րդ տեղ (2 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության հետնապահ «Արարատը» վերջապես ուրախացրեց իր երկրպագուներին: Արարատցիներն ընթացիկ մրցաշրջանի պաշտոնական հանդիպումներում առաջին հաղթանակը տարան՝ գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Սարդարապատի» դարպասը: «Արարատն» ընդհատեց պաշտոնական մրցումներում առանց հաղթանակների 14 խաղերի շարքը: Նախորդ հաղթանակն «Արարատի» օգտին գրանցվել էր մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած առաջնության խաղում՝ 2-1:
Իսկ առաջնության նախորդ տուրում արարատցիները հերթական պարտությունը կրեցին՝ 0-3 հաշվով զիջելով «Նոային»:
2. «Ուրարտուն» վերջին երկու հանդիպումներում աչքի ընկավ արդյունավետ գործողություններով: Նախ առաջնության նախորդ տուրում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը սեփական դաշտում 5-0 հաշվով հաղթեց «Շիրակին», ապա գավաթի 1/8 եզրափակչում 4 անպատասխան գնդակ խփեց «Վանի» դարպասը՝ հաջողությամբ լուծելով քառորդ եզրափակչի ուղեգրի նվաճման հարցը:
«Վանի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած Կարեն Մելքոնյանը «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում հոբելյանական՝ 200-րդ խաղն անցկացրեց: Իսկ Օլեգ Պոլյակովի խփած գոլը դարձավ գավաթի մրցաշարերում «Ուրարտուի» հոբելյանական՝ 250-րդ գնդակը:

3. Նախորդ 3 մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 12 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 7 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):
4. «Արարատի» դարպասը գրավելու դեպքում Բրունո Միշելը միանգամից 3 ռեկորդ կսահմանի: Նա Fastex Պրեմիեր լիգայում խփած 17 գոլով կդառնա Հայաստանի առաջնություններում «Ուրարտուի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը՝ գերազանցելով Բրունո Կորեային և Դու Բալային, որոնք 16-ական գոլ են խփել:
26-ամյա Միշելը նաև կգերազանցի թիմի նախկին ֆուտբոլիստ Սամվել Կոստանդյանի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը 1992թ. «Բանանցում» 16 գոլ էր խփել: Միշելի ցուցանիշը ռեկորդային կլինի նաև 26 տարեկանում Հայաստանի առաջնություններում գոլ խփած այլազգի ֆուտբոլիստների մեջ: Ներկայումս ռեկորդակիրը Մարկոս Պիզելին է, որն այդ տարիքում 2010թ. «Փյունիկում» 16 գոլ է խփել:
5. Հաճելի իրադարձություն է սպասում նաև «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Միշիևին, որն ընթացիկ առաջնությունում անցկացրած 5 հանդիպումներում դեռ գոլ բաց չի թողել: Եթե 21-ամյա Միշիևն առնվազն 17 րոպե գոլ բաց չթողնի, ապա դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակը կհասցնի 467-ի ու կգերազանցի «Երևանի» նախկին դարպասապահ Վասիլի Կուզնեցովի տարիքային ռեկորդը: Վերջինիս ցուցանիշը (466 րոպե) լավագույնն է 21-ամյա այլազգի դարպասապահների մեջ:
Իսկ եթե «Արարատին» չհաջողվի գրավել «Ուրարտուի» դարպասը, ապա Միշիևը 540 րոպե անընդմեջ դարպասն անառիկ կպահի ու կգերազանցի Արսեն Բեգլարյանի տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2014թ. «Ուլիսում» 539 րոպե շարունակ գոլ բաց չի թողել:
6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում արարատցի Արթուր Գրիգորյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Վահե Յաղմուրյան - 5 գոլ:
«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:


