Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 17-ին կմեկնարկի 10-րդ տուրը, որով կսկսվի առաջնության երկրորդ շրջանը:
FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Շիրակ» - «Ալաշկերտ»
Հոկտեմբերի 17, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
47 խաղ, «Շիրակը» հաղթել է 14 անգամ, «Ալաշկերտը»՝ 18, գրանցվել է 15 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 52-60
1-ին շրջան. 03.10.2025 «Ալաշկերտ» - «Շիրակ»՝ 1-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Տիգրան Սումբուլյան 20՛, 1-1՝ Կարեն Նալբանդյան 53՛, 11մ:
«Շիրակ»՝ 8-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 1-ին տեղ (19 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ալաշկերտի» հետ նախորդ տուրում գրանցած ոչ-ոքիի շնորհիվ «Շիրակն» ընդհատել էր 2 անընդմեջ պարտությունների շարքը: Գյումրեցիները նախ հյուրընկալվելիս 2-3 հաշվով պարտվել էին «Վանին», ապա նվազագույն հաշվով զիջել էին «Ուրարտուին»: Այդ հանդիպումը «Շիրակի» համար հոբելյանական՝ 900-րդն էր Հայաստանի առաջնություններում;
Գյումրիում ընթացիկ առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներում «Շիրակը» նույնքան միավոր է վաստակել՝ միակ հաղթանակը տոնելով «Արարատի» նկատմամբ (4-2):

2. Առաջնության առաջատար «Ալաշկերտին» վերջին խաղերում միավորները դժվարությամբ են տրվում: 8-րդ տուրում էլ ալաշկերտցիները 2-1 հաշվով դժվարին հաղթանակ էին տարել «Վանի» նկատմամբ: Ընդ որում հաղթական գոլն ալաշկերտցիները խփել էին ավելացված ժամանակում Կարեն Նալբանդյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ: Վերջինս 7 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է: Նա վերջին 5 խաղերում մեկական գոլ է խփել՝ 4 անգամ դիպուկ իրացնելով 11մ հարվածները:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 7 խաղերից 4-ում հաղթել է «Շիրակը», 3 անգամ գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է 2023թ. օգոստոսի 31-ին Գյումրիում կայացած խաղում (3-2):
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում շիրակցի Ալեկսա Վիդիչը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա թիմի կազմում այդ սահմանագիծը հատած 3-րդ լեգեոնականը Մուսա Փոլ Բակայոկոյից (107 խաղ) և Մարկո Պրլևիչից (100) հետո:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 5 գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:
«Վան» - «Փյունիկ»
Հոկտեմբերի 18, ժամը՝ 15:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
19 խաղ, «Վանը» հաղթել է 4 անգամ, «Փյունիկը»՝ 12, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 12-44
1-ին շրջան. 04.10.2025 «Փյունիկ» - «Վան»՝ 5-1 (3-0)
Գոլերը՝ 1-0՝ Մարիուս Նուբիսի 27՛, 2-0՝ Գևորգ Տարախչյան 38՛, 3-0՝ Մարիուս Նուբիսի 41՛, 4-0՝ Գևորգ Տարախչյան 48՛, 5-0՝ Մարիուս Նուբիսի 79՛, 5-1՝ Պետրոս Աֆաջանյան 89՛, 11մ:
«Վան»՝ 6-րդ տեղ (8 միավոր), «Փյունիկ»՝ 5-րդ տեղ (16 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Փյունիկից» կրած պարտությունը 3-րդ անընդմեջն էր առաջնությունում «Վանի» համար: Մինչև այդ Էդգար Թորոսյանի գլխավորած թիմը միևնույն 1-2 հաշվով զիջել էր «Նոային» և «Ալաշկերտին»: Ընդ որում երկու հանդիպումներում էլ մրցակիցները հաղթական գոլերը խփել էին ավելացված ժամանակում:

2. Իսկ ահա «Փյունիկն» ընթացիկ առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Մինչև այդ փյունիկցիները նվազագույն հաշվով հաղթել էին «Գանձասարին» և պարտության էին մատնել ԲԿՄԱ-ին (2-1): Այդ խաղերում փյունիկցիներից աչքի էր ընկել Դանիիլ Կուլիկովը՝ մեկական անգամ գրավելով մրցակիցների դարպասները:
«Փյունիկն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տարավ: «Վանի» հետ առաջնության հանդիպումներում դա փյունիկցիների նման կարգի 6-րդ հաղթանակն էր: Ամենախոշոր հաշվով հաղթանակը «Վանի» նկատմամբ գրանցվել է 2023թ. նոյեմբերի 2-ին կայացած խաղում՝ 6-0:
3. Մարիուս Նուբիսին էլ դարձավ ընթացիկ առաջնությունում գրանցված առաջին հեթ-տրիկի հեղինակը՝ բացելով գոլերի հաշիվը «Փյունիկում» Fastex Պրեմիեր լիգայում: Հայաստանի առաջնություններում Նուբիսին 4-րդ հեթ-տրիկը ձևակերպեց: Նախորդ մրցաշրջանում նա «Արարատ-Արմենիայի» կազմում 2 անգամ նման հաջողության էր հասել «Արարատի» հետ հանդիպումներում, մեկ անգամ էլ 3 գոլ էր խփել «Ուրարտուի» դարպասը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում փյունիկցի Էդգար Մալաքյանը ֆուտբոլային կարիերայում հոբելյանական՝ 500-րդ խաղը կանցկացնի:

5. Սերգեյ Վակուլենկոն էլ Fastex Պրեմիեր լիգայում 100-րդ խաղի հոբելյանը կնշի, եթե «Փյունիկի» կազմում խաղադաշտ դուրս գա:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Վան»՝ Ջոսուե Գաբա, Մոմո Տուրե – 2-ական գոլ:
«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 10 գոլ:
«Նոա» - «Ուրարտու»
Հոկտեմբերի 18, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
25 խաղ, «Նոան» հաղթել է 7 անգամ, «Ուրարտուն»՝ 9, գրանցվել է 9 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 25-32
1-ին շրջան. 05.10.2025 «Ուրարտու» - «Նոա»՝ 0-0
41-րդ րոպեին Բրունո Միշելը չիրացրեց 11մ հարվածը (Չանչարևիչը հետ մղեց գնդակը):
«Նոա»՝ 3-րդ տեղ (17 միավոր), «Ուրարտու»՝ 4-րդ տեղ (17 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Նոայի» համար տուրի կենտրոնական հանդիպումը վերջին փորձամրցումն է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում հյուրընկալվելիս ռումինական «Ունիվերսիտատյայի» հետ հոկտեմբերի 23-ին կայանալիք մրցավեճից առաջ: Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ գրանցած ոչ-ոքիով գործող չեմպիոնն առաջնությունում իր անպարտելի խաղերի շարքը հասցրել էր 5-ի, որի ընթացքում 3 հաղթանակ էր տոնել, 2 խաղ ավարտել էր ոչ-ոքի: Այդ շարքը կարող էր ընդհատվել, եթե Օգնյեն Չանչարևիչը հետ չմղեր «Ուրարտուի» հարձակվող Բրունո Միշելի 11մ հարվածը:

2. Իսկ ահա «Ուրարտուն» գոլազուրկ ոչ-ոքիով ընդհատեց առաջնության վերջին 2 խաղերում գրանցած հաղթանակների շարքը: Եթե «Արարատին» Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը 6 անպատասխան գնդակ էր խփել, որից 4-ն իր օգտին էր գրանցել Բրունո Միշելը, ապա «Շիրակի» հետ խաղում թիմին հաղթանակ էր պարգևել նույն Միշելի խփած միակ գոլը: Նա 8 գնդակով առաջնության գլխավոր ռմբարկուն է:
Առաջնության վերջին 3 հանդիպումներում թիմի դարպասը պաշտպանող Ալեքսանդր Միշիևը դեռ գոլ բաց չի թողել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:
«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 4 գոլ:
«Գանձասար» - «Արարատ-Արմենիա»
Հոկտեմբերի 19, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր Սպորտ» մարզադաշտ
4 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-11
1-ին շրջան. 05.10.2025 «Արարատ-Արմենիա» - «Գանձասար»՝ 1-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Արթուր Սերոբյան 10՛:
«Գանձասար»՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (18 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Գանձասարը» նախորդ տուրում նվազագույն հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»: Մինչև այդ էլ գանձասարցիներն Արմավիրում 2 անպատասխան գնդակ էին բաց թողել «Ալաշկերտից», որին պայքարից դուրս էին թողել գավաթի մրցաշարից՝ հաղթելով 2-1 հաշվով, իսկ հաջորդ խաղում նվազագույն հաշվով պարտվել էին «Փյունիկին»:
Պարտված վերջին 3 խաղերում «Գանձասարը» չի գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլը թիմը խփել է սեպտեմբերի 12-ին: 18-րդ րոպեին «Վանի» դարպասը Պատվական Ավետիսյանի խփած միակ գոլը հաղթանակ էր պարգևել «Գանձասարին»: Այդ հաղթանակն առայժմ միակն է կապանցիների համար առաջնությունում:

2. «Գանձասարի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիան» առաջնության առաջին շրջանն ավարտեց 2-րդ տեղում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով առաջատար «Ալաշկերտին», որից մեկ խաղ պակաս է անցկացրել:
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը միակն է առաջնությունում, որ դեռևս չի պարտվել: Միայն «Վանին», «Նոային» և ԲԿՄԱ-ին է հաջողվել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպումներում մեկական միավոր վաստակել:
3. «Արարատ-Արմենիան» «Գանձասարի» ամենաանհարմար մրցակիցն է Fastex Պրեմիեր լիգայում: Գանձասարցիները ոչ միայն պարտվել են բոլոր 4 խաղերում էլ, այլև գոլ չեն խփել՝ սեփական դարպասը բաց թողնելով 11 գնդակ: Ընդ որում նախորդ առաջնության 3 խաղերում էլ «Արարատ-Արմենիան» հաղթել է խոշոր հաշվով (3-0, 3-0, 4-0):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Ալեքսիս Ռոդրիգես, Մարիուս Նուբիսի, Տենտոն Յենե- 2-ական գոլ:
ԲԿՄԱ - «Արարատ»
Հոկտեմբերի 19, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
17 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 5 անգամ, «Արարատը»՝ 6, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 21-23
1-ին շրջան. 04.10.2025 «Արարատ» - ԲԿՄԱ՝ 2-2 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Նարեկ Հովհաննիսյան 8՛, 11մ, 0-2՝ Համլետ Սարգսյան 36՛, 1-2՝ Մամադու Դումբիա 49՛, 2-2՝ Յայա Սոգոդոգո 75՛:
ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (8 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (2 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության վերջին երկու խաղերում ԲԿՄԱ-ն դրամատիկ պայքարում մարտական ոչ-ոքի (2-2) խաղաց «Արարատ-Արմենիայի» և «Արարատի» հետ: Այդ հանդիպումները տարբեր սցենարներով ընթացան: «Արարատ-Արմենիայի» հետ խաղում բանակայինները պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում Նարեկ Հովհաննիսյանի 11մ հարվածով խփած գոլի շնորհիվ:
Իսկ ահա արարատցիների հետ մրցավեճում ԲԿՄԱ-ն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 2-0 հաշվով, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը և 2 միավորի կորուստ ունեցավ: Այդ խաղում էլ Նարեկ Հովհաննիսյանը հստակ իրացրեց 11մ հարվածը: Նա 5 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

2. «Արարատին» վերջապես հաջողվեց ընդհատել 7 անընդմեջ պարտությունների շարքն ու առաջնությունում 2-րդ միավորը վաստակել: Առաջին միավորն արարատցիների օգտին գրանցվել էր «Գանձասարի» հետ առաջնության մեկնարկային խաղում:
Ավելի անհաջող «Արարատը» մեկնարկել է 2009թ. առաջնությունում՝ մեկնարկում կրելով 13 անընդմեջ պարտություն: Ընդ որում մեկնարկային 7 խաղերում արարատցիները գոլ չէին խփել, իսկ առաջին միավորը վաստակել էին միայն 14-րդ տուրում՝ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ:
Արդեն 12 խաղ է, ինչ արարատցիները ՀՀ առաջնություններում չեն հաղթել՝ վաստակելով ընդամենը 2 միավոր: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է նախորդ առաջնությունում մայիսի 8-ին «Վանի» հետ կայացած խաղում (2-1):
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներն անցել են արարատցիների առավելությամբ, որոնք 2 հաղթանակ են տարել, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ ԲԿՄԱ-ն «Արարատին» հաղթել է 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ 2-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան, Նարեկ Հովհաննիսյան - 2-ական գոլ:
«Արարատ»՝ Սերոբ Գալստյան - 3 գոլ:


