Fastex Պրեմիեր լիգայում սեպտեմբերի 23-ին երկու հանդիպումներով կմեկնարկի 8-րդ տուրը: FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Արարատ» - «Վան»
Սեպտեմբերի 23, ժամը՝ 17:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
15 խաղ, «Արարատը» հաղթել է 9 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-11
«Արարատ»՝ 3-րդ տեղ (13 միավոր), «Վան»՝ 1-ին տեղ (14 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Առաջատար եռյակում գտնվող թիմերի մրցավեճը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Բավական հաջող ելույթներ ունեցող «Արարատը» նախորդ տուրում ազատ էր, իսկ սեպտեմբերի 15-ին անցկացրած իր վերջին խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել «Նոայի» նկատմամբ:
Այդ խաղում աչքի էին ընկել վնասվածքից ապաքինված Իլարիոն Գուռն ու Մուսա Կանտեն, որը վերջին 4 խաղերում մեկական գոլի հեղինակ է դարձել: Ընդ որում գոլերից 3-ը նա խփել է հանդիպումների վերջում ավելացված ժամանակում:
2. Թիմի կազմը գրեթե հիմնովին փոփոխած «Վանը» նոր գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի գլխավորությամբ անհաջող մեկնարկից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը և արդեն հասցրել է թիմային մի քանի ռեկորդներ սահմանել՝ տոնելով 4 անընդմեջ հաղթանակ (նախորդ ռեկորդը՝ 3 հաղթանակ, 2020/21թթ.), 6 խաղ ընթանալով առանց պարտության (5, 2022/23թթ.), 3 խաղ անընդմեջ, 357 րոպե շարունակ դարպասը պահելով անառիկ (2 խաղ, 302 րոպե, 2020/21թթ.): Ռեկորդային այդ ցուցանիշներից երկուսը նախորդ տուրում ընդհատեց «Նոան», որի հետ մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1:
3. «Արարատը» զգալի առավելության է հասել«Վանի» նկատմամբ Fastex Պրեմիեր լիգայում: Բավական է նշել, որ թիմերի միջև կայացած առաջին 9 խաղերում «Վանը» հաղթանակ չի տարել (3 ոչ-ոքի, 6 պարտություն): Եվ միայն մրցակիցների 10-րդ խաղում՝ անցյալ տարվա մարտի 10-ին կայացած մրցավեճում «Վանը» վերջապես հաղթեց՝ 3-1: Հաջորդ խաղում Չարենցավանի թիմը կրկին առավելության հասավ նույնպիսի հաշվով:
Իսկ ահա նախորդ մրցաշրջանում «Արարատի» հետ կայացած 4 հանդիպումներում «Վանն» ընդամենը մեկ միավոր վաստակեց՝ չորրորդ շրջանի խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1:
4. Եթե առաջնության լավագույն ռմբարկու Ջոն Բատիգիին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա 7 գնդակով կդառնա Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ գանացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Էդվարդ Կպոդոյի ցուցանիշը:
Ի դեպ, 18-ամյա Բատիգին արդեն երկու տպավորիչ ցուցանիշ է գրանցել: Նա դարձել է Fastex Պրեմիեր լիգայում «Վանում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 18 տարեկան 53 օրականում: Բատիգին նաև գերազանցել է «Արարատի» նախկին հարձակվող Էլոկվու Էզուկամի արդյունավետության տարիքային ռեկորդը, որը Հայաստանի առաջնություններում 18 տարեկանում այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 5 գոլ էր խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե, Կասիմ Հաջի - 2-ական գոլ:
«Վան»՝ Բենիկ Հովհաննիսյան, Ռումյան Հովսեփյան, Քրիստոֆեր Բոնիֆեյս - 2-ական գոլ:
«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Յարոսլավ Մատյուխինը:
«Շիրակ» - «Ալաշկերտ»
Սեպտեմբերի 23, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
43 խաղ, «Շիրակը» հաղթել է 12 անգամ, «Ալաշկերտը»՝ 18, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 44-58
«Շիրակ»՝ 7-րդ տեղ (6 միավոր), «Ալաշկերտ»՝ 8-րդ տեղ (5 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Fastex Պրեմիեր լիգայի վերջին 4 հանդիպումներում «Շիրակը» չափազանց անհաջող խաղաց՝ մրցակիցներին զիջելով ընդհանուր 0-10 հաշվով: 397 րոպե շարունակ շիրակցիներին չի հաջողվել գտնել մրցակիցների դարպասի բանալին: Առայժմ վերջին գոլը թիմը խփել է 3-րդ տուրում. 53-րդ րոպեին Մորի Կոնեն գրավել է «Արարատի» դարպասը:
«Շիրակը» հատկապես անհաջող է հանդես գալիս Գյումրիում, որտեղ անցկացրած 3 խաղերում էլ պարտվել է՝ չկարողանալով գրավել «Նոայի» (0-5), «Վանի» (0-2) և «Ուրարտուի» (0-2) դարպասները: Իսկ ընդհանրապես Հայաստանի առաջնություններում սեփական դաշտում անցկացրած վերջին 5 խաղերում էլ գյումրեցիները պարտվել են «չոր» հաշվով: Գյումրիում «Շիրակի» գոլային երաշտն արդեն կազմում է 472 րոպե:
Առաջնության խաղում «Շիրակը» Գյումրիում վերջին գոլը խփել է այս տարվա ապրիլի 27-ին Մորի Կոնեի հարվածի շնորհիվ: Այդ գոլը նվազագույն հաշվով հաղթանակ է պարգևել «Շիրակին» «Նոայի» հետ մրցավեճում:
2. «Ալաշկերտն» էլ առայժմ չի ուրախացնում իր երկրպագուներին: Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը վերջին 3 հանդիպումներում ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ նախորդ տուրում ոչ-ոքի (2-2) խաղալով «Գանձասարի» հետ: Ընդ որում ալաշկերտցիները 3-րդ անընդմեջ պարտությունից խուսափեցին ավելացված ժամանակում թիմի նորեկ Պետրոս Ավետիսյանի իրացրած 11մ հարվածի շնորհիվ:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերից երկուսում հաղթել է «Շիրակը», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակի» նկատմամբ «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա օգոստոսի 31-ին Գյումրիում կայացած խաղում (3-2):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 5 գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 7 գոլ:
«Վեստ Արմենիա» - «Արարատ-Արմենիա»
Սեպտեմբերի 24, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
4 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 3 անգամ, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-10
«Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (3 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 4-րդ տեղ (12 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Նախորդ տուրում «Վեստ Արմենիային» վերջապես հաջողվեց առաջին հաղթանակը տոնել ընթացիկ առաջնությունում՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Ուրարտուին»: Թիմն ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների շարքը:
2. «Արարատ-Արմենիան» հաջող է մեկնարկել՝ հաղթելով 5 հանդիպումներից 4-ում: Վերջին 3 խաղերում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը խաղադաշտից հաղթանակած է հեռացել՝ ընդհանուր առմամբ մրցակիցների դարպասը խփելով 10 գոլ («Ալաշկերտ»՝ 3-1, «Գանձասար»` 3-0, «Շիրակ»՝ 4-0):
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Տենտոն Յենե, Մոհամեդ Յատարա - 2-ական գոլ:
«Արարատ-Արմենիայի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Մարիուս Նուբիսին:
«Նոա» - «Փյունիկ»
Սեպտեմբերի 24, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
21 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Փյունիկը»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-33
«Նոա»՝ 6-րդ տեղ (7 միավոր), «Փյունիկ»՝ 5-րդ տեղ (10 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնությունը 2 անընդմեջ հաղթանակով սկսած «Նոան» հաջորդ երկու խաղերում ընդամենը մեկ միավոր վաստակեց: Նախ թիմը 1-2 հաշվով պարտվեց «Արարատին», ապա առաջատար «Վանի» հետ մրցավեճում բավարարվեց ոչ-ոքի (1-1) արդյունքով:
2. «Փյունիկի» համար սկզբունքային այս հանդիպումը հոբելյանական՝ 850-րդն է Fastex Պրեմիեր լիգայում: Առաջնությունում անհաջող մեկնարկից և եվրագավաթներում ելույթներն ավարտելուց հետո Հայաստանի գործող չեմպիոնն աստիճանաբար բարելավում է ցուցանիշները՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: Դրանցից վերջինը խոշոր հաշվով էր՝ ԲԿՄԱ-ի նկատմամբ (4-1):
3. «Փյունիկը» Fastex Պրեմիեր լիգայում մեծ առավելության է հասել «Նոայի» նկատմամբ՝ մրցակիցների միջև կայացած վերջին 12 հանդիպումներում մնալով անպարտելի (11 hաղթանակ, 1 ոչ-ոքի), տոնելով 10 անընդմեջ հաղթանակ:
«Նոան» «Փյունիկին» վերջին անգամ հաղթել է 3 տարի առաջ՝ 2021թ. մայիսի 15-ին ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում: Թիմին հաղթանակ է պարգևել խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նոայի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 250-րդ խաղը կանցկացնի:
5. Դավիդ Դավիդյանի համար առաջիկա հանդիպումը կլինի 100-րդը Fastex Պրեմիեր լիգայում, իսկ Արման Հովհաննիսյանը կարող է 100-րդ անգամ խաղադաշտ դուրս գալ «Փյունիկի» մարզաշապիկով:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:
«Փյունիկ»՝ Հովհաննես Հարությունյան - 5 գոլ:
Այս խաղում «Փյունիկից» կբացակայի ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում խաղադաշտից հեռացված Խամես Սանթոսը:
ԲԿՄԱ - «Ուրարտու»
Սեպտեմբերի 25, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
12 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Ուրարտուն»՝ 11, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-26
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (4 միավոր), «Ուրարտու»՝ 2-րդ տեղ (13 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրն անհաջող էր ԲԿՄԱ-ի համար, որը հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվեց «Փյունիկին»: Վերջին 4 խաղերում բանակայիններն ընդամենը մեկ միավոր են վաստակել՝ ոչ-ոքի (2-2) խաղալով «Արարատի» հետ: Իսկ միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել է 2-րդ տուրում «Վեստ Արմենիայի» նկատմամբ՝ 5-2:
2. «Ուրարտուն» շատ հաջող էր սկսել առաջնությունը: Մեկնարկում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Փյունիկի» հետ, Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն այնուհետև 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Սակայն նախորդ տուրում «Ուրարտուի» հաղթարշավն ընդհատեց «Վեստ Արմենիան»՝ հյուրընկալվելիս հաղթելով 2-1 հաշվով:
3. «Ուրարտուն» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից մեկն է Fastex Պրեմիեր լիգայում: Միայն մրցակիցների միջև կայացած 11-րդ խաղում ԲԿՄԱ-ին հաջողվեց առաջին և առայժմ միակ հաղթանակը տոնել «Ուրարտուի» նկատմամբ, որին զիջել էր նախորդ բոլոր հանդիպումներում:
Բանակայինների համար պատմական այդ խաղը կայացել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում, որում Գրենիկ Պետրոսյանի գոլի և մրցակցի պաշտպան Իվան Զոտկոյի ինքնագոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթել է 2-0 հաշվով:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Դանիել Աղբալյանը կդառնա Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ում 100 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը:
5. Յուրօրինակ հոբելյան կարող է նշել նաև «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը, որի համար առաջիկա խաղը կլինի 200-րդը Fastex Պրեմիեր լիգայում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:
«Ուրարտու»՝ Ջոնել Դեսիրե, Մաքսիմ Մայրովիչ, Արաս Օզբիլիս, Թեմուր Ջիկիա - 3-ական գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված «Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը: