Logo

Fastex ՀՊԼ-ի 13-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:20 / 23.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex ՀՊԼ-ի 13-րդ տուրում կկայանա 4 խաղ: Հոկտեմբերի 24-ին նախատեսված «Վան»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է, քանի որ հոկտեմբերի 27-ին Հայաստանի գործող չեմպիոնը Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրում Բրատիսլավայում մրցելու է «Սլովանի» հետ: 

«Ուրարտու» - «Նոա» 

Հոկտեմբերի 23, ժամը՝ 17:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

14 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 4 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 6 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 18-14

1-ին շրջան. 20.08.2022 «Նոա» - «Ուրարտու»՝ 0-6 (0-2)  

Գոլերը՝ 0-1՝ Օլեգ Պոլյակով 31՛, 0-2՝ Լեոն Սաբուա 44՛, 0-3՝ Մաքսիմ Մայրովիչ 70՛, 0-4-0-6՝ Դմիտրո Խլյոբաս 76՛, 78՛, 81՛:

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (28 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (5 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում  «Ուրարտուն» դժվարին պայքարում, Համլետ Ասոյանի ինքնագոլի շնորհիվ Չարենցավանում հաղթեց «Վանին»՝ տոնելով 5-րդ անընդմեջ հաղթանակը: Ընդ որում վերջին 3 խաղում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը մրցակիցներին հաղթել է նվազագույն հաշվով: «Ուրարտուն» առաջնությունում անպարտելի խաղերի շարքը հասցրեց 7-ի, որից 6-ում հաղթել է, մեկում գրանցել է ոչ-ոքի «Ալաշկերտի» հետ:

2. ԲԿՄԱ-ի հետ նախորդ տուրի խաղում էլ «Նոային» չհաջողվեց բացել հաղթանակների հաշիվն առաջնությունում՝ 2-րդ անգամ անընդմեջ գրանցելով գոլազուրկ ոչ-ոքի: Հիշեցնենք, որ նախորդ խաղում նման արդյունք էր գրանցվել «Լեռնային Արցախի» հետ մրցավեճում:

3. Նախորդ առաջնությունում մրցակիցների դիմակայությունում առավելության էր հասել «Նոան»: Առաջին շրջանի խաղում «Նոան» հաղթել էր Վադիմ Պայռելիի խփած միակ գոլի շնորհիվ, իսկ հաջորդ 3 հանդիպումներում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Ուրարտուն» տարել էր անցյալ տարվա մայիսի 19-ին կայացած 2020-21թթ. առաջնության 24-րդ տուրի խաղում Ուգոչուկվու Իվուի խփած միակ գոլի շնորհիվ:

Եվ ահա ընթացիկ առաջնության առաջին շրջանում «Ուրարտուն» 6-0 հաշվով ջախջախեց «Նոային», որի ֆուտբոլիստների գործողությունները գլխավոր մարզիչ Արամ Հակոբյանի հրաժարականից հետո ղեկավարում էր Վալերի Ալեքսանյանը:

4. Եթե «Ուրարտուին» հաջողվի գրավել «Նոայի» դարպասը, ապա կխփի Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 1250-րդ գոլը:

5. «Նոայի» պատմության լավագույն ռմբարկու և անցկացրած խաղերի քանակով թիմի ռեկորդակիր Մաքսիմ Մայրովիչը խաղադաշտ դուրս կգա իր նախկին ակումբի դեմ մրցավեճում: Մայրովիչն «Ուրարտուի» կազմում էլ աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով՝ Դմիտրո Խլյոբասի հետ 5 գնդակով գլխավորելով թիմի լավագույն ռմբարկուների ցանկը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Դմիտրո Խլյոբաս - 3 գոլ:

«Նոա»՝ Մաքսիմ Մայրովիչ - 3 գոլ:

ԲԿՄԱ - «Լեռնային Արցախ»

Հոկտեմբերի 24, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

2 խաղ, որից մեկում հաղթել է «Լեռնային Արցախը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-3

1-ին շրջան. 19.08.2022 «Լեռնային Արցախ» - ԲԿՄԱ՝ 1-1 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Խուան Պալասիո 78՛, 1-1՝ Ժիրայր Շաղոյան 90+4՛:

ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (7 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (15 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը «Նոայի» հետ: Վերջին 4 հանդիպումներում ԲԿՄԱ-ն չի գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը հասել է 372 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:

2. «Լեռնային Արցախը» չկարողացավ լրջորեն դիմադրել «Ալաշկերտին»՝ պարտվելով 1-2 հաշվով: Ընդ որում միայն խաղավերջում Մարվին Պերեային հաջողվեց գրավել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը: Վերջին 3 խաղերում «Լեռնային Արցախը» 2 միավոր է վաստակել: Վերջին հաղթանակն արցախցիները տարել են հոկտեմբերի 1-ին՝ Գյումրիում 2-1 հաշվով առավելության հասնելով «Շիրակի» նկատմամբ:

3. Մինչև ընթացիկ մրցաշրջանը, Բարձրագույն խմբի առաջնություններում մրցակիցների միջև միակ հանդիպումը կայացել էր 16 տարի առաջ՝ 1996թ. օգոստոսի 4-ին: Դա 1996-97թթ. առաջնության մեկնարկային տուրի մրցախաղն էր, որում «Ղարաբաղը» 2-1 հաշվով պարտության մատնեց ԲԿՄԱ-ին: 
36-րդ րոպեին Սարգիս Աղաջանյանը 11մ հարվածով առաջ մղեց «Ղարաբաղին»: Ընդմիջումից հետո Լևոն Մկրտչյանը 2-րդ անգամ գրավեց ԲԿՄԱ-ի դարպասը, որին բանակայինները պատասխանեցին Գառնիկ Գյոնջյանի գոլով:

Մրցակիցների միջև նախատեսված 2-րդ շրջանի հանդիպումը չկայացավ, քանի որ ԲԿՄԱ-ն առաջին շրջանի ավարտից հետո լուծարվել էր:

4. Առաջնության 12 հանդիպումներում «Լեռնային Արցախը» 11 գոլ է խփել: Գոլերից 5-ն արցախցիները խփել են առաջին խաղակեսերին, 6-ն՝ ընդմիջումից հետո: Ընդ որում մեկնարկային 4 խաղերի առաջին խաղակեսերին «Լեռնային Արցախը» գոլ չի խփել, սակայն սեփական դարպասն էլ անառիկ է պահել:

5. Իսկ ահա ԲԿՄԱ-ն առավել արդյունավետ է գործել 2-րդ խաղակեսերին: Թիմի խփած 11 գոլերից 8-ը բանակայինները խփել են ընդմիջումից հետո:
Այս հանդիպումն էլ բաց կթողնի 3 խաղով որակազրկված ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Դանիել Աղբալյանը:

«Արարատ»  - «Շիրակ» 

Հոկտեմբերի 25, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

94 խաղ, «Արարատը» հաղթել է 25 անգամ, «Շիրակը»՝ 43, գրանցվել է 26 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 107-139

1-ին շրջան. 20.08.2022 «Շիրակ»  - «Արարատ»՝ 0-0 

«Արարատ»՝ 8-րդ տեղ (11 միավոր), «Շիրակ»՝ 7-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն  ընդառաջ

1. «Արարատը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 1-2 հաշվով զիջելով  «Արարատ-Արմենիային»: Այդ խաղում «Արարատի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարում էր թիմի նախկին ֆուտբոլիստ Գագիկ Սիմոնյանը: Վերջին 6 խաղերում արարատցիները 5 անգամ խաղադաշտից պարտված են հեռացել՝ միակ հաղթանակը տոնելով «Փյունիկի» նկատմամբ:

2. «Շիրակն» էլ նախորդ տուրում անհաջողության մատնվեց՝ Գյումրիում նվազագույն հաշվով պարտվելով «Փյունիկին»: Դա ընթացիկ առաջնությունում սեփական հարկի տակ շիրակցիների 3-րդ պարտությունն էր: Մինչև այդ Գյումրիում «Շիրակը» զիջել էր նաև «Ուրարտուին» (0-2) և «Լեռնային Արցախին» (1-2):

Իսկ ընդհանրապես Բարձրագույն խմբում Գյումրիում անցկացրած վերջին 20 հանդիպումներից միայն մեկում է (ԲԿՄԱ՝ 1-0) «Շիրակը» հաղթել, 8-ն ավարտել է ոչ-ոքի, 11-ում պարտվել է:

3. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած վերջին 4 հանդիպումներում մեծ առավելության է հասել «Արարատը»՝ տանելով խոշոր հաշվով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակն» «Արարատին» հաղթել է 2020թ. հունիսի 27-ին Երևանում կայացած խաղում՝ առավելության հասնելով 4-1 հաշվով: Շիրակցիներից դուբլի հեղինակ էին դարձել Մորի Կոնեն ու Ժիրայր Մարգարյանը, արարատցիներից միակ գոլը խփել էր Զավեն Բադոյանը:

4. Արտյոմ Միքայելյանը «Փյունիկի» հետ խաղում Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց:  Նա թիմի ներկայիս կազմից «Շիրակի» ամենահնաբնակ ֆուտբոլիստն է: 31-ամյա ֆուտբոլիստը գյումրեցիների կազմում ելույթները սկսել է 2010թ.: 

5. Հետաքրքիր է, որ «Արարատի» ներկայիս կազմից էլ թիմում առավել շատ հանդիպումների է մասնակցել նախկին շիրակցի Հրայր Մկոյանը: Fastex ՀՊԼ-ում գյումրեցի ֆուտբոլիստն «Արարատի» մարզահագուստով 106 անգամ է խաղադաշտ դուրս եկել: «Արարատի» ավագը Բարձրագույն խմբում ընդհանուր առմամբ 311 խաղ է անցկացրել: Առաջնության մասնակիցների մեջ դա երկրորդ ցուցանիշն է «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանից հետո, որը մասնակցել է 352 խաղի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները 

«Արարատ»՝ Նշան Էրզրումյան - 10 գոլ:

«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 19 գոլ:

«Շիրակի» հետ հանդիպումն էլ բաց կթողնի 2 խաղով որակազրկված «Արարատի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանը:

«Արարատ- Արմենիա» - «Ալաշկերտ»

Հոկտեմբերի 26, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

16 խաղ, «Արարատ- Արմենիան» հաղթել է 8 անգամ, «Ալաշկերտը»՝ 4, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-12

1-ին շրջան. 19.08.2022 «Ալաշկերտ» - «Արարատ- Արմենիա»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Ալեմաո 34՛, 1-1՝ Աննան Մենսահ 52՛:

«Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (22 միավոր), «Ալաշկերտ»՝ 2- րդ տեղ (27 միավոր): 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Հայաստանի նախկին չեմպիոնների մրցավեճը տուրի կենտրոնական հանդիպումն է և մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Ուրարտուի» և «Փյունիկի» հետ հանդիպումներում պարտություններ կրած «Արարատ-Արմենիան» «Արարատի» հետ խաղում 2-1 հաշվով հաղթանակ տարավ՝ ամրապնդելով տեղն առաջատար եռյակում: 

2. Նախորդ տուրում «Ալաշկերտը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝  սեփական դաշտում 2-1 հաշվով առավելության հասնելով «Լեռնային Արցախի» նկատմամբ: «Ալաշկերտի» գրանցած ներկայիս արդյունքը (27 միավոր) ռեկորդային է թիմի պատմության մեջ Բարձրագույն խմբում: Մինչև այդ լավագույն արդյունքն ալաշկերտցիները ցույց էին տվել 2017-18թթ. առաջնությունում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ մեկնարկային 12 հանդիպումներում վաստակելով 26 միավոր: Խփած գոլերի քանակն էլ (25) մեկով գերազանցում է 2015-16թթ. առաջնությունում գրանցած լավագույն ցուցանիշը:

Նախորդ առաջնության համեմատ ալաշկերտցիները զգալի առաջընթաց են ապրել՝ վաստակելով 11 միավոր ավելի:

3. «Արարատ-Արմենիան» նախորդ առաջնությունում «Ալաշկերտի» ամենաանհարմար մրցակիցն էր: Միայն 4-րդ շրջանի խաղում էր գործող չեմպիոնին հաջողվել մեկ միավոր վաստակել «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում: Իսկ նախորդ 3 հանդիպումներում էլ ալաշկերտցիները մրցակցին զիջել էին 1-6 ընդհանուր հաշվով:

Արդեն 5 խաղ է, ինչ «Ալաշկերտը» չի հաղթել «Արարատ-Արմենիային» Fastex ՀՊԼ-ում՝ կրելով 3 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական խաղում: Դեյան Բոլևիչի խփած միակ գոլն ապահովել էր  «Ալաշկերտի» չեմպիոնությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ: 

4. Առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը գլխավորող Բլադիմիր Դիասը «Լեռնային Արցախի» հետ խաղում 10-րդ գոլը խփեց ու դարձավ Fastex ՀՊԼ-ում խաղացած ամենաարդյունավետ կոլումբացի ֆուտբոլիստը: Մինչև այդ կոլումբացիներից առավել աչքի էր ընկել Վբեյմար Անգուլոն՝ 9 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Դիասն ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 67 գնդակով գլխավորում է Միհրան Մանասյանը:
Դիասի ներկայիս արդյունքը մեկ գնդակով է զիջում նախորդ առաջնության նույն ժամանակահատվածում ռմբարկուների ցանկը գլխավորող Մաիլսոն Լիմայի ցուցանիշին:

5. «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակը հոբելյանական էր «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի համար: Նրա գլխավորած թիմերը Fastex ՀՊԼ-ում 150-րդ հաղթանակը տոնեցին: Դրա համար Բիչախչյանից 356 խաղ պահանջվեց: Այդ հաղթանակներից 123-ը գյումրեցի մասնագետի գլխավորությամբ տարել է «Շիրակը»: «Արարատը» Բիչախչյանի օրոք 20 հաղթանակ է տարել, իսկ «Արարատ-Արմենիայի» օգտին առայժմ 7 հաղթանակ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ- Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո, Մաիլսոն Լիմա, Յուսուֆ Օտուբանջո - 3-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Ալեքսանդր Գլիշիչ - 2 գոլ:

Այս հանդիպումն էլ բաց կթողնի 2 խաղով որակազրկված ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը: Նրա թիմակից Տարոն Ոսկանյանն էլ խաղին չի մասնակցի 5-րդ դեղին քարտի պատճառով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ