«Արարատ» - «Ալաշկերտ»
Հոկտեմբերի 14, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
40 խաղ, «Արարատը» հաղթել է 9 անգամ, «Ալաշկերտը»՝ 24, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 42-64
1-ին շրջան. 06.08.2022 «Ալաշկերտ» «Արարատ»՝ 2-0 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Բլադիմիր Դիաս 56՛, 2-0՝ Սարգիս Մեթոյան 89՛:
«Արարատ»՝ 7-րդ տեղ (11 միավոր), «Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (21 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Արարատը» Ռաֆայել Սաֆարյանի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ՝ ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտության մատնելով «Փյունիկին»: «Արարատն» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի և 3 անընդմեջ պարտությունների շարքը: Նախորդ հաղթանակն արարատցիները տարել էին օգոստոսի 27-ին՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին»:
2. «Փյունիկին» 1-5 հաշվով պարտվելուց հետո «Ալաշկերտը» «Նոայի» հետ խաղում աչքի ընկավ բարձր արդյունավետությամբ՝ 5 անգամ գրավելով մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում էլ ալաշկերտցիները «Նոային» հաղթել էին 4-3 հաշվով: «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր «Շիրակի» հետ 6-րդ տուրի խաղում (3-0):
Հետաքրքիր է, որ ամենախոշոր հաշվով հաղթանակն «Ալաշկերտը» տարել էր հենց «Նոայի» նկատմամբ՝ 2018-19թթ. առաջնությունում 6 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը, որն այդ ժամանակ կրում էր «Արցախ» անվանումը:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում սեփական դաշտում առավելության հասնելով 3-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղի հաշիվը բացել էր ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը, որը ներկայումս «Արարատում» է:
4. Առաջնության նախորդ երկու խաղերում կոլումբացի հարձակվող Բլադիմիր Դիասը դաշտից չէր հեռացել առանց գոլի՝ 3 անգամ գրավելով մրցակիցների դարպասները: Դիասն ընթացիկ առաջնությունում 3-րդ դուբլը ձևակերպեց և 9 գնդակով վստահորեն գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Եթե նրան հաջողվի գրավել նաև «Արարատի» դարպասը, ապա 10 գոլով կդառնա Fastex ՀՊԼ-ում խաղացած ամենաարդյունավետ կոլումբացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով Վբեյմար Անգուլոյին:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտակ Եդիգարյանը Fastex ՀՊԼ-ում 290-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը 355 խաղով գլխավորում է «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանը: Նրա ցուցանիշը կարող է գերազանցել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը, որը նախորդ տուրում հոբելյանական՝ 350-րդ խաղն էր անցկացրել Fastex ՀՊԼ-ում:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ»՝ Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան - 17 գոլ:
«Լեռնային Արցախ» - «Նոա»
Հոկտեմբերի 15, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Լեռնային Արցախը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0
1-ին շրջան. 06.08.2022 «Նոա» - «Լեռնային Արցախ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Մարվին Պերեա 89՛:
«Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (14 միավոր), «Նոա»՝ 10-րդ տեղ (3 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Լեռնային Արցախը» 6 օրում երկու անգամ մրցեց «Վանի» հետ: Եթե Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում արցախցիները սեփական դաշտում պարտվել էին 1-3 հաշվով ու լքել էին մրցաշարը, ապա առաջնության խաղում Չարենցավանում գրանցվել էր ոչ-ոքի (1-1):
2. «Ալաշկերտի» հետ առաջնության նախորդ տուրի հանդիպումը չափազանց անհաջող դասավորվեց «Նոայի» համար, որը 0-5 հաշվով պարտվեց: Դա ընթացիկ առաջնությունում «Նոայի» կրած արդեն 4-րդ խոշոր հաշվով պարտությունն էր: Ավելի խոշոր հաշվով «Նոան» պարտվել էր «Ուրարտուից» օգոստոսի 20-ին կայացած խաղում (0-6)՝ կրկնելով 2018-19թթ. առաջնությունում ալաշկերտցիների հետ խաղում գրանցած իր հակառեկորդը: Նախորդ առաջնությունում էլ «Նոան» 1-7 հաշվով պարտվել էր «Արարատին»: Վերջին 4 հանդիպումներում «Նոան» ընդամենը մեկ միավոր է վաստակել «Վանի» հետ գրանցած ոչ-ոքիի շնորհիվ:
3. «Վանի» հետ նախորդ տուրի խաղում Արամ Կոստանդյանը բացեց գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Կոստանդյանը դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանի և Վլադիմիր Խառատյանի հետ «Լեռնային Արցախի» այն ֆուտբոլիստներից մեկն է, որ առանց փոխարինման մասնակցել է առաջնության բոլոր 10 հանդիպումներին:
4. «Նոայի» կազմում 2-ական գոլով ռմբարկուների ցանկը գլխավորում են Դրամանե Սալուն և Լևոն Վարդանյանը:
5. Եթե «Լեռնային Արցախին» հաջողվում է գրավել մրցակցի դարպասը, ապա թիմը չի պարտվում: Իսկ ահա 4 հանդիպումներում արցախցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին ու պարտվել են նվազագույն հաշվով:
Թիմում ամենաարդյունավետը Յեիսոն Ռասինեսն է, որի հաշվին 3 գոլ է գրանցված:
ԲԿՄԱ - «Վան»
Հոկտեմբերի 15, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
5 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Վանը»՝ 1, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-5
1-ին շրջան. 07.08.2022 «Վան» - ԲԿՄԱ՝ 2-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Դանիել Աղբալյան 19՛, 0-2՝ Ժիրայր Շաղոյան 51՛, 11մ, 1-2-2-2՝ Էդգար Մովսեսյան 57՛, 82՛, 11մ:
ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (6 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (14 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Պաշտոնական վերջին 3 խաղերում էլ ԲԿՄԱ-ն մրցակիցներին զիջել է նվազագույն հաշվով: Նախ բանակայիններն առաջնությունում պարտվեցին «Արարատ-Արմենիային», ապա «Նոայի» հետ մրցավեճում դուրս մնացին գավաթային պայքարից, իսկ նախորդ տուրում խաղադաշտից պարտված հեռացան Գյումրիում: Առաջնության վերջին 6 հանդիպումներում ԲԿՄԱ-ն ընդամենը 3 միավոր է վաստակել «Արարատին» հաղթելու շնորհիվ: Ի դեպ, դա առաջնությունում առայժմ բանակայինների տարած միակ հաղթանակն է:
2. «Վանը» Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում հյուրընկալվելիս «Լեռնային Արցախին» 3-1 հաշվով հաղթելուց հետո, մի քանի օր անց սեփական դաշտում առաջնության խաղում չկարողացավ կրկնել հաջողությունը՝ բավարարվելով ոչ-ոքի արդյունքով: Դա առաջնությունում «Վանի» գրանցած 4-րդ անընդմեջ ոչ-ոքին էր: Արդեն 6 խաղ է, ինչ «Վանը» չի ճաշակել հաղթանակի բերկրանքը: Վերջին հաղթանակը «Վանը» տարել է օգոստոսի 21-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Փյունիկի» նկատմամբ:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 խաղերում էլ ոչ-ոքի է գրանցվել: «Վանը» միակ հաղթանակը տարել է մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ անցյալ տարվա օգոստոսի 19-ին Չարենցավանում Էմանուել Միրեկուի խփած միակ գոլի շնորհիվ:
ԲԿՄԱ-ն էլ «Վանին» հաղթել է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին սեփական դաշտում կայացած խաղում: Թիմին հաղթանակ է պարգևել Միքայել Միրզոյանի խփած միակ գոլը:
4. Նախորդ տուրում գրավելով «Լեռնային Արցախի» դարպասը, Էդգար Մովսեսյանը 9 գնդակով դարձել էր «Վանի» կարճատև պատմության լավագույն ռմբարկուն: Նա գերազանցել էր թիմի նախկին հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզայի ցուցանիշը, որի հաշվին 8 գոլ էր գրանցված: Գոլերից 5-ը Մովսեսյանը խփել է ընթացիկ առաջնությունում՝ ցույց տալով լավագույն արդյունքը «Վանում»:
5. Մինչև Սոֆիայի ԲԿՄԱ տեղափոխվելը, Ժիրայր Շաղոյանն արդյունավետությամբ աչքի էր ընկել երևանյան թիմում՝ անցկացրած 6 խաղում դառնալով 5 գոլի հեղինակ: Շաղոյանի արդյունքը դեռ բավական ժամանակ լավագույնը կմնա ԲԿՄԱ-ում, քանի որ թիմի ֆուտբոլիստներից ոչ մեկը նույնիսկ երկու գոլ չի խփել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան - 2 գոլ:
«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դանիել Աղբալյանը:
«Ուրարտու» - «Շիրակ»
Հոկտեմբերի 15, ժամը՝ 20:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
84 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 37 անգամ, «Շիրակը»՝ 24, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 135-78
1-ին շրջան. 08.08.2022 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 8՛, 0-2՝ Դմիտրո Խլյոբաս 70՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (22 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (11 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջին շրջանի հաղթող «Ուրարտուն հաջող սկսեց նաև 2-րդ շրջանը: Թեև «Արարատ-Արմենիայի» հետ խաղի 34-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել էր Նանա Կվամե Անտվին, սակայն դա չխանգարեց «Ուրարտուին» հաղթանակ տանել ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Դա առաջնությունում Դմիտրի Գունկոյի սաների 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Վերջին 5 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ վաստակելով 13 միավոր:
Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 2-րդ անգամ հաղթեց «Արարատ-Արմենիային»:
2. Երկարատև ընդմիջումից հետո՝ 843 օր անց «Շիրակին» վերջապես հաջողվեց Գյումրիում Բարձրագույն խմբի առաջնության խաղում կրկին հաղթանակ տոնել՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: Սեփական դաշտում «Շիրակի» օգտին նախորդ հաղթանակը գրանցվել էր 2020թ. հունիսի 20-ին «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ 1-0: Դրանից հետո Գյումրիում կայացած առաջնության 18 հանդիպումներից 10-ում «Շիրակը» պարտվել էր, 8 խաղ ավարտել էր ոչ-ոքի:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 հանդիպումներն անցել են «Ուրարտուի» առավելությամբ, որը տարել է 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակն» «Ուրարտուին» հաղթել է 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում կայացած խաղում (3-1):
4. «Շիրակն» առաջնության 10 հանդիպումներից միայն 3-ում է դարպասն անառիկ պահել, որից երկուսը ԲԿՄԱ-ի, մեկն՝ «Արարատի» հետ խաղերում: Եթե «Ուրարտուին» հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա դա կլինի Fastex ՀՊԼ-ում շիրակցիների բաց թողած 950-րդ գոլը:
5. «Ուրարտուի» կազմում արդյունավետ խաղով աչքի են ընկնում Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրո Խլյոբասը, որոնք 5-ական գոլով թիմի լավագույն ռմբարկուներն են:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:
«Շիրակ»՝ Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Ուրարտուի» պաշտպան Նանա Կվամե Անտվին:
«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»
Հոկտեմբերի 17, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
13 խաղ, «Փյունիկը» հաղթել է 4 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-19
«Փյունիկ»՝ 4-րդ տեղ (15 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (19 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդների միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության ամենավճռորոշ մրցավեճերից մեկն է: Կարելի է ասել, որ հաղթանակն այս խաղում ոչ թե 3, այլ 6 միավորի արժեք ունի: Նախորդ մրցաշրջանում հենց «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև էր ծավալվել պայքարը չեմպիոնության համար:
Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 8 միավորով գերազանցում էր «Փյունիկին»: Սակայն գարնանային հատվածում գերազանց ելույթների շնորհիվ փյունիկցիներին հաջողվեց շրջանցել մրցակցին ու 15-րդ անգամ չեմպիոն հռչակվել:
2. «Փյունիկն» այս կարևոր հանդիպմանը ներկայանում է Վիլնյուսում Կոնֆերենցիաների լիգայի խմբային մրցաշարի 4-րդ տուրում «Ժալգիրիսի» հետ անցկացրած ծանր մրցախաղից հետո, որում պարտվեց 1-2 հաշվով:
Իսկ մինչև այդ էլ, առաջնության նախորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը նվազագույն հաշվով պարտվել էր «Արարատին», որին զիջել էր նաև առաջին շրջանում: Առաջնությունում փյունիկցիներն արդեն 4 պարտություն են կրել:
Մրցակիցների միջև առաջին շրջանի հանդիպումը հետաձգվել էր: Վերջին անգամ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան» առաջնությունում մրցել են ապրիլի 29-ին: Գրանցվել է ոչ-ոքի՝ 1-1: «Փյունիկից» գոլի հեղինակ է դարձել Ուգո Ֆիրմինուն, «Արարատ-Արմենիայից» աչքի է ընկել Ֆուրջել Նարսինգը:
3. Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ մրցավեճում ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» անպարտելի 7 խաղերի, 5 անընդմեջ հաղթանակների և դարպասն անընդմեջ անառիկ պահած 5 խաղերի տպավորիչ շարքը: Հանդիպման 34-րդ րոպեից խաղադաշտում թվային առավելություն ունեցող Հայաստանի կրկնակի չեմպիոնին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին:
Իսկ «Ուրարտուն» Լեոն Սաբուայի իրացրած 11մ հարվածի շնորհիվ հաղթեց: Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 2-րդ պարտությունը կրեց և կրկին՝ «Ուրարտուից», որին զիջել էր նաև մեկնարկային տուրում:
4. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիային» չհաջողվեց նշել Fastex ՀՊԼ-ում խփած 200-րդ գոլի հոբելյանը: Դա կարող է տեղի ունենալ այս խաղում, եթե «Արարատ-Արմենիան» գրավի «Փյունիկի» դարպասը: Հաճելի հոբելյան կարող է նշել նաև Վարդան Բիչախչյանը, եթե «Արարատ-Արմենիան» հաղթի: Դա կլինի փորձառու մասնագետի գլխավորած թիմերի 150-րդ հաղթանակը Fastex ՀՊԼ-ում:
5. Եթե «Փյունիկի» դարպասի պաշտպանությունը վստահվի 36-ամյա Դավիթ Յուրչենկոյին, ապա վերջինս Fastex ՀՊԼ-ում 31-րդ խաղը կանցկացնի ու կգերազանցի «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու տարիքային ռեկորդը:
Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում ելույթ ունեցած այլազգի դարպասապահներից բոլորից շատ՝ 30 խաղ էր անցկացրել:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ-Արմենիա»՝ Անտոն Կոբյալկո, Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա - 3-ական գոլ: