Logo

Fastex ՀՊԼ-ի 20-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:35 / 03.12.2022• ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 3-ին կմեկնարկի 20-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վան» - ԲԿՄԱ

Դեկտեմբերի 3, ժամը՝ 14:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

6 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 1, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-5

1-ին շրջան. 07.08.2022 «Վան» - ԲԿՄԱ՝ 2-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Դանիել Աղբալյան 19՛, 0-2՝ Ժիրայր Շաղոյան 51՛, 11մ, 1-2-2-2՝ Էդգար Մովսեսյան 57՛, 82՛, 11մ:

2-րդ շրջան. 15.10.2022  ԲԿՄԱ - «Վան»՝ 0-3 (0-2)

Գոլերը՝ 0-1՝ Էդգար Մովսեսյան 16՛, 11մ, 0-2՝ Բոգդան Միցիկ 31՛, 0-3՝ Պավել Գորելով 57՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (27 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (9 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրը հաջող էր «Վանի» համար, որը հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին»: Ընդհանրապես, վերջին 4 հանդիպումներում «Վանն» իրեն լավ է դրսևորել՝ վաստակելով 10 միավոր: Միայն «Նոային» է

հաջողվել այդ ընթացքում մեկ միավոր վաստակել «Վանի» հետ մրցավեճում՝ խաղն ավարտելով 2-2:

2. ԲԿՄԱ-ն նախորդ տուրում «Շիրակի» հետ մրցավեճում ցավալի պարտություն կրեց սեփական դաշտում: Հանդիպման ավելացված ժամանակում ձեռքով խաղի համար ԲԿՄԱ-ն պատժվեց 11մ հարվածով, որն անվրեպ իրացնելով, «Շիրակը» նվազագույն հաշվով հաղթանակ կորզեց: Իսկ մինչև այդ, բանակայինները համառ պայքարում ոչ-ոքի էին խաղացել «Փյունիկի» (1-1) և «Արարատ-Արմենիայի» (2-2) հետ: Ընդ որում երկու խաղերում էլ ԲԿՄԱ-ն հաշվի մեջ առջևից էր ընթանում:

Եթե ԲԿՄԱ-ին հաջողվի գրավել «Վանի» դարպասը, ապա կնշի Fastex ՀՊԼ-ում 50-րդ գոլի հոբելյանը:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 խաղերից  3-ն ավարտվել են ոչ-ոքի, մեկում հաղթել է «Վանը»: Միակ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել է անցյալ տարվա նոյեմբերի 4-ին սեփական դաշտում կայացած խաղում: Թիմին հաղթանակ է պարգևել Միքայել Միրզոյանի խփած միակ գոլը:

4. Նախորդ տուրում գրավելով «Լեռնային Արցախի» դարպասը, Էդգար Մովսեսյանն ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրել էր 8-ի և կրկնել էր թիմի նախկին ռմբարկու Ուիլֆրեդ Կուասի Էզայի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը: Վերջինս 2020-21թթ. առաջնությունում 8 գնդակով ճանաչվել էր «Վանի» լավագույն ռմբարկու:

 5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Ջոսուե Գաբան Fastex ՀՊԼ-ում 55-րդ խաղը կանցկացնի և կդառնա «Վանի» ռեկորդակիրը: Նա կգերազանցի թիմի նախկին պաշտպան Արգիշտի Պետրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որը ներկայումս ԲԿՄԱ-ում է ելույթ ունենում: Պետրոսյանը Fastex ՀՊԼ-ում «Վանի» կազմում 54 խաղի է մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 3 գոլ:

ԲԿՄԱ՝ Դանիել Աղբալյան - 2 գոլ:

«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Գևորգ Նաջարյանը:

«Նոա» - «Լեռնային Արցախ»

Դեկտեմբերի 3, ժամը՝ 14:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ

2 խաղ, որոնցից մեկում հաղթել է «Լեռնային Արցախը», մյուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-1

1-ին շրջան. 06.08.2022 «Նոա» - «Լեռնային Արցախ»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Մարվին Պերեա 89՛:

2-րդ շրջան. 15.10.2022 «Լեռնային Արցախ» - «Նոա»՝ 0-0

«Նոա»՝ 10-րդ տեղ (9 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Նոային» վերջապես հաջողվեց վայելել հաղթանակի բերկրանքն ընթացիկ առաջնությունում՝ սեփական դաշտում 3-2 հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ, որին պարտվել էր նախորդ երկու հանդիպումներում: Այս հաղթանակին թիմի  երկրպագուները շատ երկար՝ 204 օր էին սպասել: Նախորդ հաղթանակը Fastex ՀՊԼ-ում «Նոան» տարել էր նախորդ մրցաշրջանում մայիսի 9-ին «Արարատ-Արմենիայի» հետ կայացած խաղում Դմիտրի Լավրիշչևի խփած միակ գոլի շնորհիվ: Հաջորդ հաղթանակը տոնելու համար «Նոայից» 21 խաղ պահանջվեց:

«Նոան» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ մեկ խաղում 3 գոլ խփեց և դարձյալ՝ «Ալաշկերտի» դարպասը: Հիշեցնենք, որ առաջնության մեկնարկային տուրում «Նոան» 3-4 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:

2. Նախորդ տուրն անհաջող էր «Լեռնային Արցախի»  համար, որը սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Վանին»:  Ընթացիկ մրցաշրջանում դա մրցակիցների 4-րդ հանդիպումն էր: Առաջնության 3 խաղերից 2-ում հաղթել է «Վանը», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում էլ արցախցիները սեփական դաշտում պարտվել էին 1-3 հաշվով ու լքել էին մրցաշարը:

Առաջնության վերջին 3 խաղերում «Լեռնային Արցախին»  չի հաջողվել գոլ խփել: Թիմում արդեն 344 րոպե գոլային երաշտ է: Վերջին գոլն արցախցիները խփել են նոյեմբերի 6-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպման 16-րդ րոպեին Վալդո Բիլունգայի հարվածի շնորհիվ:

3. «Ալաշկերտի» հետ նախորդ տուրի խաղում 11մ հարվածով Լևոն Վարդանյանի խփած գնդակը թիմի հոբելյանական՝ 150-րդ գոլն էր Fastex ՀՊԼ-ում: Վերջինս 5 գնդակով «Նոայի» լավագույն ռմբարկուն է: Հայկ Ղևոնդյանն էլ բացեց գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Իսկ Վահագն Հայրապետյանը 100-րդ խաղն անցկացրեց Fastex ՀՊԼ-ում:

 «Ալաշկերտ» - «Արարատ»

Դեկտեմբերի 4, ժամը՝ 14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

41 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 25 անգամ, «Արարատը»՝ 9, գրանցվել է 7 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 65-42

1-ին շրջան. 06.08.2022 «Ալաշկերտ»   «Արարատ»՝ 2-0 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Բլադիմիր Դիաս 56՛, 2-0՝ Սարգիս Մեթոյան 89՛:

2-րդ շրջան. 14.10.2022 «Արարատ» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-1)

Գոլը՝ 0-1՝ Տիագո Գալվաո 3՛:

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (34 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (18 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Վերջին շրջանում «Ալաշկերտին» անհաջողություններն են հետապնդում: Թվում էր, թե «Նոայի» հետ մրցավեճում, որին նախորդ երկու խաղերում «Ալաշկերտը» հաղթել էր, վերջապես հաջողությունը կուղեկցի ալաշկերտցիներին, սակայն նրանք պարտվեցին 2-3 հաշվով: Դա առաջնությունում «Ալաշկերտի» կրած 3-րդ անընդմեջ պարտությունն էր: Նախորդ երկու խաղերում ալաշկերտցիները Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ զիջել էին «Վանին» (0-1) և «Փյունիկին» (1-2): Արմեն Շահգելդյանին էլ չհաջողվեց շտկել իրավիճակը:

2. Նախորդ տուրում «Արարատն» Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ 0-2 հաշվով զիջելով «Փյունիկին»: Իսկ մինչև այդ, մրցակիցների միջև կայացած երկու հանդիպումներում էլ նվազագույն հաշվով հաղթել էր «Արարատը»:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 խաղերն էլ ավարտվել են «Ալաշկերտի» հաղթանակով: Վերջին անգամ «Արարատն» «Ալաշկերտին» հաղթել է նախորդ առաջնության առաջին շրջանի խաղում՝ անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին կայացած մրցավեճում սեփական դաշտում առավելության հասնելով 3-2 հաշվով: Հետաքրքիր է, որ այդ խաղի հաշիվը բացել էր ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը, որը ներկայումս «Արարատում» է:

4. Եթե Տիագո Գալվաոյին հաջողվի գրավել «Արարատի» դարպասը, ապա «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում խփած գոլերի թիվը կհասցնի 22-ի և կհավասարվի թիմում խաղացած ամենաարդյունավետ լեգեոնական Ուրոշ Նենադովիչին: Գալվաոն ընթացիկ առաջնությունում 6 գոլ է խփել: Դա թիմում երկրորդ ցուցանիշն է Բլադիմիր Դիասից հետո, որի հաշվին 11 գոլ է գրանցված:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝  Միհրան Մանասյան - 17 գոլ:

«Արարատ»՝  Ալեքսանդր Ռակիչ - 6 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չեն մասնակցի ալաշկերտցի Վանգու Գոմեն և արարատցի Խուան Բրավոն:

«Շիրակ» - «Ուրարտու»  

Դեկտեմբերի 4, ժամը՝ 18:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

85 խաղ, «Շիրակը» հաղթել է 24 անգամ, «Ուրարտուն»՝ 38, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 78-136

1-ին շրջան. 08.08.2022 «Շիրակ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Մաքսիմ Մայրովիչ 8՛, 0-2՝ Դմիտրո Խլյոբաս 70՛:

2-րդ շրջան. 15.10.2022 «Ուրարտու» - «Շիրակ»՝ 1-0 (0-0)

Գոլը՝ 1-0՝ Մարկոս Ժունիոր 70՛:

86-րդ րոպեին Մարկոս Ժունիորը չիրացրեց 11մ հարվածը (Պողոս Այվազյանը հետ մղեց գնդակը):

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (18 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (41 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» ընդհատեց առանց հաղթանակների 4 խաղերի շարքը՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին: Թիմին հաղթանակ պարգևեց ավելացված ժամանակում Արտեմ Գևորգյանի իրացրած 11մ հարվածը: ԲԿՄԱ-ն շիրակցիների ամենահարմար մրցակիցն է ընթացիկ առաջնությունում, որին 3 խաղերում էլ հաղթել են:

Ընդ որում Գյումրիում հոկտեմբերի 11-ին ԲԿՄԱ-ի նկատմամբ տարած հաղթանակը կարելի է ինչ-որ չափով պատմական համարել, քանի որ մինչև այդ «Շիրակին» 843 օր չէր հաջողվել սեփական դաշտում Բարձրագույն խմբի առաջնության խաղում հաղթել:

Գյումրիում «Շիրակի» օգտին նախորդ հաղթանակը գրանցվել էր 2020թ. հունիսի 20-ին «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ 1-0: Դրանից հետո Գյումրիում կայացած առաջնության 18 հանդիպումներից 10-ում «Շիրակը» պարտվել էր, 8 խաղ ավարտել էր ոչ-ոքի:

2.«Ուրարտուն» «Արարատ-Արմենիայի» հետ անցկացրած անչափ կարևոր  խաղում անհաջողության մատնվեց՝ 0-3 խոշոր հաշվով պարտություն կրելով: Այսպիսով, ընդհատվեց «Ուրարտուի» անպարտելի 12 խաղերի ռեկորդային շարքը, որի ընթացքում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 10 հաղթանակ էր տոնել, 2 անգամ ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի» հետ: Վերջին անգամ «Ուրարտուն» խաղադաշտից պարտված էր հեռացել օգոստոսի 28-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Լեռնային Արցախին»:

Հիշեցնենք, որ առաջնության հանդիպումից մի քանի օր առաջ «Ուրարտուն» Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում 4-0 հաշվով հաղթել էր «Արարատ-Արմենիային» ու կիսաեզրափակչի ուղեգիր էր նվաճել:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 6 հանդիպումներն անցել են «Ուրարտուի» առավելությամբ, որը տարել է 4 հաղթանակ, 2 խաղ ավարտել է ոչ-ոքի: Վերջին անգամ «Շիրակն» «Ուրարտուին» հաղթել է 2019թ. օգոստոսի 2-ին Գյումրիում կայացած խաղում (3-1):

4. «Ուրարտուի» կազմում արդյունավետ խաղով աչքի են ընկնում Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրո Խլյոբասը, որոնք 6-ական գոլով թիմի լավագույն ռմբարկուներն են: Եթե 26-ամյա Մայրովիչին հաջողվի գրավել «Շիրակի» դարպասը, ապա կգերազանցի թիմի նախկին լեգեոնական Լաերսիոյի արդյունավետության տարիքային ռեկորդը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Մուսա Փոլ Բակայոկոն «Շիրակի» կազմում Fastex ՀՊԼ-ում 91-րդ խաղը կանցկացնի և կդառնա թիմի ամենափորձառու լեգեոնականը: Բակայոկոն կգերազանցի Սոլոմոն Իմե Ուդոյի ռեկորդային ցուցանիշը, որը շիրակցիների կազմում այլազգի ֆուտբոլիստներից Fastex ՀՊԼ-ում բոլորից շատ՝ 90 խաղի էր մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝  Անդրանիկ Բարիկյան - 8 գոլ:                                                             

«Ուրարտու»՝  Արամ Հակոբյան, Արսեն Բալաբեկյան - 8-ական գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»

Դեկտեմբերի 5, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

15 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 6 անգամ, «Փյունիկը»՝ 5, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 20-15

2-րդ շրջան. 17.10.2022  «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա»՝ 2-1 (1-1)

Գոլերը՝ 1-0՝ Յուսուֆ Օտուբանջո 9՛, 1-1՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 29՛, 2-1՝ Հովհաննես Հարությունյան 61՛:

1-ին շրջան. 10.11.2022  «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 0-0

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (39 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (33 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնի տիտղոսի հավակնորդների միջև կայանալիք տուրի կենտրոնական հանդիպումն ընթացիկ առաջնության ամենավճռորոշ մրցավեճերից մեկն է: Կարելի է ասել, որ հաղթանակն այս խաղում ոչ թե 3, այլ 6 միավորի արժեք ունի: Նախորդ մրցաշրջանում հենց «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» միջև էր ծավալվել պայքարը չեմպիոնության համար:

Առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 8 միավորով գերազանցում էր «Փյունիկին»: Սակայն գարնանային հատվածում գերազանց ելույթների շնորհիվ փյունիկցիներին հաջողվեց շրջանցել մրցակցին ու 15-րդ անգամ չեմպիոն հռչակվել:

2. Նախորդ տուրում «Ուրարտուի» հետ մրցավեճում «Արարատ-Արմենիան» տպավորիչ ռևանշի հասավ «Ուրարտուից» Fastex Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում 0-4 հաշվով կրած պարտության դիմաց՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցների միջև կայացած նախորդ 3 հանդիպումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը պարտվել էր ու չէր գտել «Ուրարտուի» դարպասի բանալին՝ սեփականը բաց թողնելով 6 գոլ:

Ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով 6-րդ հաղթանակը տարավ, որը լավագույն արդյունքն է մասնակից թիմերի մեջ: Եթե «Արարատ-Արմենիային» հաջողվի հաղթել նաև «Փյունիկին», ապա լավ հնարավորություն կունենա առաջնության աշնանային հատվածն ավարտելու առաջին հորիզոնականում:

 3. «Փյունիկն» այս կարևոր հանդիպմանը ներկայանում է նախորդ տուրում «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակից հետո: Հոգեբանական առումով այդ հաղթանակը շատ կարևոր էր փյունիկցիների համար, քանի որ առաջնության նախորդ երկու խաղերում չէին գտել «Արարատի» դարպասի բանալին՝ զիջելով նվազագույն հաշվով: Ի դեպ, երկրորդ շրջանի խաղում «Արարատից» կրած պարտությունն առայժմ վերջինն է «Փյունիկի» համար: Դրանից հետո անցկացրած առաջնության 8 հանդիպումներից 5-ում Հայաստանի գործող չեմպիոնը հաղթել է, 3-ում գրանցվել է ոչ-ոքի:

4. «Արարատ-Արմենիան» էլ առաջնությունում արդեն 8 խաղ անպարտելի է՝ տանելով 6 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է հենց «Փյունիկից»՝ հոկտեմբերի 17-ին կայացած խաղում զիջելով 1-2 հաշվով:

5. 26-ամյա Ուիլֆրեդ Կուասի Էզան «Ուրարտուի» հետ խաղում դուբլ ձևակերպելով, գոլերի թիվը հասցրեց 8-ի: 2022թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում Էզայի հաշվին 9 գոլ է գրանցված: Իվուարցի ֆուտբոլիստը գերազանցեց Մաիլսոն Լիմայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2020թ. օրացուցային տարում Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատ-Արմենիայում» 7 գոլ էր խփել:

Էզայի ցուցանիշը երկրորդն է թիմում Ուգո Ֆիրմինուից հետո, որի հաշվին 9 գոլ է գրանցված ընթացիկ առաջնությունում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝  Անտոն Կոբյալկո,  Յուսուֆ Օտուբանջո, Մաիլսոն Լիմա - 3-ական գոլ:

«Փյունիկ»՝ Ուգո Ֆիրմինու, Հովհաննես Հարությունյան - 2-ական գոլ:

 


 

 

 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ