Logo

Fastex ՀՊԼ-ի 18-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:00 / 20.11.2022• Հայկական ֆուտբոլ
null

Մինչ ֆուտբոլային աշխարհը սպասում է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում նոյեմբերի 20-ին կմեկնարկի 18-րդ տուրը։ VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Լեռնային Արցախ» - «Շիրակ» 

Նոյեմբերի 20, ժամը՝ 14:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

20 խաղ, «Լեռնային Արցախը» հաղթել է 3 անգամ, «Շիրակը»՝ 16, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 15-53

1-ին շրջան. 01.10.2022 «Շիրակ» - «Լեռնային Արցախ»՝ 1-2 (1-2)

Գոլերը՝ 0-1՝ Տիգրան Սիմոնյան 20՛, 0-2՝ Յեիսոն Ռասինես 39՛, 1-2՝ Մուսա Փոլ Բակայոկո 45՛:

«Լեռնային Արցախ»՝ 6- րդ տեղ (20 միավոր), «Շիրակ»՝ 8-րդ տեղ (14 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում համառ պայքարում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ: Մինչև այդ էլ, արցախցիները լուրջ դիմադրություն էին ցույց տվել «Փյունիկին»՝ կրկին խաղն ավարտելով ոչ-ոքի՝ 1-1: Ընդ որում առաջին խաղակեսից հետո «Լեռնային Արցախը» հաշվի մեջ առջևում էր ընթանում: Վերջին 3 խաղերում առաջնության նորեկն ընդամենը 2 միավոր է վաստակել:

2. «Շիրակը» շարունակեց անհաջող ելույթները՝ Չարենցավանում 1-2 հաշվով զիջելով «Վանին»: Ընդ որում շիրակցիներն առաջինն էին բացել հաշիվը: «Շիրակը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ երկու խաղերում գյումրեցիները սեփական դաշտում պարտվել էին «Արարատ-Արմենիային» (0-5) և «Ալաշկերտին» (0-2):

3. Մրցակիցների միջև առաջին շրջանում կայացած հանդիպումը «Շիրակի» համար հոբելյանական՝ 800-րդն էր Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի առաջնություններում: 

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Շիրակի» պաշտպան Մարկո Պրլևիչը Fastex ՀՊԼ-ում 129-րդ խաղը կանցկացնի և կընդգրկվի Հայաստանի առաջնությունների ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Ցանկը գլխավորում է «Միկայի» բրազիլացի պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան, որը 230 խաղ է անցկացրել: Ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից ռեկորդակիրը Վբեյմար Անգուլոն է, որը մասնակցել է 174 խաղի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Լեռնային Արցախ»՝ Գրիգոր Ղահրամանյան, Արթուր Ս. Մինասյան - 2-ական գոլ:

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 7 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Լեռնային Արցախի» պաշտպան Վլադիմիր Խառատյանը:

«Նոա» - «Վան»  

Նոյեմբերի 20, ժամը՝ 14:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ 

8 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Վանը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-6

1-ին շրջան. 02.10.2022 «Վան» - «Նոա»՝ 2-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Լևոն Վարդանյան 42՛, 1-1՝ Արտյոմ Բիլի 76՛, 2-1՝ Էդգար Մովսեսյան 88՛, 2-2՝ Իսրայել Օպոկու 90+3՛:

«Նոա»՝ 10-րդ տեղ (5 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (23 միավոր): 

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնությունում «Նոայի» անհաջողությունները շարունակվում են: Նախորդ տուրում էլ «Նոան» սեփական դաշտում 1-2 հաշվով զիջեց «Արարատ-Արմենիային»՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը: Մինչև այդ էլ, «Նոան» պարտվել էր «Ուրարտուին» (1-3), «Փյունիկին» (0-1) և «Արարատին» (1-2): 

2. Իսկ ահա «Վանը» 5 օրում Չարենցավանում երկու հաղթանակ տարավ ու զգալիորեն բարելավեց մրցաշարային վիճակը: «Վանի» ֆուտբոլիստները նախ 2-1 հաշվով պարտության մատնեցին «Շիրակին», ապա 17-րդ տուրի խաղում նվազագույն հաշվով հաղթեցին «Ալաշկերտին»: 

3. Նախորդ առաջնությունում «Վանին» միայն 4-րդ շրջանի խաղում հաջողվեց հաղթել «Նոային»: Իսկ մինչև այդ, «Նոան» 2 հաղթանակ էր տարել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի:  

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Նոայի» կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վադիմ Պայռելի - 2 գոլ:

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

«Ալաշկերտ» - «Փյունիկ» 

Նոյեմբերի 22, ժամը՝ 14:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ

38 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 11 անգամ, «Փյունիկը»՝ 15, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 47-59

1-ին շրջան. 01.10.2022 «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 5-1 (2-0)  

Գոլերը՝ 1-0՝ Յուսուֆ Օտուբանջո 12՛, 2-0՝ Հովհաննես Հարությունյան 40՛, 11մ, 3-0՝ Լուկա Յուրիչիչ 51՛, 3-1՝ Բլադիմիր Դիաս 65՛, 4-1-5-1՝ Խոսե Կառաբալյո 79, 82: 

«Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (34 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (27 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: Նախորդ խաղում «Ալաշկերտը» Չարենցավանում նվազագույն հաշվով պարտվել էր «Վանին» ու նահանջել 3-րդ հորիզոնական: Դրանով ընդհատվել էր «Ալաշկերտի» անպարտելի 3 խաղերի շարքը, որում թիմի դարպասն անառիկ էր մնացել:

2. Ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ «Ալաշկերտին» չհաջողվեց գոլ խփել: Հետաքրքիր է, որ առայժմ միայն «Վանի» դարպասը չեն գրավել ալաշկերտցիները՝ առաջին շրջանի խաղն ավարտելով գոլազուրկ ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք էր գրանցվել նաև «Ուրարտուի» հետ կայացած 16-րդ տուրի խաղում:

3. Առաջնությունում առանց ոչ-ոքիների ընթացող «Փյունիկը»  վերջին 3 խաղերում էլ բաժանեց միավորները մրցակիցների հետ («Լեռնային Արցախ»՝ 1-1, «Արարատ-Արմենիա»՝ 0-0, ԲԿՄԱ՝ 1-1): Ընդ որում այդ խաղերից երկուսում «Փյունիկն» առաջին խաղակեսից հետո պարտվողի դերում էր: 6 միավորի կորուստը կարող է շատ թանկ արժենալ փյունիկցիներին չեմպիոնության համար մղվող պայքարում:

4. Նախորդ առաջնությունում «Փյունիկն» այն երկու թիմերից մեկն էր  (մյուսն «Արարատ-Արմենիան» էր), որին «Ալաշկերտը» չկարողացավ հաղթել՝ կրելով խոշոր հաշվով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Արդեն 5 խաղ է, ինչ ալաշկերտցիներին չի հաջողվել առաջնությունում հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը գրանցվել է անցյալ տարվա մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Հետաքրքիր է, որ մինչև 2021-22թթ. առաջնության երկրորդ շրջանում «Փյունիկից» խոշոր հաշվով պարտվելը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ալաշկերտի»  նկատմամբ «Փյունիկը» տոնել էր 2019թ. ապրիլի 27-ին: Հանդիպման ելքը վճռել էր «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի ինքնագոլը: 

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը Fastex ՀՊԼ-ում 358-րդ խաղը կանցկացնի և Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Արթուր Քոչարյանին, կեզրափակի լավագույն քառյակը: Առաջատար եռյակում են Հովհաննես Թահմազյանը (461), Տիգրան Դավթյանը (409) և Սարգիս Հովսեփյանը (365): 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ: 

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե - 4-ական գոլ:

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»     

Նոյեմբերի 22, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

5 խաղ, որից 4-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», մեկում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-8

1-ին շրջան. 30.09.2022 «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ ՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 8՛:

ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (8 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (35 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրը հաջող էր ԲԿՄԱ-ի համար, որը ոչ-ոքի (1-1) խաղաց «Փյունիկի» հետ: ԲԿՄԱ-ն ոչ միայն ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը, այլև վերջ դրեց Fastex ՀՊԼ-ում 660 րոպե տևած գոլային երաշտին: Նախորդ գոլը ԲԿՄԱ-ն խփել էր սեպտեմբերի 17-ին «Արարատի» դարպասը: 78-րդ րոպեին աչքի էր ընկել Գևորգ Տարախչյանը: ԲԿՄԱ-ի գոլային երաշտը վատագույն արդյունքն էր ոչ միայն ընթացիկ առաջնությունում, այլև թիմի պատմության մեջ:
Տուգանային հիանալի հարվածով Արթուր Սերոբյանի խփած գոլը ԲԿՄԱ-ին նաև առաջին միավորը պարգևեց «Փյունիկի» հետ դիմակայությունում: Մինչև այդ, Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած բոլոր 6 խաղերում էլ հաղթել էր «Փյունիկը»:

2. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Նոային» և օգտվելով «Վանի» հետ խաղում «Ալաշկերտի» պարտությունից, մրցաշարային աղյուսակում շրջանցեց վերջինիս՝ բարձրանալով 2-րդ տեղ: Վերջին 6 հանդիպումներում Հայաստանի կրկնակի չեմպիոնը 5 հաղթանակ է տարել և միայն «Փյունիկին» է հաջողվել մեկ միավոր վաստակել 2-րդ տուրից հետաձգված խաղում:

3. Նախորդ առաջնության 16 հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» 43 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 8 միավորով գերազանցելով թիմի ներկայիս արդյունքը: Իսկ ԲԿՄԱ-ն 7 միավորով եզրափակում էր աղյուսակը: Բանակայինները նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ մեկ միավոր ավելի են վաստակել:

4. Եթե ԲԿՄԱ-ի հետ մրցավեճում էլ «Արարատ-Արմենիայի» դարպասի պաշտպանությունը վստահվի Վսևոլոդ Երմակովին, ապա վերջինս Fastex ՀՊԼ-ում առանց փոխարինման, անընդմեջ 51-րդ խաղը կանցկացնի ու կբարելավի իր իսկ ռեկորդային ցուցանիշը: 

Ռուս դարպասապահը 2019թ. օգոստոսի 2-ից մինչև 2021թ. մայիսի 25-ն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցել էր այդ ընթացքում կայացած առաջնության բոլոր 50 հանդիպումներին՝ պաշտպանելով նախ «Շիրակի», ապա «Արարատի» դարպասը: 

2021թ. մայիսի 28-ին «Շիրակի» հետ կայացած առաջնության ավարտական խաղում «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Երմակովի փոխարեն խաղադաշտ էր դուրս բերել Պողոս Այվազյանին՝ ընդհատելով ռուս դարպասապահի ռեկորդային շարքը: Այլապես Երմակովն առանց փոխարինման, անընդմեջ մասնակցած կլիներ առաջնության 101 հանդիպման:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները  

ԲԿՄԱ` Միքայել Միրզոյան - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 4 գոլ:

ԲԿՄԱ-ի կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Նարեկ Ալավերդյանը:

«Ուրարտու»  - «Արարատ» 

Նոյեմբերի 22, ժամը՝ 18:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

78 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 38 անգամ, «Արարատը»՝ 18, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 115-76

1-ին շրջան. 30.09.2022 «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-0)  
Գոլերը՝ 0-1՝ Դմիտրո Խլյոբաս 90՛, 0-2՝ Լեոն Սաբուա 90+4՛:

«Ուրարտու»՝ 1-ին տեղ (38 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (18 միավոր): 

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Ալաշկերտի» հետ, «Ուրարտուի» 8 անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատվեց: Իսկ ահա անպարտելի խաղերի թիվը հասավ 11-ի: Հետաքրքիր է, որ այդ հանդիպումներում «Ուրարտուն» ընդամենը 2 խաղ է ավարտել ոչ-ոքի և երկու դեպքում էլ մրցակիցը եղել է «Ալաշկերտը»: Վերջին անգամ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը խաղադաշտից պարտված է հեռացել օգոստոսի 28-ին՝ 2-3 հաշվով զիջելով «Լեռնային Արցախին»:

Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում զգալի առաջընթաց է ունեցել՝ 18 միավոր ավելի վաստակելով:

2. «Արարատն» Ալեքսանդր Պետրոսյանի գլխավորությամբ 3-րդ խաղն անցկացրեց՝ սեփական դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Լեռնային Արցախի» հետ: Նախորդ 2 հանդիպումներում արարատցիները հաղթել էին «Վանին» (2-0) և «Նոային» (2-1):

3. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» այդպես էլ  չհաջողվեց հաղթել «Արարատին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Ուրարտուն» տարել էր անցյալ տարվա մայիսի 22-ին կայացած խաղում Վադիմ Պարամոնովի և Արթուր Միրանյանի խփած գոլերի շնորհիվ:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝  Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

«Արարատ»՝  Վահե  Յաղմուրյան - 5 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ