Logo

Fastex ՀՊԼ-ի 17-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:32 / 08.12.2022Fastex Պրեմիեր լիգա
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում դեկտեմբերի 8-ին կմեկնարկի հետաձգված 17-րդ տուրը, որի առաջին հանդիպումը («Վան»-«Ալաշկերտ»՝ 1-0) կայացել էր նոյեմբերի 13-ին: Մնացած 4 հանդիպումներով կավարտվի Հայաստանի 31-րդ առաջնության աշնանային հատվածը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Շիրակ» - «Նոա» 

Դեկտեմբերի 8, ժամը՝ 16:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

12 խաղ, «Շիրակը» հաղթել է 5 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-16 

1-ին շրջան. 16.09.2022 «Նոա» - «Շիրակ»՝ 1-3 (1-1)  

Գոլերը՝ 1-0՝ Լևոն Վարդանյան 24՛, 1-1՝ Արտեմ Գևորգյան 35՛, 11մ, 1-2՝ Դոնալդ Կոդիա 67՛, 1-3՝  Մուսա Փոլ Բակայոկո 70՛:

«Շիրակ»՝ 8-րդ տեղ (18 միավոր), «Նոա»`10-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրում առաջնության առաջատար «Ուրարտուի» հետ կայացած մրցավեճն իսկական մղձավանջի վերածվեց «Շիրակի» համար: Ալազան Դումբիայի և Դոնալդ Կոդիայի խփած գոլերի շնորհիվ շիրակցիները հաշվի մեջ առջևում էին, սակայն խաղադաշտից պարտված հեռացան: Դա Գյումրիում առաջնության հանդիպումներում «Շիրակի» կրած 4-րդ անընդմեջ պարտությունն էր: Մինչև այդ, գյումրեցիները սեփական դաշտում պարտվել էին «Փյունիկին» (0-1), «Արարատ-Արմենիային» (0-5) և «Ալաշկերտին» (0-2):
Ընթացիկ առաջնությունում Գյումրիում անցկացրած 9 հանդիպումներում «Շիրակն» ընդամենը մեկ հաղթանակ է տարել՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

2. «Նոան», որ առաջնության մեկնարկային 17 հանդիպումներում չէր վայելել հաղթանակի բերկրանքը, երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասնելով «Լեռնային Արցախի» նկատմամբ: Նախորդ խաղում էլ «Նոան» 3-2 հաշվով պարտության էր մատնել «Ալաշկերտին»: Այնպես որ, թիմում Ռոբերտ Արզումանյանի բեղմնավոր աշխատանքը տալիս է իր արդյունքը: Առաջնության վերջին 3 խաղերում «Նոան» անպարտելի է՝ վաստակելով 7 միավոր:

3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատեց առաջնությունում «Նոայի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում խոշոր հաշվով 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Շիրակը» տոնել էր 2020թ. հունիսի 11-ին՝ Գյումրիում առավելության հասնելով 2-0 հաշվով:

4. «Ուրարտուի» դարպասը Դոնալդ Կոդիայի խփած գնդակը դարձել էր Fastex ՀՊԼ- ում «Շիրակի» հոբելյանական՝ 1400-րդ գոլը: Կոդիան ընթացիկ առաջնությունում 3-րդ գոլը խփեց ու հավասարվեց թիմի ռմբարկուներ Արտեմ Գևորգյանին ու Մուսա Փոլ Բակայոկոյին: Վերջինս «Շիրակի» կազմում Fastex ՀՊԼ- ում 91-րդ խաղն անցկացրեց ու դարձավ թիմի ամենափորձառու լեգեոնականը՝ գերազանցելով Սոլոմոն Իմե Ուդոյի ցուցանիշը:

5. «Նոայի» կազմում արդյունավետ խաղով աչքի է ընկնում Լևոն Վարդանյանը, որն առաջնության վերջին 3 խաղերում մեկական անգամ գրավել է մրցակիցների դարպասները: Երիտասարդ ֆուտբոլիստը 6 գնդակով թիմի լավագույն ռմբարկուն է:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 3 գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի շիրակցի Մաջիկո Տրաորեն:

«Արարատ» - ԲԿՄԱ 

Դեկտեմբերի 8, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

6 խաղ, «Արարատը» հաղթել է 3 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 3, խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-9

1-ին շրջան. 17.09.2022  ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2-1 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Սերոբ Գալստյան 26՛, 1-1՝ Գոռ Լուլուկյան 56՛, 2-1՝ Գևորգ Տարախչյան 78՛:

«Արարատ»՝ 7-րդ տեղ (21 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (12 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրը հաջող էր «Արարատի» համար, որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին» և ընդհատեց 2 անընդմեջ պարտությունների շարքը: Այդ հաղթանակն առաջինն էր «Ալաշկերտի» հետ անցկացրած առաջնության վերջին 6 հանդիպումներում: Նախորդ 5 խաղերում հաղթել էր «Ալաշկերտը»: 

2. ԲԿՄԱ-ին վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 10 խաղերի շարքը՝ Չարենցավանում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին»: ԲԿՄԱ-ն առաջնությունում 2-րդ հաղթանակը տարավ: Հետաքրքիր է, որ առաջին հաղթանակը բանակայինների օգտին գրանցվել էր հենց «Արարատի» հետ սեպտեմբերի 17-ին կայացած խաղում՝ 2-1:

3. ԲԿՄԱ-ին հաղթանակ պարգևած Միքայել Միրզոյանի խփած գնդակը Fastex ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 50-րդ գոլն էր: Միրզոյանը Հայաստանի առաջնություններում ԲԿՄԱ-ում 5-րդ գոլը խփեց ու հավասարվեց թիմի պատմության լավագույն ռմբարկու Ժիրայր Շաղոյանին:

4. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 հանդիպումներում էլ հաղթել էր ԲԿՄԱ-ն: Ընդ որում, նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում, որում ԲԿՄԱ-ն հաղթել էր 3-2 հաշվով, բանակային Նարեկ Ալավերդյանի խփած գնդակը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 2200-րդ գոլն էր: Վերջին անգամ «Արարատը» ԲԿՄԱ-ին հաղթել է անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին՝ 2-1:

Դիմակայության  լավագույն ռմբարկուն

ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան – 2 գոլ:

«Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ» 

Դեկտեմբերի 9, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0

1-ին շրջան. 17.09.2022 «Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1 (0-0)

Գոլը՝ 0-1՝ Տենտոն Յենե 48՛:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (40 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» առաջնության վերջին 2 հանդիպումներում լուրջ փորձության ենթարկվեց: ՀՀ կրկնակի չեմպիոնը նախ 3 անպատասխան գնդակ ուղարկեց առաջնության առաջատար »Ուրարտուի» դարպասը, ապա ոչ-ոքի (1-1) խաղաց «Փյունիկի» հետ: 

«Արարատ-Արմենիան» առաջնությունում արդեն 9 խաղ անպարտելի է՝ տանելով 6 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է «Փյունիկից»՝ հոկտեմբերի 17-ին կայացած խաղում զիջելով 1-2 հաշվով:

2. «Լեռնային Արցախը» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին 0-2 հաշվով զիջելով մրցակցին: Նախորդ խաղում արցախցիները սեփական դաշտում պարտվել էին «Վանին», այս անգամ էլ Արմավիրում 2 անպատասխան գնդակ ընդունեցին «Նոայից»: «Լեռնային Արցախում» գոլային երաշտ է սկսվել, որը հասել է 434 րոպեի: Վերջին գոլն արցախցիները խփել են նոյեմբերի 6-ին «Փյունիկի» հետ կայացած հանդիպման 16-րդ րոպեին Վալդո Բիլունգայի հարվածի շնորհիվ: Արդեն 6 խաղ «Լեռնային Արցախը» չի հաղթել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր:

3. Ուիլֆրեդ Կուասի Էզան «Փյունիկի» հետ խաղում ոչ միայն «Արարատ-Արմենիային» փրկեց պարտությունից, այլև բարելավեց արդյունավետության անձնական ռեկորդը: Այդ գոլը 9-րդն էր ընթացիկ առաջնությունում, որով նա հավասարվեց թիմի լավագույն ռմբարկու Ուգո Ֆիրմինուին:  Նախորդ երկու առաջնություններում իվուարցի ֆուտբոլիստը «Վանում» և «Արարատ-Արմենիայում» 8-ական գոլ էր խփել: Առաջնության վերջին 3 խաղերում Էզան դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

4. Ուգո Ֆիրմինուն էլ դարձավ Fastex ՀՊԼ- ում բոլորից շատ հանդիպումների մասնակցած պորտուգալացի ֆուտբոլիստը՝ անցկացնելով 49-րդ խաղը: Նա գերազանցեց «Նոայի» պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Սիմոեշ դե Օլիվեյրայի ռեկորդային ցուցանիշը, որը Fastex ՀՊԼ- ում 48 խաղ էր անցկացրել:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում 26-ամյա Վսևոլոդ Երմակովը Fastex ՀՊԼ-ում 137-րդ խաղը կանցկացնի ու կկրկնի Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը: Իսկ եթե ռուս դարպասապահին հաջողվի նաև անառիկ պահել դարպասը, ապա 2022թ. օրացուցային տարում կայացած առաջնության հանդիպումներում 16-րդ «չոր» խաղը կանցկացնի ու կգերազանցի Վալերիո Վիմերկատիի տարիքային ռեկորդը:  

«Փյունիկ» - «Ուրարտու» 

Դեկտեմբերի 9, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

92 խաղ, «Փյունիկը» հաղթել է 47 անգամ, «Ուրարտուն»՝ 22, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 157-96

1-ին շրջան. 19.09.2022  «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2-1 (0-0)

Գոլերը՝ 1-0՝ Միխայիլ Կովալենկո 54՛, ինքնագոլ, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո  67՛, 2-1՝ Նարեկ Գրիգորյան 76՛:

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (34 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (44 միավոր):  

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Փյունիկի» ֆուտբոլիստները 2 թանկարժեք միավոր կորցրին «Արարատ-Արմենիայի» հետ պայքարում՝ ընդհատելով երկու անընդմեջ հաղթանակների շարքը: Հայաստանի գործող չեմպիոնն առաջնության վերջին 9 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Անկախ այս հանդիպման արդյունքից, «Ուրարտուն» առաջնության աշնանային հատվածը կավարտի առաջին հորիզոնականում: Սակայն շատ կարևոր է, թե մոտակա հետապնդողներից որքան միավորով առաջ կանցնի Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը: Ուստի «Ուրարտուն» «Փյունիկի» հետ մրցավեճում էլ ձգտելու է առավելագույնին: 

Ի դեպ, նախորդ մրցաշրջանում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ առաջնության աշնանային հատվածի հաղթող էր ճանաչվել «Արարատ-Արմենիան»՝ 8 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Փյունիկին»: 

3. Նախորդ տուրում Գյումրիում »Ուրարտուն» հաղթանակի հասնելու անկոտրում կամք դրսևորեց ու Նարեկ Գրիգորյանի հեթ-տրիկի շնորհիվ տպավորիչ քամբեք գրանցեց՝ անչափ կարևոր 3 միավոր վաստակելով «Շիրակի» հետ կայացած դրամատիկ մրցավեճում:

4. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» միայն 4-րդ շրջանի խաղում էր (1-1) հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասն ու առաջին միավորը վաստակել: Այդ խաղում փյունիկցի Նիկիտա Բառանովի խփած գոլը հոբելյանական՝ 250-րդն էր մրցակիցների դիմակայությունում: 

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատեց «Փյունիկի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: 

Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական տուրի խաղում Արթուր Միրանյանի խփած միակ գոլի շնորհիվ:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ:

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան -  6-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ