Logo

Fastex ՀՊԼ-ի 14-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:05 / 29.10.2022Հայկական ֆուտբոլ
null

«Լեռնային Արցախ» - «Ուրարտու» 

Հոկտեմբերի 29, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

10 խաղ, «Լեռնային Արցախը» հաղթել է 1 անգամ, «Ուրարտուն»՝ 9, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-31

1-ին շրջան. 28.08.2022 «Ուրարտու» - «Լեռնային Արցախ»՝ 2-3 (2-1)

Գոլերը՝ 0-1՝ Խուան Պալասիո 7՛, 1-1՝ Կարեն Մելքոնյան 15՛, 2-1՝ Ժիրայր Մարգարյան 26՛,  2-2-2-3՝ Ժիրայր Մարգարյան, ինքնագոլեր 71՛, 81՛:

«Լեռնային Արցախ»՝ 5-րդ տեղ (18 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (31 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ տուրը հաղթական էր «Լեռնային Արցախի»  համար, որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ ԲԿՄԱ-ի նկատմամբ: Արցախցիներն ընդհատեցին առանց հաղթանակների 3 խաղերի շարքը, որի ընթացքում ընդամենը 2 միավոր էին վաստակել: Նախորդ հաղթանակը «Լեռնային Արցախը» տարել էր հոկտեմբերի 1-ին՝ Գյումրիում 2-1 հաշվով պարտության մատնելով «Շիրակին»: 

2. Նախորդ տուրում 3-1 հաշվով հաղթելով «Նոային», «Ուրարտուն» առաջնությունում 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, անպարտելի խաղերի շարքը հասցրեց 8-ի, որից 7-ում հաղթել է, մեկում գրանցել է ոչ-ոքի «Ալաշկերտի» հետ: Իսկ ահա դարպասն անառիկ պահած 4 անընդմեջ խաղերի շարքն ընդհատվեց:

3. Մինչև ընթացիկ մրցաշրջանի մեկնարկը, մրցակիցների միջև կայացած բոլոր 9 հանդիպումներում էլ հաղթել էր «Ուրարտուն», որն այն ժամանակ կրում էր «Բանանց» անվանումը: Ընդ որում խաղերից 5-ում «Ուրարտուն» հաղթել էր խոշոր հաշվով: Թիմի ֆուտբոլիստներից  Անդրանիկ Հովսեփյանը (Ռումյան Հովսեփյանի հայրը) և Գագիկ Սիմոնյանը դարձել էին հեթ-տրիկի հեղինակ:

4. «Նոայի» հետ խաղում «Ուրարտուն» Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 1250-րդ գոլը խփեց, որի հեղինակը Մաքսիմ Մայրովիչն էր: Վերջինս ընթացիկ առաջնությունում 6-րդ անգամ գրավեց մրցակիցների դարպասները: Մայրովիչը Դմիտրո Խլյոբասի հետ ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն է: Խլյոբասը նաև 4 գնդակով «Նոայի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն է: Հիշեցնենք, որ «Նոայի» հետ առաջին շրջանի խաղում ուկրաինացի ֆուտբոլիստը հեթ-տրիկ էր գրանցել: 

Ի դեպ, հենց այդ հեթ-տրիկի շնորհիվ Խլյոբասը Fastex ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր քանակով (7) դարձել էր Հայաստանի առաջնություններում ելույթ ունեցած ամենաարդյունավետ ուկրաինացի ֆուտբոլիստը՝ գերազանցելով «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Վասիլի Պալագնյուկի ու «Արարատում» և «Նոայում» խաղացած Դենիս Դեդեչկոյի ցուցանիշը: Խլյոբասը նաև ընդգրկվել էր Հայաստանի առաջնությունների 100 ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում:

5. «Նոայի» հետ խաղում Ադամս Ֆրայդիի դիպուկ հարվածից հետո ընդհատվել էր «Ուրարտուի» դարպասապահ Ալեքսանդր Մելիխովի՝ դարպասն անընդմեջ անառիկ պահած 4 խաղերի շարքը: Իսկ մինչև այդ, 24-ամյա ռուս դարպասապահը 451 րոպե շարունակ դարպասն ամուր փակի տակ էր պահել: 

Այդ արդյունքը ռեկորդային է Fastex ՀՊԼ-ում ելույթ ունեցած այլազգի դարպասապահների մեջ: Տարիքային այդ ռեկորդը պատկանում էր «Փյունիկի» նախկին դարպասապահ Զլատան Ադրովիչին, որը 2007թ. առաջնությունում 330 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Անդրանիկ Հովսեփյան, Գագիկ Սիմոնյան - 4-ական գոլ:

«Լեռնային Արցախի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ խաղում խաղադաշտից հեռացված Սոու Խալիֆա Աբաբակարը:

«Վան» - «Արարատ» 

Հոկտեմբերի 29, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

8 խաղ, որից  5-ում հաղթել է «Արարատը», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-7

1-ին շրջան. 27.08.2022 «Արարատ» - «Վան»՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Ալիկ Առաքելյան 28՛:

«Վան»՝ 6-րդ տեղ (17 միավոր), «Արարատ»՝ 8-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Վանն» այս հանդիպմանը նախապատրաստվելու համար ավելի շատ ժամանակ է ունեցել, քանի որ «Փյունիկի» հետ նախատեսված նախորդ տուրի հանդիպումը հետաձգվել էր: Առաջնության վերջին խաղը «Վանն» անցկացրել էր հոկտեմբերի 19-ին՝ Չարենցավանում նվազագույն հաշվով զիջելով «Ուրարտուին»: Դրանով ընդհատվել էր «Վանի» անպարտելի 5 խաղերի շարքը:

2. «Արարատը» շարունակում է անհաջող ելույթներն ընթացիկ առաջնությունում: Նախորդ տուրում արարատցիները սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջեցին «Շիրակին»՝ կրելով 3-րդ անընդմեջ պարտությունը: Վերջին 7 խաղերում «Արարատը» 6 անգամ խաղադաշտից պարտված է հեռացել՝ միակ հաղթանակը տոնելով «Փյունիկի» նկատմամբ:

3. «Արարատը» միակ թիմն է, որին «Վանը» Fastex ՀՊԼ-ում դեռ չի հաղթել: Նախորդ առաջնության միայն 4-րդ շրջանի խաղում էր «Վանին» վերջապես հաջողվել գրավել «Արարատի» դարպասը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի (1-1): Իսկ մինչև այդ, արարատցիները 3 խաղերում էլ հաղթել էին նվազագույն հաշվով:

Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթությունը տեղի է ունեցել  2020թ. դեկտեմբերի 10-ին Չարենցավանում: Հանդիպման ելքը վճռել էր արարատցի Ուրոշ Նենադովիչի խփած միակ գոլը: «Վանի» հետ հաջորդ երկու հանդիպումներում «Արարատը»  4 թանկարժեք միավոր կորցրեց (0-0, 1-1), ինչը բացասաբար անդրադարձավ թիմի վրա չեմպիոնական մրցավազքում:

4. «Վանի» կազմում արդյունավետությամբ աչքի է ընկնում թիմ վերադարձած Էդգար Մովսեսյանը, որն արդեն 6 գոլի հեղինակ է դարձել: 10 գնդակով նա Fastex ՀՊԼ-ում «Վանի» պատմության լավագույն ռմբարկուն է:
«Արարատն» աչքի չի ընկնում արդյունավետ խաղով, ուստի ֆուտբոլիստների ցուցանիշներն էլ ցածր են: 2-ական գնդակով լավագույն արդյունքն ունեն Ռազմիկ Հակոբյանն ու Ռուդիկ Մկրտչյանը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Հրայր Մկոյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 450-րդ խաղը կանցկացնի: 

Ընդհանրապես, «Վանի» հետ հանդիպումները հիշարժան են եղել «Արարատի» ավագի համար: Մարտի 1-ին Չարենցավանում գյումրեցի պաշտպանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել: Նա դարձել էր այդ սահմանագիծը հատած ընդամենը 10-րդ հայ ֆուտբոլիստը: Իսկ ընթացիկ առաջնության առաջին շրջանի խաղում՝ օգոստոսի 27-ին Երևանում Մկոյանը «Արարատի» մարզաշապիկով Fastex ՀՊԼ-ում 100-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները 

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ, Սերժ Դեբլե - 2-ական գոլ:

«Ալաշկերտ»  - ԲԿՄԱ 

Հոկտեմբերի 30, ժամը՝ 15:00,  Երևան, «Նաիրի» մարզադաշտ  

5 խաղ, որոնցում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-4

1-ին շրջան. 26.08.2022 ԲԿՄԱ - «Ալաշկերտ»՝ 2-4 (1-1) 

Գոլերը՝ 1-0՝ Ժիրայր Շաղոյան 8՛, 1-1՝ Արտակ Եդիգարյան 33՛, 1-2՝ Բլադիմիր Դիաս 53՛, 2-2՝ Ժիրայր Շաղոյան 69՛, 2-3՝ Տիագո Գալվաո 86՛, 2-4՝ Բլադիմիր Դիաս 89՛:

«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (27 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (7 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Չեմպիոնական մրցավազքում կարևոր նշանակություն ունեցող «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտություն կրեց՝ մեծացնելով միավորների տարբերությունն առաջատար «Ուրարտուից»: Դա ընթացիկ առաջնությունում ալաշկերտցիների նման կարգի 2-րդ պարտությունն էր: Առաջինն ալաշկերտցիները կրել էին հոկտեմբերի 1-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 1-5: Վերջին շրջանում «Արարատ-Արմենիան» դժվարին մրցակից է դարձել «Ալաշկերտի» համար: Արդեն 6 խաղ է, ինչ «Ալաշկերտը» չի հաղթել «Արարատ-Արմենիային» Fastex ՀՊԼ-ում՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: 

Վերջին հաղթանակն «Ալաշկերտը» տարել է անցյալ տարվա մայիսի 28-ին կայացած 2020-21թթ. առաջնության ավարտական խաղում: Դեյան Բոլևիչի խփած միակ գոլն ապահովել էր  «Ալաշկերտի» չեմպիոնությունն Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ: 

2. Նախորդ տուրում ԲԿՄԱ-ն կրկին անհաջող խաղաց՝ նվազագույն հաշվով պարտվելով «Լեռնային Արցախին»: Դա վերջին 5 հանդիպումներում բանակայինների կրած 4-րդ պարտությունն էր: Այդ խաղերում ԲԿՄԱ-ն ընդամենը մեկ միավոր է վաստակել «Նոայի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիի շնորհիվ՝ այդպես էլ չգտնելով մրցակիցների դարպասի բանալին: Թիմում գոլային երաշտը հասել է 462 րոպեի: Վերջին գոլն առաջնությունում ԲԿՄԱ-ն խփել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին Գևորգ Տարախչյանի հարվածի շնորհիվ:

3. Առաջնության լավագույն ռմբարկու Բլադիմիր Դիասը նախորդ տուրում 11-րդ գոլը խփեց: Եթե կոլումբացի 30-ամյա ֆուտբոլիստին հաջողվի գրավել ԲԿՄԱ-ի դարպասը, ապա կկրկնի Հայաստանի առաջնությունների արդյունավետության տարիքային ռեկորդը: Այդ տարիքում Բարձրագույն խմբում խաղացած ֆուտբոլիստներից մեկ մրցաշրջանում առավել շատ՝ 12-ական գոլ են խփել Սարգիս Կարապետյանը («Շիրակ», 1993թ.), Սարգիս Նազարյանը («Զվարթնոց», 2001թ.) և Անդրեյ Բուլանովը («Միկա», 2001թ.):

4. Երկխաղյա որակազրկումից հետո ԲԿՄԱ-ի հետ խաղում կրկին կարող է խաղադաշտ դուրս գալ Արտակ Եդիգարյանը: Բանակայինների հետ օգոստոսի 26-ին կայացած առաջին շրջանի հանդիպումը հիշարժան էր Եդիգարյանի համար: Նա ոչ միայն գրավեց մրցակցի դարպասը, այլև ֆուտբոլային կարիերայում 450-րդ պաշտոնական խաղն անցկացրեց: 

5. Տարոն Ոսկանյանն էլ որակազրկումից հետո կարող է կրկին իր տեղը զբաղեցնել «Ալաշկերտի» մեկնարկային կազմում: Նրա համար էլ ԲԿՄԱ-ի հետ առաջին շրջանի հանդիպումը հիշարժան էր: Ոսկանյանը նշել էր իր կարիերայի 400-րդ պաշտոնական խաղի հոբելյանը: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Ալաշկերտ»՝ Դավիթ Խուրցիձե - 3 գոլ:

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան - 2-ական գոլ:

«Շիրակ» - «Արարատ-Արմենիա» 

Հոկտեմբերի 30, ժամը՝ 15:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

12 խաղ, «Շիրակը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց  թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-22

1-ին շրջան. 28.08.2022 «Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 3-0 (1-0) 

Գոլերը՝ 1-0՝ Ուգո Ֆիրմինու 35՛, 2-0՝ Ագդոն Մենեզես 54՛, 3-0՝ Արտյոմ Ավանեսյան 83՛:

«Շիրակ»՝ 7-րդ տեղ (14 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 3-րդ տեղ (25 միավոր):

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Շիրակն» աստիճանաբար շտկում է մրցաշարային վիճակը: Նախորդ տուրում շիրակցիները Երևանում նվազագույն հաշվով հաղթեցին «Արարատին», որին վերջին անգամ պարտության էին մատնել 2020թ. հունիսի 27-ին հյուրընկալվելիս կայացած խաղում՝ առավելության հասնելով 4-1 հաշվով: Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Շիրակը» 3-րդ հաղթանակը տարավ:

2. Չեմպիոնական հավակնություններ ունեցող «Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ խոշոր հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին»: Դա Հայաստանի կրկնակի չեմպիոնի այդ կարգի 4-րդ հաղթանակն էր: Մինչև այդ, Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը միևնույն 3-0 հաշվով հաղթել էր «Շիրակին» և «Նոային», 4 անպատասխան գնդակ էր խփել «Վանին»:

3. «Ալաշկերտի» դարպասն Արմեն Համբարձումյանի խփած գնդակը Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 300-րդ գոլն էր: Հայաստանի կրկնակի չեմպիոնի մասնակցությամբ խաղերում ընդհանուր առմամբ խփված 302 գոլերից 206-ը գրանցվել է «Արարատ-Արմենիայի» հաշվին: Հիշեցնենք, որ Fastex ՀՊԼ-ում թիմի հոբելյանական՝ 200-րդ գոլը խփել էր Ուիլֆրեդ Կուասի Էզան հոկտեմբերի 17-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում:

4. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև կայացած նախորդ 4 խաղերում «Շիրակն» ընդամենը մեկ միավոր է վաստակել: Ընդ որում 2020-21թթ. առաջնության առաջին շրջանի խաղում «Արարատ-Արմենիան» պարզապես ջախջախել էր շիրակցիներին՝ 7 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Դա Բարձրագույն խմբում «Արարատ-Արմենիայի» ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Իսկ «Շիրակը» կրկնել էր իր ամենախոշոր հաշվով պարտության ռեկորդը: Նախկինում շիրակցիները 0-7 հաշվով պարտվել էին «Փյունիկին» (2006թ.) և «Միկային» (2009թ.):

Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Շիրակը» տարել է 2020թ. հունիսի 20-ին: Գյումրիում կայացած այդ խաղի ելքը վճռել էր շիրակցի Մորի Կոնեի խփած միակ գոլը:

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արմեն Համբարձումյանը Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» կազմում 91-րդ խաղը կանցկացնի և կդառնա թիմի ռեկորդակիրը, եթե Մաիլսոն Լիման վնասվածքի պատճառով այդ խաղում էլ խաղադաշտ դուրս չգա: Վերջինս նախորդ առաջնության ավարտից հետո 83 խաղով դարձել էր «Արարատ-Արմենիայի» ռեկորդակիրը՝ 3 խաղով գերազանցելով Համբարձումյանին:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 2 գոլ:

«Արարատ-Արմենիա»՝ Յուսուֆ Օտուբանջո - 4 գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված շիրակցի Ալեքսա Վիդիչը:

«Նոա» - «Փյունիկ» 

Հոկտեմբերի 31, ժամը՝ 15:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ

14 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Փյունիկը»՝ 9, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-19

1-ին շրջան. 29.08.2022 «Փյունիկ» - «Նոա»՝ 3-0 (1-0)  

Գոլերը՝ 1-0՝ Անդրե Մենսալաո 27՛, 2-0՝ Միխայիլ Կովալենկո 81՛, 3-0՝ Յուսուֆ Օտուբանջո 90՛:

«Նոա»՝ 10-րդ տեղ (5 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (21 միավոր): 

Հետաքրքիր  5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Գոլազուրկ երկու ոչ-ոքիներից հետո «Նոան» նախորդ տուրում 1-3 հաշվով պարտվեց «Ուրարտուին»: «Նոային» առայժմ չի հաջողվում հաղթել առաջնությունում: Հետաքրքիր է, որ Ռոբերտ Արզումանյանը «Նոայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր հենց «Փյունիկի» հետ առաջին շրջանի խաղում: 

2. «Փյունիկն» այս հանդիպմանը ներկայանալու է Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Բրատիսլավայի չեմպիոն «Սլովանից» 1-2 հաշվով կրած ցավալի պարտությունից հետո: Բնականաբար, Եղիշե Մելիքյանն ասպարեզ է դուրս բերելու թիմի երկրորդ կազմը, քանի որ նոյեմբերի 3-ին «Փյունիկը» խմբային մրցաշարի վերջին տուրում Երևանում անչափ կարևոր հանդիպում է անցկացնելու Շվեյցարիայի չեմպիոն «Բազելի» հետ: Այդ խաղում փյունիկցիներին միայն հաղթանակը փլեյ-օֆֆի ուղեգիր կպարգևի:

3. Առաջնությունում «Փյունիկը» որոշ չափով բարելավել է դիրքերը՝ նախորդ երկու խաղերում հաղթելով «Արարատ-Արմենիային» (2-1) և «Շիրակին» (1-0): «Փյունիկն» առայժմ ընթանում է նախորդ առաջնության գրաֆիկով: 2021-22թթ. առաջնությունում էլ փյունիկցիներն անցկացրած 11 հանդիպումներում 21 միավոր էին վաստակել:

4. Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» առաջնության մասնակից միակ թիմն էր, որի հետ հանդիպումներում «Նոան» միավոր չվաստակեց՝ պարտվելով բոլոր 4 խաղերում էլ: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Նոան» տարել է անցյալ տարվա մայիսի 15-ին կայացած հանդիպման խաղավերջում Պետրոս Ավետիսյանի խփած միակ գոլի շնորհիվ:

5. «Փյունիկի» կազմում ամենաարդյունավետը Յուսուֆ Օտուբանջոն է, որն անցկացրած 7 խաղում 4 գոլ է խփել: «Նոայում» 2-ական գոլ է գրանցված Լևոն Վարդանյանի, Դրամանե Սալուի և Ադամս Ֆրայդիի հաշվին:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:

«Փյունիկ»՝ Մոհամեդ Կոնատե, Արաս Օզբիլիս, Խոսե Կառաբալյո - 2-ական գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ