Logo

Fastex ՀՊԼ. 27-րդ տուրին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:37 / 15.04.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ապրիլի 15-ին կմեկնարկի 27-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ-Արմենիա»  - ԲԿՄԱ 

Ապրիլի 15, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

6 խաղ, որից 4-ում հաղթել է «Արարատ-Արմենիան», 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 10-6

1-ին շրջան. 30.09.2022 «Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ ՝ 1-0 (1-0)

Գոլը՝ 1-0՝ Մաիլսոն Լիմա 8՛:

2-րդ շրջան. 22.11.2022  ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 2-2 (2-0)     

Գոլերը՝ 1-0՝ Գոռ Լուլուկյան 18՛, 2-0՝ Արթուր Սերոբյան 21՛, 2-1՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա 78՛, 2-2՝ Ագդոն Մենեզես 86՛:

«Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (59 միավոր), ԲԿՄԱ՝ 10-րդ տեղ (17 միավոր):

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատ-Արմենիան» նախորդ տուրում հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Լեռնային Արցախին» և օգտվելով «Փյունիկից» «Ուրարտուի» կրած պարտությունից, առաջատարից միավորների տարբերությունը հասցրեց 3-ի: Հերթական հաղթանակը 4-րդ անընդմեջն էր առաջնության գարնանային հատվածում: 

Հայաստանի կրկնակի չեմպիոնն անպարտելի խաղերի ռեկորդային շարքը հասցրեց 16-ի (12 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Վերջին պարտությունն առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրել է անցյալ տարվա հոկտեմբերի 17-ին «Փյունիկի» հետ կայացած խաղում՝ 1-2:

2. Իսկ ահա ԲԿՄԱ-ն 3-րդ խաղն անընդմեջ խաղադաշտից պարտված հեռացավ՝ նվազագույն հաշվով զիջելով «Արարատին»: Եվ կրկին բանակայինները չգտան մրցակցի դարպասի բանալին: Թիմի մոտ արդեն 299 րոպե գոլային երաշտ է, ընդ որում վերջին գոլն էլ սեփական դարպասն է խփել «Ալաշկերտի» պաշտպան Վիտալի Ուստինովը:

ԲԿՄԱ-ն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ պարտվեց «Արարատին»: Մինչև այդ մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներից 3-ում հաղթել էր ԲԿՄԱ-ն, մեկն ավարտվել էր ոչ-ոքի:

3. Նախորդ առաջնության 26 հանդիպումներից հետո «Արարատ-Արմենիան» 61 միավորով 2-րդ տեղում էր՝ 2 միավորով հետ մնալով առաջատար «Փյունիկից»: Այդ արդյունքը 2 միավորով գերազանցում է թիմի ներկայիս ցուցանիշը: Իսկ ԲԿՄԱ-ն 13 միավորով եզրափակում էր աղյուսակը: Բանակայինները նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ 4 միավոր ավելի են վաստակել:

4. Նախորդ տուրում «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վսևոլոդ Երմակովն ինքնատիպ նվաճման էր հասել՝ Fastex ՀՊԼ-ում առանց փոխարինման, անընդմեջ անցկացնելով 60-րդ խաղը: Նա գերազանցել էր «Բանանցի» նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992-1993թթ. անընդմեջ մասնակցել էր իր թիմի անցկացրած բոլոր 59 խաղերին: 

Առաջնության վերջին երկու հանդիպումներում ռուս դարպասապահը գոլ բաց չի թողել: Եթե ԲԿՄԱ-ի հետ խաղում էլ դարպասն անառիկ մնա, ապա Երմակովը Fastex ՀՊԼ-ում 60-րդ «չոր» խաղը կանցկացնի, ինչը ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի դարպասապահների մեջ: Ընթացիկ առաջնությունում փորձառու դարպասապահն անցկացրած 26 հանդիպումներից 15-ում դարպասն անառիկ է պահել՝ ցույց տալով լավագույն արդյունքն առաջնության մասնակիցների մեջ: 

Դիմակայության  լավագույն ռմբարկուները  

«Արարատ-Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 4 գոլ:

ԲԿՄԱ` Միքայել Միրզոյան - 2 գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանը, որը նախորդ տուրում Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղն էր անցկացրել:

«Արարատ»  - «Ուրարտու»  

Ապրիլի 16, ժամը՝ 16:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

79 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 39, գրանցվել է 22 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 77-117

1-ին շրջան. 30.09.2022 «Արարատ» - «Ուրարտու»՝ 0-2 (0-0)  

Գոլերը՝ 0-1՝ Դմիտրո Խլյոբաս 90՛, 0-2՝ Լեոն Սաբուա 90+4՛:

2-րդ շրջան. 22.11.2022  «Ուրարտու»  - «Արարատ» ՝ 2-1 (2-1)

Գոլերը՝ 1-0՝ Եվգենի Ցիմբալյուկ 7՛, 1-1՝ Ամարա Տրաորե 21՛, 2-1՝ Կարեն Մելքոնյան 34՛:

«Արարատ»՝ 7-րդ տեղ (28 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (62 միավոր): 

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Արարատը» Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ անցկացրած 2-րդ խաղում էլ հաղթեց՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ: Սիմոնյանը փաստաթղթերով «Արարատի» գլխավոր մարզիչն էր Արամ Ոսկանյանի պաշտոնանկությունից հետո, սակայն փաստացի արարատցիների գործողությունները ղեկավարում էր Ալեքսանդր Պետրոսյանը:

2. Նախորդ տուրում ընդհատվեց «Ուրարտուի» 7 անընդմեջ հաղթանակների շարքը: Առաջնության առաջատարը գարնանային հատվածում առաջին գոլերը բաց թողեց և առաջին անգամ խաղադաշտից պարտված հեռացավ՝ սեփական դաշտում 1-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Նախորդ պարտությունը Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը կրել էր անցյալ տարվա նոյեմբերի 30-ին՝ սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ընդունելով «Արարատ-Արմենիայից»:

«Ուրարտուն» միակ թիմն էր, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Փյունիկը» դեռ միավոր չէր վաստակել: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 3 խաղերից 2-ում հաղթել էր «Ուրարտուն», մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Այս պարտությունից հետո չեմպիոնական մրցավազքում պայքարը զգալիորեն սրվեց: «Ուրարտուն» ընդամենը 3 միավորով է գերազանցում 2-րդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիային», իսկ «Փյունիկից» միավորների տարբերությունը կրճատվեց ու հասավ 7-ի:

3. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» այդպես էլ  չհաջողվեց հաղթել «Արարատին»՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Արարատի» նկատմամբ «Ուրարտուն» տարել էր 2021թ. մայիսի 22-ին կայացած խաղում Վադիմ Պարամոնովի և Արթուր Միրանյանի խփած գոլերի շնորհիվ: 
Իսկ ահա ընթացիկ առաջնությունում արդեն «Արարատին» դեռ չի հաջողվել միավոր վաստակել «Ուրարտուի» հետ կայացած 2 հանդիպումներում:

4. «Արարատի» կազմում արդյունավետությամբ աչքի է ընկնում Ռազմիկ Հակոբյանը, որի հաշվին 6 գոլ է գրանցված: Գոլերից 4-ը նա խփել է առաջնության գարնանային հատվածի վերջին 5 հանդիպումներում:

«Ուրարտուի» ռմբարկուների ցանկը 7-ական գնդակով գլխավորում են Նարեկ Գրիգորյանը, Դմիտրո Խլյոբասն ու Մաքսիմ Մայրովիչը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝  Վահե  Յաղմուրյան - 5 գոլ:

«Ուրարտու»՝  Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

Հանդիպմանը չի մասնակցի 5 դեղին քարտ ստացած «Ուրարտուի» պաշտպան Եվգենի Ցիմբալյուկը:

«Շիրակ» - «Լեռնային Արցախ» 

Ապրիլի 16, ժամը՝ 20:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

21 խաղ, «Շիրակը» հաղթել է 16 անգամ, «Լեռնային Արցախը»՝ 3, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 53-15

1-ին շրջան. 01.10.2022  «Շիրակ» - «Լեռնային Արցախ»՝ 1-2 (1-2)

Գոլերը՝ 0-1՝ Տիգրան Սիմոնյան 20՛, 0-2՝ Յեիսոն Ռասինես 39՛, 1-2՝ Մուսա Փոլ Բակայոկո 45՛:

2-րդ շրջան. 20.11.2022   «Լեռնային Արցախ» - «Շիրակ»՝ 0-0 

«Շիրակ»՝ 6-րդ տեղ (28 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. «Նոայի» հետ նախորդ տուրի խաղում «Շիրակը» շատ մոտ էր 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնելուն: Սեփական դարպասը 2 գոլ բաց թողնելուց հետո շիրակցիները կարողացան հաշվի մեջ առաջ անցնել, սակայն ավելացված ժամանակում ձեռքից բաց թողեցին հաղթանակը: Գրանցվեց գերարդյունավետ ոչ-ոքի՝ 3-3:

2. Այս հանդիպմանը «Լեռնային Արցախը» նախապատրաստվել է նոր գլխավոր մարզիչ Արմեն Ադամյանի գլխավորությամբ, որն այդ պաշտոնում փոխարինել է կրտսեր եղբորը՝ Արտաշես Ադամյանին: Վերջինս բավական ժամանակ որակազրկված էր և հնարավորություն չուներ տեխնիկական գոտուց ղեկավարելու ֆուտբոլիստների գործողությունները: Արմեն Ադամյանին մարզչական աշխատանքում կօգնի Արթուր Ասոյանը, որն առաջնության աշնանային հատվածում «Վանի» գլխավոր մարզիչն էր:

3. «Լեռնային Արցախը» 9-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ նախորդ տուրում Վայքում 0-2 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Առաջնության վերջին 13 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:

Արդեն 5 խաղ՝ 488 րոպե շարունակ արցախցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլն առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է փետրվարի 28-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն:

Առաջնության 5-րդ անընդմեջ խաղում «Լեռնային Արցախը» պատժվեց 11մ հարվածով: Այդ հանդիպումներում թիմի դարպասին 11մ 7 հարված է նշանակվել, որից իրացվել է 6-ը, իսկ բանակային Գրենիկ Պետրոսյանի հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից: Ընդ որում ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» հետ խաղերում «Լեռնային Արցախի» դարպասին 2-ական 11մ  հարված է նշանակվել:

4. Մրցակիցների միջև առաջին շրջանում կայացած հանդիպումը «Շիրակի» համար հոբելյանական՝ 800-րդն էր Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշը ռեկորդային է Հայաստանի առաջնություններում: Հերթական հանդիպումը կլինի 818-րդը շիրակցիների համար, որոնց ընթացիկ առաջնությունում դեռ չի հաջողվել հաղթել «Լեռնային Արցախին»:

5. «Շիրակը» համալրել է Դմիտրիե Պոբուլիչը, որը Հայաստան է վերադարձել Ուզբեկստանի «Բունյոդկորից»: Սերբ ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջաններում խաղացել է «Արարատում», որի կազմում Fastex ՀՊԼ-ում անցկացրած 29 խաղում 7 գոլ է խփել:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 7 գոլ:

«Լեռնային Արցախ»՝ Գրիգոր Ղահրամանյան, Արթուր Ս. Մինասյան - 2-ական գոլ:

5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «Լեռնային Արցախի» պաշտպան Արամ Կոստանդյանը:

«Վան» - «Նոա» 

Ապրիլի 17, ժամը՝ 16:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ 

9 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Նոան»՝ 4, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 8-15

1-ին շրջան. 02.10.2022 «Վան» - «Նոա»՝ 2-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Լևոն Վարդանյան 42՛, 1-1՝ Արտյոմ Բիլի 76՛, 2-1՝ Էդգար Մովսեսյան 88՛, 2-2՝ Իսրայել Օպոկու 90+3՛:

2-րդ շրջան. 20.11.2022  «Նոա» - «Վան»՝ 2-2 (1-0)   

Գոլերը՝ 1-0՝ Լևոն Վարդանյան 7՛, 11մ, 1-1՝ Սանի Բուհարի 55՛, 2-1՝ Գուդնյուզ Իգբոկվե 66՛, 2-2՝ Բոգդան Միցիկ 90+5՛:

«Վան»՝ 5-րդ տեղ (30 միավոր), «Նոա»՝ 9-րդ տեղ (19 միավոր): 

Հետաքրքիր  փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության գարնանային հատվածում անհաջող ելույթները շարունակեց «Վանը»՝ հյուրընկալվելիս 1-3 հաշվով պարտվելով «Ալաշկերտին»: Դա առաջնությունում թիմի կրած 3-րդ անընդմեջ պարտությունն էր: Բոլիվիացի մարզչի գլխավորությամբ անցկացրած առաջնության 7 հանդիպումներում «Վանն» ընդամենը 3 միավոր է վաստակել «Արարատի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ: 

2. Նախորդ տուրում «Նոան» սեփական դաշտում 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը «Շիրակի» հետ: «Նոան» հաշվի մեջ առջում էր 2-0 հաշվով, սակայն հետագայում շիրակցիներին հաջողվեց  3 գոլ խփել:  «Նոային» պարտությունից փրկեց ավելացված ժամանակում կորեացի Կիմի խփած գոլը: Այդ խաղում շիրակցի Ռաֆիկ Միսակյանի խփած գնդակը դարձել էր Fastex ՀՊԼ-ում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 350-րդ գոլը: 

3. Fastex ՀՊԼ-ում «Նոան» 2-րդ անգամ խաղն ավարտեց 3-3 հաշվով: Նման արդյունք գրանցվել էր նախորդ առաջնությունում «Նորավանքի» հետ կայացած խաղում: Ընթացիկ առաջնությունում «Նոան» 3-րդ անգամ մեկ խաղում 3 գոլ խփեց: Դա թիմին հաջողվել էր «Ալաշկերտի» հետ անցկացրած երկու հանդիպումներում, որոնցից մեկում պարտվել էր (3-4), մյուսում 3-2 հաշվով հաղթել էր:

4. Նախորդ առաջնությունում «Վանին» միայն 4-րդ շրջանի խաղում հաջողվեց հաղթել «Նոային»: Իսկ մինչև այդ, «Նոան» 2 հաղթանակ էր տարել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Ընթացիկ առաջնության երկու հանդիպումներում էլ գրանցվել է գոլառատ ոչ-ոքի միևնույն 2-2 հաշվով:   

5. «Նոայից» հեռացել է կիսապաշտպան Վահագն Հայրապետյանը, որը Fastex ՀՊԼ-ում ընդհանուր առմամբ 106 խաղ է անցկացրել: Նա ելույթները կշարունակի ղազախական «Ակժայիկում»:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Էդգար Մովսեսյան - 2 գոլ:

«Նոա»՝ Վադիմ Պայռելի - 2 գոլ:

«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի 5 դեղին քարտ ստացած Ռումյան Հովսեփյանը: Քարտերից 4-ին նա արժանացել է առաջնության գարնանային հատվածում «Վանում» անցկացրած 7 հանդիպումներում: Իսկ առաջին զգուշացումը փորձառու ֆուտբոլիստը ստացել էր «Ալաշկերտում» աշնանային հատվածում ելույթ ունենալիս:

«Փյունիկ» - «Ալաշկերտ» 

Ապրիլի 17, ժամը՝ 19:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

39 խաղ, «Փյունիկը» հաղթել է 16 անգամ, «Ալաշկերտը»՝ 11, գրանցվել է 12 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 61-48

1-ին շրջան. 01.10.2022 «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 5-1 (2-0)  

Գոլերը՝ 1-0՝ Յուսուֆ Օտուբանջո 12՛, 2-0՝ Հովհաննես Հարությունյան 40՛, 11մ, 3-0՝ Լուկա Յուրիչիչ 51՛, 3-1՝ Բլադիմիր Դիաս 65՛, 4-1-5-1՝ Խոսե Կառաբալյո 79, 82: 

2-րդ շրջան. 22.11.2022  «Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1-2 (0-1) 

Գոլերը՝ 0-1՝ Լուկա Յուրիչիչ 42՛, 1-1՝ Կևին Ռեյես 86՛, 1-2՝ Դիդիե Բորիս Կադիո 90+3՛, ինքնագոլ:

«Փյունիկ»՝ 3-րդ տեղ (55 միավոր), «Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (45 միավոր): 

Հետաքրքիր փաստեր՝  հանդիպմանն ընդառաջ

1. Տուրի կենտրոնական հանդիպումը մեծ հետաքրքրությամբ է սպասվում: «Փյունիկը» նախորդ խաղում չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարում անչափ կարևոր ու սկզբունքային մրցավեճում 3-1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Ուրարտուի» նկատմամբ և առաջատարից միավորների տարբերությունը հասցրեց 7-ի: 

Ինչպես նախորդ մրցաշրջանում, ընթացիկ առաջնությունում էլ փյունիկցիները գերազանց ելույթներ են ունենում գարնանային հատվածում: Հայաստանի գործող չեմպիոնը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Այդ հանդիպումներում փյունիկցիները 24 գոլ են խփել: 

Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության գարնանային հատվածի մեկնարկային 7 խաղերում «Փյունիկը» 6 հաղթանակ էր տարել, «Վանի» հետ հանդիպումն էլ ավարտել էր ոչ-ոքի: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը նախորդ առաջնության 26 հանդիպումներում վաստակած 63 միավորով գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ 2 միավորով գերազանցելով իրեն հետապնդող «Արարատ-Արմենիային»:

2. Նախորդ խաղում «Ալաշկերտը» սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել էր «Վանին» ու պահպանել էր 10 միավորի տարբերությունը «Փյունիկից»: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը պայքարում է եվրագավաթների ուղեգրի համար և այդ պայքարում չափազանց կարևոր է հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ: Հակառակ դեպքում ալաշկերտցիները գործնականում կզրկվեն մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Այդ դեպքում եվրագավաթներին մասնակցելու միակ հնարավորությունն «Ալաշկերտը» կստանա միայն «Ուրարտուի» գավաթակիր դառնալու պարագայում:

3. Նախորդ առաջնությունում «Փյունիկն» այն երկու թիմերից մեկն էր  (մյուսն «Արարատ-Արմենիան» էր), որին «Ալաշկերտը» չկարողացավ հաղթել՝ կրելով խոշոր հաշվով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Ընթացիկ առաջնությունում էլ «Փյունիկը» միակն է, որի հետ մրցավեճում «Ալաշկերտը» դեռ միավոր չի վաստակել:  Արդեն 6 խաղ է, ինչ ալաշկերտցիներին չի հաջողվել առաջնությունում հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը գրանցվել է 2021թ. մայիսի 6-ին: Հանդիպման ելքը վճռել էր ալաշկերտցի Բրանկո Միհայլովիչի խփած միակ գոլը: Ի դեպ, դա Բարձրագույն խմբում «Ալաշկերտի» հոբելյանական՝ 100-րդ հաղթանակն էր:

Հետաքրքիր է, որ մինչև 2021/22թթ. առաջնության երկրորդ շրջանում «Փյունիկից» խոշոր հաշվով պարտվելը, մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 հանդիպումներից 2-ում հաղթել էր «Ալաշկերտը», 4-ում գրանցվել էր ոչ-ոքի: 

4. Յուսուֆ Օտուբանջոն «Ուրարտուի» հետ խաղում 12-րդ գոլը խփեց ու շրջանցելով նախկին ալաշկերտցի Բլադիմիր Դիասին և «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզային, գլխավորեց լավագույն ռմբարկուների ցանկը: Գոլերից 8-ը նիգերիացի հարձակվողը խփել է գարնանային հատվածի 7 հանդիպումներում: Այդ ընթացքում միայն «Նոային» է հաջողվել անառիկ պահել դարպասն Օտուբանջոյի հարվածներից:

Եթե 31-ամյա Օտուբանջոյին հաջողվի գրավել «Ալաշկերտի» դարպասը, ապա ոչ միայն Fastex ՀՊԼ-ում 40-րդ գոլը կխփի, այլև կգերազանցի Անդրե Մենսալաոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2021թ. «Լոռիում» և «Սևանում» խաղալիս առաջնությունում 8 գոլ էր խփել:

5. «Ալաշկերտի» ներկայիս կազմից ընթացիկ առաջնությունում առավել արդյունավետ է գործում Արտակ Եդիգարյանը, որի հաշվին 7 գոլ է գրանցված: Գոլերից 5-ը նա խփել է 11մ հարվածներով: Fastex ՀՊԼ-ում խփած գոլերի ընդհանուր քանակով (58) Եդիգարյանն ընթացիկ առաջնության մասնակիցներից ամենաարդյունավետն է:

6. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը հերթական ուշագրավ ցուցանիշները կգրանցի: «Ալաշկերտի» ավագը Fastex ՀՊԼ-ում 366-րդ խաղը կանցկացնի և Հայաստանի առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցելով Սարգիս Հովսեփյանին, կեզրափակի լավագույն եռյակը: Առաջին երկու տեղերում են նախկին շիրակցիներ Հովհաննես Թահմազյանը (461 խաղ) և Տիգրան Դավթյանը (409): 

Այս հանդիպումն Արտակ Գրիգորյանի համար կլինի 200-րդը Fastex ՀՊԼ-ում «Ալաշկերտի» կազմում: Նա կդառնա այդ ցուցանիշին հասած թիմի առաջին ֆուտբոլիստը: Գրիգորյանը կհամալրի Հայաստանի առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի» ակումբը՝ դառնալով 23-րդ անդամը: Այդ ակումբում ընդգրկված են միևնույն թիմի կազմում Fastex ՀՊԼ-ում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը 8-րդ մրցաշրջանն է անցկացնում «Ալաշկերտում», որի կազմում նորամուտը նշել է 2015/16թթ. առաջնությունում: Մինչև այդ, նա խաղացել էր «Արարատում», «Ուլիսում», «Գանձասար-Կապանում» և «Միկայում»:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե - 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ: 

«Ալաշկերտի» համար մեծ կորուստ կլինի 5-րդ դեղին քարտին արժանացած Արտակ Եդիգարյանի բացակայությունը:

Հանդիպմանը չի մասնակցի նաև թիմի պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին, որը նախորդ տուրում հեռացվել էր խաղադաշտից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա