Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ապրիլի 9-ին կմեկնարկի 26-րդ տուրը: VNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Ալաշկերտ» - «Վան»
Ապրիլի 9, ժամը՝ 16:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
9 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 5 անգամ, «Վանը»՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-7
1-ին շրջան. 16.09.2022 «Ալաշկերտ» - «Վան»՝ 0-0
2-րդ շրջան. 13.11.2022 «Վան» - «Ալաշկերտ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Մուբարաք Ահմեդ 84՛:
«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (42 միավոր), «Վան»՝ 5-րդ տեղ (30 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Ալաշկերտն» առաջնության գարնանային հատվածում առաջին պարտությունը կրեց՝ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջելով առաջատար «Ուրարտուին»: Վահե Գևորգյանի գլխավորությամբ անցկացրած 5 հանդիպումներում ալաշկերտցիները 8 միավոր են վաստակել:
2. Նախորդ տուրն անհաջող էր նաև «Վանի» համար, որը Գյումրիում նվազագույն հաշվով պարտվեց «Շիրակին»: Դա Fastex ՀՊԼ-ում շիրակցիների հետ անցկացրած 6 հանդիպումներում «Վանի» կրած առաջին պարտությունն էր: Նախորդ 5 խաղերից 3-ում հաղթել էր «Վանը», 2-ում գրանցվել էր ոչ-ոքի:
«Վանն» առաջնության երկրորդ հատվածում չափազանց անհաջող է ելույթ ունենում՝ 6 հանդիպումներում վաստակելով ընդամենը 3 միավոր: Գարնանը «Վանը» միակ հաղթանակը տարել է «Արարատի» նկատմամբ (3-1): Այդ հաղթանակը կարելի է պատմական համարել «Վանի» համար, քանի որ մինչև այդ Fastex ՀՊԼ-ում «Արարատի» հետ անցկացրած առաջնության նախորդ 9 հանդիպումներից 6-ում պարտվել էր, 3-ն ավարտել էր ոչ-ոքի: Այդ հաղթանակով «Վանն» ընդհատել էր առաջնությունում 4 անընդմեջ պարտությունների շարքը:
3. «Վանը» միակ թիմն է, որի հետ ընթացիկ առաջնությունում անցկացրած հանդիպումներում «Ալաշկերտին» չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Վերջին գոլը «Վանին» «Ալաշկերտը» խփել է անցյալ տարվա ապրիլի 28-ին Չարենցավանում կայացած խաղում: Հանդիպման 10-րդ րոպեին Ֆոֆանա Բեկոն գրավել է Դավիթ Պապիկյանի պաշտպանած դարպասը: Այնպես որ, արդեն 260 րոպե շարունակ ալաշկերտցիները չեն գտել «Վանի» դարպասի բանալին:
4. «Վանի» հետ անցյալ տարվա նոյեմբերի 13-ին կայացած մրցավեճը հիշարժան էր Արտակ Գրիգորյանի համար, որը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 500-րդ խաղն էր անցկացրել: Հերթական հանդիպումը կլինի «Ալաշկերտի» ավագի 365-րդ խաղը Fastex ՀՊԼ-ում: Այդ ցուցանիշով Գրիգորյանը կհավասարվի «Փյունիկի» երկարամյա նախկին ավագ Սարգիս Հովսեփյանին:
5. Իր նախկին թիմի դեմ հանդիպմանը մասնակցելու դեպքում «Վանի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հայկական ակումբներում, Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականներում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 300-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Դավիդ Դավիդյան - 2 գոլ:
«Վան»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա - 2 գոլ:
«Վանի» կազմում հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Գևորգ Նաջարյանը:
ԲԿՄԱ - «Արարատ»
Ապրիլի 9, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
7 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 3 անգամ, «Արարատը»՝ 3, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 9-11
1-ին շրջան. 17.09.2022 ԲԿՄԱ - «Արարատ»՝ 2-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Սերոբ Գալստյան 26՛, 1-1՝ Գոռ Լուլուկյան 56՛, 2-1՝ Գևորգ Տարախչյան 78՛:
2-րդ շրջան. 08.12.2022 «Արարատ» - ԲԿՄԱ՝ 0-0
ԲԿՄԱ՝ 10-րդ տեղ (17 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (25 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. ԲԿՄԱ-ն առաջնության գարնանային հատվածում 3-րդ պարտությունը կրեց՝ 0-3 հաշվով զիջելով «Փյունիկին»: Վերջին երկու հանդիպումներում բանակայինները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: ԲԿՄԱ-ն առաջնության երկրորդ հատվածում անցկացրած 5 հանդիպումներում ընդամենը 4 միավոր է վաստակել:
2. Նախորդ տուրը հաջող էր «Արարատի» համար, որն առաջնության գարնանային հատվածում առաջին միավորները վաստակեց՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Լեռնային Արցախին»: «Արարատն» ընդհատեց 4 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակների 5 խաղերի շարքը: Նախորդ հաղթանակն արարատցիները տարել էին անցյալ տարվա դեկտեմբերի 4-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 4 հանդիպումներից 3-ում հաղթել է ԲԿՄԱ-ն, մեկն ավարտվել է ոչ-ոքի: Ընդ որում, նախորդ առաջնության 3-րդ շրջանի խաղում, որում ԲԿՄԱ-ն հաղթել էր 3-2 հաշվով, բանակային Նարեկ Ալավերդյանի խփած գնդակը Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում «Արարատի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 2200-րդ գոլն էր: Վերջին անգամ «Արարատը» ԲԿՄԱ-ին հաղթել է 2021թ. դեկտեմբերի 4-ին՝ 2-1:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
ԲԿՄԱ՝ Նարեկ Ալավերդյան – 2 գոլ:
ԲԿՄԱ-ի կազմում խաղին չի մասնակցի նախորդ տուրում կարմիր քարտի արժանացած Արայիկ Էլոյանը:
«Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»
Ապրիլի 10, ժամը՝ 16:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ
2 խաղ, որոնցում հաղթել է «Արարատ-Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-2
1-ին շրջան. 17.09.2022 «Լեռնային Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Տենտոն Յենե 48՛:
2-րդ շրջան. 09.12.2022 «Արարատ-Արմենիա» - «Լեռնային Արցախ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Ռոմերսիո 76՛:
«Լեռնային Արցախ»՝ 8-րդ տեղ (21 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 2-րդ տեղ (56 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Լեռնային Արցախը» շարունակեց անհաջող ելույթների շարքը՝ կրելով 8-րդ անընդմեջ պարտությունը: Առաջնության նորեկը հյուրընկալվելիս 0-2 հաշվով զիջեց «Արարատին»: Առաջնության վերջին 12 հանդիպումներում «Լեռնային Արցախը» հաղթանակ չի տարել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Առաջնությունում վերջին հաղթանակն արցախցիները տարել են անցյալ տարվա հոկտեմբերի 24-ին՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով ԲԿՄԱ-ի նկատմամբ:
Արդեն 4 խաղ՝ 398 րոպե շարունակ արցախցիները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Վերջին գոլն առաջնությունում «Լեռնային Արցախի» օգտին գրանցվել է փետրվարի 28-ին «Ալաշկերտի» հետ կայացած հանդիպման 52-րդ րոպեին: Գոլի հեղինակ է դարձել Օլաոլուվա Օջետունդեն:
2. Իսկ ահա «Արարատ-Արմենիան» շարունակեց առաջնությունում անպարտելի 15 խաղերի ռեկորդային շարքը՝ տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Հայաստանի կրկնակի չեմպիոնը սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Նոայի» դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմի տարած խոշոր հաշվով 8-րդ հաղթանակն էր:
3. Ուիլֆրեդ Կուասի Էզան «Նոայի» հետ խաղում բացեց գոլերի հաշիվն առաջնության գարնանային հատվածում՝ դառնալով դուբլի հեղինակ: Էզան 11 գնդակով Յուսուֆ Օտուբանջոյի և Բլադիմիր Դիասի հետ գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Վսևոլոդ Երմակովը Հայաստանի առաջնություններում խաղացած դարպասապահների մեջ ինքնատիպ նվաճման կհասնի: «Լեռնային Արցախի» հետ հանդիպումը կլինի Fastex ՀՊԼ-ում անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած 60-րդ խաղը: Երմակովը կգերազանցի «Բանանցի» նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ռեկորդային ցուցանիշը, որը 1992-1993թթ. անընդմեջ մասնակցել էր իր թիմի անցկացրած բոլոր 59 խաղերին: Ընդ որում, որոշ հանդիպումներում Նաջարյանը փոխարինվել էր:
Երմակովը նախորդ առաջնությունում առանց փոխարինման պաշտպանել էր «Արարատի» դարպասն առաջնության բոլոր 34 հանդիպումներում, ընթացիկ առաջնությունում էլ նա անփոխարինելի էր «Արարատ-Արմենիայում» անցկացրած նախորդ 25 խաղերում:
Վերջին անգամ ռուս դարպասապահն իր թիմի կազմից բացակայել է 2021թ. մայիսի 28-ին «Շիրակի» հետ կայացած խաղում: 2020/21թթ. առաջնության վերջին տուրի այդ խաղում Վարդան Բիչախչյանը Երմակովի փոխարեն «Արարատի» դարպասի պաշտպանությունը վստահել էր Պողոս Այվազյանին՝ ընդհատելով մինչև այդ անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած նրա 50 խաղերի շարքը: Այնպես որ, եթե Բիչախչյանն այդ քայլին դիմած չլիներ, ապա Երմակովի ցուցանիշն էլ ավելի տպավորիչ կլիներ՝ 109 խաղ անընդմեջ առանց փոխարինման:
5. «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Կարեն Մուրադյանի համար էլ «Լեռնային Արցախի» հետ հանդիպումը կլինի Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 250-րդ խաղը: Նշանակալի հոբելյան կարող է նշել նաև «Լեռնային Արցախի» նորեկ Ալիկ Առաքելյանը, եթե խաղադաշտ դուրս գա: Դա կլինի ֆուտբոլային կարիերայում նրա 300-րդ պաշտոնական խաղը:
Այս խաղում «Լեռնային Արցախի» դարպասը չի կարող պաշտպանել նախորդ տուրում խաղադաշտից հեռացված Վյաչեսլավ Գրիգորյանը:
«Նոա» - «Շիրակ»
Ապրիլի 11, ժամը՝ 16:00, Աբովյան, Քաղաքային մարզադաշտ
13 խաղ, «Նոան» հաղթել է 4 անգամ, «Շիրակը»՝ 6, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 16-18
1-ին շրջան. 16.09.2022 «Նոա» - «Շիրակ»՝ 1-3 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Լևոն Վարդանյան 24՛, 1-1՝ Արտեմ Գևորգյան 35՛, 11մ, 1-2՝ Դոնալդ Կոդիա 67՛, 1-3՝ Մուսա Փոլ Բակայոկո 70՛:
2-րդ շրջան. 08.12.2022 «Շիրակ» - «Նոա»՝ 2-0 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Մուսա Փոլ Բակայոկո 39՛, 2-0՝ Լյովա Մրյան 90+1՛:
«Նոա»`9-րդ տեղ (18 միավոր), «Շիրակ»՝ 6-րդ տեղ (27 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Նոան» նախորդ տուրում հյուրընկալվելիս 0-3 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 5-րդ պարտությունը: Առաջնության գարնանային հատվածի 5 խաղերում «Նոան» 6 միավոր է վաստակել:
2. «Շիրակի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան առաջնության հերթական հանդիպմանը, քանի որ Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչում համառ ու դրամատիկ պայքարում հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթելով «Փյունիկին», 6-ամյա ընդմիջումից հետո կրկին եզրափակիչի ուղեգիր նվաճեցին: «Շիրակը» պատվավոր մրցանակը կվիճարկի «Ուրարտուի» հետ:
Կիսաեզրափակիչին նախորդած առաջնության խաղում էլ գյումրեցիները հաջողության հասան՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Վանին», որին Fastex ՀՊԼ-ում առաջին անգամ հաղթեցին:
Որքան էլ որ տարօրինակ է, սակայն ընթացիկ առաջնությունում «Շիրակը» մրցակիցների դաշտում ավելի հաջող է խաղում, քան Գյումրիում: Հյուրընկալվելիս անցկացրած առաջնության 14 հանդիպումներում շիրակցիները 16 միավոր են վաստակել, մինչդեռ Գյումրիում կայացած 13 խաղերում թիմի օգտին ընդամենը 11 միավոր է գրանցվել:
3. Առաջին շրջանում տարած հաղթանակով «Շիրակն» ընդհատել էր առաջնությունում «Նոայի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում խոշոր հաշվով 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Շիրակը» տոնել էր 2020թ. հունիսի 11-ին՝ Գյումրիում առավելության հասնելով 2-0 հաշվով:
Իսկ ընթացիկ առաջնությունում արդեն «Նոան» դեռ միավոր չի վաստակել «Շիրակի» հետ մրցավեճում:
4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Շիրակի» պաշտպան Մարկո Պրլևիչը հայկական ակումբներում պաշտոնական մրցումներում 159-րդ խաղը կանցկացնի ու կընդգրկվի ամենափորձառու լեգեոնականների տասնյակում: Սերբ ֆուտբոլիստը ցանկից դուրս կթողնի Անատոլի Այվազովին, որը 158 խաղ է անցկացրել: Ռեկորդակիրը «Միկայի» բրազիլացի նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվան է, որը մասնակցել է պաշտոնական 291 խաղի: Իսկ ընթացիկ առաջնության մասնակից լեգեոնականներից լավագույն արդյունքն ունի Վբեյմար Անգուլոն՝ 207 խաղ:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով - 3 գոլ:
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 3 գոլ:
«Ուրարտու» - «Փյունիկ»
Ապրիլի 11, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ
93 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 23 անգամ, «Փյունիկը» ՝ 47, գրանցվել է 23 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 99-157
1-ին շրջան. 19.09.2022 «Ուրարտու» - «Փյունիկ»՝ 2-1 (0-0)
Գոլերը՝ 1-0՝ Միխայիլ Կովալենկո 54՛, ինքնագոլ, 1-1՝ Յուսուֆ Օտուբանջո 67՛, 2-1՝ Նարեկ Գրիգորյան 76՛:
2-րդ շրջան. 09.12.2022 «Փյունիկ» - «Ուրարտու»՝ 0-3 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Մարկոս Ժունիոր 63՛, 0-2՝ Ուգոչուկվու Իվու 84՛, 0-3՝ Դմիտրո Խլյոբաս 90՛:
«Ուրարտու»՝ 1-ին տեղ (62 միավոր), «Փյունիկ»՝ 3-րդ տեղ (52 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Չեմպիոնի տիտղոսի համար պայքարող երկու թիմերի մրցավեճն ընթացիկ առաջնության ամենակարևորագույն հանդիպումներից մեկն է, որում հաղթանակի գինը շատ բարձր է: Պարտության դեպքում «Փյունիկը» գործնականում կզրկվի չեմպիոնի տիտղոսը պահպանելու հնարավորությունից, քանի որ «Ուրարտուից» միավորների տարբերությունը կհասնի 13-ի: Իսկ ահա հաղթանակը փյունիկցիներին հնարավորություն կընձեռի շարունակելու պայքարը ոսկե մեդալների համար: Այնպես որ, սպասվում է չափազանց անհաշտ ու հետաքրքիր մրցակցություն:
2. «Ուրարտուի» ֆուտբոլիստները բարձր տրամադրությամբ կներկայանան վճռորոշ հանդիպմանը: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը հաջողությամբ լուծեց Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչի ուղեգրի նվաճման խնդիրը՝ կիսաեզրափակիչում 4-0 հաշվով ջախջախելով «Գանձասարին»: «Ուրարտուն» երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչում կվիճարկի Հայաստանի գավաթը:
Անցյալ տարի «Ուրարտուն» Ռոբերտ Արզումանյանի գլխավորությամբ եզրափակիչում 0-2 հաշվով պարտվել էր «Նորավանքին»: Հիշեցնենք, որ գավաթի մրցաշարում վերջին հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015/16թթ. մրցաշրջանում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակիչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:
3. Իսկ ահա «Փյունիկին» կրկին չհաջողվեց գավաթի եզրափակիչի ուղեգիր նվաճել՝ Գյումրիում հետխաղյա 11մ հարվածաշարում պարտվելով «Շիրակին»: Հիշեցնենք, որ 8-ակի գավաթակիր «Փյունիկը» վերջին անգամ գավաթի եզրափակիչում խաղացել է 2016/17թթ. խաղարկությունում՝ 0-3 հաշվով պարտվելով «Շիրակին»:
Փոխարենը «Փյունիկը» գերազանց ելույթներ է ունենում առաջնության գարնանային հատվածում՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում էլ: Դրանցից 4-ում փյունիկցիները հաղթել են խոշոր հաշվով: Նախորդ տուրում Հայաստանի գործող չեմպիոնը 3 անպատասխան գնդակ էր ուղարկել ԲԿՄԱ-ի դարպասը:
4. «Ուրարտուն» էլ առաջնության գարնանային հատվածում տպավորիչ ելույթներով է աչքի ընկնում՝ հաղթելով բոլոր 5 խաղերում: Առաջնության առաջատարը նախորդ տուրում Fastex ՀՊԼ-ում իր հոբելյանական՝ 700-րդ խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Ալաշկերտին», 7-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: «Ուրարտուն» միակն է, որ առաջնության գարնանային հատվածում դեռ գոլ բաց չի թողել:
5. Նախորդ առաջնությունում «Ուրարտուին» միայն 4-րդ շրջանի խաղում էր (1-1) հաջողվել գրավել «Փյունիկի» դարպասն ու առաջին միավորը վաստակել: Այդ խաղում փյունիկցի Նիկիտա Բառանովի խփած գոլը հոբելյանական՝ 250-րդն էր մրցակիցների դիմակայությունում:
Ընթացիկ առաջնության առաջին շրջանում տարած հաղթանակով «Ուրարտուն» ընդհատեց «Փյունիկի» հետ դիմակայությունում առանց հաղթանակների 4 խաղերի շարքը, որի ընթացքում 3 պարտություն էր կրել, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի:
Նախորդ հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել էր 2021թ. մայիսի 28-ին կայացած 2020/21թթ. առաջնության ավարտական տուրի խաղում Արթուր Միրանյանի խփած միակ գոլի շնորհիվ:
«Ուրարտուն» միակ թիմն է, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Փյունիկը» դեռ միավոր չի վաստակել: Եթե «Ուրարտուին» հաջողվի գրավել մրցակցի դարպասը, ապա կխփի Fastex ՀՊԼ-ում «Փյունիկի» հետ դիմակայությունում հոբելյանական՝ 100-րդ գոլը:
6. Այս հանդիպումը Եղիշե Մելիքյանի և Դմիտրի Գունկոյի մարզչական 10-րդ դիմակայությունն է Fastex ՀՊԼ-ում: 5 հանդիպումներում հաղթել են Գունկոյի գլխավորած թիմերը, 3-ում «Փյունիկի» ղեկին Մելիքյանն է հաջողության հասել, մեկ խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:
Ընդ որում 2-ական անգամ «Ուրարտուն» և «Նոան» են Գունկոյի գլխավորությամբ հաղթել «Փյունիկին», մեկ անգամ էլ հաջողությունն ուղեկցել է «Արարատ-Արմենիային»: Մելիքյանի օրոք «Փյունիկը» 2 անգամ հաղթել է Գունկոյի գլխավորությամբ խաղացած «Արարատ-Արմենիային», որի հետ մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, մեկ անգամ էլ հաղթել է «Նոային»:
7. Արսեն Բեգլարյանն ընթացիկ առաջնության գարնանային հատվածի 5 հանդիպումներում դարպասն անառիկ է պահել: Վերջին գոլն առաջնությունում Բեգլարյանը բաց է թողել անցյալ տարվա սեպտեմբերի 10-ին «Ալաշկերտի» հետ կայացած խաղի 16-րդ րոպեին Տիագո Գալվաոյի հարվածից հետո: Այդ խաղից հետո նա մինչև առաջնության գարնանային հատվածի մեկնարկն այլևս խաղադաշտ դուրս չէր եկել:
Ընդհանուր առմամբ Բեգլարյանը 524 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: Եթե նրան հաջողվի «Փյունիկի» հետ մրցավեճում դարպասն առնվազն 53 րոպե անառիկ պահել, ապա կդառնա «Ուրարտուի» դարպասապահների մեջ յուրօրինակ ռեկորդակիր՝ գերազանցելով թիմի նախկին դարպասապահ Գարեգին Նաջարյանի ցուցանիշը: Վերջինս 1992թ. առաջնությունում «Բանանցի» դարպասը 576 րոպե շարունակ անառիկ էր պահել: Նշենք, որ դարպասն անընդմեջ անառիկ պահած րոպեների քանակով Բեգլարյանն իր լավագույն ցուցանիշը (568 րոպե) գրանցել է 2014թ.:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Սամվել Մելքոնյան - 6-ական գոլ:
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 9 գոլ: