Logo

Օտուբանջոն՝ 100 ռմբարկուների ցանկում, Էզան՝ հոբելյանական գոլի հեղինակ. Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:17 / 18.10.2022Հայկական ֆուտբոլ
Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուր

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում առաջատար «Ուրարտուն» շարունակեց հաղթարշավը, իսկ գործող չեմպիոն «Փյունիկը», սկզբունքային մրցավեճում հաղթելով «Արարատ-Արմենիային», մոտեցավ առաջատար եռյակին:

VNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 54 հանդիպումներից 20-ում հաղթել են դաշտի տերերը, 22-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 12 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

11-րդ տուրում գրանցվեց ամենացածր արդյունավետությունը. 5 խաղում խփվեց ընդամենը 8 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,6 գոլ): Առաջնության 54 հանդիպումներում գրանցվել է 130 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,4 գոլ):

2. «Ուրարտուն» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Վերջին 6 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ 5 հաղթանակ, մեկ ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում:

Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուր-1

3. «Արարատ-Արմենիան» 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Հայաստանի կրկնակի չեմպիոնն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ մեկ խաղում 2 գոլ բաց թողեց: Մինչև այդ, առաջնության 9 հանդիպումներում Վսևոլոդ Երմակովն ընդամենը 3 գոլ էր բաց թողել, 6 խաղում դարպասն անառիկ էր պահել:

«Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում «Արարատ-Արմենիան» պարտվել է, մեկում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին՝ 3-0:

4. Տուրում նշանակված 11մ 3 հարվածներից միայն մեկն անվրեպ իրացվեց: Դիպուկությամբ աչքի ընկավ «Վանի» հարձակվող Էդգար Մովսեսյանը՝ խոցելով ԲԿՄԱ-ի դարպասը: Դա «Վանի» ռմբարկուի արդեն 3-րդ դիպուկ հարվածն էր 11մ նշակետից: Մեկնարկային տուրում նա գրավել էր «Լեռնային Արցախի» դարպասը, իսկ հաջորդ խաղում դիպուկ էր իրացրել ԲԿՄԱ-ի դարպասին նշանակված 11մ հարվածը:

Իսկ ահա «Ուրարտուի» կիսապաշտպան Մարկոս Ժունիորը և «Նոայի» լեգեոնական Դրամանե Սալուն չկարողացան հաղթող դուրս գալ մրցակցի դարպասապահի հետ մենապայքարում: Շիրակցի Պողոս Այվազյանն ու «Լեռնային Արցախի» դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանը հետ մղեցին գնդակը:

5. «Ալաշկերտի» 33-ամյա բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց ու գերազանցեց Ֆոֆանա Բեկոյի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում «Ալաշկերտում» խաղացած ֆուտբոլիստներից առավել արդյունավետ էր գործել՝ խփելով 3 գոլ:

Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուր-2

6. «Ուրարտուի» կիսապաշտպան Մարկոս Ժունիորը և «Վանի» պաշտպան Բոգդան Միցիկը բացեցին գոլերի հաշիվը Fastex ՀՊԼ-ում: Միցիկն ընդգրկվեց Fastex ՀՊԼ-ում «Վանի» կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնականների տասնյակում՝ ԲԿՄԱ-ի դարպասը գրավելով 24 տարեկան 221 օրականում: Միցիկի խփած գնդակը դարձավ Fastex ՀՊԼ-ում ԲԿՄԱ-ի մասնակցությամբ հանդիպումներում գրանցված ընդհանուր 150-րդ գոլը:

Մարկոս Ժունիորի գոլն էլ Fastex ՀՊԼ-ում «Շիրակի» բաց թողած 950-րդ գնդակն էր: Ավելի շատ գոլ Հայաստանի առաջնություններում բաց է թողել միայն «Արարատը»՝ 973:

7. Ուիլֆրեդ Կուասի Էզան դարձավ Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը: Կոտդվուարցի ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում խփեց 3-րդ գոլը, որը 19-րդն էր Բարձրագույն խմբում:

Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուր-2

8. Յուսուֆ Օտուբանջոն ընթացիկ առաջնությունում խփեց 4-րդ գոլը, որը Fastex ՀՊԼ-ում նիգերիացի ֆուտբոլիստի 31-րդ գնդակն էր: Օտուբանջոն ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Նա այդ ցանկում այլազգի 7-րդ ֆուտբոլիստն է Մարկոս Պիզելիից (75), Ջոնել Դեսիրեից (41), Սերժ Դեբլեից (37), Ալեքս դա Սիլվայից (36), Արա Եվդոկիմովից (35) և Մաիլսոն Լիմայից (32) հետո:

Օտուբանջոն վերջին պաշտոնական 6 հանդիպումներից 5-ում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ: Գոլերից 2-ը նրա հաշվին գրանցվել է եվրագավաթներում «Սլովանի» և «Ժալգիրիսի» հետ հանդիպումներում:

9. Արտակ Եդիգարյանը Fastex ՀՊԼ-ում 290-րդ խաղն անցկացրեց և ընդգրկվեց 21-րդ դարում Հայաստանի առաջնություններում առավել շատ խաղերի մասնակցած ֆուտբոլիստների տասնյակում: Այդ ցանկը 355 խաղով գլխավորում է «Շիրակի» նախկին ավագ Տիգրան Դավթյանը: Նրա ցուցանիշը կարող է գերազանցել «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը, որը 351 խաղ է անցկացրել Fastex ՀՊԼ-ում:

Fastex ՀՊԼ-ի 11-րդ տուր-3

10. «Փյունիկի» 36-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն Fastex ՀՊԼ-ում 31-րդ խաղն անցկացրեց ու գերազանցեց «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու տարիքային ռեկորդը: Վերջինս այլազգի դարպասապահներից այդ տարիքում Բարձրագույն խմբում բոլորից շատ՝ 30 խաղի էր մասնակցել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ