Logo

Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
09:55 / 04.10.2022Հայկական ֆուտբոլ
Արարատ-Արարատ-Արմենիա

Ֆուտբոլի Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի հոկտեմբերի 4-ին։ Առաջին խաղային օրը Երևանի «Արարատը» 1/8 եզրափակիչում կընդունի «Արարատ-Արմենիային»։

«Արարատ» - «Արարատ-Արմենիա»

Հոկտեմբերի 4, ժամը՝ 15:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ
2 խաղ, «Արարատը» հաղթել է 1 անգամ, «Արարատ-Արմենիան»՝1, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Այս հանդիպումով մեկնարկում է Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկությունը: «Կույր» վիճակահանությամբ 1/8 եզրափակչում միմյանց հետ կմրցեն Բարձրագույն խմբի երկու թիմեր, որոնք գավաթի խաղարկություններում հաջողություններ են ունեցել: Եվ այս թիմերից մեկը ստիպված կլինի առաջին փուլից հետո լքելու գավաթի մրցաշարը: Նշենք, որ գավաթի ընթացիկ խաղարկությունում մրցակիցները միմյանց հետ միայն մեկ խաղ են անցկացնելու:

2. Գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները 2-րդ անգամ են հատվում: Առաջին դիմակայությունը տեղի է ունեցել գավաթի 2020-21թթ. խաղարկության կիսաեզրափակչում: Անցյալ տարվա ապրիլի 20-ին կայացած առաջին խաղում «Արարատը» սեփական դաշտում հաղթել էր 2-0 հաշվով: Գոլերի հեղինակներ էին դարձել Ուրոշ Նենադովիչն ու Մարկո Պրլևիչը:

Մայիսի 1-ին կայացած պատասխան խաղում թեև «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում հաղթել էր 2-1 հաշվով, սակայն դուրս էր մնացել հետագա պայքարից: Այդ խաղում «Արարատ-Արմենիայից» գոլերը խփել էին Յոան Գուֆրանն ու Դավիթ Տերտերյանը, «Արարատից» աչքի էր ընկել Ուրոշ Նենադովիչը:

Արարատ-Արարատ-Արմենիա-1

3. «Արարատը» գավաթի մրցաշարերի տիտղոսակիր ակումբներից մեկն է, որը 6 անգամ նվաճել է պատվավոր մրցանակը: Այդ ցուցանիշով արարատցիները զիջում են միայն 8-ակի գավաթակիր «Փյունիկին»: Ընդ որում առաջին 4 նվաճումներն «Արարատը» գրանցել է 20-րդ դարում՝ այդ ցուցանիշով դառնալով յուրօրինակ ռեկորդակիր: 

«Արարատն» առաջինն էր, որին հաջողվեց 3 տարի շարունակ (1993թ.՝ «Շիրակ»՝ 3-1, 1994թ.՝ «Շիրակ»՝ 1-0, 1995թ.՝ «Կոտայք»՝ 4-2) նվաճել ՀՀ գավաթը (հետագայում նման ցուցանիշի է հասել միայն «Փյունիկը» 2013-2015թթ.): 1997թ. «Արարատը» դարձավ քառակի գավաթակիր՝ վճռորոշ խաղում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:

21-րդ դարում «Արարատին» առայժմ երկու անգամ է հաջողվել նվաճել գավաթը: 2008թ. Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակչում լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթելով «Բանանցին», արարատցիները գավաթով 5-րդ անգամ պատվո շրջան կատարեցին մարզադաշտում: Հաջորդ նվաճմանը հարկ եղավ սպասել 13 տարի: 2021թ. «Արարատին» գավաթային բարձունքին հասցրեց Վարդան Բիչախչյանը, որի գլխավորությամբ եզրափակչում արարատցիները 3-1 հաշվով հաղթեցին «Ալաշկերտին»:

Արարատ-Արարատ-Արմենիա-2

4. «Արարատ-Արմենիան» 6-րդ անգամ է մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը: Առայժմ ամենամեծ հաջողությանը թիմը հասել է 2019-20թթ. մրցաշարում՝ մասնակցելով եզրափակիչ հանդիպմանը: 2020թ. հուլիսի 10-ին «Նոայի» հետ կայացած վճռորոշ հանդիպումն ամենագոլառատն էր գավաթի եզրափակիչներից: 
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 4-4 հաշվով: Լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին: Իսկ հետխաղյա 11մ հարվածաշարում բախտը ժպտած «Նոային», որը հաղթելով 7-6 հաշվով, առաջին անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: 

5. Հետաքրքիր է, որ գավաթի նախորդ խաղարկությունում «Արարատն» ու «Արարատ-Արմենիան» պայքարից դուրս էին մնացել՝ պարտվելով ապագա գավաթակիր «Նորավանքին»: «Արարատ-Արմենիան» քառորդ եզրափակչում հյուրընկալվելիս պարտվել էր 1-2 հաշվով, «Արարատն» էլ կիսաեզրափակչում սեփական դաշտում էր «Նորավանքին» զիջել նույնպիսի արդյունքով:
Ընթացիկ առաջնության 3-րդ տուրի խաղում «Արարատը» սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիային», որի կազմում աչքի էին ընկել Ուգո Ֆիրմինուն և Տենտոն Յեննեն:

Դիմակայության լավագույն ռմբարկուն

«Արարատ»՝ Ուրոշ Նենադովիչ - 2 գոլ:

«Միկա» - «Գանձասար»

Հոկտեմբերի 5, ժամը՝ 15:00, Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Այս հանդիպումով Առաջին խմբում ելույթ ունեցող երկու թիմերն էլ իրենց նորամուտը կնշեն Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում: Նորաստեղծ «Միկան», որը չի համարվում Միքայել Բաղդասարովի հիմնած համանուն թիմի իրավահաջորդը, այս տարի իր նորամուտը նշեց Առաջին խմբի մրցաշարում: Թիմում հիմնականում պատանի հայ ֆուտբոլիստներ են ելույթ ունենում:

2. «Միկան» շատ անհաջող սկսեց առաջնությունը՝ մեկնարկային տուրում հյուրընկալվելիս 0-7 հաշվով պարտվելով «Արարատ-2-ին»: Սակայն արդեն հաջորդ խաղում «Միկան» Սամվել Սարգսյանի գլխավորությամբ սեփական դաշտում առաջին հաղթանակը տոնեց՝ 3-1 հաշվով առավելության հասնելով «Լեռնային Արցախ-2-ի» նկատմամբ: Առաջին գոլի հեղինակը թիմի լեգեոնական Նորիկի Ակադան էր: Նա 5 գնդակով «Միկայի» լավագույն ռմբարկուն է: Արդյունավետ է գործում նաև Հայկ Գալստյանը, որի հաշվին 4 գոլ է գրանցված:
Արարատ-Արարատ-Արմենիա-3

3. «Գանձասարը» հիմնադրվել է անցյալ տարի՝ մասնակցելով 2021-22թթ. Առաջին խմբի առաջնությանը: Թիմն իրեն վատ չդրսևորեց՝ 28 հանդիպումներում վաստակած 37 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Գանձասարցիները տարան 10  հաղթանակ, 7 խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին 11 պարտություն, խփեցին 38 գոլ, բաց թողեցին 47 գնդակ: Ճիշտ է, «Գանձասարը» միավորներով զգալիորեն զիջեց «Լեռնային Արցախին» (73) և «Շիրակին» (69):

4. «Գանձասարն» ու «Միկան» մրցաշարային աղյուսակում հարևաններ են: «Գանձասարն» անցկացրած 9 հանդիպումներում վաստակած 16 միավորով 5-րդ տեղում է: Արմեն Տատինցյանի գլխավորությամբ թիմը տոնել է 5 հաղթանակ, 1 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 3 պարտություն, խփել է 15 գոլ, բաց է թողել 11 գնդակ: 10-րդ տուրում «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել է առաջնության առաջատար «Վեստ Արմենիային»:

Արարատ-Արարատ-Արմենիա-4

5. «Միկան» անցկացրած 9 հանդիպումներում վաստակած 15 միավորով մրցաշարային աղյուսակում ընթանում է 6-րդ տեղում: Թիմը տարել է 5 հաղթանակ, կրել է 4 պարտություն, խփել է 15 գոլ, բաց է թողել 25 գնդակ: Սեպտեմբերի 29-ին անցկացրած առաջնության 10-րդ տուրի խաղում «Միկան» հյուրընկալվելիս 1-4 հաշվով պարտվել է «Արարատ-Արմենիա-2-ին»:
Գավաթի մրցաշարում կայանալիք այս հանդիպումը մրցակիցների միջև պաշտոնական առաջին խաղն է: Առաջնության 9-րդ տուրում նրանց միջև Կապանում նշանակված հանդիպումն անվտանգության նկատառումներից ելնելով, հետաձգվել է:

«Վեստ Արմենիա» - «Ալաշկերտ» 

Հոկտեմբերի 5, ժամը՝ 15:00, Էջմիածին, Քաղաքային մարզադաշտ
Fastex Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. 2019թ. հիմնադրված «Վեստ Արմենիան» մեկամյա ընդմիջումից հետո կրկին վերակազմավորվել է ու մասնակցում է Առաջին խմբի առաջնությանը: Խորեն Վերանյանի գլխավորությամբ «Վեստ Արմենիան» հաջող մրցելույթներ է ունենում առաջնությունում՝ 10 խաղում վաստակած 25 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը:

Ընդ որում «Վեստ Արմենիան» մեկնարկել էր «Արարատ-Արմենիա-2-ի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով, իսկ հաջորդ տուրում 0-2 հաշվով պարտվել էր «Արարատ-2-ին»: Սակայն հետագայում թիմը 8 անընդմեջ հաղթանակ տարավ: 3-րդ տուրում «Վեստ Արմենիան» 12-0 հաշվով ջախջախեց «Լեռնային Արցախ-2-ին»: Այդ խաղում Չարլզ Մարկ Իկեչուկվուն 6 գոլ խփեց: Նա 12 գնդակով Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկուն է:

Արարատ-Արարատ-Արմենիա-5

2. «Վեստ Արմենիան» 3-րդ անգամ է մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը: Այդ մրցաշարում թիմը նորամուտը նշել է 2019-20թթ. խաղարկությունում՝ 1/16 եզրափակչում 7-1 հաշվով հաղթելով Առաջին խմբի ներկայացուցիչ «Անիին»: Այդ խաղում Ստեփան Հարությունյանը հեթ-տրիկ էր ձևակերպել: Հաջորդ փուլում «Վեստ Արմենիան» 0-5 հաշվով պարտվել էր «Արարատ-Արմենիային»:
Գավաթի հաջորդ խաղարկությունում «Վեստ Արմենիան» հասել էր մինչև քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում Խորեն Վերանյանի գլխավորած թիմը 3-2 հաշվով հաղթել էր «Գանձասար-Կապանին», իսկ հաջորդ փուլում երկու խաղերի ընդհանուր արդյունքով կիսաեզրափակչի ուղեգիրը զիջել էր «Արարատին» (2-0, 1-5):

3. «Ալաշկերտի» համար գավաթի ընթացիկ մրցաշարը 11-րդն է: Անցկացրած 36 հանդիպումներում ալաշկերտցիները 20 հաղթանակ են տարել, 7 խաղ ավարտել են ոչ-ոքի, 9-ում պարտվել են, խփել են 53 գոլ, բաց են թողել 33 գնդակ:
Գավաթի նախորդ մրցաշարում «Ալաշկերտն» անհաջող ելույթ ունեցավ՝ պայքարից դուրս մնալով առաջին փուլից: Քառորդ եզրափակչում Միլան Միլանովիչի գլխավորությամբ ալաշկերտցիները 0-2 հաշվով պարտվել էին «Ուրարտուին»:

4. Գավաթի մրցաշարերում «Ալաշկերտն» իր ամենամեծ հաջողությունը գրանցել է 2018-19թթ. խաղարկությունում՝ նվաճելով պատվավոր մրցանակը: Հաջորդաբար պայքարից դուրս թողնելով «Արցախին» (ներկայիս «Նոային», 2-1, 1-0) և «Արարատ-Արմենիային» (2-2, 0-0), «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ եզրափակչում նվազագույն հաշվով հաղթեց «Լոռիին»: Գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ներկայումս «Ալաշկերտում» ելույթները շարունակում են միայն Օգնյեն Չանչարևիչը, Տարոն Ոսկանյանը, Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը:

Արարատ-Արարատ-Արմենիա-6

«Ալաշկերտը» ևս երկու անգամ խաղացել է գավաթի եզրափակչում, սակայն մրցանակը զիջել է մրցակցին: 2017-18թթ. մրցաշարում Վարուժան Սուքիասյանի օրոք ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով զիջել էին «Գանձասար-Կապանին»: Հիմնական ժամանակում դարպասները մնացել էին անառիկ, լրացուցիչ ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել:
2020-21թթ. գավաթի եզրափակչում էլ «Ալաշկերտն» Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ 1-3 հաշվով պարտվել էր «Արարատին»:

5. «Վեստ Արմենիայի» կազմում ներկայումս խաղում են Բարձրագույն խմբի առաջնությունների մասնակցության մեծ փորձ ունեցող Գագիկ Դաղբաշյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Դավիթ Ղանդիլյանը: Դաղբաշյանի համար իր նախկին թիմի դեմ հանդիպումը կլինի հոբելյանական՝ 400-րդ խաղը պաշտոնական մրցումներում: Ի դեպ, Դաղբաշյանը 2018-19թթ. խաղարկությունում «Ալաշկերտի» կազմում գավաթակիր է դարձել:

«Սյունիք» - «Շիրակ»

Հոկտեմբերի 5, ժամը՝ 15:00, Կապան, «Լեռնագործ» մարզադաշտ

7 խաղ, «Սյունիքը» հաղթել է 2 անգամ, «Շիրակը»՝ 2, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-8

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Գրեթե երկամյա ընդմիջումից հետո կրկին կազմավորված «Գանձասար-Կապանը», որ վերանվանվել է «Սյունիք», դարձյալ մասնակցում է Հայաստանի առաջնությանը: Բացառապես երիտասարդ հայ ֆուտբոլիստներով համալրված թիմն Առաջին խմբի մրցաշարում անցկացրած 8 հանդիպումներում տանելով 2 հաղթանակ, կրելով 6 պարտություն, խփած և բաց թողած գոլերի 9-15 հարաբերակցությամբ վաստակած 6 միավորով ընթանում է 9-րդ տեղում: 
Առաջնությունում վերջին հանդիպումը հաջող էր «Սյունիքի» համար: Սեպտեմբերի 29-ին Սիսիանում կայացած խաղում «Սյունիքը» 5-2 հաշվով հաղթել էր «Լեռնային Արցախ-2-ին»:
Արարատ-Արարատ-Արմենիա-7

2. «Գանձասար-Կապանը» Բարձրագույն խմբում ելույթները դադարեցրել էր 2020թ. նոյեմբերի սկզբին: Թիմի վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի 31-ին: Սեփական դաշտում գանձասարցիները 1-3 հաշվով պարտվել էին «Վանին»: Առաջնությունում անցկացրած 8 հանդիպումներում «Գանձասար-Կապանն» Արմեն Պետրոսյանի գլխավորությամբ 7 միավոր էր վաստակել: 

3. Գավաթի մրցաշարերում սա մրցակիցների 5-րդ դիմակայությունն է: Առաջինը տեղի է ունեցել 2005թ. ապրիլի 12-ին Կապանում: 1/8 եզրափակչի այդ խաղում Առաջին խմբում հանդես եկող մեկամյա կենսագրություն ունեցող «Գանձասարն» իր նորամուտը նշեց գավաթի մրցաշարերում: Արմեն Ստեփանյանի գլխավորությամբ գանձասարցիները լուրջ դիմադրություն ցույց տվեցին «Շիրակին»՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի (2-2): Հետաքրքիր է, որ շիրակցիներին պարտությունից փրկել էր Վարդան Բիչախչյանի խփած գոլը:

Արմավիրում կայացած պատասխան խաղում «Շիրակը» Ժորա Բարսեղյանի գլխավորությամբ հաղթել էր 2-0 հաշվով և քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: Գավաթային այդ դիմակայությանը մասնակցած ֆուտբոլիստներից այսօր ելույթները շարունակում է միայն գյումրեցի Հրայր Մկոյանը, որն այն ժամանակ 19 տարեկան էր: 

Մրցակիցների գավաթային հաջորդ երկու դիմակայությունները տեղի են ունեցել 2016-17 և 2017-18թթ. խաղարկություններում: 2016-17թթ. մրցաշարի կիսաեզրափակչում երկու խաղերի ընդհանուր արդյունքով հաջողությունն ուղեկցել է «Շիրակին» (1-0, 1-1), իսկ հաջորդ մրցաշրջանում եզրափակչի ուղեգիրը բաժին է հասել «Գանձասար-Կապանին» (1-1, 1-0):  

Արարատ-Արարատ-Արմենիա-8

2019թ. նոյեմբերի 1-ին կայացած մրցակիցների գավաթային վերջին հանդիպումն ավարտվել է «Գանձասար-Կապանի» հաղթանակով (2-1), որը քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել:

4. Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» նախորդ 4 խաղարկություններում շատ անհաջող է խաղացել՝ չհաղթահարելով 1/8 եզրափակչի արգելքը: 2018-19թթ. մրցաշարում շիրակցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջել են «Արցախին» (ներկայիս «Նոային»՝ 0-0, 1-3): Հաջորդ մրցաշրջանում «Շիրակը» 1-2 հաշվով պարտվել է «Գանձասար-Կապանին»: 2020-21թթ. մրցաշարում գյումրեցիները պայքարից դուրս են մնացել «Ալաշկերտի» հետ դիմակայությունում (1-2, 0-1): Անցյալ տարի էլ գյումրեցիները նվազագույն հաշվով պարտվել են ապագա գավաթակիր «Նորավանքին»:

«Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»: 
Իսկ մինչև այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակչում պարտվել էր:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016-17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը, որի օրոք «Շիրակը» գավաթի 2012-13թթ. խաղարկության եզրափակչում նվազագույն հաշվով պարտվել էր «Փյունիկին»:
Արարատ-Արարատ-Արմենիա-8

5. «Սյունիքի» համար առաջիկա հանդիպումը հոբելյանական՝ 50-րդն է գավաթի մրցաշարերում: Թիմին առայժմ մեկ անգամ է հաջողվել նվաճել Հայաստանի գավաթը: Պատվավոր մրցանակի 2017-18թթ. խաղարկությունում գանձասարցիներն Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին» (խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում մրցակիցները մեկական գնդակ էին փոխանակել), դարձան Հայաստանի գավաթակիրներ: Հետաքրքիր է, որ «Ալաշկերտին» մարզում էր Վարուժան Սուքիասյանը, որի գլխավորությամբ գանձասարցիների գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը 1992թ. «Բանանցում» գավաթակիր էր դարձել:
Դա գավաթը նվաճելու կապանցիների 2-րդ փորձն էր: Առաջին անգամ «Գանձասար-Կապանը» գավաթը վիճարկել էր 2013-14թթ. մրցաշարում՝ եզրափակչում 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

«Լեռնային Արցախ» - «Վան»

Հոկտեմբերի 6, ժամը՝ 15:00, Վայք, Քաղաքային մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու
 

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Նախորդ մրցաշրջանում «Լեռնային Արցախը» 17 տարվա ընդմիջումից հետո կրկին մասնակցեց գավաթի մրցաշարին: Արտաշես Ադամյանի գլխավորած թիմը 1/8 եզրափակչում սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց «Արարատ-Արմենիային»:

Արարատ-Արարատ-Արմենիա-9

Իսկ գավաթի մրցաշարերում իր առաջին հանդիպումը «Լեռնային Արցախը», որ այն ժամանակ կրում էր «Երազանք» անվանումը, անցկացրել է 1993թ. մարտի 28-ին՝ Երևանում 2-1 հաշվով հաղթելով ՖԻՄԱ-2-ին: Թիմի անդրանիկ գոլի հեղինակը Սասուն Սարգսյանն էր:

2. «Վանը» 4-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Fastex Հայաստանի գավաթի խաղարկություններում: Նախորդ 3 խաղարկություններում էլ «Վանին» հաջողվել է հաղթահարել 1/8 եզրափակչի արգելքը: 2019/20թթ. մրցաշարում «Վանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին», իսկ գավաթի հաջորդ խաղարկությունում երկու խաղերի ընդհանուր արդյունքով պայքարից դուրս է մղել «Նորավանքին» (0-0, 2-0): Անցյալ տարի էլ «Վանը» հաղթահարեց «Սևանի» արգելքը՝ հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ 3-1 հաշվով առավելության հասնելով «Սևանի» նկատմամբ (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2):

Արարատ-Արարատ-Արմենիա-10

3. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 2-րդ անգամ են հանդիպելու: Հուլիսի 29-ին կայացած առաջնության մեկնարկային տուրի խաղում «Լեռնային Արցախը» սեփական դաշտում դրամատիկ պայքարում պարտվել էր նվազագույն հաշվով: Հանդիպման ելքը վճռել էր ավելացված ժամանակում Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածը: Ընդ որում այդ խաղում կարող էին հաղթել արցախցիները, սակայն 86-րդ րոպեին Յեիսոն Ռասինեսի 11մ հարվածը հետ մղեց «Վանի» դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը:

4. «Լեռնային Արցախին» առայժմ 3 անգամ է հաջողվել հաղթահարել առաջին փուլի արգելքը: 1993թ. «Երազանքը» 1/16 եզրափակչում 2-1 հաշվով հաղթել է ՖԻՄԱ-2-ին: Հաջորդ տարի թիմը 1/8 եզրափակչում պայքարից դուրս է մղել Երևանի «Վանին» (2-0): 2001թ. էլ «Ղարաբաղը» 1/8 եզրափակչում հաղթող է դուրս եկել Կապանի «Լեռնագործի» հետ դիմակայությունում (1-1, 3-2):
Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 6 խաղերում «Լեռնային Արցախը» չի հաղթել՝ կրելով 4 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է 2001թ. ապրիլի 12-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (3-2):

5. Գավաթի մրցաշարերում «Վանն» առավել հաջող ելույթներ է ունեցել նախորդ մրցաշրջանում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Ընդ որում առաջին երկու փուլերում «Վանը» մրցակիցներին հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում («Սևան»՝ 2-2, «Փյունիկ»՝ 1-1): Իսկ կիսաեզրափակչում «Վանը» 0-3 հաշվով պարտվել էր «Ուրարտուին»:

ԲԿՄԱ – «Նոա»

Հոկտեմբերի 6, ժամը՝ 16:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Fastex Հայաստանի գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

1. Երկարատև ընդմիջումից հետո ԲԿՄԱ-ն 2020-21թթ. մրցաշրջանում կրկին մասնակցեց գավաթի մրցաշարին: Բանակայիններին հաջողվեց 1/8 եզրափակչում պայքարից դուրս մղել «Լոռիին» (0-0, 2-2) մրցակցի հարկի տակ գրանցված գոլառատ ոչ-ոքիի շնորհիվ: Իսկ ահա քառորդ եզրափակչում ԲԿՄԱ-ի ճանապարհը փակեց «Ալաշկերտը»՝ հաղթելով երկու հանդիպումներում էլ (4-0, 2-1): «Ալաշկերտից» կրած պարտությունը ԲԿՄԱ-ի համար ամենախոշորն էր գավաթի մրցաշարերում:
Արարատ-Արարատ-Արմենիա-11

2. ԲԿՄԱ-ն 7-րդ անգամ է մասնակցելու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախկինում ԲԿՄԱ-ն գավաթի մրցաշարերում ելույթ էր ունեցել 1994-1997թթ.: Առայժմ ամենահաջողը 1996-97թթ. գավաթի խաղարկությունն էր, որում ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: 
1/16 եզրափակչում բանակային ֆուտբոլիստները հաղթահարել էին ՀՄՄ-ի արգելքը (0-2, 6-0): «Ղարաբաղի» հետ 1/8 եզրափակիչ հանդիպումը 86-րդ րոպեին անավարտ էր մնացել 1-1 հաշվի ժամանակ: ԲԿՄԱ-ին տեխնիկական հաղթանակ էր շնորհվել: 1997թ. գարնանը ԲԿՄԱ-ն գավաթի քառորդ եզրափակչում պետք է մրցեր «Ցեմենտի» հետ, սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ 1996-97թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո թիմը լուծարվել էր:

3. «Նոան» 6-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում: ԲԿՄԱ-ի հետ հանդիպումը կլինի գավաթի մրցաշարերում թիմի 17-րդ խաղը: «Նոան» 6 հաղթանակ է տոնել, 4 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 6 պարտություն, խփել է 21 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 26 գնդակ:

4. Ամենամեծ հաջողությանը «Նոան» հասել է գավաթի 2019-20թթ. խաղարկությունում՝ Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ նվաճելով պատվավոր մրցանակը: Եզրափակչի ճանապարհին «Նոան» պայքարից դուրս էր մղել «Արարատին» (1-0), «Վանին» (1-0) և «Ուրարտուին» (1-0, 2-1): Իսկ գերդրամատիկ ու գոլառատ եզրափակիչ մրցախաղում (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր գերարդյունավետ ոչ-ոքի՝ 5-5) «Նոան» հետխաղյա 11մ հարվածներով (7-6) հաղթել էր «Արարատ-Արմենիային»: Հետաքրքիր է, որ գավաթակիր դարձած ֆուտբոլիստներից ոչ մեկն այսօր թիմի կազմում չէ:

Արարատ-Արարատ-Արմենիա-11

5. Գավաթի նախորդ խաղարկությունում երկու թիմերն էլ պայքարից դուրս էին մնացել առաջին խաղից հետո: ԲԿՄԱ-ն 1/8 եզրափակչում սեփական դաշտում 1-2 հաշվով զիջել էր «Փյունիկին»: Քառորդ եզրափակչից պայքարը սկսած «Նոան» էլ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել էր «Արարատին»:


 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ