«Նոա» - ԲԿՄԱ
Հոկտեմբերի 19, ժամը՝ 15:00, Արմավիր, «Հոբելյանական» մարզադաշտ
5 խաղ, որոնցից 2-ում հաղթել է «Նոան», 3-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 11-5
1-ին շրջան. 12.08.2022 ԲԿՄԱ - «Նոա»՝ 2-2 (1-1)
Գոլերը՝ 1-0՝ Ժիրայր Շաղոյան 8՛, 11մ, 1-1՝ Ռուբեն Եսայան 44՛, 2-1՝ Արգիշտի Պետրոսյան 90՛, 2-2՝ Դրամանե Սալու 90+6՛, 11մ:
«Նոա»՝ 10-րդ տեղ (4 միավոր), ԲԿՄԱ՝ 9-րդ տեղ (6 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության նախորդ տուրում «Լեռնային Արցախի» հետ խաղում «Նոան» կարող էր վերջապես առաջին հաղթանակը տոնել: Սակայն 78-րդ րոպեին թիմի օգտին նշանակված 11մ հարվածը չիրացրեց Դրամանե Սալուն: Վլաչեսլավ Գրիգորյանը հետ մղեց գնդակը: «Նոան» ստիպված էր բավարարվել գոլազուրկ ոչ-ոքիով: Վերջին երկու խաղերում «Նոան» այդպես էլ չգտավ մրցակիցների դարպասի բանալին: Մինչև այդ էլ «Նոան» 0-5 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»:
2. ԲԿՄԱ-ի գործերն էլ առաջնությունում լավ չեն ընթանում: Բանակայինները նախորդ տուրում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեցին՝ 0-3 հաշվով զիջելով «Վանին»: Եվ կրկին ԲԿՄԱ-ին չհաջողվեց գոլ խփել: Թիմի գոլային երաշտը հասել է 282 րոպեի: Վերջին անգամ ԲԿՄԱ-ն մրցակցի դարպասը գրավել է սեպտեմբերի 17-ին «Արարատի» հետ հանդիպման 78-րդ րոպեին, երբ աչքի է ընկել Գևորգ Տարախչյանը:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 3 խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: Առաջին հաղթանակը ԲԿՄԱ-ի նկատմամբ «Նոան» տարել է անցյալ տարվա օգոստոսի 13-ին (2-1): «Նոայից» դուբլի հեղինակ էր դարձել Գեղամ Հարությունյանը, ԲԿՄԱ-ից աչքի էր ընկել Գրենիկ Պետրոսյանը: Ընդ որում Հարությունյանի խփած 2-րդ գնդակը դարձել էր Բարձրագույն խմբում «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում գրանցված 200-րդ գոլը:
4. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 3-րդ անգամ են հանդիպելու: Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակչում հաջողությունն ուղեկցել էր «Նոային», որը Դրամանե Սալուի իրացրած 11մ հարվածի շնորհիվ քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել:
5. Երկու թիմերն էլ աչքի չեն ընկնում արդյունավետությամբ: «Նոան» 11 հանդիպումներում ընդամենը 8 գոլ է խփել: Թիմում առավել արդյունավետ են գործել Լևոն Վարդանյանն ու Դրամանե Սալուն՝ խփելով 2-ական գնդակ:
ԲԿՄԱ-ն 11 անգամ է գրավել մրցակիցների դարպասները: Գոլերից 8-ը բանակայինները խփել են մեկնարկային 6 հանդիպումներում, երբ թիմում խաղում էր Ժիրայր Շաղոյանը, որի հաշվին էին գրանցվել գոլերից 5-ը: Իսկ նրա բացակայությամբ անցկացրած հաջորդ 5 խաղերում ԲԿՄԱ-ն ընդամենը 3 գոլ է խփել՝ վաստակելով մեկ միավոր:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Գեղամ Հարությունյան, Մաքսիմ Մայրովիչ - 2-ական գոլ:
ԲԿՄԱ-ի կազմում որակազրկման պատճառով խաղին չի մասնակցի 5 դեղին քարտի արժանացած Արգիշտի Պետրոսյանը:
«Վան» - «Ուրարտու»
Հոկտեմբերի 19, ժամը՝ 15:00, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
8 խաղ, «Վանը» հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 5, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 6-12
1-ին շրջան. 13.08.2022 «Ուրարտու» - «Վան»՝ 0-1 (0-1)
Գոլը՝ 0-1՝ Իպեյ Վիլյամս 8՛:
«Վան»՝ 5-րդ տեղ (17 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (25 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանը» նախորդ տուրում աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ 3 անպատասխան գնդակ ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը: Դա ընթացիկ առաջնությունում «Վանի» տարած խոշոր հաշվով առաջին հաղթանակն էր, որով ընդհատվեց 4 անընդմեջ ոչ-ոքիների շարքը: «Վանն» արդեն 5 խաղ անպարտելի է: Վերջին պարտությունը թիմը կրել է սեպտեմբերի 2-ին «Արարատ-Արմենիայից»՝ 0-4:
2. «Ուրարտուի» համար էլ նախորդ տուրը հաղթական էր: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը շարունակեց հաղթարշավը՝ «Շիրակի» հետ մրցավեճում տոնելով 4-րդ անընդմեջ հաղթանակը (1-0): Վերջին 6 հանդիպումներում «Ուրարտուն» անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Այդ ընթացքում միայն «Ալաշկերտին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Ուրարտուի» հետ խաղում: Իսկ վերջին պարտությունն «Ուրարտուն» կրել է օգոստոսի 28-ին «Լեռնային Արցախից»՝ 2-3:
3. Առաջին շրջանում «Ուրարտուի» նկատմամբ տարած հաղթանակով «Վանն» ընդհատել էր մրցակցի հետ առաջնության հանդիպումներում առանց հաղթանակների 5 խաղերի և 3 անընդմեջ պարտությունների շարքը: Այդ հանդիպումներից 4-ում «Վանը» պարտվել էր, մեկ խաղ ավարտել էր ոչ-ոքի: Նախորդ հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ «Վանը» տոնել էր անցյալ տարվա մարտի 6-ին Չարենցավանում կայացած խաղում՝ 3-1:
4. Եթե «Ուրարտուին» հաջողվի 2 գոլ խփել, ապա կնշի Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 1250-րդ գնդակը: Թիմի պատմության լավագույն ռմբարկուն 62 գոլ խփած Արամ Հակոբյանն է: Իսկ ընթացիկ առաջնությունում թիմում առավել արդյունավետ են գործում Մաքսիմ Մայրովիչն ու Դմիտրո Խլյոբասը, որոնք 5 անգամ գրավել են մրցակիցների դարպասները:
5. Հուսալի խաղ է ցուցադրում «Ուրարտուի» 24-ամյա դարպասապահ Ալեքսանդր Մելիխովը, որն առաջնության վերջին 3 խաղերում դարպասն անառիկ է պահել: Առաջնությունում անցկացրած 4 հանդիպումներում Մելիխովն ընդամենը մեկ գոլ է բաց թողել: Սեպտեմբերի 19-ին Fastex ՀՊԼ-ում նորամուտի խաղում ռուս դարպասապահի դարպասը գրավել էր փյունիկցի Յուսուֆ Օտուբանջոն:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Ուրարտու»՝ Արթուր Միրանյան - 4 գոլ:
«Ալաշկերտ» - «Լեռնային Արցախ»
Հոկտեմբերի 20, ժամը՝ 15:00, Երևան, «Նաիրի» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Ալաշկերտը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 1-0
1-ին շրջան. 12.08.2022 «Լեռնային Արցախ» - «Ալաշկերտ»՝ 0-1 (0-0)
Գոլը՝ 0-1՝ Ռոնալդ Կուելյար 90+6՛:
«Ալաշկերտ»՝ 2-րդ տեղ (24 միավոր), «Լեռնային Արցախ»՝ 6-րդ տեղ (15 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ալաշկերտը» 2-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ նվազագույն հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Նախորդ խաղում ալաշկերտցիները 5 անպատասխան գնդակ էին ուղարկել «Նոայի» դարպասը: «Ալաշկերտը» գրեթե նույնությամբ կրկնեց 2015-16թթ. առաջնության նույն ժամանակահատվածում գրանցած իր լավագույն արդյունքը: Այդ մրցաշրջանում էլ 11 հանդիպումներում թիմն Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ 7 հաղթանակ էր տարել, 3 խաղ ավարտել էր ոչ-ոքի, կրել էր մեկ պարտություն, խփել էր 23 գնդակ, բաց էր թողել 11 գոլ, որը մեկով պակաս է ներկայիս ցուցանիշից:
Հետաքրքիր է նաև, որ միակ պարտությունն էլ ալաշկերտցիներն այդ մրցաշրջանում կրել էին «Փյունիկից» (1-4), որին ընթացիկ առաջնությունում զիջել էին 1-5 հաշվով:
2. «Լեռնային Արցախը» նախորդ տուրում գոլազուրկ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը «Նոայի» հետ: Թիմի դարպասապահ Վյաչեսլավ Գրիգորյանին հաջողվեց հետ մղել Դրամանե Սալուի 11մ հարվածը, որի շնորհիվ «Լեռնային Արցախը» մեկ միավոր վաստակեց:
Ընթացիկ առաջնությունում Գրիգորյանին 2-րդ անգամ հաջողվեց դարպասն անառիկ պահել: Հետաքրքիր է, որ առաջին «չոր» խաղը նա անցկացրել էր «Նոայի» հետ առաջին շրջանի խաղում, որում «Լեռնային Արցախը» հաղթել էր նվազագույն հաշվով:
3. Առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը 9 գնդակով գլխավորող Բլադիմիր Դիասը թիմի պատմության մեջ լավագույն արդյունքներից մեկն է գրանցել: Մեկնարկային 11 հանդիպումներում Դիասից առավել արդյունավետ է գործել միայն «Ալաշկերտի» պատմության լավագույն ռմբարկու Միհրան Մանասյանը՝ 2015-16թթ. առաջնությունում խփելով 10 գոլ:
4. «Լեռնային Արցախի» կազմում առավել արդյունավետ է գործել Յեիսոն Ռասինեսը, որի հաշվին 3 գոլ է գրանցված: Էկվադորցի ֆուտբոլիստը դուբլի հեղինակ էր դարձել «Արարատի» հետ խաղում, մեկ գոլ էլ խփել էր «Շիրակին»:
5. Առաջնության վերջին 2 խաղերում Օգնյեն Չանչարևիչը դարպասն անառիկ է պահել: Անցկացրած 11 հանդիպումներից 6-ում նա գոլ բաց չի թողել: Եթե Չանչարևիչին հաջողվի այս խաղում էլ գոլ բաց չթողնել, ապա 2022-ի օրացուցային տարում դարպասը 14-րդ անգամ անառիկ կպահի ու կգերազանցի «Քասախի» նախկին դարպասապահ Բագրատ Ստեփանյանի տարիքային ռեկորդը: Վերջինս Հայաստանի առաջնություններում խաղացած դարպասապահներից այդ տարիքում բոլորից հաճախ՝ 13 անգամ դարպասն անառիկ է պահել:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Ալաշկերտի» կիսապաշտպան Արտակ Եդիգարյանը: «Լեռնային Արցախի» կազմում էլ կբացակայի 5 դեղին քարտի արժանացած Խուան Պալասիոն:
«Շիրակ» - «Փյունիկ»
Հոկտեմբերի 21, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
92 խաղ, «Շիրակը» հաղթել է 28 անգամ, «Փյունիկը»՝ 51, գրանցվել է 13 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 98-148
1-ին շրջան. 13.08.2022 «Փյունիկ» -«Շիրակ»՝ 1-0 (0-0)
Գոլը՝ 1-0՝ Արտակ Դաշյան 59՛:
«Շիրակ»՝ 8-րդ տեղ (11 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (18 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. Նախորդ տուրում «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Առաջին շրջանում էլ շիրակցիներն «Ուրարտուին» սեփական դաշտում էին պարտվել 0-2 հաշվով: Ընթացիկ առաջնությունում «Շիրակն» արդեն 6 պարտություն է կրել, որից 4-ը՝ հյուրընկալվելիս:
Առաջնության 10-րդ տուրում «Շիրակը» երկարատև ընդմիջումից հետո՝ 843 օր անց վերջապես Գյումրիում Բարձրագույն խմբի առաջնության խաղում կրկին հաղթանակ էր տոնել՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Իսկ մինչև այդ Գյումրիում կայացած առաջնության 18 հանդիպումներից 10-ում «Շիրակը» պարտվել էր, 8 խաղ ավարտել էր ոչ-ոքի:
2. «Փյունիկն» անչափ կարևոր հաղթանակ տարավ չեմպիոնական մրցավազքում իր գլխավոր մրցակիցներից մեկի՝ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Վերջինիս հետ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներում փյունիկցիները զգալի առավելության են հասել՝ տանելով 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի:
3. Fastex ՀՊԼ-ում մրցակիցների միջև վերջին հանդիպումը Գյումրիում տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 20-ին և ավարտվել է փյունիկցիների խոշոր հաշվով հաղթանակով (5-1): Դա Հայաստանի առաջնություններում «Շիրակի» նկատմամբ «Փյունիկի» տարած հոբելյանական՝ 50-րդ հաղթանակն էր: Իսկ Օլեգ Կոժուշկոյի խփած գնդակն էլ Բարձրագույն խմբում «Փյունիկի» հոբելյանական՝ 1650-րդ գոլն էր:
4. Շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Յուսուֆ Օտուբանջոն, որն իր անցկացրած պաշտոնական վերջին 6 հանդիպումներից 5-ում դաշտից չի հեռացել առանց գոլի՝ խփելով մեկական գնդակ: «Արարատ-Արմենիայի» դարպասն Օտուբանջոյի խփած գոլը Fastex ՀՊԼ-ում 31-րդն էր, որի շնորհիվ նիգերիացի հարձակվողն ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկում: Նա այդ ցանկում այլազգի 7-րդ ֆուտբոլիստն է Մարկոս Պիզելիից (75 գոլ), Ջոնել Դեսիրեից (41), Սերժ Դեբլեից (37), Ալեքս դա Սիլվայից (36), Արա Եվդոկիմովից (35) և Մաիլսոն Լիմայից (32) հետո:
Օտուբանջոն 4 գնդակով ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» լավագույն ռմբարկուն է:
5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում «Շիրակի» ավագ Արտյոմ Միքայելյանը Fastex ՀՊԼ-ում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Շիրակ»՝ Արթուր Պետրոսյան - 8 գոլ:
«Փյունիկ»՝ Գևորգ Ղազարյան - 11 գոլ:
«Արարատ - Արմենիա» - «Արարատ»
Հոկտեմբերի 21, ժամը՝ 18:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
16 խաղ, «Արարատ - Արմենիան» հաղթել է 12 անգամ, «Արարատը»՝ 2, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 32-10
1-ին շրջան. 11.08.2022 «Արարատ» - «Արարատ - Արմենիա»՝ 0-2 (0-2)
Գոլերը՝ 0-1՝ Ուգո Ֆիրմինու 12՛, 0-2՝ Տենտոն Յեննե 40՛:
«Արարատ - Արմենիա»՝ 3-րդ տեղ (19 միավոր), «Արարատ»՝ 7-րդ տեղ (11 միավոր):
Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Արարատ-Արմենիան» «Փյունիկի» հետ կայացած նախորդ տուրի կենտրոնական խաղում 1-2 հաշվով պարտություն կրեց, որը 2-րդ անընդմեջն էր ընթացիկ առաջնությունում: Նախորդ խաղում էլ Հայաստանի կրկնակի չեմպիոնը սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել էր «Ուրարտուին»: «Արարատ-Արմենիան» առաջին անգամ մեկ խաղում 2 գոլ բաց թողեց: Մինչև այդ, առաջնության 9 հանդիպումներում Վսևոլոդ Երմակովն ընդամենը 3 գոլ էր բաց թողել, 6 խաղում դարպասն անառիկ էր պահել:
«Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 4 հանդիպումներից 3-ում «Արարատ-Արմենիան» պարտվել է, մեկում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է անցյալ տարվա օգոստոսի 15-ին՝ 3-0:
2. «Արարատը» շարունակում է անկայուն ելույթներն առաջնությունում: «Փյունիկին» նվազագույն հաշվով հաղթելուց հետո արարատցիները նույնպիսի արդյունքով զիջեցին «Ալաշկերտին»: Դա առաջնության վերջին 5 խաղում «Արարատի» 4-րդ պարտությունն էր:
3. Նախորդ առաջնությունում «Արարատ-Արմենիան» միակն էր, որի հետ հանդիպումներում «Արարատին» այդպես էլ չհաջողվեց միավոր վաստակել: Ավելին, միայն 3-րդ շրջանի խաղում արարատցիներին վերջապես հաջողվեց գտնել մրցակցի դարպասի բանալին: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 5 հանդիպումներն էլ ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Արդեն 6 խաղ է, որ արարատցիներն առաջնությունում չեն հաղթել Հայաստանի կրկնակի չեմպիոնին: Վերջին հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել է անցյալ տարվա փետրվարի 25-ին Դմիտրիե Պոբուլիչի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները 3-րդ անգամ են հանդիպելու: Հոկտեմբերի 4-ին Fastex Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում էլ «Արարատն» անհաջողության մատնվեց՝ «Արարատ-Արմենիային» զիջելով 0-4 հաշվով: Այդ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան հեթ-տրիկ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Ագդոն Մենեզեսը:
5. «Փյունիկի» հետ խաղում Ուիլֆրեդ Կուասի Էզան դարձավ Fastex ՀՊԼ-ում «Արարատ-Արմենիայի» հոբելյանական՝ 200-րդ գոլի հեղինակը: Իսկ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմերի հոբելյանական՝ 150-րդ հաղթանակը Fastex ՀՊԼ-ում դարձյալ հետաձգվեց:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Արարատ - Արմենիա»՝ Մաիլսոն Լիմա - 7 գոլ:
«Արարատ»՝ Արտյոմ Սիմոնյան - 2 գոլ:
Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված արարատցի Գոռ Մալաքյանը: