Logo

Առաջին հեթ-տրիկն ու ինքնագոլը. Fastex Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
16:15 / 07.10.2022Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկությունում հայտնի դարձան քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները:

VNews-ը 1/8 եզրափակիչի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով: 

1. Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկության 1/8 եզրափակչի բոլոր 6 հանդիպումներն էլ ավարտվեցին հյուրերի հաղթանակով, որոնք կշարունակեն պայքարը պատվավոր մրցանակի համար: 3 խաղում գրանցվեց խոշոր հաշիվ: 6 խաղում խփվեց 23 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,8 գնդակ):

2. «Արարատը» կրկնեց գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով պարտության հակառեկորդը՝ 4 անպատասխան գնդակ ընդունելով «Արարատ-Արմենիայից»: Նախկինում արարատցիները 0-4 հաշվով պարտվել էին «Ալաշկերտին» գավաթի 2015-16թթ. մրցաշարի քառորդ եզրափակչի պատասխան խաղում:

«Արարատ-Արմենիան» ռևանշի հասավ «Արարատի» նկատմամբ գավաթի 2020-21թթ. խաղարկության կիսաեզրափակչում անհաջողության մատնվելուց հետո (0-2, 2-1):

3. «Շիրակն» ընդհատեց գավաթի մրցաշարերում 5 անընդմեջ պարտությունների և առանց հաղթանակների 8 խաղերի շարքը՝ 5-1 հաշվով հաղթելով «Սյունիքին»: Գավաթի խաղարկություններում նախորդ հաղթանակը շիրակցիները տարել էին 5 տարի առաջ՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին քառորդ եզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով «Արարատին»:

«Շիրակը» գավաթի խաղարկություններում 5-րդ անգամ մրցեց «Սյունիքի» (նախկին «Գանձասար-Կապանի») հետ ու 3-րդ անգամ հաղթահարեց մրցակցի արգելքը: Նախկինում գյումրեցիները հաղթող էին դուրս եկել 2005թ. (2-2, 2-0) և 2016-17թթ. (1-0, 1-1) մրցաշարերում կայացած դիմակայությունում:

4. «Սյունիքը» գավաթի խաղարկությունում հոբելյանական՝ 50-րդ խաղում կրեց ամենախոշոր հաշվով պարտությունը՝ սեփական դաշտում 1-5 հաշվով զիջելով «Շիրակին»: Մինչև այդ ամենախոշոր հաշվով պարտությունը (1-4) գրանցվել էր «Ուլիսի» հետ 2009թ. կայացած քառորդ եզրափակիչ խաղում: «Սյունիքը» նաև 0-3 հաշվով 2 անգամ պարտվել է «Միկային» (2006, 2014-15թթ.), մեկ անգամ էլ՝ «Բանանցին» (2011թ.):

5. «Վանը» 4-րդ անգամ մեկնարկի դուրս եկավ Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունում և կրկին հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը՝ հյուրընկալվելիս 3-1 հաշվով պարտության մատնելով «Լեռնային Արցախին»: Նախորդ 3 խաղարկություններում էլ «Վանը» հաղթահարել էր 1/8 եզրափակչի արգելքը: 

2019-20թթ. մրցաշարում «Վանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել էր «Լոկոմոտիվին», իսկ գավաթի հաջորդ խաղարկությունում երկու խաղերի արդյունքում պայքարից դուրս էր մղել «Նորավանքին» (0-0, 2-0): Անցյալ տարի էլ «Վանը» հաղթահարեց «Սևանի» արգելքը՝ հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ 3-1 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ (հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել էր ոչ-ոքի՝ 2-2):

Հայաստանի գավաթում «Վանի» կազմում գոլերի հաշիվը բացեցին Մուբարաք Մուհամմեդ Ահմեդը, Բոգդան Միցիկն ու Սանի Բուհարին:

6. «Լեռնային Արցախը» գավաթի խաղարկությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Նախորդ 7 խաղերում «Լեռնային Արցախը» չի հաղթել՝ կրելով 5 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը թիմի օգտին գրանցվել է 2001թ. ապրիլի 12-ին Կապանի «Լեռնագործի» հետ կայացած 1/8 եզրափակիչ պատասխան խաղում (3-2):

7. ԲԿՄԱ-ն 2-րդ տարին անընդմեջ չհաղթահարեց առաջին փուլի արգելքը՝ սեփական դաշտում նվազագույն հաշվով զիջելով «Նոային»: Վերջին 7 գավաթային խաղերում բանակայինները չեն հաղթել: Նախորդ հաղթանակը ԲԿՄԱ-ն տարել է 1997թ.՝ 1/16 եզրափակչի պատասխան խաղում 6 անպատասխան գնդակ ուղարկելով ՀՄՄ-ի դարպասը:

8. 1/8 եզրափակիչի հանդիպումներում նշանակված 11մ 4 հարվածներն էլ հաջող են իրացվել: Դիպուկությամբ աչքի են ընկել Նորիկի Ակադան («Միկա»), շիրակցիներ Ալազան Դումբիան ու Արտեմ Գևորգյանը և Դրամանե Սալուն («Նոա»):

9. Ուիլֆրեդ Կուասի Էզան հայաստանի գավաթում բացեց գոլերի հաշիվն «Արարատ-Արմենիայում»՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Գավաթի խաղարկություններում Էզան 4-րդ գոլը խփեց: Առաջին գոլը նրա հաշվին գրանցվել էր «Վանի» կազմում 2019-20թթ. խաղարկության 1/16 եզրափակչում «Արագածի» հետ անցկացրած խաղում:

Էզան գավաթի խաղարկությունում «Արարատ-Արմենիայում» հեթ-տրիկ ձևակերպած 3-րդ ֆուտբոլիստն է: Նախկինում նման հաջողության էին հասել նաև Անտոն Կոբյալկոն (2018-19թթ.՝ «Երևանի» հետ խաղում) և Արտյոմ Ավանեսյանը (2019-20թթ.՝ «Սևանի»): Իսկ մեկ խաղի արդյունավետության ռեկորդը պատկանում է թիմի նախկին հարձակվող Լուիս Ուգոչուկվու Օգանային, որը 2019-20թթ. խաղարկության քառորդ եզրափակչում 4 անգամ գրավել էր «Սևանի» դարպասը:

10. 1/8 եզրափակիչի հանդիպումներում գրանցված միակ ինքնագոլի հեղինակն ալաշկերտցի Աննան Մենսահն էր, որը «Վեստ Արմենիայի» հետ խաղում էր գրավել սեփական դարպասը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ