Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 10 տուր
14 Նոյեմբեր 2021 - 21:00
Հայաստան
Գերմանիա
0 - 1 Կայ Հավերց - 15`
0 - 2 Իլկայ Գյունդոգան - 49`
0 - 3 Իլկայ Գյունդոգան - 50`
1 - 3 Հենրիխ Մխիթարյան - 59`
1 - 4 Յոնաս Հոֆման - 64`
Հայաստանի հավաքականը գերմանացիներից կրած խոշոր հաշվով հերթական պարտությամբ ավարտեց իր անփառունակ ելույթները 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որի մեկնարկում ֆանտաստիկ արդյունք էր գրանցել՝ տոնելով 3 անընդմեջ հաղթանակ: 10 հանդիպումներում վաստակած 12 միավորով ՀՀ հավաքականը J խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1. ՀՀ հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց, որից երկուսը՝ խոշոր հաշվով: Ընտրական մրցաշարում կրած 4 պարտություններից 3-ը մեր հավաքականի համար ավարտվել են խոշոր հաշվով: Այդ կարգի հերթական պարտությունը 38-րդն էր, որից 19-ը՝ աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում:
2. Ընտրական մրցաշարի վերջին 7 հանդիպումներում մեր ընտրանին հաղթանակ չտոնեց՝ վաստակելով ընդամենը 3 միավոր, խփելով 3 գոլ, բաց թողնելով 18 գնդակ: Վերջին հաղթանակը մեր ֆուտբոլիստները տոնել են մարտի 31-ին՝ Երևանում 3-2 հաշվով պարտության մատնելով Ռումինիայի ընտրանուն:
ՀՀ հավաքականը գլխավորած մարզիչներից ընտրական մրցաշարերում ավելի վատ ցուցանիշ գրանցել են միայն Սուրեն Բարսեղյանը՝ 8 խաղ առանց հաղթանակի (2000թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշար, 2 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գնդակները՝ 2-14) և Վարուժան Սուքիասյանը՝ 10 խաղ առանց հաղթանակի (2002թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշար, 5 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գնդակները՝ 7-19): Ընդ որում Սուքիասյանի օրոք մեր հավաքականն ընտրական մրցաշարում անցկացրած 10 խաղերում այդպես էլ հաղթանակ չի տոնել:
3. Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած վերջին 9 հանդիպումներում ՀՀ հավաքականը չի հաղթել՝ կրելով 5 պարտություն, 4 խաղ ավարտելով ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են ընդամենը 5 գոլ, բաց են թողել 22 գնդակ: Ավելի վատ արդյունք գրանցվել է միայն Խորեն Հովհաննիսյանի օրոք՝ 11 խաղ առանց հաղթանակի (5 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գնդակները՝ 5-30):
Իսկ ընդհանրապես, ՀՀ հավաքականի առանց հաղթանակների ամենաերկարատև շարքը գրանցվել է 2014թ. մայիսի 31-ից մինչև 2016թ. մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում անցկացրած 14 հանդիպումներից 3-ում գրանցվել է ոչ-ոքի, 11-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: Այդ հանդիպումներից 8-ում ՀՀ հավաքականը գլխավորել է Բեռնար Շալանդը (1 ոչ-ոքի, 7 պարտություն), 5-ում՝ Սարգիս Հովսեփյանը (1 ոչ-ոքի, 4 պարտություն), մեկում՝ Վարուժան Սուքիասյանը (1 ոչ-ոքի):
4. ՀՀ հավաքականի արդյունքը 2022թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում 3-րդն է ընտրական մրցաշարերի մասնակցության պատմության մեջ: Լավագույն արդյունքը մեր հավաքականը ցույց էր տվել 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում՝ Վարդան Մինասյանի գլխավորությամբ 10 հանդիպումներում վաստակած 17 միավորով զբաղեցնելով 3-րդ տեղը: 2-րդ ցուցանիշը կրկին գրանցվել էր Վարդան Մինասյանի օրոք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (10 խաղում 13 միավոր, 5-րդ տեղ):
ՀՀ հավաքականն ընտրական ավարտված մրցաշարում 20 գոլ բաց թողեց: Ավելի վատ ցուցանիշ մեր հավաքականն ունեցել է 2018թ. աշխարհի առաջնության (26 գոլ 10 խաղում), 2020թ. Եվրոպայի առաջնության (25 գոլ 10 խաղում), 2006 (25 գոլ 12 խաղում) և 2010թթ. (22 գոլ 10 խաղում) աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում:
5. Հայաստանի և Գերմանիայի հավաքականները 5-րդ անգամ մրցավեճի բռնվեցին ու կրկին մրցակիցը հաղթեց խոշոր հաշվով: Շտուտգարտում գրանցված հաշիվն (0-6) ամենախոշորն էր մրցակիցների միջև կայացած խաղերում: Գերմանիայի հավաքականն այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ 25 գոլ է խփել, իսկ մեր ֆուտբոլիստները միայն 3 անգամ են գրավել մրցակցի դարպասը, որից 2-ը՝ 11մ հարվածով: Գերմանիան միակ հավաքականն է, որի հետ անցկացրած բոլոր հանդիպումներում էլ մեր ընտրանին պարտվել է խոշոր հաշվով:
Գերմանիան այն 30 հավաքականներից մեկն է, որին առայժմ մեր ֆուտբոլիստները չեն հաղթել: Այդ հավաքականներից 17-ի հետ հանդիպումներում մեր ընտրանին դեռ միավոր չի վաստակել: Բացի գերմանացիներից, ՀՀ հավաքականի ամենաանհարմար մրցակիցների թվում են նաև իսպանացիները (6 խաղում 6 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 1-16) և ֆրանսիացիները (5 խաղում 5 պարտություն, խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ 2-14):
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները