Logo

«Ֆանտաստիկ մարզիչ, բայց կոնֆլիկտային անհատ». Ինչ կտա Տուխելն Անգլիայի հավաքականին

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
15:40 / 17.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի աթոռն ազատ էր Գարեթ Սաութգեյթի հեռանալուց հետո: Աթոռ, որին բազմելու միտքը չափազանց գայթակղիչ է, բայց նաև՝ վախեցնող: «30 տարվա ցավ» արտահայտությունն արդիական էր դեռ 1996-ին, երբ լրանում էր «Երեք առյուծների» աշխարհի չեմպիոնության 30-ամյակը, և այդ 30 տարվա ընթացքում թիմը որևէ մեծ տիտղոս չէր նվաճել: Անգլիացի երկրպագուները լավատես էին ու չէին էլ կարող պատկերացնել, որ «30 տարվա ցավը» դառնալու է «60 տարվա ցավ», և որ ֆուտբոլը դեռ երկար ժամանակ «տուն չի գալու»՝ չնայած վերջին 6 տարիներին անգլիացիները 2 անգամ հասան Եվրոպայի առաջնության եզրափակիչ, 1 անգամ էլ՝ Մունդիալի կիսաեզրափակիչ:

Անգլիացի մարզիչների հետ հաջողության հասնել չստացվեց նույնիսկ 2 տարբեր սուպերսերունդ ունենալու պայմաններում: Ջերարդը, Լեմպարդը, Ռունին, Բեքհեմն ու Օուենը որևէ նշանակալի հաջողության չհասան հավաքականի մարզաշապիկով: Սաութգեյթն էլ չկարողացավ ամուր թիմ ստեղծել Ռայս, Բելինգեմ, Ֆոդեն, Քեյն, Սակա աստղաբույլից:

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան փոխում է մոտեցումը և հետևում դեռևս գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Քարսլիի խորհրդին. «Այս հավաքականը թոփ մարզչի կարիք ունի: Մարզչի, որն արդեն մեծ փորձ ունի և բազմաթիվ տիտղոսներ է նվաճել: Ես դեռ դրա ճանապարհին եմ»:

Այսպիսով՝ պաշտոնապես հայտարարվեց, որ Թոմաս Տուխելը կգլխավորի Անգլիայի հավաքականը: FastNews-ը վերլուծել է այս նշանակման դրական ու բացասական կողմերը:

Մարզիչ, որն ապահովում է արագ արդյունք

Տոմաս Տուխելն այն մասնագետներից է, որը երկար տարիների կարիք չունի՝ իր ազդեցությունը տեսանելի դարձնելու և արդյունքների հասնելու համար:

«Չելսիում» 5 ամիս աշխատելուց հետո գերմանացին հաղթեց Չեմպիոնների լիգան: 2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ Ֆրենկ Լեմպարդը հեռացվեց թիմի ցուցադրած դժգույն խաղի ու բազմաթիվ պարտությունների համար:

Տուխելը Լոնդոն ժամանելու առաջին պահից փոխեց ամեն ինչ, այդ թվում՝ մարզումային ծրագիրը, որով ստիպում էր ֆուտբոլիստներին ֆիզիկապես տառապել՝ խաղերի ընթացքում 90 րոպե բարձր ինտենսիվություն պահպանելու համար, ստիպում էր խաղացողներին մարզվել թենիսի գնդակներով՝ փոխանցումների ճշգրտությունն ամենաբարձր մակարդակի հասցնելու համար ու չէր ներում նրանց, ովքեր չէին հետևում ցուցումներին. «Թոմասն առաջնորդ է ու խենթ, որը ցանկանում է ֆուտբոլիստներից ստանալ առավելագույնը: Նրա գլխավորությամբ խաղացողները հասնում են այնպիսի մակարդակի, որը նույնիսկ իրենք չէին սպասում իրենցից: Նա ուզում է, որ բոլորն իրենց վախերն ու կասկածները մի կողմ թողնեն»,- նշում է Աքսել Շուստերը, որը Տուխելի հետ աշխատել է գերմանական «Մայնցում»:

Thomas Tuchel hints at Real Madrid influence on referee team after  controversial moment in semi-final - Football España

Հրավիրել Տուխելին՝ նշանակում է «պայմանագիր կնքել» հաջողությունների հետ: 51-ամյա մասնագետը 10 տիտղոս է նվաճել 3 երկրում ու 4 տարբեր ակումբներում: Դորտմունդի «Բորուսիայի» ղեկին նվաճել է Գերմանիայի գավաթը, ՊՍԺ-ին 2 անգամ դարձրել է Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ՝ սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ՝ գավաթակիր, «Չելսիին» պարգևել է 3 տիտղոս՝ Չեմպիոնների լիգա, Եվրոպայի Սուպերգավաթ ու աշխարհի ակումբային գավաթ, «Բավարիայի» հետ էլ հաղթել է Բունդեսլիգան:

Տուխելը բացի խարիզմատիկ լինելուց, անհատների հետ աշխատելուց ու հանդերձարանում հաղթողի հոգեբանություն ձևավորելուց՝ նաև փայլուն ստրատեգ է: Ինտենսիվ պրեսինգ, գնդակի արագ խաղարկում, ամուր պաշտպանություն. նրա թիմերն ընդգծված թույլ կողմ չեն ունենում, իսկ առանձին խաղերում գերմանացին կարող է հաղթել ցանկացած մրցակցի: Չեմպիոնների լիգայի հաղթական մրցաշրջանում Տուխելը վստահորեն պարտության մատնեց Զինեդին Զիդանի «Ռեալին» ու Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին», և դա արեց հրաշալի մարտավարական ծրագրի շնորհիվ:

Who is Thomas Tuchel? Is ex-Chelsea boss right for England? - BBC Sport

Հարկ է նշել նաև, որ Տուխելի գլխավորությամբ «Բորուսիայի» արդյունքները 2015/16 մրցաշրջանում, որում թիմը չեմպիոն չդարձավ, բայց վաստակած 78 միավորով կարող էր նվաճել տիտղոսը դրան նախորդած 52 մրցաշրջաններում: «Բորուսիան» խփեց 82 գոլ, ինչն ակումբային ռեկորդ էր, ուներ գնդակի վերահսկողության 61 տոկոս (ակումբի պատմության ամենաբարձր ցուցանիշներից մեկը), փոխանցումների 85 տոկոս ճշգրտություն: Տուխելի օրոք կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն անցկացրեց Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով 23 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ:

Dortmund-Star geht zu ManU: Machte Mkhitaryan mit einer schnöden SMS an  Tuchel Schluss?

Ֆանտաստիկ մարզիչ, բայց կոնֆլիկտային անհատ

Տուխելն ունի կոնֆլիկտային բնավորություն, ինչն ապացուցվել է տարբեր ժամանակներում ու տարբեր աշխատավայրերում: Այս հանգամանքը կարող էր «կարմիր դրոշ» լինել պահպանողական մոտեցումներ ունեցող Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի համար, բայց երկրի ֆուտբոլային ղեկավարությունը որոշեց հրավիրել Տուխելին՝ գնալով որոշակի ռիսկերի: Իսկ այդ ռիսկն իսկապես առկա է:

Տուխելը, որքան արագ արդյունք է ապահովում, այնքան էլ արագ ամեն ինչ «փչացնում» ու հեռանում է:

Գերմանացին ՊՍԺ-ի հետ ոչ միայն երկու անգամ դարձավ երկրի չեմպիոն, այլ նաև թիմին հասցրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ մի բան, որ չեն արել նրան թե՛ նախորդած, թե՛ հաջորդած մարզիչները: Բայց «Բավարիայի» դեմ այդ եզրափակիչից ընդամենը 5 ամիս անց նրան հեռացրին՝ տարատեսակ կոնֆլիկտների պատճառով:

Նախ՝ Տուխելն այդպես էլ լեզու չգտավ Կիլիան Մբապեի հետ: Խաղերից մեկում նա փոխարինեց ֆրանսիացուն, Մբապեն հենց այդ պահին արտահայտեց իր դժգոհությունը, Թոմասը տեղում փորձեց բացատրել իր որոշման պատճառները, բայց այդ դրվագից հետո մարզչի ու ֆուտբոլիստի ջրերն այլևս նույն առվով չէին հոսում:

Kylian Mbappe undermines Thomas Tuchel with PSG sub reaction - Sports  Illustrated

Տուխելը խնդիրներ ունեցավ նաև ՊՍԺ-ի ղեկավարության հետ. նա պահանջում էր նոր տրանսֆերներ, բայց մերժում էր ստանում, երբեմն էլ ղեկավարությունը միջամտում էր նրա որոշումներին. «Բացի մարզիչ լինելուց, որևէ այլ հավակնություններ չունեմ։ Չեմ ուզում լինել մարզական տնօրեն կամ սպորտի նախարար: Բայց թույլ տվե՛ք անել իմ աշխատանքը: Ֆուտբոլի հանդեպ մեծ կիրք ունեմ ու այն օգնում է ինձ վայելել մարզչի պարտականությունները, բայց ՊՍԺ-ի նման ակումբում միայն ֆուտբոլը չէ, որ առաջնային է, արտաքին ազդեցություններն այստեղ չափազանց շատ են»: Ի վերջո՝ համագործակցությունն ավարտվեց փարիզյան ակումբի ու մարզչի միջև:

ՊՍԺ-ի վերաբերյալ շատ հարցերում Տուխելը գուցե ճիշտ էր, բայց դա ոչ առաջին, ոչ էլ վերջին դեպքն էր, երբ հակասական բնավորությամբ գերմանացին խնդիրներ էր ունենում կոլեգաների հետ. «Տուխելը ֆանտաստիկ մարզիչ է, բայց չափազանց բարդ անհատականություն ունի»,- նշեց «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոակիմ-Վացկեն 2017-ին, երբ մարզիչը հեռացավ ակումբից 2 տարվա աշխատանքից հետո:

BVB-Watzke: Attentat hauptverantwortlich für Trennung von Tuchel |  Transfermarkt

Տուխելը չի սիրում ու չի կարողանում դերեր խաղալ։ Նա միշտ ասում է այն, ինչ մտածում է, ու ասում է ուղիղ՝ առանց ակնարկների, ինչը բոլորը չէ, որ դրական կերպով են ընդունում: «Չելսիում» Թոդ Բոելիի ժամանումից ընդամենը 2 ամիս անց Տուխելը հեռացվեց՝ ակումբում տիրող իրավիճակի և խնդիրների մասին անթաքույց ու անկեղծորեն խոսելու պատճառով:

«Տուխելը փայլուն մարզիչ է ու հրաշալի անձնավորություն»,- հայտարարեց Հարի Քեյնը, երբ իմացավ, որ գերմանացու հետ կրկին աշխատելու է, այս անգամ՝ Անգլիայի հավաքականում: Բայց «Բավարիայում» բոլոր ֆուտբոլիստները չեն, որ կիսում են Քեյնի կարծիքը մարզչի վերաբերյալ:

Օրինակ՝ Ջոշուա Կիմիխի հետ հենց սկզբից էլ Տուխելի հարաբերությունները լավ չէին: Կիմիխը չէր խաղում կիսապաշտպանությունում ու այդպես էլ չկարողացավ համոզել մարզչին, որ պաշտպանության աջ եզրում իրեն վաղուց հարմարավետ չի զգում:

«Բավարիայի» լեգենդ Ուլի Հյոնեսը քննադատեց մարզիչին, երբ նա դեռ աշխատում էր մյունխենյան ակումբում. «Տուխելը չի փորձում կատարելագործել Դևիսին, Մուսիալային ու Պավլովիչին: Նա պարտավոր է աշխատել երիտասարդների հետ, փոխանցել նրանց վստահություն»:

Տուխելի հրապարակային պատասխանը չուշացավ. «Սա հարված է իմ հեղինակությանը՝ որպես մարզիչ: Ես ու իմ շտաբն արդեն 15 տարի ցույց ենք տալիս, որ երիտասարդները կարևոր դեր ունեն մեզ համար»:

Tuchel erklärt Hoeneß-Besuch: "Ich weiß, wie man das deuten kann" - kicker

Այսպիսով, չնայած իր նախորդ աշխատավայր «Բավարիայում» անհաջողություններին, այլ ակումբներում էլ ունեցած կոնֆլիկտներին ու տարաձայնություններին՝ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան որոշեց հրավիրել Տուխելին՝ գիտակցելով, որ նա կարող է ազգային թիմին տալ այն, ինչ պետք է անհաջողություններից ու պարտություններից հոգնած-տանջված անգլիացի երկրպագուներին: Տուխելն ինքն էլ մեծ ոգևորությամբ է մոտենում իր համար անսովոր, բայց անչափ հետաքրքիր նոր մարտահրավերին. «Ես շատ ոգևորված եմ, այստեղ ինձ շատ լավ եմ զգում: Կարող եմ ասել, որ Անգլիայում ինձ ավելի բարձր են գնահատում, քան նույնիսկ իմ հայրենիքում՝ Գերմանիայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ