Եվրո-2024-ի ընտրական փուլում կարևորագույն խաղերին ընդառաջ FAF-ը, համագործակցելով Արամ MP3-ի հետ, ներկայացել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականին նվիրված նոր երգ և տեսահոլովակ։
«Առաջիկա գերկարևոր և պատմական հանդիպումներից առաջ, համագործակցելով Aram Mp3-ի հետ, իրականացրել ենք մեր և հայ ֆուտբոլասերների վաղեմի երզանքը՝ ունենալ հավաքականին նվիրված ֆուտբոլային և ֆանատական երգ և տեսահոլովակ:
Ձեզ ենք ներկայացնում «Առաջ-առաջ Հայեր» երգը և տեսահոլովակը: Եկեք միասին երգենք, գոռանք և վանկարկենք «առաջ-առաջ հայեր», հավատանք տղերքին, հավատանք հաղթանակին:
Շնորհակալություն ենք հայտնում Fastex Armenia-ին և Team Telecom Armenia-ին գաղափարը կյանքի կոչելուն աջակցելու համար»,- տեսահոլովակին կից նշել է երկրպագուական շարժման մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Ալեքսանդր Պետրակովի թիմն Էսքիշեհիր քաղաքի համանուն ստադիոնում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ, իսկ երեք օր անց Երևանի՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի աշխարհի 2022թ. առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։
Եվրո-2024-ի ընտրական փուլի D խումբը 4 խաղից հետո գլխավորում է Թուրքիայի հավաքականը, որն ունի 9 միավոր։ Հայաստանի հավաքականը 3 խաղից հետո 6 միավորով երկրորդն է։ Խորվաթիան (2 խաղ) և Ուելսը (4 խաղ) վաստակել են 4-ական միավոր, իսկ Լատվիան պարտվել է բոլոր՝ երեք խաղերում։