Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ֆան ակումբը՝ Հայկական առաջին ճակատը (FAF), թուրքերի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղից առաջ միասնական երթ կկազմակերպի դեպի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոն:
«Սիրելի երկրպագուներ, մոտենում է Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկը և այն մեզ համար սկսվելու է #կյանքիխաղով։
Հայաստան - Թուրքիա խաղից առաջ մարտի 25-ին՝ ժամը 17:00-ին, FAF-ը կազմակերպում է երկրպագուների միասնական երթ` Ֆրանսիայի հրապարակից (Արամ Խաչատրյանի արձանի մոտից), այն կավարտվի «Հանրապետական» մարզադաշտում: Կարևոր չէ՝ որ տրիբունայից եք աջակցելու մեր հավաքականին, կարևոր է լինել մեկ ամբողջություն, ցույց տալ անսպառ հավատ և տեսնել անմնացորդ նվիրում դաշտում։
Երթի բոլոր մասնակիցներին հորդորում ենք ներկայանալ սև հագուստով, ունենալ հավաքականի կամ Հայաստանի շարֆեր, դրոշներ»,- նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստան - Թուրքիա խաղը տեղի կունենա մարտի 25-ին և կմեկնարկի ժամը 21:00-ին: Բոլոր տոմսերը սպառվել են։