Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մտադիր է շարունակել գործակցությունն ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հետ՝ անկախ Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում գրանցած արդյունքից, հաղորդում է The Times-ը։
53-ամյա անգլիացի մասնագետի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024թ․ դեկտեմբեր։ Սաութգեյթը կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից քննադատության թիրախում հայտնվելու պատճառով, սակայն FA-ն մտադիր է համոզել մարզիչին։
Գարեթ Սաութգեյթը 2016 թվականից է գլխավորում Անգլիայի հավաքականը, որը երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ և հուլիսի 14-ին տիտղոսը կվիճարկի իսպանացիների հետ։ Նրա գլխավորությամբ բրիտանական թիմն անցկացրել է 101 հանդիպում, տարել 64 հաղթանակ, կրել 17 պարտություն ու գրանցել 20 ոչ-ոքի։