Հայաստանը ևս մեկ մեդալ նվաճեց Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնությունում:
Մ20 մրցաշարում Մնացական Աբրահամյանը (81 կգ) երկամարտի 323 կգ (143+180) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: Պոկում վարժությունից հետո հայ ծանրորդը 5-րդն էր, իսկ հրումում գրանցեց երկրորդ արդյունքը:
Երկամարտի նույն արդյունքով երկրորդ տեղը գրավեց իտալացի Լորենցո Տաքուինին, իսկ չեմպիոնի տիտղոսը նվաճեց վրացի Սաբա Անանիձեն (328 կգ):
Հոկտեմբերի 20-ին Հայաստանի ներկայացուցիչներից ելույթ կունենա նաև Կարեն Մարգարյանը (Մ23, 81 կգ):
Սա Հայաստանի թիմի երրորդ մեդալն էր երկամարտում: Ավելի վաղ Մ20 մրցաշարում չեմպիոն էր դարձել Գոռ Սահակյանը (67 կգ), իսկ Ռաֆիկ Մինասյանը (61 կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: