Logo

Եվրոպայի ամենաարդյունավետ 10 պաշտպանները

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
18:29 / 14.02.2025Ֆուտբոլ
null

FastNews-ը ներկայացնում է 2024/25 մրցաշրջանում եվրոպական առաջատար լիգաներում խաղացող 10 ամենաարդյունավետ պաշտպաններին:

Սերխի Կարդոնա, «Վիլյառեալ», 23 խաղ, 1+6

«Դեղին սուզանավի» համար 2024/25 մրցաշրջանը լավ է դասավորվում: Չնայած Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում անակնկալ պարտություն կրեց «Պոնտեվեդրայից» և լքեց պայքարը, Լա լիգայում լավ արդյունքներ է գրանցում և մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: Հաջող ելույթներում իր ավանդն ունի նաև իսպանացի ձախ պաշտպանը, որը մրցաշրջանի մեկնարկից առաջ էր «Լաս Պալմասից» տեղափոխվել «Վիլյառեալ»: 25-ամյա Կարդոնայի արդյունավետությունը տպավորում է հատկապես 2025 թվականին: Նախորդ 4 խաղում պաշտպանը կատարել է 5 գոլային փոխանցում:

Լուկա Վուշկովիչ, «Վեսթեռլո»,  23 խաղ, 6+1

17-ամյա կենտրոնական պաշտպանը համարվում է խորվաթական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից: Վուշկովիչը «Հայդուկի» սան է, 2024/25 մրցաշրջանում վարձավճարով խաղում է «Վեսթեռլոյում», որտեղ պաշտպանողական գործողություններից բացի աչքի է ընկնում նաև բարձր արդյունավետությամբ: Վուշկովիչը, որի 18 տարեկանը դեռ չի լրացել, 6 խաղ է անցկացրել Խորվաթիայի երիտասարդական հավաքականում: Լոնդոնի «Տոտենհեմը» 11 միլիոն եվրոյով «Հայդուկից» գնել է պաշտպանի տրանսֆերային իրավունքը, իսկ նոր ակումբին խորվաթը կմիանա ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Նաթանիել Բրաուն, «Այնտրախտ»,  16 խաղ, 3+4

21-ամյա ձախ պաշտպանը Գերմանիայի երիտասարդական հավաքականի անդամ է: Բրաունը «Նյուրնբերգի» սան է, իսկ նախորդ տարվա ամռանը հեռացավ հարազատ ակումբից և 5 տարվա պայմանագիր կնքեց Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի հետ, որտեղ առաջին իսկ փորձից բավական հաջող մրցաշրջան է անցկացնում:

Օսկար Մինգեսա, «Սելտա»,  22 խաղ, 2+5

Աջ պաշտպանը Վիգոն ներկայացնող ակումբում երրորդ մրցաշրջանն է անցկացնում և երբեք այսպիսի արդյունավետություն չի ունեցել: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ 25-ամյա ֆուտբոլիստի արդյունավետությունն աչք էր ծակում մրցաշրջանի աշնանային հատվածում, իսկ վերջին արդյունավետ գործողությունը Մինգեսան կատարել է 2024 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Լա լիգայի 10-րդ տուրում գոլային փոխանցում կատարելով «Ռեալի» դեմ խաղում: Արդեն 14 խաղ է՝ Օսկար Մինգեսան արդյունավետ գործողություն չի կատարել:

Ռայան Աիթ-Նուրի, «Վուլվերհեմփթոն»,  26 խաղ, 4+5

Ալժիրի հավաքականի ներկայացուցիչը չորրորդ մրցաշրջանն է անցկացնում «Գայլերի» կազմում և միշտ եղել է թիմի առանցքային դերակատարներից մեկը, բայց ընթացիկ մրցաշրջանի նման բարձր արդյունավետություն երբեք չի գրանցել: Ձախ պաշտպանը գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» դեմ խաղում, իսկ «Տոտենհեմի» դեմ խաղում կատարել է 2 գոլային փոխանցում: Դրանք իհարկե պաշտպանի արդյունավետ գործողությունների մի մասն են: «Վուլվզի» ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում ամենաարդյունավետ պաշտպանն է:

Դենզել Դյումֆրիս, «Ինտեր»,  30 խաղ, 8+2

Դյումֆրիսը կարիերայի ընթացքում երբեք արդյունավետության պակաս չի ունեցել: Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում նիդերլանդցին խփել էր 4 գոլ և կատարել նույնքան գոլային փոխանցում, բայց ընթացիկ մրցաշրջանում Դյումֆրիսի թվերն ավելի տպավորիչ են: 28-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերը ներառյալ դարձել է 8 գոլի և 2 ասիստի հեղինակ: Դյումֆրիսը փայլեց հատկապես հունվարին կայացած հանդիպումներում, երբ 7 խաղում խփեց 5 գոլ:

Կլաուդիո Վինկ, «Կասիմփաշա»,  20 խաղ, 3+7

30-ամյա բրազիլացին կարող է խաղալ նաև հենակետայինի գոտում, բայց հիմնականում գործում է պաշտպանության աջ եզրում: Վինկի ամենաարդյունավետ մրցաշրջանը եղել է 2022/23-ը, երբ պորտուգալական «Մարիտիմուի» կազմում դարձել է 7 գոլի և 5 ասիստի հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում Կլաուդիոն թուրքական Սուպերլիգայում խփել է 3 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, «Լիվերպուլ»,  31 խաղ, 2+8

Տրենտի մասին երկար-բարակ գրելու կարիք չկա, և անգլիացին շատ ավելի արդյունավետ մրցաշրջաններ է անցկացրել, բայց դա Տրենտին չի խանգարում հերթական անգամ լինել լավագույնների մեջ: Հաշվի առնելով, որ պաշտպանը որոշ հանդիպումներ բաց է թողել վնասվածքի պատճառով, այս անգամ ևս կարող է գոհ լինել իր արդյունավետությունից:

Ալեխանդրո Գրիմալդո, «Բայեր»,  32 խաղ, 4+10

Գրիմալդոն նույնպես բազմաթիվ արդյունավետ մրցաշրջաններ է ունեցել, որոնցից լավագույնն անկասկած 2023/24-ն էր: Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին մի փոքր նվազեցրել է տեմպը, բայց Եվրոպայի 2 ամենաարդյունավետ պաշտպաններից մեկն է: 

Ժերեմի Ֆրիմպոնգ, «Բայեր»,  33 խաղ, 3+11

Ֆրիմպոնգը և Գրիմալդոն վերջին 2 մրցաշրջաններում Եվրոպայի ամենաարդյունավետ պաշտպանողական զույգն են: Իհարկե, նման խաղաոճ ունեցող ֆուտբոլիստներին որոշակի վերապահումով կարելի է պաշտպան համարել, բայց ժամանակակից ֆուտբոլում նման ոճ ունեցող խաղացողները պատասխանատու են թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման համար: Հետևաբար Ֆրիմպոնգը ևս հանգիստ կարող է տեղ գտնել այս ցանկում: 24-ամյա ֆուտբոլիստի համար նույնպես նախորդ մրցաշրջանն ավելի արդյունավետ էր, սակայն ընթացիկ մրցաշրջանի ավարտին դեռ երկար ժամանակ կա, և նիդերլանդցին կարող է մեծացնել առանց այդ էլ գրավիչ թվերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ