Եվրոպական Սուպերլիգայում ընդգրկված կլինեն 64 ակումբներ, որոնք կբաժանվեն 3 լիգաների: Բոլոր լիգաներում մրցումները կանցկացվեն երկու փուլով՝ «լիգայի փուլ» և «փլեյ-օֆֆ», հայտարարել է նախագծի գլխավոր տնօրեն Բեռնդ Ռայխարտը:
Այս պահին մրցաշարի լիգաները հետևյալ տեսքն ունեն.
Լիգա Star՝ 16 թիմ, 2 խումբ
Լիգա Gold՝ 16 թիմ, 2 խումբ
Լիգա Blue՝ 32 թիմ, 4 խումբ
Առաջին փուլում ակումբները կանցկացնեն երկուական հանդիպում (տնային և արտագնա): «Լիգայի փուլում» կկայանա ընդհանուր 14 խաղ: Լիգա Star-ից և Լիգա Gold-ից փլեյ-օֆֆ դուրս կգան խմբերից լավագույն 4 թիմերը, Լիգա Blue-ից՝ ընդամենը երկու թիմ:
Փլեյ-օֆֆը կմեկնարկի անմիջապես քառորդ եզրափակիչից: Այդ փուլում և կիսաեզրափակիչում թիմերը կանցկացնեն երկու հանդիպում (տնային և արտագնա), իսկ եզրափակիչը կկայանա չեզոք դաշտում:
Լիգա Star-ում վատագույն արդյունքները գրանցած երկու ակումբները կտեղափոխվեն Լիգա Gold, իսկ Լիգա Gold-ի լավագույնները կտեղափոխվեն Լիգա Star: Լիգա Gold-ում վատագույն արդյունք գրանցած երկու թիմերին կփոխարինեն Լիգա Blue-ի եզրափակիչի մասնակիցները: Մրցաշրջանի վերջում 20 ակումբ դուրս կմնա Լիգա Blue-ից: Այդ թիմերին կփոխարինեն ազգային առաջնությունների լավագույն ակումբները: