Լեհաստանում ավարտին մոտեցող երրորդ Եվրոպական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը չեն ավարտել միայն թեքբոլիստները։
Քրիստինե Մանգասարյանը և Ռաֆայել Վարդանյանը հունիսի 30-ին թիմային միքս մրցաձևում հաղթահարել են խմբային փուլի արգելքը և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվել են Խորվաթիայի թիմին ու ավարտել ելույթները։ Խմբային փուլում հայ թեքբոլիստները պարտվել են Սերբիային թիմին ու հաղթել Խորվաթիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներին։
Օգոստոսի 1-ին զուգախաղում պայքարի մեջ կմտնեն Գոռ Սարգսյանն ու Ռաֆայել Վարդանյանը: Մենախաղում Գոռ Սարգսյանն ու Քրիստինե Մանգասարյանն ավելի վաղ չէին կարողացել հաղթահարել խմբային փուլի արգելքը։
Հիշեցնենք, որ Հայաստանը երրորդ Եվրոպական խաղերին մասնակցում է 57 մարզիկով և ներկայացուցիչ ունի 9 մարզաձևում՝ աթլետիկա, բռնցքամարտ, թաեքվոնդո, թեքբոլ, կարատե, հրաձգություն, ջրացատկ, մուայթա և սուսերամարտ: Մեկ արծաթե ու երկու բրոնզե մեդալով Հայաստանն առայժմ 37-րդն է մեդալային հաշվարկում։
Նախորդ մրցումային օրերի ընթացքում կարատեիստ Անիտա Մակյանը (68 կգ) և մուայթայիստ Նարեկ Խաչիկյանը (60 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր, իսկ հրաձիգներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը երկրորդ տեղն էին գրավել 10 մետր օդամղիչ ատրճանակ 30+30 կրակոց միքս մրցաձևում։
Եվրոպական խաղերի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 2-ին։


