Logo

Եվրոպական առաջատար լիգաների 15 ամենաարդյունավետ երիտասարդ ֆուտբոլիստները

Հեղինակ
Սուրեն Մելիքսեթյան
19:40 / 06.02.2025Ֆուտբոլ
null

FastNews-ը ներկայացնում է 2024/25 մրցաշրջանում եվրոպական առաջատար լիգաները ներկայացնող 15 ամենաարդյունավետ ֆուտբոլիստներին:

Նիկո Պաս, «Կոմո»  21 խաղ, 5+3

20-ամյա կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանում նորամուտը նշեց Մադրիդի «Ռեալում» և մասնակցեց Լա լիգայի 4 հանդիպման: 2024 թվականի օգոստոսին Ա Սերիայի նորեկ «Կոմոն» 6 միլիոն եվրոյով գնեց արգենտինացու տրանսֆերային իրավունքը, և Պասը միանգամից ինտեգրվեց Սեսկ Ֆաբրեգասի խաղային համակարգում ու այս պահին Պատրիկ Կուտրոնեի հետ «Կոմոյի» 2 ամենաարդյունավետ ֆուտբոլիստներից է:

Էլիես Բեն Սեղիր, «Մոնակո», 20 խաղ, 5+3

19-ամյա ֆուտբոլիստը «Մոնակոյի» գլխավոր թիմում երրորդ մրցաշրջանն է անցկացնում և Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում արդյունավետության անձնական ռեկորդ է սահմանել: Մարոկկացու համար շատ հաջող էր մրցաշրջանի առաջին հատվածը, իսկ 2025 թվականին Բեն Սեղիրն արդյունավետ գործողություն դեռևս չի կատարել: Այդ պատճառով «Մոնակոյի» գլխավոր մարզիչ Ադի Հյուտերը նախորդ 3 խաղում ֆուտբոլիստին թողեց պահեստայինների նստարանին և միայն խաղավերջում մի քանի րոպե խաղաժամանակ տրամադրեց:

Անդրեյ Սանթոս, «Ստրասբուրգ», 19 խաղ, 7+1

20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», բայց բրազիլացին երկրորդ մրցաշրջանն անընդմեջ վարձավճարով խաղում է Լիգա 1-ում: Կենտրոնական կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի գարնանային հատվածում Ֆրանսիայի առաջնության 11 խաղում խփեց 1 գոլ, իսկ ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում գրանցել է 7 գոլ և մեծ դերակատարում ունի «Ստրասբուրգում»:

Էլ Հաջի Մալիկ Դիուֆ, «Սլավիա», 19 խաղ, 6+3

Սենեգալի հավաքականի 20-ամյա ներկայացուցիչը 1 տարի առաջ է նորվեգական «Տրոմսյոյից» տեղափոխվել Պրահայի «Սլավիա»: Դիուֆը բազմաֆունկցիոնալ է և կարող է խաղալ կենտրոնական և ձախ պաշտպանի դիրքում, սակայն ընթացիկ մրցաշրջանում խաղում է բացառապես ձախ կիսապաշտպանի դիրքում և գրանցել է 9 արդյունավետ գործողություն:

Բենյամին Շեշկո, «Լայպցիգ», 19 խաղ, 8+2

21-ամյա սլովենացին երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Բունդեսլիգայում և կրկին «Ցլերի» գլխավոր հարվածային ուժերից է: Շեշկոն նախորդ մրցաշրջանում Գերմանիայի առաջնության 31 խաղում խփել էր 14 գոլ, իսկ ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում աչքի է ընկել 8 գոլով:

Սանտիագո Կաստրո, «Բոլոնիա», 22 խաղ, 6+4

Կաստրոն 2024 թվականի հունվարին է «Վելես Սարսֆիլդից» տեղափոխվել «Բոլոնիա»: Արգենտինացին նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածում Ա Սերիայում մասնակցած 8 խաղում խփեց 1 գոլ, բայց այդ ժամանակահատվածն օգտագործեց՝ նոր միջավայրին ադապտացվելու համար: Ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում կենտրոնական հարձակվողը, որը կարող է խաղալ նաև հարձակման եզրերում, 22 խաղում խփել է 6 գոլ, կատարել 4 ասիստ: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ 20-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7 խաղում աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում):

Ջիմի Բայնո Գիտենս, «Բորուսիա» Դորտմունդ, 20 խաղ, 7+3

Անգլիացին Բունդեսլիգայում նորամուտը նշել է դեռևս 2021/22 մրցաշրջանում, սակայն մեկնարկային կազմի ֆուտբոլիստ է դարձել նախորդ մրցաշրջանում: 2023/24 մրցաշրջանում Բայնո Գիտենսը 25 խաղում 5 արդյունավետ գործողություն կատարեց, որոնցից 1-ը՝ գոլի տեսքով, իսկ այս մրցաշրջանի 20 խաղում խփել է 7 գոլ:

Լիամ Դելապ, «Իփսվիչ Թաուն», 23 խաղ, 9+2

21-ամյա հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայում նորամուտը նշել է 2021/22 մրցաշրջանում, երբ ներկայացնում էր «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի գլխավորությամբ անցկացրած խաղում անգլիացին աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ, իսկ հետագայում վարձավճարով խաղացել է Չեմպիոնշիփը ներկայացնող 3 ակումբներում: Նախորդ տարվա ամռանն ԱՊԼ-ի նորեկը գրեթե 18 միլիոն եվրոյով «Մանչեսթեր Սիթիից» ձեռք բերեց Դելապի տրասնֆերային իրավունքը: Հարձակվողն այս մրցաշրջանում խփել է «Իփսվիչ Թաունի» գոլերի 40 տոկոսը:

Ջամալ Մուսիալա, «Բավարիա», 17 խաղ, 10+2

Ջամալի մասին երկար-բարակ գրելու կարիք չկա. նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից է: Մուսիալան ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով 6 խաղ է բաց թողել, այլապես շատ ավելի գրավիչ թվեր կարող էր ունենալ: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ընթացիկ մրցաշրջանի 17 խաղում Մուսիալան խփել է 10 գոլ: Նույնքան գոլ գերմանացին խփել էր նախորդ մրցաշրջանի 24 խաղում:

Յակոբ Բրեում, «Գոու Ըհեդ Իգլզ», 20 խաղ, 7+5

20-ամյա ֆուտբոլիստը երկրորդ մրցաշրջանն է անցկացնում Նիդերլանդների առաջնությունում և դարձել է թիմի առաջատարներից: Դանիացին ընթացիկ մրցաշրջանում Էրեդիվիզիի ամենաարդյունավետ երիտասարդ ֆուտբոլիստն է:

Ֆրանյո Իվանովիչ, «Ռոյալ Յունիոն», 18 խաղ, 10+2

21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի սկզբում «Ռիեկայից» տեղափոխվեց Բելգիայի առաջնություն և դարձավ թիմի գլխավոր գոլահարը: Խորվաթը, առաջնության խաղերում 10 գոլ խփելուց բացի, 4 գոլով աչքի է ընկել նաև Եվրոպա լիգայի Լիգայի փուլում՝ այդ թվում հաղթական դուբլ գրանցելով «Բրագայի» դեմ խաղում:

Ջուդ Բելինգհեմ, «Ռեալ Մադրիդ», 18 խաղ, 7+6

Ջուդը Լա լիգայում երկրորդ մրցաշրջանն է անցկացնում: Նախորդ մրցաշրջանի 28 խաղում անգլիացին 6 ասիստ էր գրանցել: Այդքան գոլային փոխանցում ունի նաև այս մրցաշրջանի 18 խաղում: Սակայն Բելինգհեմը նվազեցրել է գոլերի քանակը: Մրցաշրջանի մեկնարկային 7 խաղում 21-ամյա ֆուտբոլիստն այդպես էլ չկարողացավ գոլ խփել, իսկ հաջորդ 11 խաղում խփել է 7 գոլ:

Սամու Օմորոդիոն, «Պորտու», 15 խաղ, 13+2

«Պորտուն» 2024 թվականի օգոստոսին 15 միլիոն եվրոյով Մադրիդի «Աթլետիկոյից» ձեռք բերեց Օմորոդիոնի տրանսֆերային իրավունքը: 20-ամյա ֆուտբոլիստը պորտուգալական ակումբում փայլուն ֆուտբոլ է ցուցադրում և առաջնությունում գոլերի քանակով զիջում է միայն «Սպորտինգի» շվեդ ռմբարկու Վիկտոր Դյոկերեշին: Օմորոդիոնը հիանալի արդյունավետություն ունի նաև Եվրոպա լիգայում, որտեղ 7 խաղում խփել է 5 գոլ:

Լամին Յամալ, «Բարսելոնա», 19 խաղ, 5+10

«Բարսելոնայի» 17-ամյա տաղանդն ամբողջ աշխարհին հիացնում է իր խաղով: Ներկայիս «Բարսելոնան» հնարավոր չէ պատկերացնել առանց Յամալի: Պատահական չէ, որ այն խաղերում, որոնք բաց է թողնում եզրային հարձակվողը, կատալոնացիները բախվում են լրջագույն խնդիրների: Լա լիգայում ասիստների ցուցանիշով Լամին Յամալն ընդգծված առաջատար է:

Ֆլորիան Վիրց, «Բայեր», 20 խաղ, 9+11

Գերմանացին այս պահի դրությամբ ամենալավ մարզավիճակում գտնվող 2-3 ֆուտբոլիստներից է: Վիրցի խաղին հետևելն իրական հաճույք է: 21-ամյա կիսապաշտպանը Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի 32 խաղում գրանցել էր 11-ական գոլ և ասիստ: Ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում Վիրցն արդեն խփել է 9 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: Աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը փայլում է նաև Չեմպիոնների լիգայում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում աչքի է ընկել 6 գոլով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ