Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Մոսկվայի «Լոկոմոտիվից»։ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է եվրոպական ակումբ, որը նվաճել է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր, հաղորդում է Metaratings-ը՝ չնշելով, թե որ ակումբի մասին է խոսքը։
Այդ ակումբն արդեն կապ է հաստատել Թիկնիզյանի ներկայացուցիչների հետ։ «Լոկոմոտիվը» դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթն» ու «Լոկոմոտիվը» փոխհամաձայնության են եկել Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի վերաբերյալ, սակայն ֆուտբոլիստն ու պետերբուրգյան ակումբը չէին կարողացել պայմանավորվել աշխատավարձի հարցում։
Հայ պաշտպանը 2021 թվականին է Մոկսվայի ԲԿՄԱ-ից տեղափոխվել «Լոկոմոտիվ», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։