ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի մամուլի ծառայությունը 1/16 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումներից հետո ներկայացրել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին:
Լավագույնի կոչմանը հավակնում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, «Մոնակոյի» պաշտպան Աքսել Դիասին, իսպանական «Սևիլիայի» կիսապաշտպան Լուկաս Օկամպոսը և Դոնեցկի «Շախտյորի» վինգեր Դմիտրի Կրիսկովը:
Բոլոր ֆուտբոլիստները մեկական գոլ էին խփել 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումներում, որոնցում «Մանչեսթեր Յունայթեդը» մարտական ոչ-ոքի էր խաղացել կատալոնական «Բարսելոնայի» հետ (2-2), «Մոնակոն» 3-2 հաշվով հաղթել էր Լևերկուզենի «Բայերին», «Շախտյորն» առավելության էր հասել ֆրանսիական «Ռենի» նկատմամբ (2-1), իսկ «Սևիլիան» երեք գնդակ էր ուղարկել հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենի» դարպասը (3-0):
1/16 եզրափակիչի պատասխան հանդիպումները կկայանան փետրվարի 23-ին։ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ Այդ փուլից փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն նաև 8 խմբերի հաղթողները՝ «Արսենալը» (Անգլիա), «Բետիսը» (Իսպանիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Ռեալ Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդեռլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա), «Ֆեներբահչեն» (Թուրքիա)։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։