Եվրոպա լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի ավարտից հետո փլեյ-օֆֆի 10 մասնակից արդեն հայտնի է:
Փլեյ-օֆֆում իրենց տեղն ապահովել են անգլիական «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը», հոլանդական ՊՍՎ-ն, թուրքական «Ֆեներբահչեն», ֆրանսիական «Ռենը», իսպանական «Բետիսն» ու «Ռեալ Սոսյեդադը», բելգիական «Սենտ-Ժիլուազը», գերմանական «Ֆրայբուրգն» ու հունգարական «Ֆերենցվարոշը»:
Արդեն հայտնի են նաև ևս երկու թիմեր, որոնք Չեմպիոնների լիգայի իրենց խմբերում կմնան երրորդ տեղում և կնահանջեն Եվրոպա լիգա: Այդ թիմերն են կատալոնական «Բարսելոնան» և անդալուզական «Սևիլիան»:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբերում երկրորդ տեղը գրաված թիմերը 1/16 եզրափակիչում կհանդիպեն Չեմպիոնների լիգայից նահանջած թիմերին: Եվրոպա լիգայի խմբերում հաղթած և առաջին տեղը զբաղեցրած թիմերը փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչից: