Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», Հռոմի «Ռոման», գերմանական «Ունիոն Բեռլինը» և Դոնեցկի «Շախտյորը» նվաճեցին Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր:
1/16 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-1 հաշվով առավելության հասավ կատալոնական «Բարսելոնայի» նկատմամբ: Առաջին հանդիպումն ավարտվել էր 2-2 հաշվով:
Տանտերերից աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդն ու նրա հայրենակից, հարձակվող Անտոնին: Կատալոնական ակումբի գոլը 11-մետրանոց հարվածով խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
«Ռոման», առաջին խաղում 0-1 հաշվով պարտությունից հետո կարողացավ 2-0 հաշվով հաղթել ավստրիական «Զալցբուրգին» ու շարունակել պայքարը: Հռոմեական ակումբի գոլերը խփեցին իտալացի հարձակվող Անդրեա Բելոտին ու արգենտինացի կիսապաշտպան Պաուլո Դիբալան:
Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատարներից «Ունիոն Բեռլինը» 3-1 հաշվով հաղթեց Ամստերդամի «Այաքսին» (առաջին հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի), իսկ Դոնեցկի «Շախտյորը» հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասավ ֆրանսիական «Ռենի» նկատմամբ:
Ավելի վաղ 1/8 եզրափակիչի ուղեգիր էին նվաճել Լևերկուզենի «Բայերը», Թուրինի «Յուվենտուսը», Լիսաբոնի «Սպորտինգը» և իսպանական «Սևիլիան»։
Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ Այդ փուլից փլեյ-օֆֆում պայքարը կսկսեն նաև 8 խմբերի հաղթողները՝ «Արսենալը» (Անգլիա), «Բետիսը» (Իսպանիա), «Ռոյալ Յունիոնը» (Բելգիա), «Ռեալ Սոսյեդադը» (Իսպանիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Ֆրայբուրգը» (Գերմանիա), «Ֆերենցվարոշը» (Հունգարիա) և «Ֆեներբահչեն» (Թուրքիա)։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի գործող հաղթողը Ֆրանկֆուրտի «Այնտրախտն» է, որն այս մրցաշրջանում խաղում է Չեմպիոնների լիգայում և նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Եվրոպա լիգա, 1/16 եզրափակիչ, պատասխան խաղեր
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)` 2-1 (տեսանյութ)
Ֆրեդ, 47, Անտոնի, 73 - Ռոբերտ Լևանդովսկի, 18 (11մ.)
«Ռոմա» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)` 2-0
Անդրեա Բելոտի, 33, Պաուլո Դիբալա, 40
«Ունիոն Բեռլին» (Գերմանիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)` 3-1 (տեսանյութ)
Ռոբին Կնոչ, 20 (11մ.), Յոսիպ Յուրանովիչ, 44, Դանիլո Դուխի, 50 - Մոհամեդ Կուդուս, 47
Հեռացում՝ Էդսոն Ալվարես, 90+7 («Այաքս»)
«Ռեն» (Ֆրանսիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 2-1
11-մետրանոցներ՝ 4-5
Կարլ Տոկո Էկամբի, 52, Իբրահիմ Սալահ, 106 - Ժանյուել Բելոսյան, 119 (ինքնագոլ)
«Մոնակո» (Ֆրանսիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 2-3 (տեսանյութ)
11-մետրանոցներ՝ 2-4
Վիսամ Բեն Եդեր, 19 (11մ.), Բրել Էմբոլո, 84 - Ֆլորիան Վիրց, 13, Էսեկիել Պալասիոս, 21, Ամինե Ադլի, 58
«Նանտ» (Ֆրանսիա) - «Յուվենտուս» (Իտալիա)` 0-3 (տեսանյութ)
Անխել դի Մարիա, 5, 20, 78
Հեռացում՝ Նիկոլյա Պալուա, 18 («Նանտ»)
«Միտյուլանդ» (Դանիա) - «Սպորտինգ Լիսաբոն» (Պորտուգալիա)՝ 0-4 (տեսանյութ)
Սեբաստիան Կոատես, 21, Պեդրու Գոնսալվեշ, 50, 77, Ստեֆան Գարտենման, 85 (ինքնագոլ)
Հեռացում՝ Պաուլինյո, 38 («Միտյուլանդ»)
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Սևիլիա» (Իսպանիա)` 2-0 (տեսանյութ)
Լյուկ դե Յոնգ, 77, Ֆաբիո Սիլվա, 90+5