Ֆուտբոլի Վրաստանի հավաքականը նորամուտը նշեց Եվրոպայի առաջնություններում։ Վիլի Սանյոլի գլխավորած թիմը Եվրո-2024-ի F խմբի առաջին տուրում 1-3 հաշվով ցավալի պարտություն կրեց Թուրքիայի հավաքականից՝ թողնելով լավ տպավորություն։
Հանդիպման սկզբնամասում թուրքերը մեծ ճնշում էին գործադրում, իսկ 25-րդ րոպեին բացեցին հաշիվը: Արտակարգ գոլի հեղինակ դարձավ «Ֆեներբահչեի» պաշտպան Մերթ Մյուլդուր: Մրցակցի ճնշմանը վրացիները պատասխանում էին հակագրոհներով, իսկ 32-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Եվրոներում Վրաստանի հավաքականի պատմության առաջին գոլը խփեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։
Երկրորդ խաղակեսում վրացիները հավասարեցրին խաղը և ունեին նաև հաշվի մեջ առաջ անցնելու լավ հնարավորություն, բայց 65-րդ րոպեին դարձյալ գոլ բաց թողեցին: Վինչենցո Մոնտելայի թիմի երկրորդ տպավորիչ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը:
Վերջնամասում Վրաստանի հավաքականն ուներ խաղը փրկելու մի քանի շանսեր, սակայն չկարողացավ գրավել դարպասը: Ավելացված ժամանակում թուրքերը հակագրոհի արդյունքում խփեցին նաև երրորդ գոլը, անկյունայինի խաղարկման ժամանակ մրցակցի տուգանային հրապարակ էր գնացել նաև վրացիների դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին՝ դարպասը թողնելով անպաշտպան:
Թուրքիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում:
Այս խմբի առաջին տուրի մյուս խաղում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Չեխիայի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 18-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
Թուրքիա - Վրաստան` 3-1 (տեսանյութ)
Մերթ Մյուլդուր, 25, Արդա Գյուլեր, 65, Կերեմ Ակթյուրքօղլու - Ժորժ Միկաուտաձե, 32
Ռոնալդուի վերջին Եվրոն, վրացիների պատմական նորամուտն ու F խմբի ամուր թիմերը