Նիդերլանդների ազգային հավաքականը դարձավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը:
Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում Բեռլինի Օլիմպիական ստադիոնում 2-1 հաշվով կամային հաղթանակի հասավ Թուրքիայի հավաքականի նկատմամբ:
Թուրքերը 35-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, անկյունայինի խաղարկումից հետո նիդերլանդցիների հեռացրած գնդակը բաժին հասավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Արդա Գյուլերին, որը փոխանցումից հետո դարպասային հրապարակում բոլորից բարձր ցատկեց և գոլի հեղինակ դարձավ «Ֆեներբահչեի» պաշտպան Սամեթ Ակայդինը:
Իտալացի մասնագետ Վինչենցո Մոնտելայի գլխավորած Թուրքիայի հավաքականը երկրորդ խաղակեսի առաջին հատվածը ևս լավ անցկացրեց և կարող էր նաև երկրորդ գոլը խփել: Դրվագներից մեկում Գյուլերի հարվածը մի փոքր շեղ ստացվեց, մեկ անգամ էլ տպավորիչ սեյվ կատարեց անգլիական «Բրայթոնի» դարպասապահ Վերբրյուգենը:
Նիդերլանդների հավաքականը 70-րդ րոպեին կարողացավ խփել պատասխան գոլը։ Անկյունայինի խաղարկումից հետո հոլանդացիները երկրորդ տեմպով սպառնացին թուրքերի դարպասին․ Մեմֆիս Դեպայի փոխանցումից հետո գլխի հարվածով Մերթ Գյունոկի դարպասը գրավեց իտալական «Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը:
Ընդամենը 6 րոպե անց նիդերլանդցիներն աջ եզրով հաջող գրոհ անցկացրին, գնդակն ուղարկեցին տուգանային հրապարակ, որտեղ Եվրո-2024-ի լավագույն ռմբարկուներից Կոդի Գակպոյի դեմ պայքարում «Ֆեներբահչեի» պաշտպան Մերթ Մյուլդյուրը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Նիդերլանդների հավաքականը հաղթեց 2-1 հաշվով և կիսաեզրափակիչում կմրցի Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիայի դեմ, որը քիչ առաջ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Շվեյցարիայի հավաքականին:
Եվրո-2024, քառորդ եզրափակիչ
Նիդերլանդներ - Թուրքիա՝ 2-1 (տեսանյութ)
Ստեֆան դե Վրեյ, 70, Մերթ Մյուլդյուր, 76 - Սամեթ Ակայդին, 35