Logo

Եվրո-2024. Իսպանիայի հավաքականը հաղթեց Վրաստանին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:51 / 01.07.2024Ֆուտբոլ
null

Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը 4-1 հաշվով կամային հաղթանակ տարավ Վրաստանի թիմի նկատմամբ։

Իսպանացիներն ակտիվ էին սկսել խաղը, սակայն 18-րդ րոպեին Վրաստանի հավաքականը կայծակնային հակագրոհից հետո «Ռեալ Սոսիեդադի» պաշտպան Ռոբին Լե Նորմանի ինքնագոլի շնորհիվ Վիլի Սանյոլի գլխավորած թիմին բացեց հաշիվը։

Բաց թողած գոլը չխառնեց «Ֆուրիա ռոխայի» խաղաքարտերը։ Լուիս դե լա Ֆուենտեի թիմը հսկայական ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի վրա և 39-րդ րոպեին անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի գոլի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 51-րդ րոպեին, կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալի հիանալի ասիստից հետո աչքի ընկավ Փարիզի ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը՝ առաջ մղելով Իսպանիայի հավաքականին։

75-րդ րոպեին Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը հուժկու հարվածով մեծացրեց Իսպանիայի հավաքականի առավելությունը, իսկ 83-րդ րոպեին գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն փոխարինման մտնելուց հետո դրեց հանդիպման վերջակետը։

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչ և մրցելու է մրցաշարի տանտեր Գերմանիայի թիմի դեմ։ Ավելի վաղ քառորդ եզրափակիչում զույգ էին կազմել նաև Անգլիայի ու Շվեյցարիայի հավաքականները։ Եվրոպայի առաջնությունում նորամուտը նշած Վրաստանի հավաքականը դուրս մնաց հետագա պայքարից։

Եվրո-2024, 1/8 եզրափակիչ

Իսպանիա - Վրաստան` 4-1 (տեսանյութ)

Ռոդրի, 39, Ֆաբիան Ռուիս, 51, Նիկո Վիլյամս, 75, Դանի Օլմո, 83 - Ռոբին Լե Նորման, 18 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ