Գերմանիայում մեկնարկած ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին B խմբի հավաքականները:
Եվրոպայի եռակի չեմպիոն Իսպանիան Բեռլինի Օլիմպիական ստադիոնում մրցեց ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականի դեմ և հաղթեց 3-0 հաշվով՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում:
Իսպանացիները հաշիվը բացեցին 29-րդ րոպեին, ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի փոխանցումից հետո Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան մեն-մենակ դուրս եկավ Դոմինիկ Լիվակովիչի դիմաց և գրավեց խորվաթների դարպասը:
Երեք րոպե անց էլ կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի փոխանցումից հետո էլ Ռուիսը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց Լուիս դե լա Ֆուենտեյի գլխավորած հավաքականի առավելությունը:
Առաջին խաղակեսի ավելացված ժամանակի երկրորդ րոպեին էլ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստ դարձած, կատալոնական «Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալի տպավորիչ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը, որի համար սա առաջին խաղն է Եվրո-ներում:
80-րդ րոպեին Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնի սխալ փոխանցումից հետո խորվաթները կարող էին գրավել իսպանացիների դարպասը, սակայն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խախտեց կանոնները դարպասային հրապարակում, մրցավարն էլ 11-մետրանոց նշանակեց: Զագրեբի «Դինամոյի» հարձակվող Բրունո Պետկովիչն էլ նշակետից վրիպեց: Սիմոնի սեյվից հետո գնդակը հայտնեց խորվաթների մոտ, Պետկովիչն այս անգամ գրավեց դարպասը, սակայն խաղից դուրս վիճակ կար և գոլը չեղարկվեց:
Երկրորդ խաղակեսի ընթացքում վնասվածքների պատճառով փոխարինվեցին Մորատան և Ռոդրին:
B խմբում են ընդգրկված նաև Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան և Ալբանիան: Այս հավաքականները կմրցեն Երևանի ժամանակով 23:00-ից սկսած:
Եվրո-2024, խմբային փուլ, առաջին տուր
B խումբ
Իսպանիա - Խորվաթիա՝ 3-0 (տեսանյութ)
Ալվարո Մորատա, 29, Ֆաբիան Ռուիս, 32, Դանի Կարվախալ, 45+2
Չիրացրած 11-մետրանոց՝ Բրունո Պետկովիչ, 80 (Խորվաթիա)