Football Benchmark-ը հրապարակել է Գերմանիայում ավարտին մոտեցող ֆուտբոլի Եվրոպայի 17-րդ առաջնության հավաքականների ամենաբարձր վարձատրվող մարզիչների ցուցակը։
Առաջին տեղում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթն է։ 53-ամյա անգլիացի մասնագետի տարեկան աշխատավարձը կազմում է 5,8 միլիոն եվրո։
Երկրորդը Գերմանիայի հավաքականը գլխավորող Յուլիան Նագելսմանն է, որը վաստակում է տարեկան 4,8 միլիոն եվրո։ Եռյակը եզրափակում է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը՝ 4 միլիոն եվրո։
Թոփ-10-ում են նաև Դիդյե Դեշամը (Ֆրանսիա, տարեկան 3,8 միլիոն եվրո), Ռոնալդ Կումանը (Նիդերլանդներ, 3 միլիոն), Լուչիանո Սպալետին (Իտալիա, 3 միլիոն), Վինչենցո Մոնտելան (Թուրքիա, 1,8 միլիոն), Մուրատ Յակինը (Շվեյցարիա, 1,6 միլիոն), Ռալֆ Ռանգնիկը (Ավստրիա, 1,5 միլիոն) և Դոմենիկո Տեդեսկոն (Բելգիա, 1,5 միլիոն)։
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Դե լա Ֆուենտեն ստանում է տարեկան 1,2 միլիոն եվրո աշխատավարձ։
Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կվիճարկեն Անգլիայի ու Իսպանիայի հավաքականները։ Անգլիացիները երկրորդ անգամ անընդմեջ են դուրս եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ իսպանացիները նախորդ անգամ խաղացել են 12 տարի առաջ ու նվաճել տիտղոսը։