Logo

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային

21:53 / 12.10.2023Ֆուտբոլ
Հայաստան-Լատվիա-0-2

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 7-րդ տուրում մրցակցի դաշտում 0-2 հաշվով պարտվեց խմբի հետնապահ Լատվիայի հավաքականին ու զգալիորեն բարդացրեց եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու խնդիրը։

Ռիգայի «Սկոնտո» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը կորցրեց դարպասը գրավելու երկու լավ հնարավորություն, ինչից հետո գոլ բաց թողեց։ Երկու դեպքում էլ հաշիվը չկարողացավ բացել Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյան։

39-րդ րոպեին Լատվիայի հավաքականը հաշվի մեջ առաջ անցավ գեղեցիկ գրոհի արդյունքում։ Անդրադարձի օգնությամբ հյուրերի դարպասը գրավեց 28-ամյա կիսապաշտպան Յանիս Իկաունիեկսը (տեսանյութ)։ Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը մնացին 10 հոգով։ 53-րդ րոպեի երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Մարցիս Օշսը։

Հայաստանի հավաքականը չկարողացավ օգտվել թվային առավելությունից, փոխարենը երկրորդ գոլը բաց թողեց 68-րդ րոպեին։ Անկյունայինի խաղարկման արդյունքում գոլի հեղինակ դարձավ կենտրոնական պաշտպան Դանիելս Բալոդիսը (տեսանյութ)։

69-րդ րոպեին փոխարինման մտավ ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը նորամուտը նշեց Հայաստանի հավաքականի կազմում։

Լատվիայի հավաքականն առաջին հաղթանակը տարավ և վաստակեց 3 միավոր, սակայն շարունակում է եզրափակել D խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև չորրորդ տեղում գտնվող Ուելսը, որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Խմբի առաջատարներ Խորվաթիան և Թուրքիան ունեն 10-ական միավոր և հոկտեմբերի 13-ին կհանդիպեն Օսիեկում։

Լատվիայի դեմ հանդիպումից 5 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը մակեդոնական Ստրումիցա քաղաքի «Բլագոյ Իստատով» ստադիոնում ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ։

Եվրո-2024-ի որակավորման փուլ, 7-րդ տուր

Լատվիա - Հայաստան՝ 2-0

Յանիս Իկաունիեկս, 39, Դանիելս Բալոդիս, 68

Հեռացում՝ Մարցիս Օշս, 53 (Լատվիա)

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան (Հրանտ-Լեոն Ռանոս, 59), Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Տիգրան Բարսեղյան (Էդգար Սևիկյան, 69), Լուկաս Սելարայան (Վահան Բիչախչյան, 82), Նորբերտո Բրիասկո Բալեկյան (Արթուր Սերոբյան, 69)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա