Logo

Եվրո-2024. Հայաստանի հավաքականը պարտվեց, բայց չհիասթափեցրեց (ֆոտոշարք, տեսանյութ)

22:53 / 25.03.2023Վիդեո
null

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց 2024թ․ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։

D խմբի առաջին տուրում Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Երևանում համառ պայքարում 1-2 հաշվով պարտվեց Թուրքիայի հավաքականին, որը տարավ կամային հաղթանակ:

Խաղի մեկնարկից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնի տրիբունաներից մեկը դարձավ եռագույն:

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը խաղը սկսել էր 5-4-1 տակտիկական սխեմայով, հենակետայինի գոտում խաղում էին Էդուարդ Սպերցյանն ու ազգային թիմի նորեկ Իգոչուկվու Իվուն, Տիգրան Բարսեղյանն ու Լուկաս Սելարայանը գրոհում էին եզրերով, իսկ հարձակման կրակագծում Նորբերտո Բրիասկո Բալեկյանն էր։

Մեկնարկային կազմում ընդգրկվել էին հավաքականում նորամուտը նշող 3 ֆուտբոլիստներ: Իվուից բացի, դաշտ էին դուրս եկել նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանն ու ռուսական «Կրասնոդարի» 18-ամյա խաղացող Գեորգի Հարությունյանը, որը երեք կենտրոնական պաշտպաններից մեկն էր:

Լեփ-լեցուն տրիբունաների աջակցության ներքո խաղացող Հայաստանի հավաքականն ակտիվ սկսեց։ Խաղի սկզբնամասն անցնում էր փոխնիփոխ գրոհներով, բայց առանց գոլային պահերի։

10-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հաշիվը: Կամո Հովհաննիսյանի` աջ եզրից կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց գերմանական «Հոֆենհայմի» թուրք պաշտպան Օզան Կաբակը՝ 1-0:

Գոլից հետո Պետրակովի թիմը հուսալի էր պաշտպանվում, և հյուրերին չէր հաջողվում ոչինչ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: 18-րդ րոպեին Հայաստանի հավաքականն անցկացրեց ևս մեկ վտանգավոր գրոհ: Բրատիսլավայի «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանի անցումից ու լավ փոխանցումից հետո դարպասին հարվածեց ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, սակայն թուրքերի դարպասապահը վստահ գործեց։

24-րդ րոպեին հյուրերի դարպասի մոտ դարձյալ թեժ էր: Ամերիկյան «Կոլամբուրս Քրյուի» հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանին մի քիչ չհերիքեց եզրից եկած փոխանցմանը հասնելու համար։

27-րդ րոպեին Թուրքիայի հավաքականն առաջին անգամ լրջորեն սպառնաց տանտերերի դարպասին։ Անկյունայինի խաղարկումը վտանգավոր ստացվեց, բայց Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը որսաց գնդակը։ Մեկ րոպե անց ևս մեկ վտանգավոր հարված եղավ Հայաստանի հավաքականի դարպասի ուղղությամբ, գնդակը շեղ ընթացավ։ 28-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց Տարոն Ոսկանյանը՝ խաղադաշտում տեղը զիջելով Ստյոպա Մկրտչյանին։

Թուրքերն աստիճանաբար ստացան տարածքային առավելություն, սակայն գնդակի վերահսկումը ոչինչ չէր տալիս հյուրերին:

Այնուամենայնիվ, 35-րդ րոպեին հաշիվը հավասարվեց: Տուգանայինի մատույցներից դիպուկ հարված կատարեց հոլանդական «Ֆեյենորդի» կիսապաշտպան Օրկուն Կյոկչյուն՝ 1-1։

Խաղակեսի վերջնամասում թուրքերի առավելությունն ավելի նկատելի էր, դաշտի տերերն էլ հազվադեպ էին հակագրոհում և ոչ այնքան ագրեսիվ, որքան խաղի սկզբնամասում:

Թիմերն ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում:

Ընդմիջմանը հյուրերի կազմում տեղի ունեցավ կրկնակի փոխարինում, իսկ Հայաստանի հավաքականը դաշտ դուրս եկավ նույն կազմով:

Երկրորդ խաղակեսի առաջին վտանգավոր պահը եղավ հյուրերի դարպասի մոտ։ Լուկաս Սելարայանն աջ եզրում խլեց գնդակը և կատարեց փոխանցում, որն ուժեղ ստացվեց։ Քիչ անց վտանգավոր գրոհ անցկացրին թուրքերը, սակայն դարպասը գրավել չհաջողվեց։

54-րդ րոպեին Ալեքսանդր Պետրակովը փոխեց խաղային սխեման` անցնելով 4-4-2-ի։ Ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը փոխարինեց Երևանի ԲԿՄԱ-ի կենտրոնական պաշտպան Ստյոպա Մկրտչյանին և տեղ զբաղեցրեց ձախ կիսապաշտպանի դիրքում, իսկ Լուկաս Սելարայանը տեղափոխվեց կենտրոն` ենթահարձակվողի դիրք։

59-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հրաշալի անցում ձեռնարկեց դաշտի կենտրոնով և հարվածային դիրք դուրս բերեց Լուկաս Սելարայանին, որի հարվածը չստացվեց։

64-րդ րոպեին թուրքերն առաջ անցան հաշվի մեջ: Հյուրերը դաշտի կենտրոնում ստացան տուգանային հարվածի հնարավորություն և, արագ խաղարկելով այն, դարպասապահի դեմ մեն-մենակ դուրս բերեցին Կերեմ Ակթյուրկօղլուին․ Ստամբուլի «Գալաթասարայի» հարձակվողը դիպուկ գտնվեց:

70-րդ րոպեին հաշիվը կարող էր հավասարվել։ Անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը բոլորից բարձր ցատկեց, սակայն նրա գլխով կատարած հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ:

73-րդ րոպեին Հայաստանի հավաքականը չիրացրեց իրական գոլային պահ. գեղեցիկ գրոհը եզրափակեց Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի շրջադարձ հարվածից հետո հյուրերի դարպասապահը փրկեց գոլից։

Թուրքիայի հավաքականը փորձում էր հանգստացնել խաղը, դաշտի տերերն էլ չէին դադարում հաշիվը հավասարեցնելու փորձերը։

75-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտան Սարգիս Ադամյանն ու Վահան Բիչախչյանը։ 

80-րդ րոպեին շեղ հարվածելու հերթը Տիգրան Բարսեղյանինն էր։ Գրոհի վերջին փուլում Հայաստանի հավաքականի մոտ ինչ-որ բան չէր ստացվում:

Պետրակովի թիմը չէր հանձնվում. 84-րդ րոպեին հեռու տարածությունից հարվածեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որի հարվածը թույլ ստացվեց, և դարպասապահը որսաց գնդակը։ Չնայած մեծ ցանկությանն ու ջանքերին` Հայաստանի հավաքականին չհաջողվեց փրկել խաղը, սակայն թիմը պարտվեց հուսադրող խաղով. պարտություն, որի համար ամոթ չէր։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի ընտրական D խմբում ընդգրկված են նաև Խորվաթիայի, Ուելսի և Լատվիայի հավաքականները։ Հայաստանի հավաքականը մարտի 28-ին սեփական խաղադաշտում ընկերական խաղ կանցկացնի Կիպրոսի թիմի հետ: 

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլի հաջորդ խաղում հունիսի 16-ին կհյուրընկալվի Ուելսի հավաքականին:

D խումբ 

Հայաստան - Թուրքիա՝ 1-2 (տեսանյութ)

Օզան Կաբակ, 10 (ինքնագոլ) - Օրկուն Կյոկչյու, 35, Կերեմ Ակթյուրկօղլու, 64 

Հայաստան. Արսեն Բեգլարյան, Կամո Հովհաննիսյան, Տարոն Ոսկանյան (Ստյոպա Մկրտչյան, 28, Խորեն Բայրամյան, 55), Վարազդատ Հարոյան, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան (Սարգիս Ադամյան, 76), Տիգրան Բարսեղյան, Նորբերտո Բրիասկո (Վահան Բիչախչյան, 76)։

Թուրքիա. Մերտ Գյունոկ, Մերիհ Դեմիրալ (Սալի Օզկան, 46), Չաղլար Սյոյունջյու, Օնուր Բուլուտ, Օզան Կաբակ, Օրկուն Կյոկչու (Իսմայիլ Յուկսեկ, 74), Հաքան Չալհանօղլու, Ֆերդի Կադիօղլու (Էրեն Էլմալի, 74), Չենկ Տոսուն (Կերեմ Ակթյուրկօղլու, 46), Էնես Ունալ (Յումուտ Նայիր, 85), Չինգիզ Ունդեր:

Հայաստան - Թուրքիա․ Դիմակայությունների պատմությունը (տեսանյութ, ֆոտո)

Եվրո-2024-ի մեկնարկին ընդառաջ. Հետաքրքրաշարժ թվեր ու փաստեր Հայաստանի հավաքականի ելույթներից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա