Logo

Եվրո-2024․ Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային

21:56 / 11.09.2023Ֆուտբոլ
Հայաստան-Խորվաթիա

Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիային ու պարտվեց 0-1 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի միակ գոլը 13-րդ րոպեին խփեց գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որն աչքի ընկավ անկյունայինի խաղարկման արդյունքում։

Հանդիպման մեկնարկից առաջ տեղի ունեցավ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին հայտարարած Գևորգ Ղազարյանին նվիրված փոքրիկ արարողություն։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հուշանվեր հանձնեց Հայաստանի հավաքականի կազմում 75 խաղ անցկացրած ու 14 գոլ խփած 35-ամյա կիսապաշտպանին։

Խաղը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Մարոկկոյում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի։

Սկզբնամասում խորվաթներն ունեին տարածքային առավելություն, որը գոլի վերածեցին 13-րդ րոպեին։ Լուկա Մոդրիչի իրացրած անկյունայինից հետո Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը գրավեց Անդրեյ Կրամարիչը։ Գոլն արձանագրվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո։

35-րդ րոպեին հանդիպումը կարճ ժամանակով դադարեցվեց, քանի որ խաղադաշտում սավառնում էր Արցախի Հանրապետության դրոշը, որը դրոնի միջոցով պտույտ կատարեց դաշտում։

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը մեկ անգամ սպառնաց հյուրերի դարպասին, սակայն Էդուարդ Սպերցյանի հարվածից հետո Դոմինիկ Լիվակովիչը խորվաթներին փրկեց գոլից։ 

Ընդմիջումից հետո հյուրերն ունեին նկատելի առավելություն և չիրացրին մի շարք գոլային պահեր։ Հայաստանի հավաքականին մի քանի անգամ գոլից փրկեց հրաշալի հանդիպում անցկացրած Օգնյեն Չանչարևիչը։ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն ակտիվացավ վերջնամասում, սակայն հանդիպումը փրկել չհաջողվեց։ Ամենաիրական գոլային պահը 83-րդ րոպեին ունեցավ փոխարինման մտած Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որի հարվածից հետո գնդակն ընթացավ փոքր շեղությամբ։ 

4 խաղ անցկացրած Խորվաթիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 10 միավոր և գլխավորեց D խմբի մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաև Թուրքիայի հավաքականը, որն անցկացրել է 5 հանդիպում և երկրորդն է։ Հայաստանի հավաքականը 5 խաղից հետո 7 միավորով երրորդ տեղում է։ Ուելսը (4 խաղ) վաստակել է 4 միավոր, իսկ խմբի հետնապահ Լատվիան պարտվել է բոլոր 4 խաղերում։ Ուելսը և Լատվիան սեպտեմբերի 11-ին կմրցեն Ռիգայում։

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 12-ին՝ հյուրընկալվելով Լատվիայի հավաքականին։

Եվրո-2024, ընտրական փուլ, 6-րդ տուր

D խումբ

Հայաստան - Խորվաթիա՝ 0-1  (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 13

Հայաստան․ Օգնյեն Չանչարևիչ, Արտակ Դաշյան, Ստյոպա Մկրտչյան, Անդրե Կալիսիր, Գեորգի Հարությունյան, Նաիր Տիկնիզյան, Ուգոչուկվու Իվու (Կամո Հովհաննիսյան, 58), Էդուարդ Սպերցյան, Վահան Բիչախչյան (Արթուր Սերոբյան, 58), Լուկաս Սելարայան, Հրանտ-Լեոն Ռանոս (Նորբերտո Բրիասկո Բալեկյան, 68)։

Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ, Յոսիպ Ստանիշիչ, Յոսիպ Շուտալո, Յոշկո Գվարդիոլ, Բորնա Բարիշիչ, Մարցելո Բրոզովիչ, Լուկա Մոդրիչ, Լուկա Իվանուշեց (Լովրո Մայեր, 74), Իվան Պերիշիչ, Անդրեյ Կրամարիչ (Մարիո Պաշալիչ, 69), Բրունո Պետկովիչ (Պետար Մուսա, 84):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ