Ֆուտբոլի Գերմանիայի ազգային հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ։ A խմբի երկրորդ տուրում Բունդեսթիմը 2-0 հաշվով առավելության հասավ Հունգարիայի հավաքականի նկատմամբ։
Դաշտի տերերը բավական արագ բացեցին հանդիպման հաշիվը. 22-րդ րոպեին Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան, օգտվելով մրցակցի պաշտպանությունում բացթողումներից, եզրափակեց կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի փոխանցումն ու դարձավ գոլի հեղինակ։
Հունգարացիները բաց թողած գոլից րոպեներ անց կարող էին հավասարեցնել հաշիվը, սակայն «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայի իրացրած տուգանային հարվածից հետո «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը փայլուն ցատկով փրկեց Գերմանիայի հավաքականին։
Առաջին խաղակեսի վերջնամասում Մարկո Ռոսիի գլխավորած հավաքականը խփեց պատասխան գոլը, բայց այն չարձանագրվեց, քանի որ գերմանական «Ֆրայբուրգի» հարձակվող Ռոլանդ Շալայը հայտնվել էր խաղից դուրս իրավիճակում։
Երկրորդ կեսում էլ հունգարացիներն աչքի ընկնելու լավ հնարավորություն ունեին։ 60-րդ րոպեին նպաստավոր դիրքից վրիպեց Բուդապեշտի «Ֆերենցվարոշի» հարձակվող Բարնաբաշ Վարգան։
67-րդ րոպեին Գերմանիայի հավաքականը կրկնապատկեց առավելությունը. Իլկայ Գյունդողանը գոլային փոխանցմանն ավելացրեց նաև գոլ՝ 2-0։
Խաղավերջն անցավ Յուլիան Նագելսմանի գլխավորած հավաքականի առավելությամբ, բայց նոր գոլերի ականատես չեղանք։
Գերմանիայի հավաքականը վաստակեց 6 միավոր, գլխավորում է A խումբը և առաջինը նվաճեց Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հունգարիան միավոր չունի և վերջինն է խմբում։
Այս խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Շվեյցարիայի հավաքականը մրցելու է Շոտլանդիայի դեմ։ Հանդիպումը կկայանա հունիսի 19-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր
A խումբ
Գերմանիա - Հունգարիա` 2-0 (տեսանյութ)
Ջամալ Մուսիալա, 22, Ջամալ Մուսիալա, 67