Logo

Եվրո-2024. Բելգիան վստահ հաղթանակի հասավ Ռումինիայի նկատմամբ

00:50 / 23.06.2024Ֆուտբոլ
null

Բելգիայի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում:

Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած թիմը խմբային փուլի երկրորդ տուրի վերջին խաղում 2-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականը նկատմամբ:

Բելգիացիները խաղի հաշիվը բացեցին առաջին հարվածով, երկրորդ րոպեին Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով ռումինացիների դարպասը գրավեց անգլիական «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը: Ի դեպ, սա Բելգիայի հավաքականի պատմության ամենաարագ գոլն էր աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:

Երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին, Լուկակուն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի փոխանցումից հետո մեն-մենակ դուրս եկավ Ֆլորին Նիցեի դիմաց և գրավեց Ռումինիայի հավաքականի դարպասը, սակայն VAR-ի մրցավարների միջամտությունից հետո գոլը չեղարկվեց: Սլովակիայի դեմ առաջին տուրի խաղում (0-1) Լուկակուի խփած երկու գոլերն էին չեղարկվել:

Այնուամենայնիվ, 79-րդ րոպեին բելգիացիները երկրորդ գոլը խփեցին, դարպասապահ Կոեն Կաստելսի փոխանցումից հետո Կևին Դե Բրույնեն դրեց խաղի վերջակետը՝ 2-0:

Նախօրեին E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում ուկրաինացիները 2-1 հաշվով կամային հաղթանակի էին հասել Սլովակիայի նկատմամբ:

Բելգիայի հավաքականն առաջին տուրում 0-1 հաշվով պարտվել էր Սլովակիային, իսկ Ռումինիան 3-0 հաշվով հաղթել էր Ուկրաինային: Այսպիսով, վերջին տուրից առաջ այս խմբի բոլոր՝ չորս հավաքականները երեքական միավոր ունեն: 

Բելգիացիները երրորդ տուրում կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ, Ռումինիան էլ կհանդիպի Սլովակիային: Երկու խաղերն էլ կկայանան հունիսի 26-ին և կմեկնարկեն Երևանի ժամանակով 20:00-ին:

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում փլեյ-օֆֆ դուրս կգան նաև խմբերում երրորդ տեղը գրաված 6 հավաքականներից լավագույն արդյունքը գրանցած չորս ազգային թիմերը:

Եվրո-2024, խմբային փուլ, երկրորդ տուր

E խումբ

Բելգիա - Ռումինիա՝ 2-0 (տեսանյութ)

Յուրի Տիլեմանս, 2, Կևին Դե Բրույնե, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ