Ակումբային ֆուտբոլի լարված ու բարդ մրցաշրջանն ավարտվեց, բայց առջևում տարվա գլխավոր իրադարձությունն է:
Աշխարհամասի 24 հաջողակ թիմերը փորձելու են պատվով անցնել ճանապարհը, ոմանք առաջին անգամ են զգալու Եվրոյի շունչը, իսկ ընտրյալները պայքարելու են լավագույնի կոչման համար:
FastNews-ը շարունակում է ներկայացնել հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբերի հավաքականներին: Երկրորդը B խումբն է։
Եվրո-2024-ի ամենաբարդ քառյակը հավաքվել է B ենթախմբում՝ Իսպանիա, Խորվաթիա, Իտալիա և Ալբանիա: Փորձենք հասկանալ, թե այս շարքի թիմերն ինչ ներուժ ունեն և որքան հեռու կգնան:
Իսպանիա
«Ֆուրիա Ռոխան» նախորդ Եվրոյում հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց ապագա չեմպիոն Իտալիային:
Լուիս դե լա Ֆուենտեն երիտասարդ կազմ է հավաքել: Իսպանացի փորձառու մասնագետն անցել է բոլոր տարիքային հավաքականներով և գլխավոր թիմի ղեկին է 2022-ից:
Իսպանիայում չկան վառ արտահայտված աստղեր, սա Դե լա Ֆուենտեյի գլխավոր առավելությունն է: Իսպանացիներին լուրջ ֆավորիտ չեն համարում, չկա այն ճնշումը, որը կարող է խանգարել:
Այո,՛ Իսպանիայում շատ են երիտասարդները, բայց փորձառու վետերանների պակաս նույնպես չկա: Դանի Կարվախալը, Նաչոն և Խեսուս Նավասն ամեն ինչ տեսել են իրենց կարիերայում: Նրանց չեմպիոնական բնավորությունը շատ կօգնի քաղցած երիտասարդներին: Այնուամենայնիվ, այս կազմի գլխավոր զարդը «Բարսելոնայի» պատանի տաղանդ Յամին Լամալն է: Հենց 16-ամյա վինգերն է դառնալու Եվրոյի հայտնություններից մեկը:
Գուցե Իսպանիայի հավաքականը մրցաշարի գլխավոր ֆավորիտը չէ, բայց ենթախումբը հաղթելու շատ լուրջ հնարավորություն ունի, իսկ ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը, չէ որ ախորժակն ուտելիս է բացվում:
Խորվաթիա
Խորվաթները նախորդ Եվրոյում հասան մինչև 1/8 եզրափակիչ, որտեղ պարտվեցին նույն իսպանացիներին: Վերջին մի քանի խոշոր մրցաշարերում Զլատկո Դալիչի տղաները հիացնում են բոլորին: Լուկա Մոդրիչն ու ընկերները չեն իջեցնում նշաձողը: Խորվաթիան այն թիմն է, որտեղ ներդաշնակության պակաս չկա: Մարզիչն էլ շատ լավ գիտի, թե ինչպես է պետք օգտագործել իր բանակի ներուժը:
Խորվաթիայի հավաքականը բարձրակարգ կատարողների պակաս չունի: Տղաներից շատերը խաղում են եվրոպական բարձրակարգ թիմերում: Պաշտպանության գլխավոր դեմքը Պեպ Գվարդիոլայի դարբնոցով անցած Յոշկո Գվարդիոլն է:
Միջին գծում Լուկայի համաստեղությունն է՝ շրջապատված գեղեցիկ աստղերով: Առջևում նույնպես ընտրությունը մեծ է՝ Պերիշիչ, Կրամարիչ, Պետկովիչ, Պյացա, Բուդիմիր, Պաշալիչ: Նրանցից յուրաքնչյուրը ցանկացած պահի կարող է լուրջ խնդիր լուծել:
Դալիչը հավաքականն ընդունեց 2017-ին: Մեկ տարի անց Զլատկոն իր թիմով հասավ աշխարհի առաջնության եզրափակիչ, 4 տարի անց դարձավ Մունդիալի բրոնզե մեդալակիր, իսկ 2023-ին խաղաց Ազգերի լիգայի եզրափակիչում:
Այս Եվրոն հին գվարդիայի վերջին արշավանքն է լինելու: Խորվաթներին շատերն են երկրպագելու, որովհետև որքան հեռու գնա այս թիմը, այնքան ավելի շատ կտեսնենք գեղեցկուհի Իվանա Կնոլին:
Իտալիա
Եվրոպայի գործող չեմպիոնն լոնդոնյան տրիումֆից հետո դուրս չեկավ էյֆորիայից: Գինարբուքի համար Ռոբերտո Մանչինին և տղաները թանկ վճարեցին: Իտալիան կրկին զրկվեց Մունդիալի հաճույքից: Ռոբերտոն խոստացավ նորոգել համակարգը, բայց սաուդյան առաջարկը նրան ստիպեց բախտի քմահաճույքին թողնել «Աձուրիին»:
«Նապոլիին» երջանկություն պարգևած Լուչանու Սպալետին բարդ ժամանակաշրջանում գլխավորեց հավաքականը: Իտալիան աստղերի դեֆիցիտ ունի, չկան խարիզմատիկ ֆուտբոլիստներ, որոնք կարող են առաջնորդի դեր ստանձնել: Բայց կան երիտասարդներ, որոնք ունեն այդ ներուժը:
«Սկուադրա աձուրային» դժվար է ֆավորիտ համարելը, բայց նախորդ անգամ էլ նրանք ֆավորիտների թոփ հնգյակում չէին: Իտալիան արդեն 2 լուրջ կորուստ ունի: Ծերուկ Աչերբին և երիտասարդ Սկալվինին դուրս մնացին շարքից, փոխարենը շանս ստացավ «Յուվենտուսի» ապագա աստղ համարվող Ֆեդերիկո Գատին:
Հարձակման գլխավոր հույսը Ջանլուկա Սկամական է: «Ատալանտայի» ռմբարկուն վերջին ամիսներին գերազանց մարզավիճակ է հավաքել, իսկ Եվրոն լավ առիթ է ավելի գայթակղիչ առաջարկներ ստանալու, կամ աշխատավարձը բարձրացնելու համար:
Նիկոլո Ֆաջոլին կարող է դառնալ մրցաշարի հայտնություններից մեկը: «Next Gen»-ի շրջանավարտը 8 ամսվա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ ու փայլուն մարզավիճակում է: Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպանը շատ խելացի է, հիանալի է տեսնում դաշտը, էքստրեմալ իրավիճակներում ճիշտ որոշումներ է կայացնում և բարդ պահերին կարողանում է «վարակել» խաղընկերներին:
Ալբանիա
Լոնդոնի «Արսենալի» և կատալոնական «Բարսելոնայի» նախկին աստղ Սիլվինյոն ալբանական կոլեկտիվը գլխավորեց 2023-ի հունվարին և փայլուն կատարեց իր առաքելությունը:
Ալբանիան առաջին անգամ Եվրոյին մասնակցել է 2016-ին: Հենց այդ մրցաշարից հետո ալբանացի ֆուտբոլիստներից շատերը հայտնվեցին ֆուտբոլի «ֆոնդային բորսայում»: Այս տոնավաճառն էլ լավ հարթակ կլինի անդերդոգի համար:
Որակավորման փուլն «Արծիվներն ավարտեցին առաջին տեղում: Սիլվինյոն ամուր համակարգ է ստեղծել: Ալբանիան կպչուն, ֆիզիկապես ամուր թիմ է և դեռ կհասցնի ստուգել մրցակիցների նյարդերը:
Կարմիրները բավականին շատ ներկայացուցիչներ ունեն Իտալիայից: «Էմպոլիի» որակյալ դարպասապահ Էտրիտ Բերիշան, «Ատալանտայի» առաջատար Բերատ Ջիմսիտին, «Լացիոյից» Էլսեյդ Հյուսայը, նույն «Էմպոլիի» մեկ այլ ներկայացուցիչ Ադրիան Իսմայիլին, Մարաշ Կումբուլան և Նեդիմ Բայրամին «Սասուոլոյից», ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի ակումբակից, Իտալիայի նորընծա չեմպիոն Կրիստիան Ասլանին:
Հին բարեկամների ենթախումբն ամենաբարդն ու անկանխատեսելին է: Մինչև ուր կհասնեն ֆավորիտները, դժվար է ասելը, բայց այս լարային քառյակի համերգային ծրագիրը չի հիասթափեցնի:
Եվրո-2024-ի B խմբի խաղացանկը
Առաջին տուր
Իսպանիա - Խորվաթիա՝ հունիսի 15
Իտալիա - Ալբանիա՝ հունիսի 15
Երկրորդ տուր
Խորվաթիա - Ալբանիա՝ հունիսի 19
Իսպանիա - Իտալիա՝ հունիսի 20
Երրորդ տուր
Ալբանիա - Իսպանիա՝ հունիսի 24
Խորվաթիա - Իտալիա՝ հունիսի 24
Եվրո-2024. Հյուրընկալող երկիրն ու սենսացիաների պատրաստ հավաքականներն A խմբում