Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի երրորդ դիմակայությունում ևս կլինի լրացուցիչ ժամանակ:
Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականները «Դյուսելդորֆ Արենայում» ընթացող խաղի վերջնամասում մեկական գոլով փոխանակվեցին՝ 1-1:
Երկու հավաքականները միասին մինչև 75-րդ րոպեն կատարեցին մեկ դիպուկ հարված, որի հեղինակը Շվեյցարիայի հավաքականի հարձակվող Բրել Էմբոլոն է: Երկրորդ խաղակեսի միջնամասում կատարված հարվածը վտանգավոր չէր, անգլիացիների դարպասապահ Ջորդան Պիկֆորդը հանգիստ որսաց գնդակը:
Այնուամենայնիվ, Էմբոլոն 75-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը: «Մոնակոյի» ֆուտբոլիստին աջ եզրից փոխանցում կատարեց իտալական «Բոլոնիայի» վինգեր Դան Նդոյեն:
Հաշիվը հավասարեցնելու համար Անգլիայի հավաքականից ընդամենը 5 րոպե պահանջվեց, Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական աջ եզրից տեղափոխվեց մի փոքր կենտրոն և գնդակը հեռահար գեղեցիկ հարվածով ուղարկեց իտալական «Ինտերում» հանդես եկող Յան Զոմերի դարպասը: Ի դեպ, այս խաղում սա անգլիացիների առաջին դիպուկ հարվածն էր:
Գոլերից հետո Անգլիայի և Շվեյցարիայի հավաքականները մի քանի շեղ հարված կատարեցին և խաղը տեղափոխեցին լրացուցիչ ժամանակ: Եթե լրացուցիչ ժամանակում էլ հաղթողը չորոշվի, կնշանակվի հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար:
Անգլիա - Շվեյցարիայի խաղի հիմնական ժամանակի գոլերի տեսանյութը:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ - Թուրքիա զույգի ուժեղագույնի դեմ: