Logo

Եվրագավաթներում «Փյունիկի» ռեկորդային ցուցանիշը, Խուան Բրավոն՝ թիմի կազմում գոլ խփած ամենատարեց լեգեոնական. Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումները՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
15:27 / 28.07.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի մասնակից հայկական 4 ակումբներից միայն «Փյունիկը» հաջողության հասավ՝ արտագնա խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով շվեդական «Կալմարի» նկատմամբ: «Արարատ-Արմենիան» տնային ոչ-ոքի (1-1) գրանցեց հունական «Արիսի» հետ, իսկ «Ալաշկերտը» և «Ուրարտուն» պարտվեցին համապատասխանաբար հունգարական «Դեբրեցենին» (0-1) ու ռումինական «Ֆարուլին» (2-3):

VNews-ը հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին 4 հանդիպումներում հայկական ակումբներն ընդասմենը մեկ հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին երկու պարտություն, խփեցին 5 գոլ, բաց թողեցին 6 գնդակ:

Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում հայկական ակումբներն ընդհանուր առմամբ անցկացրած 12 հանդիպումներից 5-ում հաղթել են, 4-ն ավարտել են ոչ-ոքի, կրել են 3 պարտություն, խփել են 25 գնդակ, բաց են թողել 16 գոլ: Հետաքրքիր է, որ եվրագավաթների նախորդ խաղարկությունում հայկական 4 ակումբներն ընդհանուր առմամբ անցկացրած 20 հանդիպումներում ընդամենը 18 գոլ էին խփել: Իսկ առավել արդյունավետ հայկական ակումբները գործել են եվրագավաթների 2019/20թթ. խաղարկությունում՝ անցկացրած 20 հանդիպումներում խփելով 29 գոլ:

2. «Փյունիկը» եվրագավաթներում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, ինչը ռեկորդային ցուցանիշ է հայկական ակումբների համար: Նախկինում փյունիկցիներին հաջողվել էր 2 խաղ շարունակ հաղթել՝ առավելության հասնելով ֆիննական «Տամպերեի» (4-0, 2-0), Սան Մարինոյի «Ֆոլգորեի» (2-1, 2-1) և մակեդոնական «Վարդարի» (1-0, 2-0) նկատմամբ:

Возможно, это изображение 6 человек, люди играют в футбол, люди играют в футбол и текст

Եվրագավաթներում «Փյունիկն» առաջին անգամ մրցեց շվեդական ակումբի հետ: «Կալմարը» Շվեդիայի 4-րդ ներկայացուցիչն էր, որ հանդիպեց հայկական թիմի հետ: Շվեդական թիմերի հետ անցկացրած 9 հանդիպումներում հայկական ակումբներն ընդամենը 2-րդ հաղթանակը տարան: Մեկ խաղ ավարտվել է ոչ-ոքի, 6-ում հայկական թիմերը պարտվել են, խփել են ընդամենը 7 գոլ, բաց են թողել 20 գնդակ:

Նախկինում հայկական ակումբներից միայն «Արարատ-Արմենիային» էր հաջողվել հաղթել շվեդական ակումբին՝ 2019/20թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում սեփական դաշտում 2-1 հաշվով պարտության մատնելով ԱԻԿ-ին:

3. «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում 5-րդ անընդմեջ ոչ-ոքին գրանցեց: Արդեն 6 խաղ Հայաստանի կրկնակի չեմպիոնը եվրագավաթներում հաղթանակ չի տարել: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 2020/21թթ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի խաղում, որում հայկական ակումբը նվազագույն հաշվով հաղթել է Սլովենիայի «Ցելյեին»:
Հունաստանը դարձավ 45-րդ երկիրը, որի ակումբը եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ:

4. «Ալաշկերտը» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունը կրեց: Վահե Գևորգյանի գլխավորած թիմն առաջին անգամ մրցեց հունգարական ակումբի հետ: «Դեբրեցենը» հունգարական 6-րդ թիմն էր, որ մրցավեճի բռնվեց Հայաստանի ներկայացուցչի հետ: 

Հունգարական թիմերի հետ եվրագավաթներում անցկացրած 13 հանդիպումներում հայկական ակումբները 3 հաղթանակ են տարել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 8 պարտություն, խփել են 13 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 22 գնդակ:

5. «Ուրարտուն» եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում երկրորդ պարտությունը կրեց: Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմն առաջին անգամ մրցեց ռումինական ակումբի հետ: «Ֆարուլը» Ռումինիայի 6-րդ ներկայացուցիչն էր, որը վիճակահանությամբ բաժին է հասել հայկական թիմին:

Ռումինական թիմերի հետ անցկացրած 14 հանդիպումներում հայկական ակումբները 4 հաղթանակ են տարել, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 8 պարտություն, խփել են 11 գոլ, բաց են թողել 30 գնդակ:

6. Խուան Բրավոն եվրագավաթներում բացեց գոլերի հաշիվը «Փյունիկում»՝ խփելով 2-րդ գնդակը: Առաջին գոլը կոլումբիացի ֆուտբոլիստը խփել էր 2021թ. հուլիսի 22-ին «Արարատի» կազմում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում գրավելով լեհական «Շլյոնսկի» դարպասը:

Խուան Բրավոն դարձավ եվրագավաթներում «Փյունիկում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը (33 տարեկան 117 օրական)՝ գերազանցելով Զորան Գայիչի ռեկորդային ցուցանիշը (32 տարեկան 56 օրական): Ավելի տարեց հասակում եվրագավաթներում «Փյունիկում» գոլի հեղինակ են դարձել միայն Արսեն Ավետիսյանն (33 տարեկան 290 օրական) ու Արտակ Դաշյանը (33 տարեկան 242 օրական): 

Խուան Բրավոն ընդգրկվեց նաև եվրագավաթներում հայկական ակումբներում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ ցանկից դուրս թողնելով «Ալաշկերտի» պաշտպան Վիտալի Ուստինովին, որն «Արսենալ Տիվատի» դարպասը գրավել էր 32 տարեկան 71 օրականում:

7. Իվան Զոտկոն բացեց գոլերի հաշիվը եվրագավաթներում: Ուկրաինացի պաշտպանն ընդգրկվեց եվրագավաթներում «Ուրարտուի» կազմում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում՝ «Ֆարուլի» դարպասը գրավելով 27 տարեկան 18 օրականում:

8. Արտյոմ Մաքսիմենկոն և Ուիլֆրեդ Կուասի Էզան եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում 2-րդ գոլերը խփեցին: 3-ական գնդակով ռմբարկուների ցանկը գլխավորում են Լուկա Յուրիչիչն ու Ագդոն Մենեզեսը: 

9. Եղիշե Մելիքյանն իր սաների հետ եվրագավաթներում 6-րդ հաղթանակը տարավ ու հավասարվեց Վարդան Մինասյանին: Մելիքյանն այդ հաղթանակները տոնել է անցկացրած 18 խաղում, Մինասյանը՝ 23: Եվրագավաթներում տարած հաղթանակների թվով (7) մարզիչներից ռեկորդակիրն Աբրահամ Խաշմանյանն է:

10. Ստանիսլավ Բուչնևը եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առաջին գոլը բաց թողեց: «Կալմարի» հետ հանդիպման 44-րդ րոպեին նրա պաշտպանած դարպասը գրավեց Յակոբ Տրենսկովը: Ընդհանուր առմամբ Բուչնևը դարպասը 253 րոպե շարունակ անառիկ է պահել: Վերջին գոլը եվրագավաթներում «Փյունիկի» դարպասապահը բաց է թողել անցյալ տարվա օգոստոսի 9-ին Սերբիայի «Ցրվենա Զվեզդայի» հետ հանդիպման 60-րդ րոպեին: Բուչնևին չհաջողվեց գերազանցել Գևորգ Կասպարովի ռեկորդային ցուցանիշը, որը 290 րոպե շարունակ գոլ բաց չի թողել: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ